China-Eurasia News Ticker

Ո՞ՒՄ Է ԽԱՆԳԱՐՈՒՄ ԻՐԱՆԻ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԶԵՆՔԸ

ՄՀԵՐ ՍԱՀԱԿՅԱՆ
Նանջինգի համալսարանի Միջազգային հարաբերությունների ինստիտուտ,  ՉԻՆԱՍՏԱՆ
11.11.2013

Քանի որ Իրանը տիրապետում է համաշխարհային նավթի ու գազի մի զգալի հատվածին, Իրանում և Իրանի շուրջ տեղի ունեցող զարգացումները անմիջական ազդեցություն ունեն միջազգային էներգետիկ անվտանգության վրա: Իրանը վերահսկում է Պարսից ծոցի զարկերակը, որով դեպի արևելք ու արևմուտք են շարժվում էներգակիրներ (նավթ, գազ և այլն) տեղափոխող քարավանները:

Էներգակիրների վաճառքից ստացված օգուտների շնորհիվ Իրանն իր ազդեցությունը տարածել է Լիբանանում, Սիրիայում, Պաղեստինում: Իրաքյան պատերազմից հետո Իրանի օգնությամբ Իրաքի շիաները հասան իշխանության: Աֆղանստանի կառավարության ձևավորման մեջ Իրանը ևս ունեցավ իր ներդրումը: Իրանը դերակատարում ունի նաև Բահրեյնում ու Եմենում տեղի ունեցող իրադարձությունների վրա:

Այսպիսով, կարելի է փաստել, որ Իրանն, ինչպես միջազգային քաղաքականությում առկա յուրաքանչյուր միավոր, պայքարում է սեփական շահերը առաջ մղելու, միջազգային իրադարձությունների վրա սեփական ազդեցությունը ունենալու համար: Ուստի Իրանը ներդրումներ է կատարում Մերձավոր Արևելքում, Լատինական Ամերիկայում, Աֆրիկայում առկա քաղաքական ուժերի վրա:

Պարսից Ծոցը միջազգային էներգակիրների առևտրի ու բեռնափոխադրման հիմնական զարկերան է, և այս զարկերակը Իրանի ձեռքում է: Այսպես կոչված իրանական սպառնալիքն ավելի իրատեսական է դառնում, երբ իրանցի բարձրաստիճան պաշտոնյաները երբեմն սպառնում են փակել Հորմուզի նեղուցը:

Վերոհիշյալ փաստարկներն են պատճառը, որ Իրանի միջուկային ծրագիրը իսկական գլխացավանք է դարձել միջազգային հանրության համար:

Իսկ ինչո՞ւ է Իրանի նման հարուստ երկիրը ձգտում միջուկային զենքի.  չէ՞ որ էներգակիրների վաճառքից ձեռք բերված գումարները բավական են, որպեսզի իրանցիները գնեն ժամանակակից զենքեր, ինչպես նաև լուծեն երկրի տնտեսական և սոցիալական խնդիրները, որոնք Իրանում դժգոհությունների հիմնական պատճառ են:

Ի՞նչը դրդեց Իրանին մտածել միջուկային զենքի մասին.
1. Միջուկային զենք ունեցող հարևանները՝ Հնդկաստան+Պակիստան:
2. Հիմնական պատճառը՝ տարածաշրջանում Իրանի հիմնական հակառակորդ Իսրայելի միջուկային զենք ունեցողների ակումբին անդամագրվելն էր:

Իսրայելի միջուկային զենքի ձեռքբերումը պատճառ եղավ Մերձավոր Արևելքում ուժերի բալանսի խախտմանը: Իսրայելի միջուկային զենքի ձեռքբերումը Թեհրանում համարեցին որպես անվտանգության դեմ ուղղված սպառնալիք: Իրանը ձգտում է միջուկային զենքի ստեղծման շնորհիվ վերականգնել արդեն խախտված հավասարակշռությունը: Միջուկային պատերազմի սպառնալիքով Իրանը կփորձի ԱՄՆ-ին ու Իսրաելին հեռու պահել ռազմական գործողություններ սկսելու որոշումից:

Հնարավոր զարգացումներ.
1. ԱՄՆ-ն ու Իսրայելը պատերազմ կսկսեն Իրանի դեմ, որպեսզի խանգարեն միջուկային զենքի տեխնոլոգիաների վերջնական ստացմանը: Կարծում եմ, որ սա վտանգավոր և արկածախնդիր որոշում կլինի, քանի որ Իրանը կռմբակոծի Պարսից ծոցով անցնող էներգակիրներ տեղափոխող նավերը, որը պատճառ կլինի համաշխարհային էներգետիկ ճգնաժամի: Կսկսվի երկարատև պատերազմ, որը դեմ է թե՛ գերտերությունների, թե՛ փոքր երկրների շահերին:

2. Արևմուտքը կշարունակի տնտեսական ճնշումների ենթարկել Իրանին, իսկ վերջինս էլ կստեղծի միջուկային զենքի տեխնոլոգիաները, բայց փորձարկում չի անի: Միջազգային հանրությունը կհաշտվի Իրանի միջուկային զենք ունենալու փաստի հետ, ու կյանքը կշարունակվի:

2. Միջազգային հանրությունը ճնշում է գործադրում Իսրայելի նկատմամբ, վերջինս հանձնում է միջուկային զենքի պաշարները, Իրանը դադարեցնում է միջուկային զենքի ծրագրի շուրջ աշխատանքները:

Ում է խանգարում Իրանի միջուկային զենքի տիրապետումը.

Եթե Իրանը միջուկային զենք ստեղծի, ապա Մերձավոր Արևելքում միջուկային սպառազինությունների մրցավազք կսկսվի: Իրանի այս քայլին կհետևեն հակընդդեմ քաղաքական բևեռներում գտնվող Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի միջուկային զենքի ստեղծմանն ուղղված որոնումները: Այս մրցավազքում հիմնականում կտուժեն սահմանափակ ֆինանսական, գիտական կարողություններ ունեցող երկրները, որոնք ի վիճակի չեն լինի ֆինանսավորել սեփական միջուկային զենք ունենալու ծրագրերը, որի պատճառով միջուկային պատերազմի վտանգից խուսափելու համար ստիպված կլինեն քաղաքական հարցերում զիջումների գնալ ընդհուպ մինչև ինքանավարության կորուստ:

Սիրիայի իրադարձությունները ցույց տվեցին, որ պետությունները երբեմն ի վիճակի չեն հեղափոխությունների կամ անկայուն իրավիճակների դեպքում վերահսկել սեփական զինանոցը: Մի պահ պատկերացնենք, թե ինչ կործանարար հետևանքներ կլինեն, եթե Մերձավոր Արևելքի X երկրի միջուկային զենքը հայտնվի ահաբեկիչների ձեռքում, ինչպես օրինակ, Սիրիայի քիմիական զենքը հայտնվեց ահաբեկիչների ձեռքում…

Միջուկային երկրների՝ այս դեպքում Իրանի և Իսրայելի միջև հնարավոր միջուկային պատերազմը պատճառ կդառնա միլիոնավոր մարդկանց մահվան, տնտեսական ճգնաժամի, բնապահպանական անդառնալի խնդիրների:

Նման հնարավոր զարգացումներից խույս տալու համար միջազգային հանրության հիմնական խնդիրը պետք է լինի հորդորել գերտերություններին կրճատել միջուկային զենքի պաշարները, իսկ Մերձավոր Արևելքում խաղաղության և կայունության վերականգնումը հնարավոր է, եթե Իսրայելը ոչնչացման հանձնի միջուկային զենքի իր պաշարները, իսկ Իրանն էլ դադարեցնի նմանատիպ զենքի ձեռքբերմանն ուղղված աշխատանքները:

Այս միջոցառումների շնորհիվ Մերձավոր Արևելքում վերջ կդրվի միջուկային սպառազինությունների մրցավազքին, տարածաշրջանի պետությոնները խնդիր չեն ունենա սեփական անվտանգությունն ապահովել միջուկային զենքի շնորհիվ:

Աղբյուրը՝ diplomat.am

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: