d4c8bb2b0a47fb56e3ab9f35fd0cd98a

ԻՆՉՈ՞Ւ ԷՐ ՉԻՆԱՍՏԱՆՆ ՕԳՆՈՒՄ ԻՐԱՆԻՆ ԻՐԱԳՈՐԾԵԼ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ

Մհեր Սահակյան
Նանջինգի համալսարան, ՉԺՀ

Source http://noravank.am/arm/articles/detail.php?ELEMENT_ID=13000

Իրանն իր միջուկային ծրագիրը սկսեց ԱՄՆ, ԳՖՀ, Ֆրանսիայի անմիջական օժանդակությամբ: 1979-ից հետո, երբ իսլամական հեղափոխության արդյունքում փոխվեց Իրանի քաղաքական համակարգն ու Արևմուտքի դաշնակից Մոհամադ Ռեզա Փահլավի շահը հեռացվեց իշխանությունից, ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները դադարեցին օժանդակել Իրանի միջուկային ծրագրին: Այաթոլա Խոմեյնին, կորցնելով այս օժանդակությունը, հայտարարեց, որ Իրանը հրաժարվում է շահի նախաձեռնությամբ սկսված միջուկային ծրագրից: Իրան-իրաքյան պատերազմի ընթացքում իրանական հետախուզությունը զեկուցեց Թեհրանին, որ Սադամ Հուսեյնը շարունակում է միջուկային զենքի հետազոտությունները: Պատերազմի ընթացքում Իրաքի կողմից քիմիական զենքի օգտագործումը պաշտոնական Թեհրանին ստիպեց վերանայել միջուկային ծրագրին վերաբերող քաղաքականությունն ու այս ոլորտում նոր գործընկերներ փնտրել: Ընտրությունը կանգ առավ Չինաստանի վրա, որն Իրան-իրաքյան պատերազմի ընթացքում Թեհրանի հիմնական զենք մատակարարողն էր ու համարվում էր հուսալի գործընկեր:

Չինաստանին ևս ձեռնտու էր համագործակցել Իրանի հետ հետևյալ պատճառներով.

1. Չինացիներն, ի դեմս Իրանի, տեսնում էին Մերձավոր Արևելքում Վաշինգտոնից անկախ գործող հզոր ուժ, որը Չինաստան-ԱՄՆ հնարավոր բախման դեպքում կշարունակեր Չինաստանին էներգակիրներ մատակարարել:

2. Չինաստանն Իրան առաքվող զենքի, միջուկային տեխնոլոգիաների և այլ ապրանքների դիմաց ստանում էր էներգակիրներ կամ արտարժույթ:

Չինական շուկայական հարաբերությունների ազատականացումից հետո միջուկային տեխնոլոգիաներ հետազոտող կենտրոնները հնարավորություն ստացան արտահանել իրենց արտադրանքը, ստանալ ֆինանսական միջոցներ ու զարգացնել սեփական տեխնոլոգիաները:

1985թ. հունիսին, իսկ հետո՝ 1992թ., Իրանում կարևոր որոշում կայացնողներից մեկը՝ Ռաֆսանջանին, այցելեց Չինաստան: Այս այցերի ընթացքում կնքվեցին Իրան-Չինաստան միջուկային համագործակցության շուրջ պայմանագրեր: Ըստ պայմանավորվածությունների, Չինաստանը պարտավորվում էր օգնել Իրանին կառուցել ատոմակայաններ, մատակարարել անհրաժեշտ տեխնոլոգիաներ, կրթել ու վերապատրաստել իրանցի մասնագետներին, օգնել Իրանին` սեփական տարածքում գտնել և օգտագործել ուրանի պաշարներ: 1988-1995թթ. Չինաստանն Իրանում կառուցեց 4 միջուկային ռեակտոր, Իրանի Միջուկային կազմակերպության բազմաթիվ մասնագետներ ուսում ստացան Չինաստանում: Չին-իրանական երկրաբանների համատեղ ջանքերով Արևելյան Իրանում հայտնաբերվեցին ուրանի խոշոր պաշարներ1։

Չինաստանը 1985-1997թթ. դարձավ միջուկային բնագավառում Իրանի թիվ 1 գործընկերը:

ԱՄՆ-ում Թեհրան-Պեկին միջուկային համագործակցությունը դիտարկում էին որպես ԱՄՆ-ի դեմ ուղղված գործողություն: Պեկինը փորձում էր նաև Իրան-Չինաստան միջուկային համագործակցության շնորհիվ քաղաքական ու տնտեսական զիջումներ կորզել ԱՄՆ-ից: Պետք է նշել, որ չնայած Թայվանի, Թիանանմենի և այլ հիմնախնդիրների շուրջ անհամաձայնություններին` Պեկինում կարևորում էին ԱՄՆ-ի հետ համագործակցությունը: Պատճառն այն էր, որ հենց ԱՄՆ-ից եկող ներդրումներն ու նոր տեխնոլոգիաներն էին հնարավորություն տալիս արդիականացնել չինական արդյունաբերությունը: 1997թ. Չինաստանն ու ԱՄՆ-ը երկուստեք զիջումների գնացին: ԱՄՆ-ը հանեց Թիանանմենի դեպքերից հետո չինական տնտեսության վրա դրված մի շարք պատժամիջոցներ, իսկ Չինաստանն էլ համաձայնեց դադարեցնել Իրանի հետ միջուկային համագործակցությունը:

Այսպիսով՝ 1985-1997թթ. Չինաստան-Իրան միջուկային համագործակցության շնորհիվ Իրանը կարևոր միջուկային տեխնոլոգիաներ ստացավ: Ճիշտ է՝ չինականն արդիականությամբ զիջում էր արևմտյանին ու խորհրդայինին, բայց Չինաստանից ներմուծվող միջուկային տեխնոլոգիաների շնորհիվ Թեհրանն ավարտին հասցրեց իր միջուկային ծրագրին վերաբերող մի շարք նախագծեր։

Պեկինը, խաղասեղանին դնելով իրանական միջուկային խաղաթուղթը, զիջումներ կորզեց Վաշինգտոնից: Ճիշտ է, Չինաստանը հրաժարվեց շարունակել օժանդակել Իրանին միջուկային ոլորտում, բայց օգնեց վերականգնել Իրան-իրաքյան պատերազմի արդյունքում քայքայված իրանական արդյունաբերությունը:

Ինչպիսի՞ն է ներկա փուլում Չինաստանի դերակատարությունն Իրանի միջուկային ծրագրի շուրջ ընթացող բանակցություններում։

Պեկինը փորձում է լիցքաթափել Իրանի միջուկայնացման շուրջ լարված իրավիճակն ու կողմերին կոչ է անում միայն բանակցությունների միջոցով լուծել հարցը: Պեկինին ձեռնտու է Մերձավոր Արևելքի անվտանգությունը: Նշենք 5 հիմնական պատճառ, թե ինչու է Չինաստանը շահագրգռված Իրանի ու Մերձավոր Արևելքի անվտանգությամբ.

1. Չինական տնտեսության զարգացման համար անհրաժեշտ են իրանական ու մերձավորարևելյան էներգակիրները, որոնք փոխադրվում են Պարսից ծոցով։

2. Չինաստանն ահռելի ներդրումներ է կատարել Իրանում ու Մերձավոր Արևելքում, որի պատճառով չի ցանկանում պատերազմներ կամ անկայուն իրավիճակ այս տարածաշրջանում:

3. Մերձավոր Արևելքը կարևոր շուկա է չինական արտադրանքի համար:

4. Պեկինում կարծում են, թե Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատումը հնարավորություն կտա ամրապնդել այս տարածաշրջանի էներգակիրներով հարուստ երկրների անկախությունը, որի շնորհիվ ԱՄՆ-ը կկորցնի ազդեցությունը Մերձավոր Արևելքում:

5. Չինաստանը հետաքրքրված է նաև Մերձավոր Արևելքի կայուն իրավիճակով, քանի որ այս տարածաշրջանում առաջացող իսլամական ծայրահեղական շարժումներն ու գաղափարները կարող են ներթափանցել Չինաստանի Սինճյան նահանգ:

Իրանը Չինաստանի շնորհիվ կարողացավ խույս տալ Միավորված Ազգերի Կազմակերպության Անվտանգության խորհրդի իրանական էներգակիրների արգելքից: Նմանատիպ պատժամիջոցներ առաջարկում էր ԱՄՆ-ը: Երբ ԵՄ-ը, Կորեայի Հանրապետությունն ու Ճապոնիան հրաժարվեցին գնել իրանական էներգակիրները, Չինաստանը շարունակեց:

Մի կողմից՝ չինական դիվանագիտությունը փորձում է օժանդակել էներգակիրներ ունեցող այն երկրներին, որոնք կփորձեն Արևմուտքից անկախ խաղ խաղալ, մյուս կողմից՝ Պեկինը ցանկանում է շարժվել միջազգային հասարակությանը համահունչ ու ստեղծել պատասխանատու գերտերության կերպար, որը դեմ է միջուկայնացմանն ու ատոմային սպառազինություններ ունեցող երկրների քանակի աճին:

1 John W. Garver, China and Iran Ancient Partners in A Post-Imperial World, University of Washington Press, 2006, pp. 143-144.


«Գլոբուս» վերլուծական հանդես, թիվ 10, 2014
GLOBUS_2014_10

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s