ԱԴՐԲԵՋԱՆ ԱՆՎԱՆ ԾԱԳՈՒՄՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՈՒ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ
ՄՀԵՐ ՍԱՀԱԿՅԱՆ
Նանջինգի համալսարանի Միջազգային հարաբերությունների ինստիտուտ, ՉԻՆԱՍՏԱՆ
| 21.08.2015
Ռուսաստանում տեղի ունեցած 1917-ի հոկտեմբերյան հեղափոխությունը և Ռուսաստանի դուրս գալն Առաջին համաշխարհային պատերազմից, թուրքական զորքերի առաջխաղացումը Կովկասյան ռազմաճակատում, պատճառ հանդիսացան Այսրկովկասի տարածքում 1918թ մայիսի 28-ին Առանի և Շիրվանի (Աղվանք) գավառներում նոր հանրապետության կերտմանը, որն անվանվեց Պարսկաստանի համանուն նահանգի՝ Ադրբեջան անվամբ:
Պարսկաստանի կառավարությունը փորձեց դիվանագիտական ճանապարհով վիճարկել հարցը, սակայն, ապարդյուն: Պարսկաստանի համանուն Ադրբեջան նահանգում տեղի ունեցան ցույցեր, որոնց ընթացքում շեյխ Խիաբանին և նրա կողմնակիցները հարց բարձրացրեցին փոխել սեփական նահանգի անվանումը` Ադրբեջանը վերանվանելով Ազադիսթան, միայն թե տարբերվեին հարևան նորաստեղծ հանրապետությունից:
Վիճելի հարցն այդպես էլ լուծում չստացավ. Առանի և Շիրվանի գավառներում առաջացած հանրապետությունը շարունակեց կրել Ադրբեջան անվանումը նաև խորհրդայնացումից հետո, որը պատճառ եղավ քաղաքական բազմաթիվ շահարկումների Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո:
Հետաքրքրական է ակադեմիկոս Վ.Վ. Բարտոլդի կարծիքն Առանն ու Շիրվանն Ադրբեջան վերանվանելու մասին. «Եթե անհրաժեշտ լիներ ստեղծել այնպիսի մի տերմին, որը կընդգրկեր ներկայիս Ադրբեջանի Հանրապետության տարածքը, ապա նպատակահարմար կլիներ ընտրել Առան անվանումը, սակայն Ադրբեջան տերմինն ընտրվել է, որովհետև, երբ ստեղծվում էր Ադրբեջանի Հանրապետությունը, ենթադրվում էր, որ պարսկական և այս Ադրբեջանը պետք է մեկ ամբողջություն լինեն, քանի որ բնակչությունը բավականին նմանություններ ունի»:
Այսպիսով հստակորեն երևում է, որ Ադրբեջան անվանումն ընտրված էր, որպեսզի hնարավորության դեպքում Իրանից բռնազավթվեր նրա հնագույն մշակութային և պատմական կենտրոններից մեկը, որը թյուրքական աշխարհը կապող կարևորագույն օղակի դեր պետք է խաղար:
Պրոֆեսոր Գառնիկ Ասատրյանը նշում է, որ Ադրբեջանն իրանական վաղեմի նահանգ է երկրի հյուսիս-արևմուտքում (Մարաստանի հյուսիս-արևմտյան հատվածում): Նրա անունն արաբականացված ձևն է դասական նոր-պարսկերենի` Ադարբագանի (Ադարբայգան), որը ծագել է միջին-պարսկական Ատուրպատական ձևից (համեմատել` հայերեն Ատրպատական):
Այն առնչվում է երկրանունների (հետևաբար և ցեղանունների) այն դասին, որոնք ծագում են ենթադրյալ առաջնորդ-ցեղապետի, կամ էպոնիմ-նախահոր անունից, տվյալ դեպքում Ալեքսանդր Մակեդոնացու զորապետ Ատրոպատի (Ատուրպատի) անունից, որ Ք.ա. 320 թվականին այս երկրամասում առաջինն է ստեղծել անկախ մի մեծ պետություն:
Ռուս պատմաբան Իվանովը նշում է, որ Իրանի հյուսիս-արևմուտքում իրանալեզու բնակչությունը բնակվում էր մինչ ասորիների և ուրարտացիների արշավանքները Ք.ա. 9-րդ դարում: Այն հիշատակված է Ուրմիա լճի մոտակա շրջաններից մինչև Դիալիի բարձունքները, Մարաստանի արևմտյան և ավելի արևելյան շրջաններում: Նրանց մասին հիշատակումներ կան Ք.ա. 8-րդ և 7-րդ դարերում:
Իրանցի պատմաբան Էնայաթ Օլլա-Ռեզան նշում է, որ հետագայում հենց Ք.ա 669-ին Մարաստանում ստեղծվեց իրանական առաջին հզոր պետությունը, որի կենտրոնն էր համարվում այն տարածքը, որը հետագայում պետք է անվանվեր Ատրպատական:
Ստրաբոնը, Արրիանը, Փլավիոսը Ատրպատականը համարում էին Մարաստանի մի մասը և անվանում էին այն Մարաստան-Ատրպատական: Վ.Վ. Բարտոլդը նույնպես Ատրպատականը համարում էր Մարաստանի անքակտելի հատվածը: Իրանական ցեղերից համեմատաբար ուժեղ էին մարերը, որոնք բնակվում էին Իրանի հյուսիս-արևմուտքում:
Մարերը ծագումնաբանորեն իրանցիներ էին, իսկ նրանց լեզուն պատկանում էր Հնդեվրոպական լեզվաընտանիքի արևելյան ճյուղին: Պահպանվել է Իրանի քրմապետ Քարթիրի հիշատակությունը, որտեղ հստակորեն նշվում են այն շրջաններն ու երկրները, որոնք համարվում էին Էրան (Իրան) և այն երկրները, որոնք Իրանի տարածքից դուրս են` Ան-Էրան, չնայած գրավվել էին շահն-շահի զորքերի կողմից: Ատուրպատական-Ադրբեջանն այս տեքստում, իհարկե, Իրանի մեջ է, իսկ Աղվանքը, Հունաստանի, Հայաստանի, Վրասատանի (Իբերիայի) հետ` ոչ իրանական հատվածում է:
Ահա թե ինչ է պատմում Քարթիրը. «Եվ ես` Քարթիրս, ի սկզբանե ծառայում եմ աստվածներին իմ հոգու համար: Իմ շնորհիվ շատ (սրբազան) կրակներ Մեշանում, Ատրուպատականում, Սեպահանում, Ռեյում, Քերմանում, Սակաստանում և Գուրգանում մինչև Փիշևար վառվեցին: Ինչպես նաև ոչ իրանական երկրներում կրակներ և քրմեր տարածեցի: Շահնշահի զորքերն ու ձիերը հասան Անտիոք, Սիրիա, Կիլիկիայի Տարսոն քաղաք, Հունաստան, Հայաստան, Իբերիա, Աղվանքի դարպասներին, որտեղ էր հենց ինքը` Շապուհ շահնշահը: Այս տեղերում շահն շահի հրամանով քրմեր նշանակեցի, կազմակերպեցի ատրուշաններ»:
Թյուրքախոս ցեղերի խոշոր ներթափանցումներից Ատրպատական սկսվեցին 1050-1056 թվականներին` սուլթան Մահմուդ Ղազնավիի և Ատրպատականի կառավարիչ Վախսուդանի օրոք: 13-րդ դարում, երբ Ատրպատականը գտնվում էր մոնղոլների տիրապետության տակ, այստեղ բնակություն էին հաստատում թաթարներ, աղ-ղոյունլու, ղարա-ղոյունլու ցեղերը, որոնք նույնպես պատկանում էին օղուզական թյուրքախոս ցեղերին:
15-րդ դարում Թուրքիայից Իրան ներգաղթեցին շամլու, ռումլու, ուսթաջլու, թեքքելու, աֆշար, ղաջար, զուլքադար, և այլ թյուրքական ծագում ունեցող ցեղեր:
Այսպիսով սկսած 11-րդ դարից թյուրքական ցեղերը, ոչ միայն հաստատվում էին Ատրպատականում, այլև իշխող դիրք էին ձեռք բերում, ինչը նպաստում էր թյուրքերեն լեզվի տարածմանն ու ամրապնդմանը տեղի իրանական ծագում ունեցող բնակչության մեջ:
Թյուրքերենի տարածումն ու ամրապնդումն Ատրպատականում հետագայում բազմաթիվ քաղաքական շահարկումների պատճառ դարձավ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում, Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Ատրպատականում թյուրքախոս ազարիների հիմնահարցը մեծապես շահարկվեց ԽՍՀՄ-ի կողմից Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո:
Source: Diplomat.am
Leave a Reply