Հայաստանը մասնակցել է Չինաստանի կերպարվեստի միջազգային ցուցահանդեսին
Հոկտեմբերի 7-11-ը Պեկինում տեղի է ունեցել Չինաստանի կերպարվեստի միջազգային ցուցահանդես-տոնավաճառը, ուր ներկայացված էին Չինաստանի և տարբեր երկրների արվեստագետների ստեղծագործություններ: Մշակութային կազմակերպությունների և նկարիչների միությունների հետ մեկտեղ ցուցահանդեսի կազմակերպիչներն առանձին տաղավարներ էին տրամադրել նաև Պեկինում հավատարմագրված մի քանի երկրի ներկայացուցչություններին, այդ թվում՝ Հայաստանի դեսպանությունը: Վերջինիս աջակցությամբ այստեղ ցուցադրված էին հայաստանցի գեղանկարիչ Ալեքսանդր Դերոյանի քսանից ավելի կտավներ: Հատկանշական է, որ այցելելով Չինաստանի տարբեր քաղաքներ և ոգեշնչվելով տեղի հարուստ մշակույթով ու բնապատկերներով՝ հեղինակին հաջողվել էր ստեղծել հայկական կերպարվեստի հարուստ ավանդույթներով ու հայկական բնապատկերներով համադրված չինական մոտիվներով ստեղծագործությունների շարք: Տաղավարում ներկայացված էին նաև Հայաստանի մասին պատմող գրականություն, Հայաստանի զբոսաշրջային ոլորտը գովազդող նյութեր, հուշանվերներ:
Հայկական տաղավարի ներկայացման արարողությանը մասնակցել է ՉԺՀ-ում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը, ով ցուցահանդեսի կազմակերպիչներին, չին արվեստագետներին ու այցելուներին, ինչպես նաև չինական լրատվամիջոցների ներկայացուցիչներին համառոտ ներկայացրել է հայկական կերպարվեստը, մշակույթը և պատմությունը, հայ-չինական մշակութային կապերը, ինչպես նաև հայ-չինական պատմական առնչությունները: Դեսպանը խոսել է նաև երկու ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների, դրանց ամրապնդման ու զարգացման մասին՝ կարևորելով մշակութային շփումները և փոխանակումները:
Հայկական տաղավարմն արժանացել է այցելուների և կազմակերպիչների բարձր գնահատականին:
Leave a Reply