China-Eurasia News Ticker

Հայ հետազոտողների և ուսանողների առաջին առցանց գիտաժողով Չինաստանում

  • Հայ հետազոտողների և ուսանողների առաջին առցանց գիտաժողով Չինաստանում

2014 թ. նոյեմբերի 30-ին Չինաստանում Հայկական ուսանողական միության և Հոնկոնգի ու Չինաստանի հայկական համայնքների նախաձեռնությամբ կազմակերպվեց հայ հետազոտողների և ուսանողների 1-ին առցանց գիտաժողով, որը նպատակ ունի միավորելու Չինաստանի տարբեր քաղաքներում գտնվող հայ ուսանողներին ու հետազոտողներին, կազմավորել հայ չինագետների թիմ, որը Չինաստանում կազմակերպվող գիտական տարբեր հարթակներում կներկայացնի հայկական հետազոտությունները։ Այս մասին «Հայերն այսօր»-ին հայտնում է Անահիտ Զոհրաբյանը Չինաստանից:

«Վաղնջական ժամանակներից ձևավորված հայ-չինական բարեկամական հարաբերություններն այսօր նոր որակ ու բովանդակություն են ստանում՝ շարունակաբար զարգանալով և ամրապնդվելով: Գիտական և կրթական ոլորտներում երկու երկրների միջև առկա համագործակցությունը խորանում է և տարեցտարի նոր հնարավորություններ ընձեռում երիտասարդ գիտնականների համար՝ ավելի խորությամբ ուսումնասիրելու ոչ միայն միմյանց պատմությունն ու մշակույթը, այլև արդիական գիտատեխնիկական նվաճումները: Կարծում եմ, որ հենց այս նպատակներին կծառայի նաև նոր կազմավորվող ձևաչափը»,- գրված է ՉԺՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանի ուղերձում:

Դեսպանը հույս է հայտնում, որ նման ձեռնարկները կդառնան շարունակական և կհամախմբեն այնպիսի հայրենասեր երիտասարդների, ովքեր իրենց ակտիվ քաղաքացիական կեցվածքով ու գիտական ներուժով կնպաստեն Հայաստանի և Չինաստանի միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդման գործին։ Գիտաժողովի առաքելությունը յուրովի է մեկնաբանել Չինաստանում հայկական համայնքի նախագահ Հենրի Արսլանյանը։ Նա գտնում է, որ գիտաժողովը հնարավորություն կընձեռնի ժամանակակից տեխնոլոգիաների և հաղորդակցման միջոցների շնորհիվ համախմբել գիտական ներուժը, միավորել տեղի հայերին, ներկայացնել Չինաստանում ապրող հայերի արժանավոր պատմությունը:

Գիտաժողովի մասնակիցները 14 էին, սակայն նրա անցկացման ձևաչափն այնպիսին էր, որ որպես դիտորդ մասնակցելու հնարավորություն էր ընձեռվում բոլոր ցանկացողներին: Դրա համար անհրաժեշտ էր միայն գրել առաջարկվող էլ. հասցեին և ծանոթանալ գրանցման մանրամասներին:

Գիտաժողովի թմատիկան հետաքրքիր էր և բազմաբովանդակ: Զեկուցումներն առնչվում էին միջազգային հարաբերությունների, պատմության, հոգեբանության, միջմշակութային հաղորդակցության, գրականության, լեզվաբանության, քաղաքագիտության, ակնաբուժության, մաթեմատիկայի, ծրագրային ապահովման և այլ ոլորտներին: Ուշագրավ զեկուցումներ էին ներկայացված նաև հայ-չինական հարաբերությունների վերաբերյալ:

«Աշխարհի 2 հզորագույն մշակույթների ճանապարհով». Այսպես էր վերնագրել իր զեկուցումը Արաքսյա Ներսիսյանը՝ Չինաստանի կենտրոնական ազգագրական համլսարանից: «Այս երկու երկրների միջև ընկած հեռավորությունը, բայց ժողովուրդների հավաքական մտածողության նմանություններն ուղղակի զարմանալի են: Երկու մշակույթների հիմքում էլ ընկած է ընտանիքի, մեծերին հարգելու, երեխաների հանդեպ սիրո գաղափարը»,- գրված է զեկուցման ամփոփագրում:

Հետաքրքիր է, որ հայ և չին ժողովուրդները, գտնվելով միմյանցից շատ հեռու, ձևավորել են գեղեցիկ ավանդական կենցաղ, որում բազմաթիվ նմանություններ կարելի է գտնել:

Լիաոնինգի համալսարանից հետազոտող և հեղինակ Լյու Լայ Չուն հանրային ուշադրությանն է ներկայացնում «Մամիկոնյանների տոհմի լեգենդը Չինաստանից դեպի Հայաստան» թեմայով զեկուցումը:

Ուշագրավ է նաև Գուանգջոուի Ջինան համալսարանից Կարապետ Կազարյանի կողմից առաջադրված թեման՝ Հայության անվտանգության դեմ ուղղված մարտահրավերների շուրջ: Հեղինակն առաջարկում է դիտարկել, թե աշխարհասփյուռ հայությունն ի՞նչ մարտահրավերների առջև է կանգնած: Ի՞նչ քայլեր են արվում անվտանգությունն ապահովելու համար, ինչքանո՞վ են արդյունավետ այդ քայլերը: Նա համոզված է, որ համաշխարհայնացումը, սեփական կրոնի ու հայրենասիրության մոռացությունը, ազգային ինքնության կորուստը կարող են նոր ու վտանգավոր իրավիճակ ստեղծել աշխարհասփյուռ հայության համար:

Չափազանցություն չի լինի, եթե ասենք, որ գիտաժողովում ներկայացված բոլոր զեկուցումներն առանց բացառության ուշագրավ են և կարևոր: Համոզվեք ինքներդ՝ ծանոթանալով նրանց ամփոփագրերին:

Մեր հիացմունքն ու խորին հարգանքը այս կարևոր ձեռնարկի հեղինակներին:

Աղբյուր՝ hayernaysor.am

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: