China-Eurasia News Ticker

Չին-ամերիկյան հարաբերությունների վերաիմաստավորում, թե՞ հետախուզություն մարտից առաջ

Մհեր ՍահակյանMSD

ԱՄՆ -ում մեկնարկել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ-Չինաստանի նախագահ Ծինփին Շի բանակցությունները։ Չինաստանում այս հանդիպումներն անվանում են պատմական, քանի որ արդյունքներից պարզ կդառնա կհակամարտեն, թե՞ կհամագործակցեն  աշխարհի երկու հսկաները։

Բանակցությունների առանցքում են տնտեսական տարաձայնություններն ու ԿԺԺՀ-ի (Կորեայի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետություն) միջուկային հիմնահարցը։ Դեռևս ԱՄՆ նախագահության համար մղվող անզիջում պայքարում Թրամփը կոշտ դիրքորոշում էր ցուցադրում Չինաստանի նկատմամբ։

Նա Չինաստանին մեղադրում էր ԱՄՆ-ի հետ տնտեսական հարաբերություններում անհավասար պայմաններ թելադրելու մեջ, մասնավորապես նշում էր, որ Չինաստանը բարձր մաքսեր ու տուրքեր է սահմանել ԱՄՆ-ում արտադրված ապրանքների համար, որոնց պատճառով ամերիկյան ապրանքներն անմրցունակ են դառնում չինական շուկայում, նա նշում էր նաև, որ Պեկինն անհարկի խոչընդոտներ է ստեղծում Չինաստանում գործող ամերիկյան կազմակերպությունների համար։ Թրամփը չինացիներին մեղադրում էր  այն բանում, որ վերջիններս շարունակում են տնտեսական օժանդակություն տրամադրել ԿԺԺՀ-ին, որի պատճառով վերջինիս քաղաքական ռեժիմը միջուկային հարցում զիջումների չի գնում և շարունակում է աճեցնել սեփական միջուկային ռումբերից և հեռահար հրթիռներից բաղկացած զինանոցը։ Ինչպես Թրամփն էր նշել, եթե Չինաստանը չդադարեցնի օգնել ԿԺԺՀ-ին տնտեսապես ու ճնշում չգործադրի Փհենյանի նկատմամբ, որպեսզի վերջինս վերջ տա ռազմական նպատակներ հետապնդող միջուկային ծրագրին, ապա ԱՄՆ-ը կգործի միայնակ… Սրան հետևեց Սիրիայի ռազմաբազայի հրթիռակոծումը… Կարծում եմ, որ այս քայլով Թրամփը Շիին ցույց տվեց, որ վճռական է տրամադրված, ու եթե Պեկինը չհամագործակցի ԿԺԺՀ-ի հարցում ԱՄՆ-ի առաջարկած ճանապարհային քարտեզով, ապա Վաշինգթոնը ԿԺԺՀ-ին կփորձի ստիպել սեփական միջոցներով, հաշվի չառնելով Պեկինի շահերը… դժվար թե ԱՄՆ-ը հարվածի ԿԺԺՀ-ին, բայց հնարավոր է՝ ատոմային զենք տրամադրի Ճապոնիային ու Հարավային Կորեային, ինչն արդեն հաստատ կսպառնա Չինաստանի ազգային անվտանգությանը….

Հետաքրքական է, որ ի տարբերություն Չինաստանի հետ հարաբերություններին, Թրամփը նշում էր, որ պետք է բարելավել Ռուսաստանի հետ հարաբերությունները, ինչը չէր ողջունվում ԱՄՆ քաղաքական և ռազմական վերնախավի կողմից։ Չնայած, ընտրվելուց անմիջապես հետո, Թրամփը հեռախոսազրույց ունեցավ Թայվանի առաջնորդի հետ, ինչը չինական կողմն ընդունեց որպես մարտահրավեր, բայց որոշ ժամանակ անց Թրամփը հայտարարեց, որ հարգում է Մեկ Չինաստան սկզբունքը Պեկինի առաջնորդությամբ, որից հետո հարցը փակվեց։ Այսպիսի վայրիվերումնեից հետո սկսվեցին Թրամփ-Շի բանակցությունները։

Հետևելով չինական և ամերիկյան մամուլին և հեռուստատեսությանը՝ կարելի է փաստել, որ հանդիպումներն անցնում են ջերմ մթնոլորտում։ Չինացիները նշում են, որ Թրամփը Վաշինգթոնի փոխարեն հանդիպման վայր է ընտրել Ֆլորիդան, որպեսզի այնտեղ հանդիպումներն անցնեն ավելի անկաշկանդ և ընտանեկան մթնոլորտում։ Թրամփը հանդիպումներից մեկի ժամանակ հրավիրել էր նաև չինարենին տիրապետող թոռնիկին, որպեսզի վերջինս իր լեզվական հմտությունները ցուցադրի Չինաստանի ղեկավարին։ Այս քայլը մեծ արձագանք գտավ չինական մամուլում և սոցիալական ցանցերում, ինչը, կարծես, ցրեց չինացիների այն մտավախությունը, որ Թրամփյան Ամերիկան հակամարտելու է Չինաստանի հետ։

Համենայն դեպս պետք է հիշել, որ ջերմ հյուրընկալության ընթացքում Թրամփը պահանջելու է, որ Չինաստանն իջեցնի ամերիկյան ապրանքների համար նախատեսված տուրքերի ու մաքսերի սակագները, ինչպես նաև հավասար պայմաններ ստեղծի Չինաստանում գործող ամերիկյան ընկերությունների համար։ Թրամփը Չինաստանին պետք է առաջարկի դադարեցնել ԿԺԺՀ-ին տրվող տնտեսական օժանդակությունն ու միասնական ջանքերով պրեսինգի ենթարկել վերջինիս։

Նախագահ Շին, իր հերթին, պահանջելու է, որ ԱՄՆ-ը դադարեցնի օգնություն տրամադրել Թայվանին և Ֆիլիպիններին, զերծ մնա կողմնակալ հակաչինական կեցվածքից, երբ հարցը վերաբերվում է Հարավչինական ծովի շուրջ առկա խնդիրներին։

Տարաձայնությունները մեղմելու համար Շին Թրամփին կառաջարկի չինական ներդրումներ ԱՄՆ տնտեսությունում, որի մասին Թրամփի հետ հանդիպման ժամանակ խոսել էր նաև «Ալիբաբա» ընկերության ղեկավար Ման:

Խոսելով չին-ամերիկյան հարաբերությունների մասին՝ պետք է հիշել, որ ԱՄՆ-ը Չինաստանի թիվ առաջին տնտեսական գործընկերն է։ Այս հանգամանքն անհավանական է դարձնում Չինաստան-ԱՄՆ բացահայտ հակամարտության մեկնարկը։  Ավելի հավանական է, որ կողմերը կվերադառնան մինչև Թրամփի նախագահ ընտրվելու ժամանակների հարաբերությունների մակարդակին։ ԱՄՆ-ում լավ են հասկանում, որ եթե վանեն Չինաստանին, ապա այն կհայտնվի Ռուսաստանի գրկում։ Երևում է, որ Վաշինգթոնում Ռուսաստանի հետ հարաբերությունների ջատագով համարվող և հակաչինական կոչերով հանդես եկեղ Թրամփին բացատրել են, որ երկու ոչ արևմտյան հսկաներից պետք է ընտրել Չինաստանին, քանի որ ԱՄՆ-ը վերջինիցս անհամեմատ ավելի մեծ տնտեսական օգուտներ ունի քան Ռուսաստանից։

Այս համատեքստում Թրամփը կփորձի  Շիին համոզել, որպեսզի վերջինս միանա հակառուսական դաշինքին։ Հետաքրքրիր է՝ Ֆլորիդայում ի՞նչ կառաջարկեն Շիին, որպեսզի վերջինս հրաժարվի Ռուսաստանի հետ խորացնել քաղաքական և ռազմական հարաբերությունները, բայց, կարծում եմ, որ Չինաստանը կշարունակի լավ հարաբերություններ պահպանել, թե՛ ԱՄՆ-ի, թե՛ Ռուսաստանի հետ։ Համենայն դեպս փաստ է, որ Ռուսաստանի պատճառով Չինաստանը չի փչացնի հարաբերությունները թիվ մեկ տնտեսական գործընկերոջ՝ ԱՄՆ-ի հետ, քանի որ ԱՄՆ-ի հետ առճակատման պատճառով կարող է տուժել Չինաստանի տնտեսությունն, ինչը բազմաթիվ ազգերից բաղկացած արդի Չինաստանը միասնական պահող հիմնական գործոնն է։

Ամփոփելով՝ կարելի է նշել, որ թե՛ չինացիները, թե՛ ամերիկացիները, ինչքան էլ քաղաքական տարբեր դիրքորոշումներ ունենան, դեռևս << պատրաստ չեն ապահարզանի >>, և մոտակա ժամանակներս ականատեսը կլինենք վերաիմաստավորվող, բայց դեպի բնականոն ընթացքը վերադարձող չին-ամերիկյան հարաբերություններին։ Արդյունքում կփոխվեն միայն տնտեսական հարաբերություններին վերաբերվող խաղի որոշ կանոններ․  Չինաստանը ներդրումներ կանի ԱՄՆ-ում՝ նպաստելով Թրամփի նախընտրական խոստումներին, ըստ որոնց նոր աշխատատեղեր պետք է բացվեն ԱՄՆ-ում, ինչպես նաև Պեկինը բարենպաստ պայմաններ կստեղծի չինական շուկայում գործող ամերիկյան ընկերությունների համար։ Կողմերը կփորձեն ուժեղացնել ճնշումը ԿԺԺՀ-ի նկատմամբ և վերականգնել վերջինիս կողմից ոտնահարված Միջուկային զենքի չտարածման պայմանագրի հեղինակությունն ու կարևորությունը։ Կարծում եմ, որ չին-ամերիկյան հարաբերությունների առանց պայթյունավտանգ հակասությունների ընթացքը կարևոր է համաշխարհային անվտանգության ամրապնդման համար, հուսանք, որ միգուցե այս հանդիպումների ընթացքում Շիին կհաջողվի նաև որոշակի միջնորդական առաքելություն ստանձնել ռուս-ամերիկյան հարաբերությունները բարելավելու գործում․․․

8.4.2017

Նկարի աղբյուրը՝ xinhua.com

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: