China-Eurasia News Ticker

«Մեկ գոտի, մեկ ճանապարհ». չինական երազանքի հետքերով

Սեպտեմբերի 26-ին ՀՀ պետական կառավարման ակադեմիայի քաղաքական կառավարման և հանրային քաղաքականության ամբիոնի հրավերով Ակադեմիայում հյուրընկալվել էր «Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհուրդ» հիմնադրամի ղեկավար, Չինաստանի հայկական համայնքի նախկին նախագահ, Մեծ Բրիտանիայի չինագիտության ասոցիացիայի անդամ Մհեր Սահակյանը: Նպատակը «Չինաստանի և Հայաստանի համագործակցության զարգացման հրամայականները. Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը» թեման բացահայտելն էր:

Մհեր Սահակյանը նախ խոսեց «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության նպատակների ու առանձնահատկությունների մասին, ապա իր տեսակետը ներկայացրեց այդ նախաձեռնության մեջ Հայաստանի հնարավոր մասնակցության վերաբերյալ: Նրա խոսքով, այդ նախաձեռնության միջոցով Չինաստանը ներդրումներ է կատարում աշխարհի տարբեր երկրներում՝ դառնալով աշխարհաքաղաքական գործընթացների կարևոր դերակատար, և փորձում է առանձին բևեռ ստեղծել՝ հետագայում ԱՄՆ-ի կողմից հնարավոր ճնշումները կանխելու կամ դրանց դիմակայելու նպատակով: Չինաստանը հարուստ, բարգավաճ երկրի վերածելու, հասարակության համար բարեկեցիկ կյանք ապահովելու չինական երազանքի իրականացման համար Չինաստանի նախագահ Սի Ծինփինը գերադասում է «փափուկ ուժի» քաղաքականությունը, ուստի աշխարհին ուղղված նրա ուղերձը խաղաղության, բաց և ընդգրկուն համագործակցության, ինչպես նաև խաղաղ գոյակցության սկզբունքները հարգելու կոչ է պարունակում:

Ըստ բանախոսի՝ այս նախաձեռնության գլխավոր առանձնահատկությունն այն է, որ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ծրագրից ներդրում ստանալու հնարավորություն կունենա այն երկիրը, որը լավ հաշվարկված բիզնես ծրագիր կներկայացնի: Նախաձեռնությունը հատուկ ֆոնդ ունի նաև ինքնուրույն զարգանալու հնարավորություն չունեցող երկրների համար:

«Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությանը մասնակցելու դեպքում երկրները կկարողանան վերականգնել սեփական տնտեսությունը, ամրապնդել իրենց անվտանգությունն ու պետականությունը: Նրանք տնտեսական բազմաթիվ օղակներով կկապվեն աշխարհում հզորությամբ երկրորդ տնտեսությունն ունեցող երկրի հետ»,- ասաց Մհեր Սահակյանը:

Ինչ վերաբերում է Հայաստանի՝ այդ նախաձառնությանը մասնակցելու հեռանկարին, ապա, բանախոսի կարծիքով, վերջինս պետք է գործնական քայլեր անի երկրում ճանապարհները բարեկարգելու, երկաթուղին զարգացնելու ուղղությամբ: Խնդիրն այն է, որ նման հավակնություն ունենալու դեպքում երկիրը պետք է ներկայացնելու բան ունենա:

Չինագետը խոսեց նաև «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության ֆինանսական ռեսուրսների և հայ-չինական ֆինանսաբանկային համագործակցության հեռանկարների մասին: Հայ-չինական հարաբերությունների զարգացման գործում նա կարևորեց նաև հանրային դիվանագիտության դերը՝ մշակութային, գիտական կապեր, Չինաստանի հայ համայնքի ներուժը և այլն: Նա կարծիք հայտնեց, որ Չինաստանի հետ հարաբերությունները հնարավոր է օգտագործել նաև Արցախյան հիմնախնդրի լուծման նպատակով: Մհեր Սահակյանը համոզված է, որ Հայաստանը պետք է ակտիվ լինի և տարբեր միջոցներով անհանգստացնի այն երկրներին, որոնք կարող են մասնակցել իր հիմնախնդիրների լուծման գործին:

Բանախոսը պատասխանեց ունկնդիրներիի բազմաթիվ հարցերի, ինչը վկայում է թեմայի արդիականության և Չինաստանի հանդեպ երիտասարդ սերնդի հետաքրքրվածության մասին:

Աղբյուրը՝ ՀՀ Պետական կառավարման ակադեմիա

 

 

This slideshow requires JavaScript.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: