China-Eurasia News Ticker

ԱՐՄԵՆՊՐԵՍ/ՀՀ-ն ու Չինաստանը կիբեռանվտանգության ոլորտում համագործակցության մեծ ներուժ ունեն

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջպետական համաձայնագրերի, միջազգային ծրագրերի շրջանակներում Հայաստանի քաղաքացիները հնարավորություն են ստանում կրթությունը շարունակել տարբեր երկրներում: Ի թիվս, այլ երկրների, Հայաստանի երիտասարդների շրջանում Չինաստանի բուհերի նկատմամբ հետաքրքրությունը մեծ է: Որոշ դեպքերում արձանագրվել է դիմորդների բարձր մասնակցություն:

Կիբեռանվտանգության ռազմավարությունների փորձագետ, քաղաքական գիտությունների թեկնածու Անահիտ Պարզյանն ու նրա ամուսինը Հայաստանի այն քաղաքացիներից են, որոնք հնարավորություն են ունեցել ստանալ կրթաթոշակ և կրթությունը շարունակել Չինաստանում:

«Ես աշխատում էի Հայաստանում՝ Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում, հանրային կապերի բաժնի ղեկավար: Այնպես ստացվեց, որ ամուսինս ստացել էր կրթաթոշակ՝ Չինաստանում կրթությունը շարունակելու համար։ Մի օր նա ինձ անակնկալի բերեց ու ասաց, որ 10 օրից պետք է տեղափոխվենք Չինաստան: Դա 2012 թվականն էր: Այդ ժամանակ փոքր երեխաներ ունեինք, բավական բարդ գործընթաց էր մեզ սպասում, սակայն մտածեցի, որ ընտանիքի համար հետաքրքիր ժամանակ կլինի եւ, որ ամենակարեւորն է, միասին կլինենք: Տեղափոխվեցինք Չինաստան»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում պատմում է Անահիտ Պարզյանը: Ապրելով Չինաստանում՝ մի որոշ ժամանակ անց Անահիտը որոշում է նույնպես օգտվել Չինաստանում կրթությունը շարունակելու հնարավորությունից: Դիմում է ու  կրթաթոշակ ստանում: Նա սկսում է սովորել Չինաստանի հեղինակավոր Նանծինի համալսարանում, որը նաև աշխարհի բուհերի ռեյտինգային ցուցակում է: Ինչպես Անահիտն է նշում, մինչ հիմնական կրթական դասընթացին անցնելը, ըստ կարգի, պետք էր սովորել չինարեն և քննություն հանձնել: Դրանից հետո նոր թույլ կտային սկսել մասնագիտական ասպիրանտուրայի դասընթացները: Ասպիրանտուրայի դասախոսները լիարժեք տիրապետում էին անգլերենին, ուսանողների հետ օտար լեզվով հաղորդակցվելը խնդիր չէր, սակայն չինարենը պարտադիր էր:

«Ինձ համար շատ լավ հնարավորություն էր թե մասնագիտական փորձ ձեռք բերելու, թե կրթական գործընթացներին ծանոթանալու: Ասեմ, որ Չինաստանի կրթական համակարգով հիացած եմ՝ բարձր որակավորմամբ պրոֆեսորադասախոսական կազմ, արդիական առարկայական ցանկ, հրաշալի շենքային պայմաններ, համալսարանը հագեցած էր նոր տեխնոլոգիաներով, կար ահռելի չափերով գրադարան, որտեղ վերջին տպագրության լավագույն գրքերն ու ամսագրերն էին: Ուսանողներն ունեին քարտեր, որոնցով աշխարհի ցանկացած վճարովի ամսագիր կարող էին ստանալ իրենց համակարգչում»,-նշեց Անահիտ Պարզյանը:

Ինչպես ցանկացած օտար երկիր տեղափոխված անձ, այս դեպքում նույնպես, Անահիտի ընտանիքը սկզբում դժվարություններ ուներ: Նախ լեզվի խնդիրը, իսկ տեղացիներից շատերը օտար լեզուներին չեն տիրապետում, դրանից բացի, սովորությունները, մոտեցումները տարբեր էին:

«Մեզ համար նույնիսկ անսովոր էր խանութներում գնումներ կատարելը: Նախ լեզվի չիմացությունը, հետո, օրինակ, իրենց մոտ ձուն վաճառում էին կիլոգրամով, կարագ դեռ յոթ տարի առաջ շարքային խանութներում չկար: Ինչ խոսք, սկզբում դժվար էր: Չինաստանում մեր առաջին Ամանորին մի փոքր տխուր էինք, որովհետև Հայրենիքից ու հարազատներից հեռու էինք, կարծես, մենակ էինք: Հետո ամեն ինչ փոխվեց. և՛ հայ, և՛ չինացի ընկերներ ձեռք բերեցինք: Այժմ իրավիճակն այլ է, ոչ մի հայ այդ մենակությունը չի զգում, որովհետև հայ համայնքը կազմակերպված է, շատ արագ նոր եկածներին օգնում են, ուղղություն են ցույց տալիս, խորհուրդներ՝ թղթաբանության, սննդի հետ կապված: Նույնիսկ բժշկական հարցերով են միմյանց դիմում»,-ասում է Անահիտը:

Ընտանիքը Չինաստանում մնաց հինգ տարի: Ոչ միայն չինարեն էին սովորում, մասնագիտական հմտությունները զարգացնում, այլև ակտիվ ներգրավվում էին հայ համայնքի աշխատանքներում: Անահիտը գործադիր մարմնի անդամ էր: Այդ ընթացքում հրատարակվեց «ՉինաՀայ» լրագիր, որի գլխավոր խմբագիրն Անահիտն էր: Լրագիրն անդրադառնում էր Չինաստանի հայ համայնքի անդամներին, նրանց խնդիրներին, հաջողված պատմություններին: Ներկայացվում էին համայնքային միջոցառումները: Լրագիրը երկլեզվյա էր՝ հայերեն եւ անգլերեն։ Հեռավոր Ասիայում միակ հայատառ լրագիրն էր։ Անահիտը որպես «ՉինաՀայ» լրագրի գլխավոր խմբագիր Հայաստան-Սփյուռք հայագիտական գործակցության ամրապնդմանն ու զարգացմանը նպաստելու համար  պարգեւատրվել է ՀՀ սփյուռքի նախարարության եւ Վենետիկի Մխիթարյան միաբանության «Հակոբ Մեղապարտ» համատեղ մեդալով։ Անահիտը կարծում է, որ եթե կա ցանկություն, կազմակերպչական ջիղ, ապա  կարող ես սեփական մշակույթի պահպանությանն ուղղված միջոցառումներ անցկացնել՝ մանավանդ, որ երկիրը տալիս է այդ հնարավորությունը:

«Մենք միասնական ջանքերով բազմաթիվ միջոցառումներ ենք իրականացրել, այդ թվում Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված: Ունենում էինք նաև բազմաթիվ չինացի հյուրեր, ովքեր հիացմունքով էին արտահայտվում հայ մշակույթի մասին: Նրանք շատ են սիրում հայկական երաժշտությունը, խոհանոցը, գինիները: Տարբեր առիթներով մենք կազմակերպում էինք հայկական ուտեստների համտես և միշտ չինացի ընկերներից դրական արձագանք ենք ստացել: Նրանց հետաքրքիր է մեր քրիստոնական ժառանգությունը»,- նշեց Անահիտ Պարզյանը:

Նրա խոսքով, Չինաստանը շատ հետաքրքիր էր իրենց համար: Նրա պրպտումները ցույց են տալիս, որ երկու ազգերը բավական նմանություններ ունեն: Նրանք նույնպես ընտանիքը գնահատող, սիրող ազգ են, ընտանիքն ընդունում են որպես հասարակության բջիջ: Նրանք շատ ուշադիր են, նրբանկատ, ընկերասեր, հյուրասեր ու համբերատար:

«Երբ մի անգամ վատառողջ էի, հիշում եմ, թե ինչպես էին իմ չինացի հարևանները պարբերաբար գալիս ինձ տեսակցության, հոգ տանում, նվերներ բերում: Շատ ոգևորում էր այդ ուշադրությունը: Ասեմ, որ ներկայում էլ ունեմ շատ լավ չինացի ընկերներ, որոնց հետ մինչև հիմա կապի մեջ եմ: Կարծում եմ, որ ավելի խորացումը միանշանակ դրական կազդի, որ երկու ժողովուրդներն ավելի լավ կճանաչեն միմյանց»,- նշում է Անահիտ Պարզյանը:

Չինաստանում սովորելու ընթացքում Անահիտը ստացել է միջազգային հարաբերությունների գիտությունների թեկնածուի աստիճան: Կատարել է հետազոտություն Չինաստանի կիբեռանվտանգության ռազմավարության առանձնահատկությունների վերաբերյալ: Անահիտի խոսքով, այս ոլորտում համագործակցության մեծ ներուժ կա: Տեխնոլոգիաների, կիբեռանվտանգության ոլորտում Չինաստանն առաջատար երկրների ցանկում է:

«Յոթ տարի առաջ, երբ մենք գնացինք Չինաստան, ես ապշած էի նրանց սմարթ քաղաքներով, զարմացել էի, թե ինչպես են տեխնոլոգիաներն այդքան տարածված ամենատարբեր ոլորտներում: Ես ուզում եմ այստեղ ընդգծել, որ Չինաստանում հասարակությունն ինքն է պատրաստ այդ զարգացումներին, տեխնոլոգիաների կիրառմանը: Օրինակ, մեզ մոտ կան բազմաթիվ ծրագրեր, որոնք էլեկտրոնային են, կան ծառայություններ, որոնք թվայնացված են, բայց հասարակությունը դեռ դրանք չի կիրառում: Մինչդեռ չինացի տատիկները cashback-ի հավելվածներ են միմյանց փոխանցում: Նրանք հակված են դեպի տեխնոլոգիաները: Այնտեղ փոքր տարիքից երեխաներին կրթում են տեխնոլոգիաների, կիբեռանվտանգության հետ կապված: Մուլտֆիլմերի, սոցիալական գովազդների միջոցով մարդկանց հասցնում են կարևոր տեղեկատվություն: Այնպես, որ այս ուղղությամբ համագործակցության մեծ ներուժ կա: Ցանկալի կլինի, որ համագործակցությունն ակտիվացվի, այն դրվի ինստիտուցիոնալ մակարդակի վրա»,-ասաց նա:

Անահիտն ու նրա ընտանիքն արդեն երկու տարի է Հայաստանում են, սակայն շարունակում են կապը պահել չինացի գործընկերների հետ: Այնտեղ կուտակած փորձը, հմտությունները ոչ միայն կիրառում են Հայաստանում, այլև փոխանցում են նոր սերնդին:

ԵՄ եւ Հայաստանի կառավարության կողմից իրականացվեց ծրագիր, որի շրջանակում Անահիտ Պարզյանը ընդգրկված է եղել որպես փորձագետ ՀՀ կառավարությունում, մասնակցել է ՀՀ-ի կիբեռանվտանգության ռազմավարության մշակմանը, հեղինակել ու իրականացրել է կիբեռանվտանգության տեղեկատվական արշավ երեխաների, դեռահասների, նրանց ծնողների ու ուսուցիչների համար: Արդեն մի քանի անգամ համագործակցելով «Չինաստան-Եվրասիա քաղաքական եւ ռազմավարական հետազոտությունների խորհուրդ» հիմնադրամի հետ կազմակերպել են Չինաստանի արտաքին քաղաքականությունը վերլուծող անվճար դպրոցներ, որոնց մասնակցել են ուսանողներ, լրագրողներ, երիտասարդ գիտնականներ: Անահիտ Պարզյանը հպարտ է, որ իր գիտական հետազոտությունները շատ այլ համալսարաններում հետաքրքրություն են առաջացնում: Նա հաճախ հանդես է գալիս հանրային ելույթներով, իր հետազոտությունները ներկայացնում միջազգային ճանաչում ունեցող համալսարաններում ինչպիսիք են Ֆուդանի համալսարանը, Նանծինի համալսարանը, Քեմբրիջի համալսարանը եւ այլն։

Աննա Գզիրյան  

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: