ՀՀ․«Արեւելյան բեւեռը» սկսել է ավելի հստակ գործել
Ինչ սպասել Ռուսաստան-Չինաստան-Իրան համագործակցությունից
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցը Չինաստան արդյունավետ է գնահատվել ինչպես ռուսական, այնպես էլ չինական կողմի համար, մասնավորապես, տարածաշրջանային եւ միջազգային նշանակության մի շարք հարցերի քաղաքական լուծումներ գտնելու առումով։ Վերջին շրջանում զարգացումներ կան նաեւ չին-իրանական հարաբերություններում։ Այս հարցերի շուրջ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը զրուցել է «Չինաստան-Եվրասիա» քաղաքական եւ ռազմավարական հետազոտությունների խորհուրդ» հիմնադրամի ղեկավար, 2020/2021AsiaGlobal Fellow, Հոնկոնգի համալսարան, Միջազգային խաղաղության ինստիտուտի խորհրդականների խորհրդի անդամ (Ավստրիա), քաղաքական գիտությունների թեկնածու Մհեր Սահակյանի հետ։
-Ռուսաստանի եւ Արեւմուտքի հարաբերությունների վատթարացման ֆոնին ռուս-չինական հարաբերությունների ջերմացումն առավել հետաքրքիր զարգացումներ է ենթադրում։ Ի՞նչ առանցքային հարցեր կառանձնացնեիք այս հանդիպումից։
-Ռուս-չինական տանդեմը շարունակում է «Արեւելյան բեւեռի» կերտումը, որն ավելի հստակ է սկսել գործել։ Ասիական գերտերությունը՝ Չինաստանը եւ հյուսիսարեւելյան մեծ ուժը՝ Ռուսաստանը, համակցելով սեփական նախաձեռնությունները՝ «Մեկ գոտի, մեկ ճանապարհը» եւ Եվրասիական տնտեսական միությունը, փորձում են ընդհանուր ճամբարում համախմբել իրենց տնտեսական եւ քաղաքական գործընկերներին, ինչը հնարավորություն կտա զերծ մնալ մեկուսացումից եւ համընդհանուր ուժերով դիմագրավել ԱՄՆ-ի ճնշմանը։ Լավրովի այցը Պեկին հաջորդեց Ալյասկայում տեղի ունեցած ԱՄՆ-Չինաստան լարված բանակցություններին, ինչպես նաեւ ԱՄՆ նախագահ Բայդենի կողմից ՌԴ նախագահ Պուտինին մարդասպան անվանելուն։ Սրանով չին-ռուսական տանդեմը հստակ հասկացրեց, որ ԱՄՆ-ի շարունակական ճնշումներին դիմակայելու են միասնական ջանքերով։ Այս հանդիպումից կկարեւորեմ կողմերի պայմանավորվածությունը, ըստ որի՝ Ռուսաստանը եւ Չինաստանը հետզհետե առեւտուրը պետք է կատարեն սեփական արտարժույթներով, այսինքն՝ SWIFT-ի փոխարեն կիրառեն սեփական դրամային փոխանցման համակարգերը։ Կարեւոր էր նաեւ կողմերի ընդունած հայտարարությունը, որով նրանք վերահաստատեցին միջազգային հարաբերություններում համատեղ գործելու պատրաստակամությունը։
-Վաղը Թեհրան է ժամանելու Չինաստանի արտգործնախարարը: Երկկողմ եւ տարածաշրջանային հարցերից բացի, նախատեսվում է ստորագրել Իրան-Չինաստան համագործակցության ծրագրի 25-ամյա համապարփակ փաստաթուղթը։ Արդյոք այս երեք կարեւոր պետությունների համագործակցությունը նոր աշխարհաքաղաքական առանցքի ձեւավորման հիմքը կարող է դառնալ։
-Խոսքը տարածաշրջանային այցի մասին է, Վան Յին պաշտոնական այցեր կունենա Սաուդյան Արաբիա, Թուրքիա, Իրան, Արաբական Միացյալ Էմիրություններ, Բահրեյն, ինչպես նաեւ աշխատանքային այց՝ Օման։ ԱՄՆ-ի կիրառած պատժամիջոցների պատճառով չին-իրանական տնտեսական հարաբերությունները մեծապես տուժում են, օրինակ՝ եթե երկկողմ առեւտուրը 2019-ին 23 միլիարդ դոլար էր, ապա 2020-ին՝ 14,9 միլիարդ դոլար: Նշենք, որ Մերձավոր Արեւելքում նավթ արտադրող Սաուդյան Արաբիայի հետ Չինաստանի առեւտուրը կազմել է 67 միլիարդ դոլար, իսկ հետպատերազմյան Իրաքի հետ՝ 30 միլիարդ դոլար, դեպի Չինաստան նավթ չարտահանող Թուրքիայի հետ չինական կողմի առեւտուրը կազմել է 24 միլիարդ դոլար: Այսինքն՝ նույնիսկ Մերձավոր Արեւելքում Իրանը Չինաստանի տնտեսական հիմնական գործընկերը չէ, հետզհետե թուլանում է, բայց, մյուս կողմից, իհարկե, Իրանի աշխարհագրական դերը շարունակում է հետաքրքրել Պեկինին «Մետաքսի ճանապարհ տնտեսական գոտու» շրջանակներում։ Մերձավոր Արեւելքում ԱՄՆ-ից անկախ քաղաքականություն վարող Իրանը նաեւ մեծացնում է Չինաստանի մանեւրելու հնարավորությունները։ Սա էր պատճառը, որ Չինաստանը թույլ չտվեց, որ ԱՄՆ-ը եւ Իսրայելը ռազմական ճանապարհով վերջնականապես կործանեն Իրանը։ 25 տարվա ռազմավարական համագործակցության համապարփակ փաստաթղթի շուրջ լեգենդները շատ են։ Խոսվում է մի քանի հարյուր միլիարդ չինական ներդրման մասին, ինչն անհնար եմ համարում ներկա փուլում, երբ ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառով չինական ընկերությունները հեռանում են Իրանից, զրկվում են այդ երկրում ներդրումներ կատարելու հնարավորությունից։ Ես հավասարություն նշան չէի դնի Ռուսաստանի, Չինաստանի, Իրանի միջեւ, նրանք միեւնույն կարեւորությունը չունեն։ Չինաստանը երիտասարդ գերտերություն է, Ռուսաստանը՝ մեծ ուժ, Իրանը՝ միջին ուժ, որը հետզհետե կորցնում է իր հզորությունները։ Ուստի Իրանն է փորձում տեղավորվել չին-ռուսական տանդեմի «Արեւելյան բեւեռում», որի մեջ տեսնում է իր փրկօղակը…
-Այս երեք երկրների (եւ ոչ միայն) շահերի հատման կետում է Հայաստանը։ Հաշվի առնելով արցախյան երկրորդ պատերազմից հետո ձեւավորված իրողությունները՝ կարո՞ղ է, արդյոք, մեր երկիրը հետաքրքրություն ներկայացնել Ռուսաստանի, Իրանի եւ Չինաստանի համար։
-Այստեղ պետք է ընկալենք, որ Հայաստանը, լինելով ԵԱՏՄ-ի եւ ՀԱՊԿ-ի անդամ, այսպես թե այնպես, «Արեւելյան բեւեռի» մի մասն է… Ռուսաստանը դաշնակից է, որի հետ բազմաթիվ հարցեր են առաջացել պատերազմից հետո, Իրանը հարեւան է, որը պատերազմի ընթացքում ամենաբարձր, պաշտոնական մակարդակով օժանդակել է թուրք-ադրբեջանական տանդեմին, Չինաստանը պաշտոնական մակարդակում պահպանել է չեզոքություն, ճշտումներ կատարել ռուսների հետ եւ այլն։ Ինչ խոսք, սա խոսում է այս մասին, որ Հայաստանն ամբողջովին ձախողել է իր համար առանցքային կարեւորություն ունեցող այս երեք երկրների հետ հարաբերությունները, քանի որ նրանցից եւ ոչ մեկը չանցավ Հայաստանի կողմը… Բայց հիմա առաջնահերթ անհրաժեշտ է ներկայիս քաոսային իրավիճակից դուրս բերել Հայաստանը, կայունացնել, հետո նոր փորձել վերաիմաստավորել Հայաստանի քաղաքականությունն այս երեք երկրների հետ։ Պետք է մտածել համատեղ մեծ ծրագրերի իրագործման մասին։ Ռուսաստանի հետ դա կարող է լինել ԵԱՏՄ-ի համատեղ կառուցումը, Չինաստանի հետ՝ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությանն ակտիվորեն մասնակցելը, Իրանի հետ միջազգային Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի շուրջ համագործակցության խորացումը եւ այլն։ Հայկական թե՛ պաշտոնական, թե՛ ժողովրդական, թե՛ ակադեմիական դիվանագիտության հիմնական խնդիրը պետք է լինի Հայաստանը հեռու պահել արեւմտյան եւ արեւելյան բեւեռների բախման թատերաբեմը դառնալուց։ Հայաստանին երկարատեւ խաղաղություն է անհրաժեշտ եւ կայունություն։
Զրուցեց Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆԸ
25-03-2021
Leave a Reply