China-Eurasia News Ticker

Չին-թուրքական ռազմավարական համագործակցությունը 21-րդ դարում: «Միջին միջանցքի» և «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության համակցման նպատակներն ու արդյունքները

Թուրքիան Չինաստանի ռազմավարական գործընկերն է: Պեկինը հետաքրքրված է Անկարայի հետ հարաբերությունների խորացմամբ՝ հաշվի առնելով նրա ռազմավարական կարեւոր դիրքը, որի շնորհիվ Թուրքիան կամրջի դեր է խաղում Ասիայի և Եվրոպայի միջեւ:

Այս համատեքստում կարեւոր է վերլուծել 2015 թվականին Չինաստանի և Թուրքիայի միջև ձեռք բերված համաձայնագիրը, ըստ որի՝ կողմերը համաձայնության են եկել համակցել չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը (ՄԳՄՃ) եւ թուրքական Անդրկասպյան Արևելք-Արևմուտք-Միջին միջանցք նախաձեռնությունը («Միջին միջանցք»), որի շրջանակներում Չինաստանը ներդրումներ է կատարում Թուրքիայի արևմուտքն արևելքին կապող տրանսպորտային ենթակառուցվածքներում: Օրինակ՝ «Չինաստանի երկաթուղային շինարարական կորպորացիան» եւ «Չինաստանի մեքենաների ներմուծման եւ արտահանման ազգային կորպորացիան», թուրքական ընկերությունների հետ համագործակցելով, իրավունք են ստացել կառուցելու Անկարան եւ Ստամբուլն իրար կապող արագընթաց երկաթուղին: 2015 թվականին «Չինաստանի օվկիանոսային նավային տրանսպորտային կազմակերպությունը», «Չինաստանի միջազգային առևտրային հոլդինգը» եւ «Չինաստանի ներդրումային կորպորացիան» $940 միլիոնnվ գնել են Մարմարա ծովում գտնվող «Կումպորտի» բաժնետոմսերի 65 տոկոսը, որը Թուրքիայի երրորդ ամենամեծ կոնտեյներային տերմինալն է: 2019 թվականին «Չինաստանի երկաթուղային էքսպրեսի» առաջին բեռնատար գնացքը Չինաստանից Եվրոպա մեկնեց՝ օգտագործելով Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին եւ Բոսֆորի տակ գտնվող թունելը: Ներկայումս գնացքները գնում են նաև հակառակ ուղղությամբ՝ Եվրոպայից եւ Թուրքիայից դեպի Չինաստան եւ Ասիա: Ռուս-ուկրաինական պատերազմի, ԵՄ-Ռուսաստան հակամարտության և պատժամիջոցների պատճառով ՄԳՄՃ-ի համակցումը թուրքական «Միջին միջանցքի» հետ ավելի հեռանկարային է դառնում, քանի որ եվրոպական երկրները նախընտրում են այս ուղղությունը՝ Ռուսաստանի տարածքով անցնող տրանսպորտային ենթակառուցվածքները շրջանցելու համար:

Թուրքիան նաև Չինաստանի նախաձեռնած ԱԵՆԲ-ի Տարածաշրջանային անդամ է, ինչը հնարավորություն է ընձեռում Անկարային վարկեր ստանալու այդ բանկից: Չինաստանին Թուրքիան հետաքրքիր է նաև իր 83 միլիոն բնակչությամբ որպես մեծ եւ գնողունակ շուկա, իսկ Չինաստանի 1,4 միլիարդի հասնող շուկան հետաքրքիր է թուրքական բիզնեսի համար:

Չին-թուրքական փոխկապակցված տնտեսական համագործակցության խորացման շնորհիվ ներդրումների միջոցով Չինաստանը նաև զսպում է Թուրքիային, որը երկար տասնամյակներ օժանդակում էր Չինաստանի Սինծիանի ույղուր բնակչության անջատողական շարժմանը: Արդյունքում ներկայիս պաշտոնական Անկարան հրաժարվել է օժանդակել ույղուրների հակաչինական գործունեությանը, նրանց ծայրահեղական կազմակերպություններին վտարել է Թուրքիայից:

Հեղինակի Մասին

Ք.գ.թ. Մհեր Սահակյանը «Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհրդի հիմնադիր ղեկավարն է: Նա Հոնկոնգի համալսարանի Ասիա Գլոբալ ինստիտուտի 2022 AsiaGlobal Fellow է: 2020 թվականին ընտրվել է Վիեննայի Խաղաղության ինստիտուտի Խորհրդականների խորհրդի անդամ: Սահակյանը նախաձեռնել և հիմնադրել է «Եվրասիական հետազոտություններ ժամանակակից Չինաստանի և Եվրասիայի վերաբերյալ» միջազգային գիտաժողովը, «Հայաստան-Չինաստան» ակադեմիական դիվանագիտության ֆորումը: Նա դասավանդում է Հայ-ռուսական համալսարանում: Նա հայերեն և ռուսերեն լեզուներով հրատարակվկած «Չինաստանի Մեկ գոտի, մեկ ճանապարհ նախաձեռնությունը և Հայաստանը» գրքի հեղինակն է: 2021թ.-ի մայիսին ԱՄԷ-ի Անվար Գարգաշի անվան դիվանագիտական ակադեմիան հրատարակել է Մհեր Սահակյանի «Մեծ տերությունների արդի մրցակցությունը Կենտրոնական Ասիայում. հնարավորություններ և մարտահրավերներ Ծոցի երկրների համար» աշխատությունը: 2021 թվականի սեպտեմբերին նրա նախաձեռնությամբ և համախմբագրությամբ բրիտանական Թեյլոր և Ֆրենսիսի Ռոութլեջի ակադեմիական հրատարակչությունում լույս է տեսել «Չինաստան և Եվրասիա. Վերաիմաստավորելով համագործակցությունը և տարաձայնությունները փոփոխվող աշխարհակարգի ժամանակաշրջանում» գիրքը: Նա նաև հանդիսանում է Թեյլոր և Ֆրենսիսի Ռոութլեջի կողմից հրատարակած «Իրանը միջազգային համակարգում. մեծ տերությունների և մեծ մտքերի մեջտեղում», ««Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունն Ասիայում, Աֆրիկայում և Եվրոպայում», ԲՌԻԼԼ հրատարակչության «Վերաիմաստավորելով Չինաստանի, Մերձավոր Արևելքի և Ասիայի դերը «Մուլթիփլեքս» աշխարհակարգում» գրքերի գլուխների հեղինակ: Հեղինակել է նաև գիտական, վերլուծական հոդվածներ Հոնկոնգի համալսարանում, Վիեննայի խաղաղության ինստիտուտում, Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանում, Միջազգային գործերի ռուսաստանյան խորհրդում և այլն:

Նյությում օգտագործված նկարի աղբյուրը՝ https://www.fmprc.gov.cn/mfa_eng/zxxx_662805/202209/t20220916_10766998.html

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: