China-Eurasia News Ticker

Հայ և չին հետազոտողները մտքեր փոխանակեցին «Համաշխարհային անվտանգություն. հեռանկարներ Երևանից և Պեկինից» սեմինարի ընթացքում

2024թ. սեպտեմբերի 27-ին «Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհուրդը հյուրընկալեց Խաղաղության և զինաթափման Չինաստանի ժողովրդական ասոցիացիային: «Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհուրդի ղեկավար Մհեր Սահակյանը և Խաղաղության և զինաթափման Չինաստանի ժողովրդական ասոցիացիայի Գլխավոր քարտուղար Յանճուան Անը ներկայացրեցին կազմակերպությունների գործունեությունը, քննարկեցին հնարավոր համագործակցությունը: Հանդիպման ընթացքում տեղի ունեցավ «Համաշխարհային անվտանգություն. հեռանկարներ Երևանից և Պեկինից» սեմինարը: Որի ընթացքում պարոն Յանճուան Անը ներկայացրեց Չինաստանի արտաքին քաղաքականությանը և անվտանգային հարցերին վերաբերող առաջնահերթ խնդիրները: Նա անդրադարձավ հայ-չինական հարաբերություններին:

Քաղաքական դասընթացների Երևանյան դպրոցի ղեկավար պարոն Արմեն Զաքարյանը խոսեց Հայաստանի արտաքին քաղաքականության, տարածաշրջանային հիմնախնդիրների մասին: Գիտությունների ազգային ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի Իրանագիտության բաժնի ղեկավար, ք.գ.թ., դոցենտ Գոհար Իսկանդարյանը ներկայացրեց Հայաստանի ու Իրանի մոտեցումները տարածաշրջանային նոր մարտահրավերներին: «Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհրդի խորհրդական ք.գ.թ. Անահիտ Պարզյանը նշեց թվայնացման ոլորտում հայ-չինական համագործակցության հնարավոր ուղիները:

Ք.գ.թ., դոցենտ Մհեր Սահակյանը հանդես եկավ հայ-չինական հարաբերությունների զարգացման շուրջ առաջարկություններով:

Հայկական կողմը մանրամասն ներկայացրեց Արցախում տեղի ունեցած էթնիկ զտումն ու դրա հետևանքները: Քննարկմանը մասնակցում էին նաև Խաղաղության և զինաթափման Չինաստանի ժողովրդական ասոցիացիայի Եվրոպայի և Աֆրիկայի դեպարտամենտի տնօրեն Ճիա Փինը, Ընդհանուր հարաբերությունների բաժնի փոխտնօրեն Սուն Բովենը, հետազոտող Ջաո Սուեն, Չինաստանի հայկական ուսանողական միության նախագահ Հայկ Գեղամյանը և այլ հետազոտողներ, դիվանագետներ:

Leave a comment