China-Eurasia News Ticker

ԻՆՉՈ՞Ւ ԵՆ 21-ՐԴ ԴԱՐԻ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԶԵՆՔ ՓՆՏՐՈՒՄ

ՄՀԵՐ ՍԱՀԱԿՅԱՆ
Նանջինգի համալսարանի Միջազգային հարաբերությունների ինստիտուտ,  ՉԻՆԱՍՏԱՆ
Ի՞նչու են 21-րդ դարում բազմաթիվ երկրներ իրենց անվտանգության ապահովումը կապում միջուկային զինանոցի հետ: Ինչո՞ւ որոշ երկրներ կրճատում կամ հրաժարվում են միջուկային զենքից, իսկ մյուսները, դուրս գալով Միջուկային զենքի չտարածման պայմանագրից (ՄԶՉՊ)-ից, ստեղծում են սեփականը: Որո՞նք են միջուկային զենքի և տեխնոլոգիաների տարածման հնարավոր սպառնալիքները:

Դեռ Երկրորդ Համաշխարհային պատերազմից հետո բազմաթիվ երկրներում հետևյալ հարցն առաջացավ, թե ինչո՞ւ պետք է ԽՍՀՄ-ը, ԱՄՆ-ը տիրապետեն միջուկային զենքին, իսկ իրենք՝ ոչ: Երկար բանակցություններից հետո` Ֆրանսիան , Անգլիան, Չինաստանը պատրաստեցին սեփական ատոմային ռումբը, իսկ Գերմանիան ու Ճապոնիան համաձայնեցին չստեղծել, քանի որ ԱՄՆ-ը խոստացավ պատսպարել նրանց սեփական միջուկային անձրևանոցի ներքո: ԽՍՀՄ-ն էլ Վարշավայի պակտի դաշնակիցներին, Կորեայի Ժողովրդական Ժողովրդվարական Հանրապետությանը (ԿԺԺՀ), խոստացավ պաշտպանել միջուկային հարձակումներից:

Սառը պատերազմի ավարտը կարծես պետք է ազդարարեր միջուկային սպառազինությունների ավարտը: Այս համատեքստում կարևոր էր Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջև 2002թ. կնքված Մոսկվայի պայմանագիրն (SORT) ու 2009թ. Պրահայում կնքված Նոր մեկնարկ (New Start) պայմանագիրը, որոնցով կողմերը պայմանավորվեցին կրճատել միջուկային ռազմավարական հարձակողական զենքերը: Երկու միջուկային հսկաների այս քայլերը կարծես պետք է վարակիչ լինեին մյուս երկրների համար, բայց ԽՍՀՄ փլուզումից հետո որբացած ԿԺԺՀ-ն 2003-ին հայտարարեց, որ դուրս է գալիս Միջուկային զենքի չտարածման պայմանագրից ու երեք անգամ միջուկային զենք փորձարկեց:

Սա պատճառ կարող է լինել, որ նրա օրինակին հետևեն Հեռավոր Արևելքի այլ երկրներ: Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) զեկույցները հուսադրող չեն նաև Իրանի պարագայում: Ըստ ԱԷՄԳ-ի, ԱՄՆ-ի ու Իսրայելի անվտանգության ծառայությունների տվյալների ՝ Իրանը ևս մոտ է միջուկային զենք պատրաստելուն: Իսկ ինչո՞ւ է Իրանը ցանկանում ստեղծել սեփական միջուկային զինանոցը:

Իրանը 1979թ. Իսլամական հեղափոխությունից հետո հակամարտության մեջ է ԱՄՆ-ի ու Իսրայելի հետ: ԱՄՆ-ի օգնությամբ Իսրայելի ձեռք բերած միջուկային մարտագլխիկները` Թեհրանում ընկալվում են որպես անմիջական սպառնալիք: Սա է այն առաջնահերթ պատճառը, որի հետևանքով Իրանը ձեռնամուխ եղավ միջուկային տեխնոլոգիաների հետազոտման գործին ու միջուկային զենք ստեղծելու գաղափարին:

Եթե ԿԺԺՀ-ին ու Իրանին ավելացնենք «Միջուկային ակումբի» ոչ ավանդական անդամներին՝ Իսրայելին, Պակիստանին, Հնդկաստանին, ապա Մերձավոր Արևելքից Հեռավոր Արևելք ընկած տարածաշրջանը ևս գտնվում է միջուկային սպառազինությունների մրցավազքի թատերաբեմ դառնալու վտանգի առջև: Իսկ ինչու՞ են 21-րդ դարի պետությունները անվտանգության հարցերը կարգավորելու գործում նախապատվությունը տալիս միջուկային զենքի՞ն:

Պետությունները միջուկային զենք են ստեղծում հետևյալ պատճառներով.

I. Հակառակորդի հնարավոր հարձակումը զսպելու համար:

II. Միջուկային զենքը սակարկությունների առարկա դարձնելու համար կամ բանակցություններում ճնշումներ գործադրելու համար:

III. Սեփական ռեժիմի անվտանգությունն ապահովելու համար:

IV. Ներքին լսարանին հավատացնելու, որ երկիրը զարգացած ու հզոր է:

V. Սեփական անկախությունն ապահովելու ու մյուս երկրների միջուկային անձրևանոցից կախում չունանալու համար:

Կարելի է փաստել, որ Միջուկային զենքի չտարածման պայմանագիրը սպառել է իրեն ու լուրջ բարեփոխումների կարիք ունի, քանի որ չկարողացավ հանդիսանալ այն իրավական հիմքը, որը հնարավորություն կտար կասեցնել միջուկային զենքի ու տեխնոլոգիաների տարածումը:

21-րդ դարում, երբ տարածվում է ահաբեկչությունը, միջազգային հանրությունը պետք է շարունակի միջուկային սպառազինությունների կրճատման ու ոչնչացման աշխատանքերը, որպեսզի աշխարհում բացառվի միջուկային զենքի կիրառմամբ որևիցե ահաբեկչական գործողություն, ինչը կարող է ծանր հետևանքներ թողնել մարդկության հետագա զարգացման վրա:

Leave a comment