Չինաստան-Հնդկաստան հարաբերություններում առկա հիմնախնդիրները, քաղաքական, տնտեսական համագործակցությունը
Ասիական երկրներից Չինաստանին հիմնական մարտահրավեր նետողն արագ զարգացող Հնդկաստանն է, որը 21-րդ դարի երկրորդ տասնամյակում վերածվել է կարող պետության: Նյու Դելիին հաջողվել է ապահովել տնտեսության զարգացումը, զգալի առաջընթաց գրանցել նորագույն տեխնոլոգիաների հետազոտությունների ոլորտում: Հնդկաստանի բնակչության թիվը հասել է շուրջ 1.4 միլիարդի և մոտ ապագայում այս ցուցանիշով կանցնի Չինաստանին: Հնդկաստանն ունի մարտունակ բանակ, տիրապետում է միջուկային զենքի, ընդգրկված է ԱՄՆ-ի նախաձեռնած «Անվտանգության քառակողմ երկխոսությունում», որը միտված է ուժերի հավասարակշռում ապահովել և հակազդել Չինաստանի ազդեցության տարածմանը Հնդկա-ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում: Հնդկաստանը համարվում է նաև Ասիայի ամենամեծ ժողովրդավարությունը, ինչը հավելյալ կապող օղակ է Արևմուտքի հետ հարաբերություններում:
Չին-հնդկական հարաբերություններում հիմնախնդիրներն են տարածքային վեճը, Քաշմիրի հիմնախնդիրն ու Չինաստանի ռազմական աջակցությունը Պակիստանին, ազդեցության գոտիների համար պայքարը Հնդկա-ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում:
Թե՛ Չինաստանը, թե՛ Հնդկաստանը, զարգացնելով ռազմական ասպարեզում օգտագործվող նորագույն տեխնոլոգիաները, արդիականացնելով իրենց միջուկային զինանոցը, սպառազինությունների մրցավազք են սկսել Ասիայում: Պատճառն այն է, որ երկու կողմերն էլ փորձում են պահպանել ուժերի հավասարակշռությունը: Պեկինի և Նյու Դելիի նմանատիպ պահվածքը բացատրվում է միջազգային հարաբերությունների «Պաշտպանողական ռեալիստների տեսությամբ», ըստ որի, եթե երկու կողմերը տիրապետում են հավասարազոր զինատեսակների և միջուկային զենքի, ապա նրանց միջեւ լայնածավալ պատերազմի բռնկման հնարավորությունը փոքրանում է: Պետք է հաշվի առնել նաեւ այն հանգամանքը, որ թե՛ Պեկինը, թե՛ Նյու Դելին խոսում են խնդիրները խաղաղ և դիվանագիտության շնորհիվ կարգավորելու մասին:
Ուստի, ունենալով քաղաքական լուրջ տարաձայնություններ, թե՛ Չինաստանը, թե՛ Հնդկաստանը հասկանում են, որ ուղիղ բախումը կործանարար կլինի երկու կողմերի համար: Սա է պատճառը, որ Չինաստանն ու Հնդկաստանը նաև փորձում են համագործակցության եզրեր գտնել Շանհայի համագործակցություն կազմակերպության (ՇՀԿ), Ռուսաստան-Հնդկաստան-Չինաստան (ՌՀՉ) և Բրազիլիա-Ռուսաստան-Հնդկաստան-Չինաստան-ՀԱՀ (ԲՌՀՉՀ) շրջանակներում: Հնդկաստանը դեմ է Չինաստանի Մեկ գոտի, մեկ ճանապարհ նախաձեռնությանը, բայց այդ երկրի հետ զարգացնում է տնտեսական հարաբերությունները երկկողմ մակարդակում: Ըստ ՄԱԿ Վիճակագրության բաժնի տվյալների՝ 2021 թվականին Չինաստանի եւ Հնդկաստանի միջև երկկողմ առեւտուրը կազմել էր $110.5 միլիարդ, որը $23.9 միլիարդով ավել էր 2020 թվականի տվյալներից (UN Comtrade):
Հեղինակի Մասին
Ք.գ.թ. Մհեր Սահակյանը «Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհրդի հիմնադիր ղեկավարն է: Նա Հոնկոնգի համալսարանի Ասիա Գլոբալ ինստիտուտի 2022 AsiaGlobal Fellow է: 2020 թվականին ընտրվել է Վիեննայի Խաղաղության ինստիտուտի Խորհրդականների խորհրդի անդամ: Սահակյանը նախաձեռնել և հիմնադրել է «Եվրասիական հետազոտություններ ժամանակակից Չինաստանի և Եվրասիայի վերաբերյալ» միջազգային գիտաժողովը, «Հայաստան-Չինաստան» ակադեմիական դիվանագիտության ֆորումը: Նա դասավանդում է Հայ-ռուսական համալսարանում: Նա հայերեն և ռուսերեն լեզուներով հրատարակվկած «Չինաստանի Մեկ գոտի, մեկ ճանապարհ նախաձեռնությունը և Հայաստանը» գրքի հեղինակն է: 2021թ.-ի մայիսին ԱՄԷ-ի Անվար Գարգաշի անվան դիվանագիտական ակադեմիան հրատարակել է Մհեր Սահակյանի «Մեծ տերությունների արդի մրցակցությունը Կենտրոնական Ասիայում. հնարավորություններ և մարտահրավերներ Ծոցի երկրների համար» աշխատությունը: 2021 թվականի սեպտեմբերին նրա նախաձեռնությամբ և համախմբագրությամբ բրիտանական Թեյլոր և Ֆրենսիսի Ռոութլեջի ակադեմիական հրատարակչությունում լույս է տեսել «Չինաստան և Եվրասիա. Վերաիմաստավորելով համագործակցությունը և տարաձայնությունները փոփոխվող աշխարհակարգի ժամանակաշրջանում» գիրքը: Նա նաև հանդիսանում է Թեյլոր և Ֆրենսիսի Ռոութլեջի կողմից հրատարակած «Իրանը միջազգային համակարգում. մեծ տերությունների և մեծ մտքերի մեջտեղում», ««Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունն Ասիայում, Աֆրիկայում և Եվրոպայում», ԲՌԻԼԼ հրատարակչության «Վերաիմաստավորելով Չինաստանի, Մերձավոր Արևելքի և Ասիայի դերը «Մուլթիփլեքս» աշխարհակարգում» գրքերի գլուխների հեղինակ: Հեղինակել է նաև գիտական, վերլուծական հոդվածներ Հոնկոնգի համալսարանում, Վիեննայի խաղաղության ինստիտուտում, Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանում, Միջազգային գործերի ռուսաստանյան խորհրդում և այլն:
Նյությում օգտագործված նկարի աղբյուրը՝ http://www.xinhuanet.com/english/2019-10/12/c_138464897_2.htm
Leave a Reply