China-Eurasia News Ticker

ՉԻՆԱԿԱՆ ՆՈՐ ՏԱՐԻ ԿԱՄ ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ՏՈՆԱԽՄԲՈՒԹՅՈՒՆ

Չինացիները յուրահատուկ և ինքնատիպ են, թե՛ առօրյա կյանքում, թե՛ հանդիսավոր օրերին:

Հետաքրքիր է, որ Հայաստանից այդքան հեռու գտնվող Չինաստանում, այնուամենայնիվ, կան սովորույթներ, որոնք նման են հայկականին: Օրինակ, մեծերին հարգելը, փոքրերի մասին հոգ տանելը, հյուրասեր լինելը և այլն:
Այս հոդվածում կխոսեմ Չինական Նոր տարվա, կամ ինչպես իրենք են ասում, Գարնանային տոնախմբության մասին:

Չինացիները տոնակատարությունները սկսում են փետրվարին, տոնում են մոտ 10 օր: Բացատրությունն այն է, որ ձմռան վերջին ամսին ճանապարհ են դնում հին տարին և դիմավորում նոր տարին, նոր գարունը, նոր կյանքը: Այս տոնը չինացիների համար ունի տարբեր խորհուրդներ: Չինացիներն այն անվանում են նաև ընտանեկան միասնության, միավորման տոն:

Չինաստանի բոլոր ծայրերից մարդիկ վերադառնում են իրենց հայրենի քաղաքները, գյուղերը, միանում ընտանիքներին: Այդ ժամանակահատվածում օդանավակայանները, ճեպընթաց գնացքների կայարանները, հասարակական տրանսպորտն աշխատում են լրացուցիչ ծանրաբեռնվածությամբ: Սովորաբար մարդիկ համախմբվում են ընտանիքի՝ տարիքով ամենամեծ անդամի տանը:

Հաշվի առնելով Չինաստանի՝ մեկ երեխա ունենալու քաղաքականությունը, վերջին տարիներին այս ավանդույթն ընտանիքներում իսկական վեճի առիթ է դարձել: Ամուսնանալուց հետո ամուսինները չեն կողմնորոշվում՝ ամուսնո՞ւ, թե՞ կնոջ ծնողների հետ նշել նոր տարին: Մեծամասամբ կողմնորոշումը ամուսնու ծնողների ընտանիքն է: Լի Յենը, որն ապրում է Չինաստանի արևելյան հատվածում, իր ամուսնության 10 տարիներից 9 անց է կացրել ամուսնու ծնողների հետ, նրա ծննդավայրում:

Ինչպե՞ս են պատրաստվում չինացիները Նոր տարվա տոնին

Ինչպես և բոլոր երկրներում, որտեղ մարդիկ նշում են նոր տարին, Չինաստանում ևս մարդիկ կատարում են նախատոնական գնումներ: Ընտանիքի անդամների համար գնում են նոր հագուստ, որպեսզի նրանք Նոր տարին դիմավորեն նոր հագուստով: Բարեկամներին նվիրում են բայճյո (չինական ալկոհոլային խմիչք), տղամարդկանց նվիրում ծխախոտ իսկ կականց՝ անուշեղեն, ընկույզ, պիստակ, թեյ, կաթ…

Չինացիները նախընտրում են մթերք նվիրել իրար՝ ի նշան այն բանի, որ հոգ են տանում միմյանց առողջության մասին: Չնայած կարծես տղամարդկանց նվերներն ավելի շատ «հաճույքների փաթեթից» են, քան առողջության պահպանման:

Չինացիների համար տան զարդարանքներն ունեն հատուկ խորհուրդ: Դրանք պետք է լինեն վառ կարմիր գույնի: Չինաստանում կարևորում են կարմիրը, այն բարեկեցություն, առողջություն, հարստություն, հաջողութուն է խորհրդանշում, պաշտպանում է «չար հրեշից»:

Ըստ լեգենդի՝ անցած տարվա հրեշն անպայման կցանկանա ներխուժել նոր տարի, դրա համար բոլորն իրենց տները զարդարում են կարմիր գույնով՝ որպեսզի քշեն հրեշին: Հրեշին քշում են նաև ճայթռտուկներով. Ընտանիքի բոլոր անդամներն անխտիր գիշերը ժամը 12:00-ին բակ են դուրս գալիս և պայթեցնում ճայթռտուկներ: Ուժեղ աղմուկից «հրեշը» վախենում է և հեռանում այդ տնից: Մուտքի դռան վրա փակցնում են կարմիր ժապավեններ, որոնց վրա գրված են բարեմաղթանքներ: Եթե ընտանիքի անդամներից մեկը մահացել է, ապա 3 տարի տան զարդարանքները մոխրագույն են լինում:

Ի՞նչ սնունդ են պատրաստում, ի՞նչ են ուտում

Կան մի քանի ավանդական ուտեստներ,որոնք առկա են լինում ամանորյա սեղաններին: Կցանկանայի նշել Ջաոձն (պելմենիի շատ նման մի ուտեստ), որը համարվում է ավանդական ճաշատեսակ: Ընտանիքի բոլոր անդամները, սովորաբար, մասնակցում են պատրաստման գործընթացին: Սեղանին դնում են նաև ձուկ: Ճաշկերույթին ձուկն ամբողջովին չի կարելի ուտել, մի փոքր մաս պետք է պահել հաջորդ օրվա՝ հաջորդ տարվա: Խմում են բայճյո: Չինուհիներն այնքան էլ չեն սիրում ոգելից խմիչքներ: Ներկայումս շատ ընտանիքներ բացի այս ավանդական երկու ճաշատեսակներից, էլի որոշ հետաքրքիր ու համեղ ուտեստներ են պատրաստում, սակայն այս երկուսը տոնական խորհուրդ ունեն:

Քանի՞ օր է տևում Չինական նոր տարին, և ի՞նչ են անում այդ օրերին
Նոր տարվա առաջին օրն ընտանիքի փոքրերն իրենց հարգանքն են ցույց տալիս մեծերի նկատմամբ: Նվերներով ու բարեմաղթանքներով շնորհավորում են, ծնկաչոք խոնարհվում՝ ցույց տալով իրենց հարգանքն ու երախտագիտությունը. ճակատը պետք է հպվի գետնին: Մեծերն, իրենց հերթին, կարմիր ծրարներ են նվիրում փոքրերին, (նվերն այդպես էլ կոչվում է՝ խոն բաո-կարմիր ծրար): Ծրարի մեջ փող են դնում՝ դա ընդունվում է որպես օրհնանք և պաշտպանություն: Նոր տարվա հաջորդ օրերին սեղանների շուրջ հավաքույթներ այլևս չեն կազմակերպվում: Մարդիկ շնորհավորում են միմյանց, փոխանակվում նվերներով, մի քանի րոպե զրուցում և գնում:

Նոր տարվա երկրորդ, երրորդ օրերը բարեկամներին և ընկերներին շնորհավորելու համար են նախատեսված:

Այս տոնը շատ սիրված է, չինացիները մեծ շուքով են նշում այն:
Ջանքայ Խուինը, ով ամեն տարի այս տոնակատարության համար վերադառնում է իր հայրենի գյուղ, կարծում է, որ հատկապես գյուղերում այս տոնը շատ ուրախ և բացառիկ ջերմությամբ է նշվում:

Պեկինցի Ջեն Թանը, պատմելով քաղաքային տոնակատարությունների մասին, նշում է, որ քաղաքի լայնարձակ հրապարակներում բացվում են ամանորյա բացօթյա շուկաներ: Ամենուր տարատեսակ ներկայացումներ են կազմակերպվում: Մարդիկ զբոսնում են, կատարում գնումներ, համտեսում հետաքրքիր ուտելիքներ՝ տոֆու, խորտիկներ, խորոված միջատներ: Փողոցներում չինական ավանդական լամպեր են վառվում:

Չինացիները բարի և ուրախ ժողովուրդ են, սիրում են ուրախանալ նույնիսկ փոքր բաներով: Այս ընտանեկան միավորման գարնանամուտը իսկապես հրաշալի է անցնում Չինաստանում:

ԱՆԱՀԻՏ ՊԱՐԶՅԱՆ
Նանջինգի համալսարանի միջազգային հարաբերությունների ինստիտուտի ասպիրանտ, ՉԻՆԱՍՏԱՆ
Աղբյուր՝ http://www.diplomat.am/publ/ashxarhi_erkrnery-39/1/35-1-0-1216

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: