China-Eurasia News Ticker

ԻՐԱՆ-ԵՄ 3+3 ԲԱՆԱԿՑԱԾԸ ՀԱՐՑԻ ԼՈՒԾՈՒՄ ՉԷ, ԸՆԴԱՄԵՆԸ՝ ՈՒՂԵՑՈՒՅՑ

ՄՀԵՐ ՍԱՀԱԿՅԱՆ
Նանջինգի համալսարանի Միջազգային հարաբերությունների ինստիտուտի ասպիրանտ,  ՉԻՆԱՍՏԱՆ
01.08.2015

2015թ. հուլիսի 16-ին մի կողմից՝ Իրանը, իսկ մյուս կողմից` ԱՄՆ-ը, Գերմանիան,  Մեծ Բրիտանիան, Չինաստանը, Ռուսաստանն ու Ֆրանսիան (ԵՄ 3+3) համաձայնության եկան Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) շուրջ: 2015-ի հուլիսի 20-ին ԳՀՀԾ-ն հաստատվեց նաև Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհորդի (ՄԱԿ ԱԽ) թիվ 2231 բանաձևի միջոցով:

Այս ծրագիրը հնարավորություն կտա խաղաղ ճանապարհով լուծել Իրանի միջուկային հիմնահարցը: Տվյալ հոդվածը նպատակ ունի նկարագրել ԳՀՀԾ-ի հիմնական դրույթներն ու ներկայացնել, թե ըստ ԳՀՀԾ-ի ի՞նչ են պարտավորվել Իրանն ու ԵՄ3+3-ը, ի՞նչ են շահել բանակցող 2 կողմերը: Հոդվածի ուսումնասիրության նյութ է հանդիսացել ԳՀՀԾ-ն և ՄԱԿ ԱԽ թիվ 2231 բանաձևը:

Ըստ ԳՀՀԾ-ի՝ Իրանը հրաժարվում է ատոմային ռումբ ստեղծելու գաղափարից, մինչև 8 տարի պարտավորվում է չարտադրել այնպիսի հրթիռներ, որոնք ի վիճակի են ատոմային մարտագլխիկներ կրել:

Իրանը պարտավորվում է 15 տարի ուրանը հարստացնել միայն մինչև 3,67%: Ըստ ԳՀՀԾ-ի՝ սահմանափակվելու է Արաքի ատոմակայանի հզորությունը. կրճատվելու են այնտեղ տեղակայված ցենտրիֆուգների ծավալները, տեխնիկական  ձևափոխումից հետո Արաքում ուրանը հնարավոր է լինելու հարստացնել մինչև 3,67%: Արաքի ատոմակայանը կշարունակի գործել «ծանր ջրով», այս ատոմակայանի ձևափոխման և արդիականացման ծախսերն ամբողջությամբ պետք է հոգա Իրանը:

Ըստ պայմանավորվածության՝ Արաքի ատոմակայնում թափոնի տեսքով մնացած ատոմային վառելիքը պետք է դուրս բերվի Իրանի տարածքից:

Իրանը պարտավորվում է 15 տարի չկառուցել «ծանր ջրով» աշխատող ատոմակայաններ, նորերը պետք է հարմարեցվեն «թեթև ջրով» աշխատանքի համար: Ֆորդոյի ատոմակայանը ձևափոխվելու է ֆիզիկայի ուսումնասիրությունների կենտրոնի:

Իրանը պարտավորվում է ԱԷՄԳ-ի աշխատակիցներին թույլատրել, որպեսզի վերջիններս ստուգումներ կատարեն իր միջուկային ծրագրի տարբեր բնագավառներում՝ համապատասխանաբար՝ 15, 20, 25 տարիների ընթացքում:

Ճիշտ է՝ ՄԱԿ ԱԽ-ն, ԱՄՆ-ը, ԵՄ-ն պարտավորվում են հանել Իրանի ֆինանսական համակարգին, էներգակիրների արտադրությանն ու առևտրին, մեքենաշինությանը, մետաղների առևտրին, նանոտեխնոլոգիաների արտադրությանը, բեռնափոխադրումներին, ապահովագրմանը, միջուկային տեխնոլոգիաներին   վերաբերող պատժամիջոցները, բայց այս ամենը կկատարվի փուլ առ փուլ`ԱԷՄԳ հսկողության ներքո: Որոշ ոլորտներում պատժամիջոցները դեռ երկար կգործեն: Օրինակ՝ Իրանը 8 տարի ժամկետով զրկված կլինի միջուկային ծրագրի համար որոշ տեխնոլոգիաներ գնելուց, որոնք կարող են օգտագործվել նաև ատոմային զենքի պատրաստման գործում: Սակայն, այս սահմանափակումը չի գործում Արաքի ատոմակայանի, Թեհրանի ուսումնական ռեակտորի ձևափոխման և արդիականացման համար անհրաժեշտ սարքավորումների գնմանը, իհարկե, եթե այդ հնարավոր ձեռքբերումներն արժանանան ԵՄ3+3-ի հավանությանը: Իրանի նկատմամբ 5 տարի ժամկետով կգործի նաև սպառազինություններ գնելու և վաճառելու արգելքը (էմբարգոն):

Իրանի միջուկային հակամարտությունը դուրս կգա ՄԱԿ ԱԽ օրակարգից և կդադարի ճանաչվել որպես աշխարհի խաղաղությանը վտանգող երևույթ, եթե ԱԷՄԳ-ն 8 տարի անց կամ դրանից շուտ հայտարարի, որ Իրանում գտնվող բոլոր միջուկային տեխնոլոգիաներն օգտագործվում են միայն խաղաղ նպատակներով: Հիմնախնդրի վերջակետը պետք է դրվի 10 տարի անց, եթե ՄԱԿ ԱԽ-ն հայտարարի, որ խաղտումներ չեն եղել, ու դրանց արդյունքում նախկին պատժամիջոցները չեն վերականգնվել:

Կարելի է փաստել, որ մոտ 13 տարի տևած բանակցություններից հետո Իրանն ու ԵՄ 3+3-ը կարողացան կազմել ԳՀՀԾ-ն, որը հնարավորություն տվեց հարցի լուծումը տանել խաղաղ ճանապարհով, բայց պետք է հիշել, որ սա դեռ հարցի լուծումը չէ, և իրական գործընթացները նոր են միայն սկսվում: Իրանական միջուկային հիմնախնդիրը լուծված կարելի է համարել միայն այն ժամանակ, երբ տաս տարվա ընթացքում ՄԱԿ ԱԽ-ն կհանի այն իր օրակարգից:

Պետք է հիշել նաև՝ միջուկայնացմանը վերաբերող երկու նախկին տխրահռչակ պայմանագրերը՝ երկուսն էլ ԱՄՆ-ի և ԿԺԺՀ-ի միջև, երբ, թե 1994-ին, թե 2012-ին կողմերը համապատասխան համաձայնագրեր կնքեցին, սկսեցին Կորեական թերակղզու ապամիջուկայնացումը, բայց երկու դեպքում էլ պայմանավորվածությունները մնացին թղթի վրա, իսկ արդյունքում ԿԺԺՀ-ն ատոմային զենք ձեռք բերեց, որին ի պատասխան, հետևեցին նրա դեմ ուղղված պատժամիջոցները:

Իսկ ի՞նչ ձեռք բերեց Իրանն այսքան զիջումների դիմաց: Կարծում եմ, որ ամենակարևոր ձեռքբերումն այն է, որ կհանվեն Իրանի ֆինանսական համակարգի, նաև էներգակիրների արտադրման ու վաճառքի դեմ ուղղված պատժամիջոցները, որի շնորհիվ Իրանը կկարողանա վերականգնել քայքայված տնտեսությունը: Համենայն դեպս, ԳՀՀԾ-ի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Իրանը ծանր պատժամիջոցներից ազատվելու համար լուրջ զիջումների է գնացել:

Դժվար է ասել, թե ի՞նչ հաշվարկներ էր կատարել Ահմադինեժադը՝ դեմ գնալով ՄԱԿ ԱԽ պահանջներին ու հավաքելով նման ծավալի մամլիչ պատժամիջոցներ, բայց նախագահ Ռոհանիի և արտաքին գործերի նախարար Զարիֆը լավ են հասկանում, որ զիջումների գնով փրկելով իրանական տնտեսությունը՝ կփրկեն նաև Իրանի քաղաքական համակարգը: Այս ընթացքում Իրանի ձեռքբերումներից կարելի է համարել այն, որ նախ, Իրանն առանց ԱԷՄԳ-ի հսկողության, երկար ժամանակ կարողացավ ինքնուրույն հետազոտություններ կատարել միջուկային բնագավառում, որի շնորհիվ ներկայումս ունի միջուկային ֆիզիկային քաջատեղյակ կադրեր, որոնք հետագայում կարող են նորից ներգրավվել ատոմային զենքի ստեղծման գործում: Իրանի կարևոր ձեռք բերումը կարելի է համարել այն, որ ԱՄՆ-ը վերջապես հրաժարվեց Իրանում մարտական գործողությունների միջոցով քաղաքական համակարգի փոփոխություն կատարել:

Միջազգային հանրությունն ի դեմս ԵՄ 3+3-ի՝ կարողացավ ստիպել Իրանին հրաժարվել իր միջուկային զենքի հավակնություններից, որի շնորհիվ ամրապնդվեց Միջուկային զենքերի չտարածման ռեժիմը:

Աղբյուրը՝ diplomat.am

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: