China-Eurasia News Ticker

ՉԻՆԱՍՏԱՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՆԱԽԱԳԱՀ ՄՀԵՐ ՍԱՀԱԿՅԱՆԻ ԱՄԱՆՈՐՅԱ ՈՒՂԵՐՁԸ

Չինաստանի Հայկական համայնքի նախագահ Մհեր Սահակյանի Ամանորյա ուղերձըIMAG4187_1

Հարգե՛լի Չինաստանի Հայկական համայնքի անդամներ,
ահա և մոտենում է 2016թ.-ի ավարտը, որն իր հերթին ավետում է նոր տարվա սկիզբը: Յուրաքանչյուրիդ մաղթում եմ հաջողություններ, երջանիկ ու հետաքրքիր պահեր:
Գիտե՛մ, որ մեզնից (Չինահայերից) շատերը ժամանել են այս հյուրընկալ երկիր աշխատելու համար, որ վաստակած գումարով օգնեն Հայաստանում կամ այլ երկրներում գտնվող ծնողներին ու զավակներին: Ձեր այս անձնազոհ ու պատասխանատու գործելաոճը հարգանքի է արժանի: Հուսով եմ՝ գալիք տարին կթեթևացնի ձեր հոգսերը, ու ձեր ծախսած էներգիան ու ժամանակը նոր հնարավորությունների դռներ կբացեն ձեր ու ձեր հարազատների համար: Վարձքներդ կատա՛ր:
Մեզնից շատերը Չինաստանում առաջին քայլերը սկսել են որպես ուսանողներ, հետազոտողներ: Շատերն այստեղ հայտնվել են այս յուրահատուկ երկրի նկատմամբ ունեցած հետաքրքրության շնորհիվ, իսկ ոմանք էլ՝ հանգամանքների բերումով, բայց հուսով եմ, որ բոլորի նպատակը սովորելն է ու ստացած գիտելիքներով սեփական ընտանիքին ու Հայկական աշխարհին օգտակար լինելը:
Պետք է նշել, որ սա եզակի հնարավորություն է, քանի որ օրեցօր աճում է այն մասնագետների նկատմամբ պահանջարկը, ովքեր հզորացող Չինաստանին վերաբերող գիտելիքներ ունեն: Ուսման ուղին բարդ է, բայց ճանապարհ դուրս գալիս միշտ կարևոր է հիշել, թե որն է ճամփա ընկնելու հիմնական ու վերջնական նպատակը: Գալիք Նոր տարում ցանկանում եմ ձեզ նորանոր գիտական բացահայտումներ:
Տարվա վերջում կարելի է մի պահ կանգ առնել, հետ հայացք նետել, գնահատել, թե ինչ խնդիրներ լուծեց կամ շարունակում է լուծել Չինաստանի Հայկական համայնքը: Չինաստանի Հայկական համայնք ասելով՝ հասկանում ենք բոլոր նրանց, ովքեր ակտիվորեն մասնակցում ու կազմակեպում են համայնքի ներքին ու արտաքին կյանքը:
2016թ.-ի ընթացքում Չինաստանի Հայկական համայնքն իրագործեց հետևյալ ծրագրերը.

1. Չինաստանի Հայկական համայնքն Արցախին օժանդակելու համար դրամահավաք կազմակերպեց, որի արդյունքում հավաքված գումարն ուղարկվեց Արցախի կառավարության կողմից հաստատված հաշվեհամարին:

http://artsakhpress.am/arm/news/47462/-chinastani—haykakan—hamaynqy-dramahavaq-e-kazmakerpel-arcakhi-hamar

2. Չինաստանի Հայկական համայնքը ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված մի շարք միջոցառումներ անցկացրեց Չինաստանի մի քանի քաղաքներում:

http://armenianweekly.com/2016/04/24/honk-kong-guangzhou-shanghai/

3. 2016 թ. մայիսի 13-ին Թիանջին քաղաքում տեղի ունեցավ հայկական դասական երաժշտության համերգ: Համերգի կազմակերպիչներն էին <<Հայաստանի գաղտնիքներ>> նախագիծն ու Չինաստանի Հայկական համայնքը: http://noravank.am/arm/news/detail.php?ELEMENT_ID=14673&sphrase_id=55526

4. 2016 թ. աշնանը Չինաստանի Հայկական համայնքի և Հայաստանի Ամերիկյան համալսարանի տրամադրած համատեղ կրթաթոշակի շնորհիվ՝ չինացի առաջին ուսանողը մեկնեց Հայաստանում սովորելու: http://www.noravank.am/arm/news/detail.php?ELEMENT_ID=13868

5.Չինաստանի Հայկական համայնքը հրատարակեց <<Չինահայ լրագրի>> չորրորդ համարը,որը Հեռավոր Արևելքում հայերեն ու անգլերեն լեզուներով տպագրվող միակ լրագիրն է: http://www.chinahay.com/4/

6. 2016 թ. նոյեմբերին Նանջինգում, Շանհայում, Չանգչունում ու Հոնկոնգում Չինաստանի հայկական համայնքը կազմակերպեց <<Չինահայի միասնականության օրը>>: Այս միջոցառումների ընթացքում Համայնքի ակտիվ մասնակիցները պարգևատրվեցին շնորհակալագրերով ու պատվոգրերով: Հավաքույթների շնորհիվ կապ հաստատվեց հնաբնակների ու նորեկների միջև, ընդգծվեց միասնական լինելու կարևորությունը: http://nt.am/am/news/230250/ http://en.aravot.am/2016/11/24/184290/

7. 2016 թ. նոյեմբերին Չինահայը կազմակերպեց Չինաստանում <<Հայ հետազոտողների և ուսանողների երրորդ առցանց գիտաժողովը>>, որը յուրահատուկ ու նորարարական հարթակ է դարձել Չինաստանում առկա Հայկական գիտական միտքը համախմբելու գործում:

http://asbarez.com/158231/third-online-conference-of-armenian-researchers-students-in-china-a-success/

8. Չինաստանի Հայկական համայնքը համագործակցություն է սկսել ԱՐՄԱԿԱԴ-ի հետ:

http://hayernaysor.am/archives/218517

9. Չինաստանի Հայկական համայնքը խորացնում է համագործակցությունը Նորավանք գիտակրթական հիմնադրամի հետ:

http://www.noravank.am/arm/seminar/detail.php?ELEMENT_ID=15110

10. Համայնքի կարևոր ձեռքբերումներից է նաև ստեղծված միասնական ու բարի մթնոլորտը: Միայն այս տարվա ընթացքում Համայնքի անդամները 2 անգամ օգնության հասան նեղության մեջ հայտնված հայրենակիցներին:

Հավատացնում եմ ձե՛զ, որ 2017թ.-ին Չինաստանի Հայկական համայնքը կշարունակի անկախ գործունեությունը, որը վայել է յուրաքանչյուր կայացած կազմակերպության: Չինահայը բաց է բոլոր այն հայերի համար, ովքեր իրենց համարում եմ Համայնքի անդամ, ակտիվորեն մասնակցում են մշակութային միջոցառումներին, հանդես են գալիս նախաձեռնություններով, ցանկություն ունեն նպաստել հայապահպանության գործին:
2017թ.-ին մենք շարունակելու ենք Չինահայն ազատ մարդկանց գործունեության համար նախատեսված հարթակ դարձնելու քաղաքականությունը, որի շնորհիվ <<վերահսկելու>> կամ <<կարգավորելու>> հնաոճ ձևաչափերի փոխարեն առաջնահերթությունը պետք է տրվի ազատության շնորհիվ առաջ եկած մտքերի իրագործմանը: Յուրաքնչյուրը կարող է ինքը որոշել, թե Չինահայի կազմակերպած, ո՞ր ծրագրին է ցանկանում մասնակցել, ինչպես՞ ու ի՞նչ ձևաչափով :
Կարևոր է փաստել, որ մենք պատրաստ ենք համագործակցել յուրաքանչյուր տեսակի կազմակերպության հետ, որոնց հետ համատեղ մշակութային ծրագրեր իրականացնելով՝ կարող ենք հայկականն ավելի լավ ներկայացնել մեզ հյուրընկալող հզոր ու բարի Չինաստանում: Գործադիր մարմինը պատրաստ է քննարկել յուրաքանչյուր տեսակի իրատեսական առաջարկություն ու նախաձեռնություն: Անհրաժեշտ է գրել contact@chinahay.com հասցեին, որից հետո ձեր առաջարկը կքննարկվի Գործադիր մարմնի նիստում:
Գործադիր մարմնի հիմնական նպատակը պետք է մնա ՉինաՀայի՝ որպես մարդակենտրոն, հայապահպան, ժողովրդավար ու արդար կառույցի կայացման գործը:
Թու՛յլ տվեք, ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Չինաստանի Հայկական համայնքի նվիրյալներին՝ Գործադիր մարմնի անդամներին, կամավորներին, Խորհրդականների խորհրդի անդամներին, ովքեր շարունակում են ներդնել իրենց ժամանակն ու միջոցները, առանց վարձատրության օժանդակում են Համայնքի զարգացման գործին։

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ Չինաստանի Հայկական համայնքի անդամներին՝ Նոր տարվա ու Սուրբ Ծննդի տոների առթիվ։

Լավագույն մաղթանքներով՝
Չինաստանի Հայկական համայնքի նախագահ Մհեր Սահակյան

 

Leave a comment