Taylor & Francis-ը հրատարակեց «Չինաստանի Մեկ գոտի, մեկ Ճանապարհ նախաձեռնությունը Եվրասիայում Ռոութլեջի ձեռնարկը», խմբագրված՝ Մհեր Դ. Սահակյանի և Քեվին Լոյի կողմից
2025թ․ սեպտեմբերի 15-ին բրիտանական Taylor & Francis-ը հրատարակեց «Չինաստանի Մեկ գոտի, մեկ ճանապարհ նախաձեռնությունը Եվրասիայում Ռոութլեջի ձեռնարկը», որը նախաձեռնել և խմբագրել են Մհեր Դ. Սահակյանը և Քեվին Լոն։ Գիրքը ներկայացնում է չինական նախաձեռնության ազդեցությունը եվրասիական մայրցամաքում․ տասը բաժիններով բացատրվում են աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական գործընթացները վեց հիմնական տնտեսական միջանցքներում, որոնք գտնվում են Եվրոպայում և Ասիայում։ Գիտնականները ստեղծել են գիրք, որը հետաքրքրելու է քաղաքական գործիչներին, գործարարներին, գիտնականներին և ուսանողներին՝ տարածաշրջանային հետազոտությունների, կիբեռանվտանգության, թվայնացման, տնտեսագիտության, անվտանգության ուսումնասիրությունների, միջազգային առևտրի, արտաքին քաղաքականության, գլոբալ կառավարման և միջազգային կազմակերպությունների ոլորտներում։
Ինչպես նշեց Չինաստանի Ժողովրդական համալսարանի Համաշխարհային սոցիալիզմի ինստիտուտի տնօրեն, Միջազգային հարաբերությունների դպրոցի պրոֆեսոր Յունթիեն Ջընը․ «Մհեր Դ. Սահակյանն ու Քեվին Լոն միավորել են գիտնականներին աշխարհի տարբեր տարածաշրջաններից՝ ներկայացնելու Արևելքի, Արևմուտքի, Հյուսիսի և Հարավի բոլոր ձայները։ Հեղինակները վերլուծել են «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության միջանցքները՝ առաջարկելով հետագա զարգացման ուղիներ։ Իմ կարծիքով, այս նոր ձեռնարկի առանձնահատկությունները համապատասխանում են գլոբալ նախաձեռնությունների համադրման բովանդակությանը, ինչը լրացուցիչ հնարավորություններ է ստեղծում հետազոտությունների համար։ Անկասկած, բազմաբևեռ համաշխարհային կարգի 2.0 պայմաններում Routledge-ի այս ձեռնարկը, որը ներկայացնում է եվրասիական և դրա սահմաններից դուրս գտնվող գիտական շրջանակների համագործակցությունը, գիտական մեծ արժեք և ներշնչանք կբերի համաշխարհային ընթերցողին՝ առաջարկելով նոր գաղափարներ և հետազոտություններ»։
ԱՄԷ-ի Անվար Գարգաշ դիվանագիտական ակադեմիայի հետազոտությունների և վերլուծության կենտրոնի տնօրեն Նարայանափպա Ջանարդհանը նշել է․ «Աշխարհում ուժերի փոփոխությանը հարմարվելու նպատակով տարածքային ոչ համաչափ դասավորությունների պայմաններում «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը շարունակում է մնալ «վերագլոբալացման» գլխավոր օրինակ։ Իր 3.0 տարբերակում այս «դարի նախագիծը» ներառում է ոչ միայն հին և նոր տնտեսական արժեք, այլև մշակութային, քաղաքական, տիեզերական և անվտանգության դինամիկա։ Routledge-ի այս ձեռնարկը հստակ ցույց է տալիս, թե ինչպես նախաձեռնությունը նպաստում է Ասիայի՝ Եվրասիայում ինտեգրմանը։ Այն ընդգծում է նաև չինական նախաձեռնության համաշխարհային նշանակությունը՝ չնայած ԱՄՆ-ի նոր քաղաքական իրողություններին և Չինաստանի տնտեսական դանդաղման մտահոգություններին։ Վերջապես, «միջանցքայնացման» այս դարաշրջանում ձեռնարկի հեղինակները վերահաստատում են սկզբունքը․ «Կարևոր չէ՝ կատուն սև է, թե սպիտակ, կարևորը՝ մկնիկ բռնի»։
Հոնկոնգի Բապտիստական համալսարանի Արևելք–Արևմուտք հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, աշխարհագրության ասոցացված պրոֆեսոր Քեվին Լոն նշել է․ «Routledge-ի այս ձեռնարկը ժամանակին և միջառարկայական քննարկում է ներկայացնում այն մասին, թե ինչպես «Մեկ գոտի, մեկ ճանապարհը» կարող է խթանել եվրասիական կապակցվածությունը, ենթակառուցվածքների զարգացումը և կայուն զարգացումը, ինչ հիմնական մարտահրավերների է բախվում և ինչպես կարելի է դրանք հաղթահարել։ Գիրքը բաղկացած է տասը բաժնից, ներառելով 29 գլուխ, միավորելով տարբեր եվրասիական երկրների գիտնականների ջանքերը։ Այն խորքային վերլուծում է Չինաստանի և եվրասիական երկրների քաղաքական, տնտեսական և մշակութային փոխգործակցությունը։ Հուսով ենք՝ գիրքը արժեքավոր տեղեկություններ և մտքեր կտրամադրի գիտնականներին, քաղաքական գործիչներին և բոլոր հետաքրքրված ընթերցողներին՝ օգնելով գտնել համագործակցության և զարգացման լավագույն ուղիներ։ Վերջում ցանկանում ենք շնորհակալություն հայտնել բոլոր գիտնականներին, փորձագետներին և գործընկերներին, որոնց նվիրումը և իմաստությունը հնարավոր դարձրեցին այս աշխատանքը»։
«Չինաստան–Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհրդի տնօրեն Մհեր Դ. Սահակյանը երախտագիտություն հայտնեց Routledge-ի ձեռնարկի բոլոր հեղինակներին՝ այս արդյունքի համար ներդրած քրտնաջան աշխատանքի և նվիրվածության համար։ Նրա խոսքով՝ այս գիտական ձեռքբերումը արդյունք է 23 երկրների գիտնականների թիմային աշխատանքի և համագործակցության։ Սահակյանը նշեց․ «Մեր ուժը ակադեմիական բազմազանությունն է, որը հնարավորություն է տալիս թիմային համախմբված աշխատանքի շնորհիբ ստեղծել հավասարակշռված հետազոտություն, որտեղ յուրաքանչյուր ձայն լսելի է»։ Նա նաև շնորհակալություն հայտնեց Ռոբ Սորսբիին, Routledge-ի թիմին և այլ գործընկերներին աջակցության և խորհուրդների համար։


Leave a Reply