Որպեսզի համաձայնագրերը չդառնան փոշու մեջ կորած թղթապանակ, պետք է լինենք պահանջող, ագրեսիվ և նախաձեռնող. Մհեր Սահակյանը՝ ԵԱՏՄ-Իրան, ԵԱՏՄ-Չինաստան համաձայնագրերի մասին
«Հայաստանը պետք է նախաձեռնողականություն դրսևորի ԵԱՏՄ-ի շրջանակներում Չինաստանի և Իրանի հետ հարաբերությունները զարգացնելու համար: Հայաստանը պետք է քայլեր ձեռնարկի, որ Եվրասիական տնտեսական միությունը հետևողականություն ցուցաբերի, օրինակ, Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման համար Չինաստանը ներդրումներ անի, որը կմեծացնի Հայաստանի հնարավորությունները Մետաքսի ճանապարհ տնտեսական գոտում:
Հայաստանը պետք է ԵԱՏՄ-ին անդամակցության արդյունքում իր շահերն առաջ տանի»,- ասաց նա:
ԵԱՏՄ-Չինաստան առևտրատնտեսական համաձայնագիրը կնքվել է, որպեսզի ԵԱՏՄ երկրների բիզնես կազմակերպությունները ավելի մեծ հնարավորություններ ունենան ներթափանցելու չինական շուկա:
«Մենք գիտենք, որ Չինաստանն իր տնտեսությամբ երկրորդ երկիրն է, այդ պետությունը շատ գնողունակ է, և ԵԱՏՄ երկրների, այդ թվում՝ Հայաստանի ընկերությունները ցանկություն ունեն ներթափանցելու չինական շուկա: Բայց այնտեղ պետք է իրավաբանական դաշտ ստեղծվի, պետք է ստանդարտները հստակեցվեն: Այս առևտրատնտեսական համաձայնագրով փորձ է արվել նման հարցերը լուծել»,- ասաց նա:
Ըստ Մհեր Սահակյանի՝ այժմ Չինաստանը մեծապես հետաքրքրված է էլեկտրոնային առևտրով: Նրա խոսքով՝ ԵԱՏՄ-ի հետ կնքած պայմանագրի կետերով անդրադարձ կա էլեկտրոնային առևտրին. ԵԱՏՄ անդամ երկրներն արդեն իրավաբանորեն կարող են էլեկտրոնային կարգով առևտուր անել Չինաստանի հետ:
«Հայաստանը պետք է ակտիվ քաղաքականություն վարի, չպետք է սպասի, որ ԵԱՏՄ-ն այս համաձայնագրի շրջանակներում աջակցի համաձայնագրի կյանքի կոչմանը: Հայաստանն ինքը պետք է օրակարգն առաջ տանի: Դա նշանակում է, որ Հայաստանն ակտիվորեն պետք է չինական կողմին փորձի այս առևտրատնտեսական համաձայնագրի շրջանակներում բիզնես ծրագրեր առաջարկել, ներդրումներ ստանալ, զարգացնել հայ-չինական հարաբերությունները, որոնք լճացման մեջ են գտնվում»,- ասաց նա:
Նա հույս հայտնեց, որ Հայաստանի նոր կառավարությունը հետևություններ կանի, նկատեց, որ նախկինում Հայաստանն իր պասիվ քաղաքականության պատճառով չի կարողացել Չինաստանից ներդրումներ բերել: «Հայաստանը պասիվ է, սպասում է, թե երբ են իրեն շտապօգնության մեքենաներ ուղարկելու որպես օգնություն»,- ասաց նա:
Մհեր Սահակյանի խոսքով՝ Հայաստանը խոսում է Չինաստանի հետ առևտրաշրջանառության ծավալների մեծացման մասին՝ չխոստովանելով, որ դա հայ գործարարների շնորհիվ է: ՀՀ իշխանությունները կարող էին հպարտանալ, եթե կարողանային ներդրումներ բերել:
Իսկ դա անելու համար, ըստ նրա, Հայաստանը պետք է որոշ քայլերի դիմի, ինչպես, օրինակ, դրամ-յուան կոնվերտացիայի ապահովում կատարի: «Եթե մենք ապահովենք կոնվերտացիա, ապա ո՛չ հայ բիզնեսմենը, ո՛չ էլ չինացի բիզնեսմենը կորուստներ չեն ունենա դրամ-դոլար-յուան կամ հակառակը կոնվերտացիայի ժամանակ: Ամեն ինչ կկատարվի շատ ավելի արագ ու պարզ»,- ասաց նա՝ հավելելով, որ նաև պետք է մտածել Հայաստանում չինական բանկ ունենալու մասին՝ այդպես ներդրում բերելով և նաև ինչ-որ առումով իրականացնելով Չինաստանի՝ իրենց տարադրամը միջազգային դարձնելու ցանկությունը:
Անդրադառնալով Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի գոտու համաձայնագրի իրագործմանը՝ Մհեր Սահակյանը նշեց, որ այստեղ էլ ակտիվ քաղաքականության անհրաժեշտություն կա: «Ընդհանրապես, ԵԱՏՄ-Իրան հարաբերությունները վերանայման կարիք ունեն: Ստացվում է, որ իրանական կողմը Հայաստանին, «առևտրային պատերազմ» է հայտարարել դեռևս 1990-ական թվականներից, ու մենք դրա մասին չենք էլ խոսել․ իրանական ապրանքը առանց խնդիրների գալիս է Հայաստան, իսկ երբ հայկական ապրանքն է փորձում անցնել իրանական սահմանը, հանդիպում են տարիֆների, բյուրոկրատական քաշքշուկների: Դրանից պետք է եզրակացնել, որ Հայաստանն ու Իրանը հարևաններ են և ոչ բարեկամներ: Բարեկամ երկիրը նման քաղաքականություն չէր վարի»,- ասաց նա:
Հիմա՝ իշխանափոխությունից հետո, ըստ Մհեր Սահակյանի՝ կա արդեն հնարավորություն Հայաստանի նոր իշխանությունների համար՝ նոր էջից բանակցությունների, իրանական կողմին հավասարության դաշտ բերելու համար:
«Պետք է ներկայացնել, որ մենք ԵԱՏՄ անդամ ենք, հավասարը հավասարի հետ պետք է բանակցենք»,- ասաց նա՝ հավելելով, որ Իրանն էլ պետք է շահագրգռված լինի Հայաստանի հետ հարաբերությունները հավասարության դաշտում տանելու համար, քանի որ միջազգային դաշտում «իզգոյ» է, իսկ Հայաստանի վարկանիշը հատկապես ներքաղաքական զարգացումներից հետո բարձրացել է:
Մհեր Սահակյանի խոսքով՝ որպեսզի այս ընթացքում համաձայնագրերը չդառնան թղթապանակ՝ փոշու մեջ կորած, ինչպես սրանից առաջ է եղել, պետք է լինենք պահանջող, ագրեսիվ և նախաձեռնող: «Պետք է հասկանալ, որ ոչ ոք չի գալու, մեզ օգնի, մենք ինքներս պետք է նախաձեռնող լինենք, պետք է գծագրենք, ներկայացնենք մեր առաջարկները և պահանջներ ներկայացնենք»,- ասաց նա:
Leave a Reply