China-Eurasia News Ticker

Թերթ․am Հայաստանը պետք է շատ ուշադիր լինի որոշումներ կայացնելիս, որ չհայտնվի չին-ամերիկյան բախման որևէ կետում, չկանգնի ընտրության առջև

Tert.am-ը «Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհուրդ» հիմնադրամի ղեկավար, Հոնկոնգի համալսարանի Ասիա գլոբալ ինստիտուտի Asia Global Fellow 2020/2021, Միջազգային Խաղաղության ինստիտուտի Խորհրդականների խորհրդի անդամ (Ավստրիա), քաղաքական գիտությունների թեկնածու Մհեր Սահակյանի հետ զրուցել է վերջերս Հայաստանի՝  Կրոնական ազատության միջազգային ալյանսին միանալու մասին:

Ըստ նրա՝ եթե Երևանն այդ քայլը կատարել է, որ Վաշինգտոնի հետ հարաբերություններում «կանգնած սայլը» տեղաշարժի կամ էլ եթե կոնկրետ խոստումներ է ստացել նրանից, ապա կարելի է նաև փորձել դրական պահեր գտնել այս հարցում։ «Բայց, իհարկե, լավ կլիներ, որ 21-րդ դարում՝ տեխնոլոգիաների և թվայնացման ժամանակաշրջանում, Հայաստանն աշխարհում ամենաշատ գիտական գյուտեր կատարող և ամենամեծ տնտեսության հետ համագործակցելու եզրեր գտներ, ոչ թե կրոնական հարցերում, այլ տնտեսական և տեխնոլոգիական»,- նշել է նա։

-Պարոն Սահակյան, շարունակում են քննարկումները ս․թ․ հունիսի 12-ին Հայաստանի՝ Կրոնական ազատության միջազգային ալյանսին միանալու վերաբերյալ: Դատելով այնտեղ հնչող հայտարարություններից՝ այն կարող է համարվել հակաչինական: Ձեր տպավորությամբ՝ իրականում ի՞նչ խնդիր է լուծում այդ հարթակը և որքանո՞վ է այն հակաչինական:

-Չին-ամերիկյան հարաբերությունները մտնում են լարման նոր փուլ։ Խոսվում է արդեն «Չին-ամերիկյան» սառը պատերազմի մասին, քանի որ աշխարհի համար առաջին գերտերությունը՝ ԱՄՆ-ը փորձում է կանգնեցնել արագորեն սեփական ազդեցությունը տարածող երիտասարդ գերտերությանը՝ Չինաստանին, որը ձեռնոց է նետում թե՛ Արևմուտքին, թե՛ նրա առաջ քաշած լիբերալ արժեքներին։

Այս հակամարտությունը տեղի է ունենում տարբեր ճակատներում, որոնցից հատկապես սրվել են Հոնկոնգի, Սինծիանի տնտեսական հիմնախնդիրները, հնդկա-չինական հարաբերությունները, Հարավչինական ծովում առկա իրավիճակը։ Իրականում, կարծում եմ, որ կողմերը կփորձեն օգտագործել բոլոր հարթակները։ Կրոնական ուղղությունը ևս հնարավոր է օգտագործվի ԱՄՆ-ի կողմից, բայց պետք է նշեմ, որ երկար տարիներ ապրել եմ Չինաստանում և, կարծես, վերջին տարիներին Պեկինն ազատություններ էր տվել կրոնական համայնքներին և մարդիկ կարողանում էին գնալ թե՛ քրիստոնեական եկեղեցիներ, թե՛ բուդդայական (նաև այլ կրոնների) տաճարաներ, թե՛ մզկիթներ՝ իրենց կրոնական պահանջմունքների համար։

Չինաստանում վերջին տարիներին հատկապես աճում է քրիստոնեաների թիվը, ինչի դեմ բացահայտ պայքար չեմ նկատել Կոմունիստական կուսակցության կողմից, որի անդամները, ըստ համոզմունքների, աթեիստ են։

Համենայն դեպս Հայաստանը պետք է շատ ուշադիր լինի որոշումներ կայացնելիս, որ չհայտնվի չին-ամերիկյան բախման որևէ կետում, չկանգնի ընտրության առջև։ Եթե Հայաստանը դարձել է Կրոնական ազատության միջազգային ալյանսի անդամ, ապա պետք է գործի զգույշ, փորձի այս հանգամանքն օգտագործել ԱՄՆ-ի հետ հարաբերությունները լավացնելու համար, բայց մյուս կողմից այնպես, որ չվնասի այլ գործընկերների հետ սեփական հարաբերությունները։

-Պատասխանելով քննադատություններին՝ ՀՀ արտաքին գործերի նախարարը նշել էր, որ միանալով այդ ալյանսին՝ համագործակցում են այլ երկրների հետ կրոնական ազատությունների առումով: Ձեր կարծիքով՝ որքանո՞վ էր նպատակային Հայաստանի համար նման ընտրությունը, ի՞նչ ազդեցություն այն կարող է ունենալ հայ-չինական հարաբերությունների վրա:

-Երկար տարիներ Հայաստանին չի հաջողվում համագործակցության ուղիներ գտնել ԱՄՆ-ի հետ, եթե Երևանն այս քայլը կատարել է, որ Վաշինգտոնի հետ հարաբերություններում «կանգնած սայլը» տեղաշարժի կամ, եթե կոնկրետ խոստումներ է ստացել նրանից, ապա կարելի է նաև փորձել դրական պահեր գտնել այս հարցում։ Բայց, իհարկե, լավ կլիներ, որ 21-րդ դարում՝ տեխնոլոգիաների և թվայնացման ժամանակաշրջանում, Հայաստանը աշխարհում գիտության ոլորտում ամենաշատ գյուտեր կատարող և ամեմամեծ տնտեսության հետ համագործակցելու եզրեր գտներ ոչ թե կրոնական հարցերում, այլ տնտեսական և տեխնոլոգիական․․․ Պետք է զգույշ լինել և ակամայից չդառնալ «խաչակրաց» արշավանքի մասնակից։ Համենայն դեպս, հուսով ենք, որ Հայաստանը կկարողանա հարթակն օգտագործել իր օգտին՝ առանց վնասելու այլ երկրների հետ հարաբերությունները։

-Արդյոք կա՞ չինական կողմում արձագանք կամ որևէ ռեակցիա Հայաստանի այդ քայլի վերաբերյալ:

-Կոնկրետ Հայաստանի մասով դեռ արձագանք չեմ հանդիպել, բայց հուսամ, որ մեր կողմը համապատասխան աշխատանք տարել է կամ կտանի չինական կողմի հետ, կբացատրի, որ դա Հայաստանի ընտրությունն է, ուղղված չէ ոչ մի երկրի դեմ։ Իհարկե, ցանկալի կլիներ, որ մինչև նման որոշումներ կայացնելը խորհրդակցություններ տեղի ունենային, թե՛ ԱՄՆ-ի, թե՛ Ռուսաստանի, թե՛ Չինաստանի արտաքին քաղաքականությունն ուսումնասիրող մասնագետների հետ։ Նրանցից շատերն այսօր մտավախություններ են հայտնում, որի համար բերում են նաև բավականին ծանրակշիռ փաստարկներ։ Պետք է քննարկումը սկսել ոչ թե քայլն անելուց հետո, այլ մինչև այդ, ինչը հնարավորություն կտա հաշվի առնել, թե՛ դրական կողմերը, թե՛ ռիսկերը․․․

-Վերջերս ֆեյսբուքյան Ձեր էջում տեղադրել էիք չինական մամուլում հրապարակված մի վելուծություն, որտեղ խոսվում էր այն մասին, որ Հայաստանը միայն հայտարարում է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» չինական նախագծին միանալու մասին, մինչդեռ հարևան երկրները՝ Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան նախաձեռնել են բազմաթիվ ծրագրեր այդ ուղղությամբ: Ձեր կարծիքով՝ իրականում ի՞նչ մակարդակի վրա են հայ-չինական հարաբերությունները, և ինչու՞ մեզ այդպես էլ չի հաջողվում մասը դառնալ նշյալ աշխարհաքաղաքական և տնտեսական մեծ ծրագրին:

-Այո՛, մեր երեք հարևանները շարունակում են հաջողությամբ օգտագործել «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության ընձեռած հնարավորությունները, ինչը չի հաջողվում Հայաստանին։ Ինչու՞ էր իմ և մյուսների ուշադրությունը սևեռվել այդ հոդվածի վրա, քանի որ դա «Մեկ գոտի, մեկ ճանապարհի» հիմնական պրոպագանդիստական գործիքներից մեկն է։ Այսինքն՝ այն ջախջախում է մեր որոշ դիվանագետների «պնդումները», թե հայ-չինական հարաբերություններում ամեն ինչ գերազանց է կամ որ Հայաստանում և Չինաստանում  իրենք ևս հաջողությամբ  աշխատանքներ են տանում «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ծրագրին անդամակցելու համար, կա «գաղտնի» մաս, որը չեն կարող «բարձրաձայնել»․․․․ Ի դեպ այդ հոդվածից անցել է մոտ շուրջ ինն ամիս և դրանից հետո հարաբերություններն էլ ավելի են լճացել։ Երբեմն լսվում են հայտարարություններ, որոնք մնում են հայտարարություններ, այսինքն՝ հեղինակը ճիշտ էր․․․

Հայաստանում դեռևս բաց է մնում կադրերը, ունեցած ռեսուրսը ճիշտ օգտագործելու հարցը։ Չինական ուղղությամբ աշխատում են մեծամասամբ պատահական մարդիկ, ովքեր չեն հասկանում այդ՝ բացարձակապես այլ քաղաքակրթություն ներկայացնող երկրի արտաքին քաղաքականությունը, տնտեսությունը, մարդկանց։ Եվ սա այն դեպքում, որ բազմաթիվ հայ ուսանողներ սովորեցին, մասնագետներ վերապատրաստվեցին Չինաստանում, վերադարձան Հայաստան։ Ցավոք, նրանցից շատերը աշխատանք չգտնելով՝ հեռացան երկրից կամ կհեռանան շատ մոտ ապագայում։

Իսկ ի՞նչ ենք առաջարկում մենք․ «Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհուրդը երկու տարի առաջ կոնկրետ առաջարկներով տպագրեց «Չինաստանի Մեկ գոտի, մեկ ճանապարհ նախաձեռնությունը և Հայաստանը» գիրքը, Հայաստանում երկու տարի անընդմեջ կազմակերպվեց «Չինաստան-Եվրասիա» միջազգային գիտաժողովը, որին մասնակցում էին Չինաստանի, Ավստրիայի, Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի, Իտալիայի, Ավստրալիայի, Վրաստանի, Թուրքիայի, Հնդկաստանի և շատ այլ երկրների առաջատար գիտնականներ, իրենց փորձն էին փոխանցում ներկաներին՝ Չինաստանի հետ իրենց երկրների ունեցած հարաբերությունների մասին։ Կոնկրետ առաջարկություններով էին հանդես գալիս, թե ինչպես կարելի է լավագույնս համագործակցել «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում։ Քանի որ Հայաստանում չկա հստակ հասկացողություն Չինաստանի մասին, «Չինաստան-Եվրասիա» խորհրդի կողմից ամեն տարի կազմակերպվում է «Վերաիմաստավորելով Չինաստանի արտաքին քաղաքականությունը» հատուկ դասընթացը, որը հուսով ենք կօգնի վերապատրաստել տարբեր բնագավառներում Չինաստանի հետ աշխատող մասնագետներին։

Չինաստանի ուղղությամբ պետք է աշխատեն նրանք, ովքեր Չինաստանում ունեն ճանաչում, ընկերներ, ծանոթներ, ում միջոցով կարող են Հայաստանի համար հարցեր լուծել։ Մյուս ուղղություններում ևս դիլետանտներն իրենց տեղը պետք է զիջեն մասնագետներին, այլապես կշարունակենք խարխափել չինական ուղղությամբ, ինչը հնարավոր է բերի անկանխատեսելի արդյունքների, հաշվի առնելով նաև չին-թուրքական մերձեցումը վերջին տարիների ընթացքում, Ադրբեջանի որոշակի հաջողությունները «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում։

Հռիփսիմե Հովհաննիսյան

Աղբյուրը՝ https://www.tert.am/am/news/2020/06/23/sahakyan/3326057

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: