Չինաստան-Իրան համապարփակ ռազմավարական համագործակցությունն ու Պեկինի դիրքորոշումն Իրանական միջուկային հիմնախնդրի վերաբերյալ
Սույն հոդվածը քննարկում է, թե ինչու է Չինաստանը հետաքրքրված Իրանի հետ համագործակցության խորացմամբ: Ի՞նչ դիրքորոշում ունի Պեկինն իրանական միջուկային հիմնախնդրի վերաբերյալ, որը դեռևս շարունակում է մնալ արդի միջազգային հարաբերությունների կարևոր, չլուծված հիմնահարցերից մեկը:
Հարկավոր է նշել, որ Չինաստանի հետաքրքրությունը դեպի Մերձավոր Արևելք եւ դեպի Իրան հետզհետե մեծացավ, երբ Չինաստանի տնտեսությունն աստիճանաբար աճեց եւ աշխարհում դարձավ մեծությամբ երկրորդը: Այդ ծավալի տնտեսությունը զարգացնելու համար Չինաստանին անհրաժեշտ են Իրանից ներմուծվող էներգակիրներ:
Չինաստանը հետաքրքրված է Իրանի կայունությամբ, քանի որ եթե Իրանը ներքաշվի պատերազմի մեջ, ապա ռազմական գործողությունները կտեղափոխվեն նաեւ Պարսից ծոց, ինչի արդյունքում Մերձավոր Արևելքից դեպի Չինաստան եկող էներգակիրների շարժը կվտանգվի:
Չինաստանը հետաքրքրված է տեսնել առանց միջուկային զենքի, բայց Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ից անկախ գործող Իրան, որը փոքրացնում է ԱՄՆ-ի դերն այս տարածաշրջանում, ինչը Պեկինին հնարավորություն է ընձեռում մանեւրելու տարածաշրջանում և մեծացնելու իր ազդեցությունը: Սա էր պատճառը, որ Չինաստանը ՄԱԿ ԱԽ-ում մի կողմից թույլ չէր տալիս, որ պատժամիջոցներ ընդունվեին Իրանի էներգակիրների արտադրության, առք ու վաճառքի վրա, բայց մյուս կողմից էլ կողմ էր քվեարկում այն պատժամիջոցներին, որոնք պետք է խոչընդոտեին Իրանի միջուկային ծրագրի ռազմական ուղղությունը: Երկկողմ քաղաքական եւ տնտեսական հարաբերությունները նոր թափ ստացան, երբ 2015թ. հուլիսի 16-ին կնքվեց Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը (ԳՀՀԾ), որը պետք է դառնար Իրանական միջուկային հիմնախնդրի լուծման ճանապարհային քարտեզը:
2016 թվականին Չինաստանի նախագահ Սի Ծինփինն այցելեց Իրան, կողմերը կնքեցին ռազմավարական համագործակցության մասին պայմանագիր, ՄԳՄՃ-ն միասին կառուցելու համաձայնագիր եւ չինական ներդրումների վերաբերյալ պայմանագրեր: Իրանը նաեւ դարձավ ԱԵՆԲ-ի Տարածաշրջանային անդամ:
Հարկավոր է նշել, որ 2018 թվականից ԱՄՆ-ի ընդունած միակողմանի պատժամիջոցներն Իրանի նկատմամբ մեծապես խոչընդոտեցին չին-իրանական համագործակցության խորացումն էներգակիրների ոլորտում, հարցականի տակ դրեցին չինական լայնածավալ ներդրումներն Իրանում ՄԳՄՃ շրջանակ- ներում:
Չինաստանն ու Իրանը 2021 թվականի մարտին կնքեցին համապարփակ ռազմավարական համագործակցության մասին համաձայնագիր՝ հաշվի առնելով այն երկուստեք հետաքրքրվածությունները, որոնք ունեն Պեկինն ու Թեհրանը տնտեսական համագործակցության, Բազմաբևեռ աշխարհակարգի ստեղծման, Վաշինգտոնի մամլիչ ճնշման դեմ համատեղ պայքարի ասպարեզներում: Վերոհիշյալ համագործակցության խորացման արդյունքներից մեկը եղավ այն, որ Չինաստանն Իրանին օժանդակեց ՇՀԿ լիիրավ անդամ դառնալու հարցում:
Վերլուծելով վերոշարադրյալը՝ կարելի է փաստել, որ Իրանը շարունակում է իրագործել «Հայացք դեպի Արևելք» քաղաքականությունը, որի շնորհիվ առաջին հերթին խորացնում է համագործակցությունը Չինաստանի հետ: Այն հետզհետե ընդգրկվում է Չինաստանի եւ Ռուսաստանի կողմից կառուցվող Արևելյան բեւեռում, որը մրցակցության մեջ է Արևմտյան բևեռի հետ, որի հետ Իրանն ունի լարված հարաբերություններ: Չինաստանը Մերձավոր Արեւելքում Իրանին տեսնում է նաեւ որպես ՄԳՄՃ նախաձեռնության կարեւոր խաղացող, որի տրանսպորտային ենթակառուցվածքներով դուրս է գալիս դեպի Մերձավոր Արևելք եւ Պարսից ծոց: Իրանը նաեւ իր շուրջ 84 միլիոն բնակչությամբ կարևոր շուկա է չինական ապրանքների սպառման համար, իսկ Չինաստանն էլ՝ իրանական էներգակիրների վստահելի գնորդ:
Հեղինակի Մասին
Ք.գ.թ. Մհեր Սահակյանը «Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհրդի հիմնադիր ղեկավարն է: Նա Հոնկոնգի համալսարանի Ասիա Գլոբալ ինստիտուտի 2022 AsiaGlobal Fellow է: 2020 թվականին ընտրվել է Վիեննայի Խաղաղության ինստիտուտի Խորհրդականների խորհրդի անդամ: Սահակյանը նախաձեռնել և հիմնադրել է «Եվրասիական հետազոտություններ ժամանակակից Չինաստանի և Եվրասիայի վերաբերյալ» միջազգային գիտաժողովը, «Հայաստան-Չինաստան» ակադեմիական դիվանագիտության ֆորումը: Նա դասավանդում է Հայ-ռուսական համալսարանում: Նա հայերեն և ռուսերեն լեզուներով հրատարակվկած «Չինաստանի Մեկ գոտի, մեկ ճանապարհ նախաձեռնությունը և Հայաստանը» գրքի հեղինակն է: 2021թ.-ի մայիսին ԱՄԷ-ի Անվար Գարգաշի անվան դիվանագիտական ակադեմիան հրատարակել է Մհեր Սահակյանի «Մեծ տերությունների արդի մրցակցությունը Կենտրոնական Ասիայում. հնարավորություններ և մարտահրավերներ Ծոցի երկրների համար» աշխատությունը: 2021 թվականի սեպտեմբերին նրա նախաձեռնությամբ և համախմբագրությամբ բրիտանական Թեյլոր և Ֆրենսիսի Ռոութլեջի ակադեմիական հրատարակչությունում լույս է տեսել «Չինաստան և Եվրասիա. Վերաիմաստավորելով համագործակցությունը և տարաձայնությունները փոփոխվող աշխարհակարգի ժամանակաշրջանում» գիրքը: Նա նաև հանդիսանում է Թեյլոր և Ֆրենսիսի Ռոութլեջի կողմից հրատարակած «Իրանը միջազգային համակարգում. մեծ տերությունների և մեծ մտքերի մեջտեղում», ««Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունն Ասիայում, Աֆրիկայում և Եվրոպայում», ԲՌԻԼԼ հրատարակչության «Վերաիմաստավորելով Չինաստանի, Մերձավոր Արևելքի և Ասիայի դերը «Մուլթիփլեքս» աշխարհակարգում» գրքերի գլուխների հեղինակ: Հեղինակել է նաև գիտական, վերլուծական հոդվածներ Հոնկոնգի համալսարանում, Վիեննայի խաղաղության ինստիտուտում, Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանում, Միջազգային գործերի ռուսաստանյան խորհրդում և այլն:
Նյությում օգտագործված նկարի աղբյուրը՝ https://www.fmprc.gov.cn/mfa_eng/zxxx_662805/202209/t20220916_10766906.html
Leave a Reply