ՉԺՀ ԱԳ նախարար Յ. Ճեչին հանդիպեց ՌԴ ԱԳ նախարար Ս. Լավրորվին
2013թ. փետրվարի 23-ին ՉԺՀ ԱԳ նախարար Յ. Ճեչինը բանակցություններ վարեց ՌԴ ԱԳ նախարար Ս. Լավրորվի հետ:
Համատեղ մամլո ասուլիսում նախարար Լավրորվը նշեց, որ տեղի ունեցած բանակցությունների ընթացքում քննարկվել է ՉԺՀ ղեկավարի առաջիկա այցը Ռուսաստան, 2013թ. երկկողմանի հարաբերությունների քաղաքական օրակարգը: Լավրովը կարևորեց Քսանյակի, ԲՌՀՉՀ, Շանհայի համագործակցություն կազմակերպության շրջանակներում համագործակցությունը: Ընդգծեց, որ ՇՀԿ-ն հանդիսանում է տնտեսական, սոցիալական ծրագրերի պատրաստման կարևոր համակարգ, որի հարթակը ՉԺՀ-ն ու ՌԴ-ն կօգտագործեն նաև Հեռավոր Արևելքում կայությունն ու անվտանգությունն ապահովելու համար: Լավրովը կարևորեց Խաղաղ Օվկիանոսի տարածաշրջանում ռուս-չինական համատեղ անվտանգության համակարգի ստեղծումը, հայտարարեց, որ ՌԴ-ն և ՉԺՀ-ն դատապարտում են Կորեայի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետությանում ատոմային ռումբի փորձարկումները: Ըստ Լավրովի, ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը պետք է քայլեր ձեռնարկի Կորեական թերակղզում լարված իրավիճակը լիցքաթափելու համար, սակայն առանց դրսի որևիցէ ուժի ռազմական միջամտության: Պետք է ապահովվի Վեցյակի շրջանակներում խաղաղ բանակցությունների միջոցով խնդրի լուծումը: ՌԴ-ն և ՉԺՀ-ն միասնական են Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում առկա հակամարտությունների, Սիրիայի, Աֆղանստանի, Իրանի միջուկային ծրագրի շուրջ ծագած խնդիրների կարգավորումն ապահովել միջազգային իրավունքի, ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքներով՝ բացառելով ռազմական ուժի կիրառմամբ խնդիրների լուծումը: ՉԺՀ ԱԳ նախարար Յ. Ճեչինը հաստատեց Ս. Լավրովի հայտարարությունները, իր հերթին ընդգծեց, որ համաշխարհային տնտեսական ճգնաժամի պայմաններում ռուս-չինական հարաբերություններն առանցքային, ռազմավարական նշանակություն են ստացել:Նա նշեց նաև, որ երկկողմանի բանակցությունների շնորհիվ որոշում է կայացվել խորացնել համագործակցությունը միջազգային ասպարեզում, համատեղ ջանքերով պահպանել ՄԱԿ-ի կանոնադրությունը, գաղափարներն ու նպատակները, ինչպես նաև միասնաբար տեր կանգնել Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակին և դրա արդյունքներին:Նախարար Ճեչին նշեց նաև, որ երկու կողմերը հակված են աշխարհի բոլոր վիճելի խնդիրները խաղաղ ճանապարհով լուծելուն, խոսեց ռուս-չինական տնտեսական հարաբերություններից՝ նշելով, որ 2012թ.-ի վերջում ապրանքաշրջանառությունը գերազանցել է 80 մլրդ. ԱՄՆ դոլլարը, հույս հայտնեց, որ մինչև 2015թ. այդ թիվը կհասնի 100 մլրդ ԱՄՆ դոլլարի:Նախարարները քննադատեցին Դամասկոսում տեղի ունեցած ահաբեկչական ակտը, որի պատճառով բազմաթիվ սիրիացիներ էին զոհվել, ինչպես նաև վնասվել էր ՌԴ դեսպանատունը:
Greatt share