China-Eurasia News Ticker

ՆՈՐ ՕՍՏՊՈԼԻՏԻԿ՝ ԵՄ-ՈՒԿՐԱԻՆԱ-ԱԴՐԲԵՋԱՆ ԵՌԱՆԿՅՈՒՆԻՆ ԸՆԴԴԵՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ: ԶԳՈՒՇԱՑԻ՛Ր ՀԱՅԱՍՏԱՆ

ՄՀԵՐ ՍԱՀԱԿՅԱՆ
Նանջինգի համալսարանի Միջազգային հարաբերությունների ինստիտուտ,  ՉԻՆԱՍՏԱՆ

06.05.2014

Երկրորդ Համաշխարհային պատերազմից հետո Եվրոպայում կատարվող փոփոխությունները հասկանալու համար կարևոր է քննարկել՝ ինչպիսի՞ քաղաքականություն որդեգրեց Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետությունը, ի՞նչն օգնեց Գերմանիային վերամիավորվել ու դառնալ Եվրոպայի շարժիչ ուժն ու առաջատարը:

Աշխարհամարտի արդյունքում բաժանված ու թուլացած Արևմտյան Գերմանիայի քաղաքական մտքի հիմնական նպատակն էր ապահովել երկրի անվտագությունը, բարելավել հարաբերություններն ու տարածել ազդեցությունն Արևելյան Եվրոպայում ու Արևելյան Գերմանիայում, միավորել Գերմանիան ու հասնել լիակատար անկախության: Այս նպատակներին հասնելու համար ԳՖՀ-ի քաղաքագետների կողմից շրջանառության մեջ դրվեց Արևելյան քաղաքականությունը (Օստպոլիտիկ):

Իմ կարծիքով՝ ԳՖՀ-ի վարած Օստպոլիտիկը կարելի է պայմանականորեն բաժանել երեք շրջանի:
I. 1950-1965թթ.
II. 1965-1990թթ
III. 1990-արդի ժամանակաշրջան

I-ին շրջան՝ 1950-1965թթ.

1950-1960թվականներին ԳՖՀ-ի վարած Օստպոլիտիկը կարելի է բնութագրել որպես պաշտպանողական: Հիմքում դրված էր Հալլսթեյնի տեսությունը, ըստ որի՝ ԳՖՀ-ն չէր ճանաչում Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունը (ԳԴՀ), սպառնում էր մյուս երկրներին, որոնք կճանաչեին ԳԴՀ-ի անկախությունը, վիճելի էր համարում Լեհաստանի արևմտյան սահմանները: Գերմանիայի վերամիավորումը տեսնում էր միայն Արևմուտքի ճամբարում ԽՍՀՄ-ի հետ հակամարտելու միջոցով:

II շրջան՝ 1965-1990թթ.

Բեռլինի պատի ու Կարիբյան ճգնաժամերից հետո Արևմտյան ուժերն ու ԽՍՀՄ-ը փորձեցին լիցքաթափել իրավիճակը, որը կարող էր միջուկային պատերազմի պատճառ դառնալ: ԳՖՀ ղեկավարությունը հասկացավ, որ եթե չմասնակցի գաղափարական երկու հակադարձ ճամբարների երկխոսությանը, ապա կարող է հայտնվել մեկուսացման մեջ: 1966-ին ԳՖՀ-ն դիվանագիտական նոտաներ ուղարկեց սոցիալիստական ճամբարների երկրներին՝ առաջարկելով զերծ մնալ ուժի կիրառումից, ու բանակցությունների միջոցով հարաբերություններ ստեղծել: Նոր ստեղծված սոցիալ-լիբերալների կոալիցիայի համար խնդիր դրեց կապեր հաստատել Արևելյան Գերմանիայի և Արևելյան Եվրոպայի մյուս երկրների հետ, որի շնորհիվ հնարավոր կլիներ տարածել սեփական ազդեցությունը, ինչպես նաև երկու Գերմանիաներում պահպանել ընդհանուր ազգային ինքնագիտակցությունը: Գերմանացիները լավ էին հասկանում, որ Գերմանիան միավորելու համար պետք է ստանալ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, ԽՍՀՄ-ի ու Մեծ Բրիտանիայի թույլտվությունը: Դժվար ու երկար բանակցություններից հետո ԳՖՀ-ն ստացավ ԱՄՆ-ի ու Անգլիայի օժանդակությունը ԽՍՀՄ-ի հետ բանակցելու համար: Հետո անմիջական բանակցություններ սկսեց ԽՍՀՄ-ի ու Լեհաստանի ղեկավարության հետ:

ԳՖՀ-ն Եվրոպայում խաղաղությունը և անվտանգությունը պահպանելու համար, ինչպես նաև Գերմանիան միավորելու համար, օգտագործում էր նաև նորաստեղծ Եվրոպայի Անվտանգության և Համագործակցության կազմակերպությունը: Մինչև 1990-ը ԳՖՀ-ն կարողացավ Արևմտյան մյուս երկրների հետ զարգացնել տնտեսությունը, վերականգնել քաղաքական ու ռազմական հզորությունը, ինչը նրան հնարավորություն տվեց իր ազդեցությունը տարածել Արևելյան Եվրոպայում ու նպաստել Վարշավայի պակտի փլուզմանը: 1990-ին, կարծես, Օստպոլիտիկը հասավ իր վերջնական նպատակին՝ միավորելով Գերմանիան:

III-րդ ժամակաշրջան 1990-ից մեր օրեր

ԽՍՀՄ փլուզումից հետո Արևելյան Եվրոպայում կոմունիստական կուսակցությունը կորցրեց իշխանությունը, որի պատճառով Ռուսաստանը կորցրեց իր ազդեցությունն այս տարածաշրջանում: ԽՍՀՄ փլուզման պատճառում <<որբացած>> Արևելյան Եվրոպայում ԵՄ-ն լրամշակեց ու շարունակեց ԳՖՀ-ի Արևելյան քաղաքականությունը` Օստպոլիտիկը:

Ո՞րն էր 90-ական թթ. ԵՄ-ի (Գերմանիայի) վարած նոր Օստպոլիտիկը:

ԵՄ-ն ու նրա հիմնական երկու առաջնորդները՝ Գերմանիան ու Ֆրանսիան կարողացան ֆինանսական ու տնտեսական ահռելի ներդրումների միջոցով ԵՄ-ին միացնել Արևելյան Եվրոպայի մի շարք երկրներ՝ Լեհաստանը, Հունգարիան, Լիտվան, Լատվիան, Էստոնիան, Բուլղարիան, Խորվաթիան, Ռումինիան, Չեխիան, Սլովակիան, Սլովենիան, որոնք ժամանակին գտնվում էին Ռուսաստանի տնտեսական դաշտում: 90-ականներին թուլացած Ռուսաստանը չկարողացավ դիմագրավել Գերմանիայի (ԵՄ) նոր արևելյան արշավանքին, իսկ միավորված Գերմանիան ավելի հզորացավ ու դարձավ Եվրոպայի թիվ մեկ տնտեսությունը: Նոր Օստպոլիտիկի հերթական քայլն էր Ռուսաստանին զրկել ԱՊՀ երկրներից՝ ՈՒկրաինայից, Վրաստանից, Մոլդովայից, Հայաստանից, Ադրբեջանից ու Բելառուսից: Այս նպատակին հասնելու համար շրջանառության մեջ դրվեց ԵՄ Արևելյան գործընկերության քաղաքականությունը, որի վերջնական նպատակն է այս երկրներին տանել դեպի ԵՄ: 2000-ականներից հզորացող Ռուսաստանը փորձում է խոչընդոտել այս ծրագրին, ինչը կարող է երկրորդ Սառը պատերազմի պատճառ դառնալ:

Ռուսաստանին հաջողվեց տնտեսական ու քաղաքական խոստումների, ճնշումների միջոցով Հայաստանին ու Բելառուսին հետ պահել ԵՄ-ի հետ Ասոցացման պայմանագիր կնքելուց, բայց Մոլդովան, Վրաստանը, Արևմտյան Ուկրաինան կնքեցին այս պայմանագիրը: Ներկայումս մենք ականատեսն ենք Ուկրաինայի տարածքում երկու ՝ ԵՄ Նոր Օստպոլիտիկի ու ռուսական Եվրասիականություն գաղափարախոսությունների բախմանը:

ԵՄ-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունին ընդդեմ Ռուսաստանի, ինչու՞ էր Ալիևը մեկնել Թեհրան

Ռուս վերլուծաբանները կարծում են, որ ԵՄ-ն չի կարող կոշտ ուժի դիրքերից հակամարտել ՌԴ-ի հետ, քանի որ ԵՄ-ի էներգետիկ անվտանգությունը կախված է ՌԴ-ից եկող գազից ու նավթից: Իրավիճակը կտրուկ կարող է փոխվել 2019-ին, երբ ադրբեջանական գազը Շահ-Դենիզից Վրաստանի ու Թուրքիայի տարածքով կառաքվի ԵՄ: Ըստ 2013-ին կնքված ԵՄ-Ադրբեջան պայմանագրի՝ գազամուղի ամբողջ ծախսը պետք է կատարի Եվրոպական կողմը: Շել գազի հեղափոխությունն ԱՄՆ-ին դարձրեց աշխարհի խոշոր գազ արտադրող երկրներից մեկը: ԱՄՆ-ը տարեցտարի ավելացնում է հեղուկ գազի արտահանումը, ինչի շնորհիվ ազդում է համաշխարհային շուկայի գազի գների վրա ու թուլացնում գազի վաճառքի գներից կախում ունեցող երկրներին: Այսպիսով, 2019-ին Ռուսաստանը կարող է զրկվել եվրոպական շուկայից, ինչն էլ կզրկի Ռուսաստանին ԵՄ-ում իր բոլոր լծակներից, քանի որ Շահ-Դենիզի գազն ու ԱՄՆ-ի Շել գազը կբավականացնեն ԵՄ-ի պահանջները:

Իմ կարծիքով, Արևմուտքն Ուկրաինայի հնարավոր զարգացումների պատճառով էր, որ բանակցություններ սկսեց Իրանի միջուկային խնդիրը լուծելու համար: Խնդրի լուծումը հնարավորություն կտա ԵՄ-ին վերսկսել Իրանից էներգակիրների գնումները, ինչի կարիքն ունի նաև քայքայվող իրանական տնտեսությունը: Այս համատեքստում պետք է դիտարկել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այցը Թեհրան: Բանակցությունների առանցքում է եղել նաև հետագայում ադրբեջանական գազամուղի միջոցով իրանական նավթը ևս Եվրոպա արտահանելու խնդիրը: Այս բանակցությունները կշարունակվեն նաև Բաքվում, երբ ԻՀՀ նախագահ Ռոհանին կժամանի Բաքու: Այսպիսով, Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա-ԵՄ գազամուղի միջոցով բարելավվում են նաև Իրան-Ադրբեջան հարաբերությունները:

Ի՞նչ կարող է անել Ռուսաստանը, զգուշացի՛ր Հայաստան

Ռուսաստանն Ուկրաինայի դեպքերի ժամանակ ցույց տվեց, որ կարողանում է արագ գործել ու կողմնակից է խնդիրների ուժային տարբերակով լուծմանը: ՌԴ-ին հաջողվեց վերցնել Ղրիմն ու Սևաստոպոլը և անկայուն իրավիճակ ստեղծել Արևելյան Ուկրաինաում:

2013-ին, երբ ԵՄ-ն ցանկություն հայտնեց բանակցություններ սկսել Ադրբեջանի ու Թուրքիայի հետ՝ Շահ-Դենիզից ԵՄ գազամուղ սարքելու համար, ՌԴ-ն Հայաստան տեղափոխեց «Իսկանդեր-Մ» տեսակի հրթիռային համակարգեր, որոնք ի վիճակի են ոչնչացնել վերոհիշյալ գազամուղը: Այս գազամուղը ոչնչացնելու համար ՌԴ-ն կարող է նոր Ղարաբաղյան պատերազմ հրահրել, ինչն անցանկալի է ՀՀ-ի ու ԼՂՀ-ի համար: ՀՀ-ն հնարավորինս պետք է հեռու մնա գերտերությունների պայքարի կիզակետում հայտնվելուց, որի պատճառով կարող է մարդկային ու տնտեսական անդառնալի կորուստներ կրել:

ՌԴ-ն հույս ունի նաև, որ եթե ԵՄ-ն գազ չգնի, ապա այդ գազը կգնի Չինաստանը: Նման դեպքում չինացիները հնարավորություն կունենան սակարկել ու իջեցնել գազի գինը, ինչպես արեցին Իրանի պարագայում, երբ ԵՄ-ն հրաժարվեց գնել Իրանի էներգակիրները: Պետք է հաշվի առնել, որ Չինաստանում ևս հայտնաբերվել են Շել գազի զգալի պաշարներ ու Չինաստանը տարեցտարի ավելացնում է արտադրության ծավալները:

Պատմության ընթացքում Գերմանիայի միտքը գամված է եղել դեպի արևելք, որտեղ միշտ բախվել է Ռուսաստանի հետ ու նահանջել: Մինչև 1945թ. գերմանական Օստպոլիտիկը փորձում էր զենքի միջոցով տիրանալ Արևելյան Եվրոպային ու այս քաղաքականությունը մի քանի անգամ ձախողվեց: Կարծես գերմանական քաղաքական միտքը մի շարք վերլուծություններ է կատարել ու ներկայումս իր ազդեցությունը տարածում է ոչ թե զենքի ու կոշտ քաղաքականության, այլ տնտեսական հզոր լծակների, փափուկ քաղաքականության (soft power) միջոցով:

Աղբյուր՝ diplomat.am

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: