Ո՞ՒՐ Է ՏԱՆՈՒՄ ՉԻՆԱՍՏԱՆԻ, ՌՈՒՍԱՍՏԱՆԻ, ՀՆԴԿԱՍՏԱՆԻ, ԲՐԱԶԻԼԻԱՅԻ ԵՎ ՀԱՀ ԿԱՌՈՒՑԱԾ ՁԵՎԱՉԱՓԸ

BRICS

Մհեր Սահակյան

Ո՞ՒՐ Է ՏԱՆՈՒՄ ՉԻՆԱՍՏԱՆԻ, ՌՈՒՍԱՍՏԱՆԻ, ՀՆԴԿԱՍՏԱՆԻ, ԲՐԱԶԻԼԻԱՅԻ ԵՎ ՀԱՀ ԿԱՌՈՒՑԱԾ ՁԵՎԱՉԱՓԸ

Երկար ժամանակ է, ինչ գործում է Ռուսաստանի, Չինաստանի, Հնդկաստանի, Բրազիլիայի և Հարավաֆրիկյան Հանրապետության (ՀԱՀ) ստեղծած միջազգային կազմակերպությունը, որն անդամակցող երկրների առաջին տառերով կոչվում էBRICS (ԲՌՀՉՀ): Այս նախագծի հիմնական ճարտարապետն էր ռուսական կողմը, մտահղացումը պատկանում էր հայտնի արևելագետ, քաղաքական գործիչ Ե.Պրիմակովին, սակայն, կազմակերպության անդամներին կապող օղակը դարձել է Չինաստանը, քանի որ մյուս երկրները հենց վերջինիս հետ ունեցած անփոխարինելի տնտեսական համագործակցության շնորհիվ են միավորվում և գնում դեպի քաղաքական գործընկերություն:

2015թ. Ռուսաստանի Ուֆա քաղաքում տեղի ունեցավ կազմակերպությանն անդամակցող երկրների ղեկավարների հերթական հանդիպումը, կողմերը համաձայնեցին խորացնել համագործակցությունը քաղաքական, տնտեսական, կրթական, բնապահպանական, համացանցի միասնական դաշտ ստեղծելու և այլ հարցերի շուրջ: Համեմատաբար երիտասարդ քաղաքական-տնտեսական միավորին թե՛ արևմտյան, թե՛ ռուսական վերլուծաբանները երբեմն մեղադրում են կոնկրետ ծրագրեր չունենալու մեջ: Նրանք նշում են նաև, որ Ռուսաստանը վերջերս փորձում է ակտիվացնել BRICS-ը, որպեսզի ցույց տա, որ ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ հարաբերությունների լարվածության պատճառով մեկուսացման մեջ չի գտնվում: Ուֆայում ընդունված հռչակագիրն1 էլ, կարծես, փաստաթուղթ էBRICS անդամ երկրների ցանկությունների, տեղեկատվություն՝ նախկինում կատարած գործերի մասին, չկան որոշակիացված գործողությունների ծրագրեր, բայց կա հավաստիացում, որ այն ուղղված չէ երրորդ երկրների դեմ։

Եվ այստեղ հարց է առաջանում. արդյո՞ք Ուֆայի հռչակագիրը զգուշավոր փաստաթուղթ է արտաքին լսարանի համար, որը հատուկ է չինական դիվանագիտական դպրոցին, թե՞ վերոնշյալ քննադատությունները համապատասխանում են իրականությանը:

Կարծում եմ, որ BRICS-ը ներկայումս հետապնդում է երկու հեռահար նպատակ.

ա. Վերջերս շատ է խոսվում Միավորված Ազգերի Կազմակերպության (ՄԱԿ) բարեփոխումների անհրաժեշտության և նրա Անվտանգության խորհրդի (ԱԽ) հիմնական 5 անդամների թիվն ավելացնելու անհրաժեշտության մասին։ Սրա մասին խոսում են Գերմանիան և Ճապոնիան, որոնք ՄԱԿ հիմնական ֆինանսավորողներից են, ինչպես նաև դարձել են արդի միջազգային հարաբերություններում կարևոր խաղացողներ: Խոսվում է նաև աֆրիկյան երկրներից մեկի (հավանական թեկնածուներից է Նիգերիան)՝ ՄԱԿ ԱԽ կազմ ընդգրկվելու անհրաժեշտության մասին: Դեպքերի նման ընթացքը ձեռնտու է ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին, քանի որ համաշխարհային քաղաքականությանը վերաբերող հարցերի քննարկման ու լուծման գլխավոր հարթակում՝ ՄԱԿ ԱԽ-ում, կավելանա նրանց դաշնակիցների (Ճապոնիա, Գերմանիա) թիվը: Իհարկե, Մոսկվայում և Պեկինում հասկանում են, որ չեն կարող անվերջ խոչընդոտել Գերմանիայի և Ճապոնիայի՝ ՄԱԿ ԱԽ ընդգրկվելու պահանջին, բայց մտածում են այս ուժերին հակակշիռ ստեղծելու մասին։ Ստեղծելով BRICS-ը՝ Ռուսաստանն ու Չինաստանը նպատակ ունեն ամրապնդել հարաբերություններն Ասիայում հզորացող Հնդկաստանի, Հարավային Ամերիկայում արագ զարգացող Բրազիլիայի, Աֆրիկայում հեղինակություն վայելող ՀԱՀ-ի հետ, որից հետո այս երկրներին օժանդակել, որ նրանք էլ ընդգրկվեն ՄԱԿ ԱԽ-ում: Ռուսաստանն ու Չինաստանը ՄԱԿ ԱԽ մշտական հնգյակում փոփոխությունների դեպքում կստեղծեն իրենց թիմն ու կպահեն Արևմուտքի հետ ուժերի հավասարակշռությունը։ Թե՛ Հնդկաստանը, թե՛ Բրազիլիան, թե՛ ՀԱՀ-ը նույնպես հետաքրքրված են ՄԱԿ ԱԽ մշտական անդամ դառնալով: Համենայն դեպս, BRICS խնդիրներից է նաև մինչև դեպքերի նման զարգացումները հարթել անդամ երկրների հարաբերություններում առկա կնճիռները։ Խոսքն առաջին հերթին վերաբերում է չին-հնդկական հարաբերություններին, որոնք երբեմն լարվում են սահմանային խնդիրների պատճառով: Չինաստանի վրա ճնշում է գործադրում նաև Պակիստանը, որպեսզի հեռու պահի իր դաշնակից Պեկինին Նոր Դելիի հետ մտերմանալուց։

BRICS անդամների միջև տարաձայնությունները հարթելու գործում կառուցողական դեր է խաղում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ BRICS անդամները ցանկանում են, որպեսզի կազմակերպությանն անդամակցի նաև իսլամական երկիր, որպեսզի իսլամական քաղաքակրթությունը նույնպես ներկայացված լինի կազմակերպությունում: Ներկայումս BRICS-ում հետաքրքրված են Ինդոնեզիային հրավիրելու գործով։

բ. Խորհրդային Միության փլուզումից հետո թե՛ Ռուսաստանը, թե՛ նախկին սոցիալիստական ճամբարի երկրները միացան Արևմուտքի ստեղծած ֆինանսատնտեսական համակարգին: Այս համակարգը ստեղծվել և վերահսկվում է ԱՄՆ և ԵՄ անդամ երկրների կողմից: Ռուսաստանի նկատմամբ կիրառվող վերջին տնտեսական պատժամիջոցները ևս մեկ անգամ փաստեցին, որ ոչ արևմտյան երկրներն Արևմուտքի հետ հակամարտելու արդյունքում կարող են ճնշումների ենթարկվել՝ վերջինիս կանոններով գործող համաշխարհային ֆինանսական համակարգում:

BRICS երկրները, լինելով ոչ արևմտյան, հասկանում են, որ Արևմուտքի կողմից վերահսկվող ֆինանսատնտեսական համակարգին հավասարակշռող ևս մեկ՝ ոչ արևմտյան երկրների կողմից վերահսկվող համակարգ է պետք ստեղծել։ Այս նպատակին հասնելու համար BRICS-ը ստեղծեց «BRICSզարգացման նոր բանկը», որի կենտրոնը գտնվում է Չինաստանի Շանհայ քաղաքում, ունի սեփական արժութային պահուստներ և ապահովելու է BRICSերկրների ֆինանսական համակարգերի կայունությունը։

Բանկի նախնական հայտարարագրված կապիտալը $100 մլրդ է, կնքվել է նաև պայմանագիր ընդհանուր արտարժութային պահուստներ ստեղծելու մասին, նախնականը՝ $100 մլրդ-ի չափով2:

Այսպիսով, Չինաստանն ու ՌուսաստանըBRICS-ը ցանկանում են դարձնել յուրահատուկ տրոյական նժույգ, որի միջոցով կապահովեն Հնդկաստանի, Բրազիլիայի, ՀԱՀ մուտքը ՄԱԿ ԱԽ, ինչպես նաև կփորձեն ստեղծել ևս մեկ ֆինանսական համակարգ, որի շնորհիվ կկարողանան փոքրացնել իրենց կախումն Արևմուտքի կողմից թելադրվող խաղի կանոններով գործող ֆինանսական աշխարհից։

1 БРИКС, «Уфинская декларация», 9 июля 2015, УФА РФ, http://brics2015.ru/documents/

2 Г.Д. Толорая, «Зачем России БРИКС?», Россия в глобальной политике, №2, январь-февраль, 2015,http://www.globalaffairs.ru/number/Zachem-Rossii-BRIKS-17309


դեպի ետ


Հեղինակի այլ նյութեր

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s