mher

ԿՈՐԵԱԿԱՆ ԵՐԿՈՒ ՄՈԴԵԼՆԵՐԸ ԵՎ ՀՀ-Ն

Հղումը՝http://noravank.am/arm/articles/detail.php?ELEMENT_ID=14868

Մհեր Սահակյան
Նանջինգի համալսարանի ասպիրանտ

Ներկայիս ռազմաքաղաքական լարված իրավիճակում ավելի կարևոր է դառնում ՀՀ-ի կողմից կոնկրետ զարգացման ուղի որդեգրելու հրամայականը: Հարցեր են հնչում, թե որոնք են այն ճանապարհները, որ կարող են նպաստել ՀՀ անվտանգության ապահովմանը, բարդ տարածաշրջանում փակ սահմաններով տնտեսության զարգացմանը: Հետաքրքրական է, որ սոցիալական ցանցերում (Ֆեյսբուք և այլն) հստակ ուրվագծվում է ՀՀ ռազմականացման տեսլականը:

Հանրության մի զգալի հատված վերջին ռազմական գործողություններից հետո հստակ նշում է, որ ՀՀ-ն նույնպես պետք է ձեռք բերի բոլոր այն զինատեսակները, որոնք առկա էին Բաքվի զինանոցում: Փորձ է արվում ընդգծել Ադրբեջանի հետ սպառազինությունների մրցավազքի դուրս գալու կարևորությունը:

Լինե՞լ, թե՞ չլինել հարցի իմաստը տեղավորվում է հետևյալի մեջ. ինչպե՞ս է հնարավոր, մի կողմից, ունենալ արդիական բանակ, իսկ մյուս կողմից՝ զարգացնել տնտեսությունը: Այսինքն՝ այս հարցը պետք է կարդալ հակառակ կողմից՝ հասկանալով, որ առանց զարգացած ու մրցունակ տնտեսության հնարավոր չէ ունենալ ժամանակակից բանակ և ապահովել անվտանգությունը: Որպես ՀՀ զարգացման երկու հնարավոր օրինակ ուսումնասիրենք Կորեական թերակղզու 2 պետությունների՝ Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետության (ԿԺԴՀ կամ Հյուսիսային Կորեա) և Կորեայի Հանրապետության (ԿՀ կամ Հարավային Կորեա) օրինակները:

ԿԺԴՀ-ն, թե՛ տնտեսապես, թե՛ ֆինանսապես հետ ընկնելով ԿՀ-ից, գնաց դեպի երկրի ռազմականացումը: Ստեղծվեց հրթիռների արտադրության հզոր համակարգ, որի արտադրանքով ԿԺԴՀ-ն զսպում է ոչ միայն ԿՀ-ին ու սպառնում Ճապոնիային, այլև, մինչև Միավորված Ազգերի Կազմակերպության Անվտանգության խորհրդի (ՄԱԿ ԱԽ) պատժամիջոցները, դրանք վաճառում էր Իրանին, Սիրիային և այլ երկրների: Տարեկան օգուտը՝ $1 մլրդ: 2006թ. ԿԺԴՀ-ն կատարեց միջուկային զենքի առաջին փորձարկումը, որով կոնկրետ ազդանշան տվեց, որ ԱՄՆ-ը և ԿՀ-ն զենքի ուժով չեն կարողանա հաջողության հասնել, բայց այս քայլին հետևեցին ՄԱԿ ԱԽ ծանր պատժամիջոցները:

ԿԺԴՀ թե՛ տնտեսությունը, թե՛ հասարակությունը ռազմականացված են: Ծառայում են կանայք ու տղամարդիկ, պարտադիր ծառայությունը տևում է մոտ 5-12 տարի: Երկիրը ղեկավարվում է մեկ կուսակցության՝ Կորեայի բանվորական կուսակցության կողմից: Տնտեսությունը գործում է պետական ապարատի վերահսկողության ներքո, երկրի կարևոր պաշտոնները գտնվում են 20-րդ դարի քաղաքական ու ռազմական գործիչների ձեռքում. բացառություն է երկրի ղեկավարը՝ Կիմ Չըն Ընը, որը փոխարինելու եկավ հորը:

2013թ. ԿԺԴՀ-ի կողմից պաշտոնապես հայտարարված նոր գիծը, նպատակ ունի արդիականացնել միջուկային զինանոցն ու կառուցել մրցունակ տնտեսություն1։

Այսինքն՝ ԿԺԴՀ-ն առաջին հերթին կարևորում է բանակի, իսկ հետո՝ տնտեսության զարգացումը: Սակայն տնտեսության զարգացումը, թերևս, անհնար է ներկայիս պատժամիջոցների պայմաններում, որոնք ԿԺԴՀ-ին փաստացիորեն տնտեսական շրջափակման են ենթարկել:

Իհարկե, ՀՀ-ն կարող է հետևել ԿԺԴՀ օրինակին, այն է՝ փակել երկիրը, իշխանությունը հանձնել մեկ կուսակցության, երկիրը տանել դեպի «մեծ» ռազմակայան դառնալու ճանապարհով՝ զարգացնել ռազմարդյունաբերությունը, բանակի ծառայությունը դարձնել 10 տարի, բանակ տանել նաև կանանց, վերահսկողություն տակ առնել երկրի տնտեսական համակարգը՝ արդյունքում ստանալով երկիր, որտեղ բնակվող մարդիկ կապրեն սոցիալական ոչ բավարար պայմաններում, բայց կունենան հեռահար հրթիռներով ու պաշտպանության համար բավարար միջոցներով օժտված բանակ, որն էլ իր հերթին կապահովի երկրի անվտանգությունը:

ՀՀ-ն ռազմական ճամբարի վերածելու արդյունքում երկրում կմեծանան զինվորականության դերն ու իշխանությունը, պետական ապարատի վերահսկողության տակ գործող տնտեսությունն ի վիճակի կլինի պահել միայն բանակն ու այն սպասարկող հիմնարկները: Կկրճատվեն երկրի այլ բնագավառների վրա ծախսվող գումարները:

Այսինքն՝ ռազմականացման ճանապարհով գնալը կամ սպառազինությունների մրցավազքի մեջ մտնելը, կամ Մեծամորի ատոմակայնի թափոնների միջոցով ատոմային ռումբ ստեղծելը (ինչն առանց գիտական ու տեխնիկական հզոր համակարգի անհնարին է) երկրին կտան որոշակի անվտանգության երաշխիքներ, բայց արդյունքում կստանանք տնտեսապես թերզարգացած, մեկուսացած ու ռազմականացված երկիր…

Պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ ԿԺԴՀ-ի նման ռազմականացած և «ապահով» երկիրն էլ չի կարող գոյատևել, եթե չլինի Չինաստանի ֆինանսական ու տնտեսական օգնությունը… Այսինքն՝ պետք է գտնել նաև երկիր, որը հետաքրքրված կլինի Հարավային Կովկասում ռազմաբազայի վերածված երկրին ֆինանսավորելով…

Սփյուռքից եկող դրամական հոսքերի միջոցով զենք գնելու վրա նույնպես հույս դնել չի կարելի, քանի որ այս ռեսուրսն անվերջ չէ, մարդիկ կփոխանցեն մեկ անգամ, երկու անգամ, բայց երրորդ անգամ արդեն իրենց համար էլ դժվար կլինի…

Կորեական երկրորդ դասն ու օրինակը կարելի է համարել ԿՀ ճանապարհը: Այն, ի տարբերություն իր անմիջական հարևանի՝ ԿԺԴՀ-ի, ազատականացրեց երկրի տնտեսությունը, որդեգրեց արևմտյան պետականաշինության արժեքները, զարգացրեց գիտությունը: Գիտության վրա ծախսված ահռելի գումարների շնորհիվ ստացված արդյունքներն անմիջականորեն փորձարկելով տնտեսության մեջ՝ կարճ ժամանակում համաշխարհային շուկայում մրցունակ ապրանքներ ստեղծեց:

ԿՀ-ն զարգացած գիտության և արդյունաբերության շնորհիվ (նանոտեխնոլոգիաների արտադրություն, մեքենաշինություն, քիմիական արդյունաբերություն և այլն) ստիպում է, որ հաշվի առնեն իր շահերը: Մեծացնելով տնտեսական կապերը Չինաստանի և Ռուսաստանի հետ, որոնք ԿԺԴՀ հիմնական հովանավորներն են, ԿՀ-ին հաջողվեց ԿԺԴՀ-Չինաստան, ԿԺԴՀ-Ռուսաստան հարաբերությունների մեջ սեպ խրել: Ներկայում թե՛ Պեկինը, թե՛ Մոսկվան ակնհայտ տարբերություն չեն դնում Սեուլի և Փհենյանի միջև, ինչն, իհարկե, ԿԺԴՀ մեկուսացմանն է նպաստում: Իսկ ԿՀ դաշնակիցը՝ ԱՄՆ-ը, Սեուլին մատակարարում է թե՛ սպառազինություն, թե՛ ապահովում է «միջուկային անձրևանոցով»: Այսինքն՝ դաշնակիցը պատրաստ է ապահովել իր այն դաշնակցին, որն ուժեղ է ու հարուստ, ոչ մեկին թույլ և աղքատ դաշնակիցներ պետք չեն…

Ի տարբերություն ԱՄՆ-ԿՀ դաշինքի, ԿԺԴՀ-ի հետ դաշինքն իսկական բեռ է դարձել Չինաստանի համար, և Պեկինում հաճախ են սկսել կասկածի տակ դնել աղքատ ու ռազմականացված Փհենյանի հետ հարաբերությունների կարևորության հարցը…

Երկու Կորեաների համեմատության դեպքում պետք է նաև նշել, որ ԿԺԴՀ-ն հարուստ բնական պաշարներ ունի, իսկ ԿՀ-ն նմանատիպ ռեսուրսներով օժտված չէ…

Այսինքն՝ Հարավային Կովկասում ՀՀ-ն, զարգացնելով գիտությունն ու ստացված արդյունքները տնտեսության մեջ փորձարկելով, կարող է հաջողություն գրանցել, ստացված գումարներով առողջացնել երկրի տնտեսական համակարգը, գնել զենք ու ապահովել անվտանգությունը: ՀՀ-ում Հարավային Կորեայի ոճի բարեփոխումների ի հայտ գալու դեպքում ՀՀ կարելի է վերադարձնել նաև արտերկրում աշխատող բարձրակարգ հայազգի գիտնականներին ու տնտեսության բնագավառում ղեկավարման փորձ ունեցող մասնագետներին, ովքեր կմիացնեն գիտությունն ու արդյունաբերությունը՝ զարգացնելով ՀՀ տնտեսությունը, որն էլ իր հերթին կնպաստի երկրի անվտանգության ամրապնդմանը:

Այսպիսով, ՀՀ-ն նույնպես, ԿՀ-ի նման, չունի բնական հանածոներ, ուստի պետք է հույսը դնի միայն սեփական մարդկանց ինտելեկտի ու գիտության զարգացման շնորհիվ հաջողության հասնելու վրա՝ բնական հանածոներով օժտված ԿԺԴՀ-ի փորձը թողնելով Հարավային Կովկասի՝ նավթով ու գազով օժտված, Արցախից անդին ընկած ռազմատենչ հարևանին:

1 Մհեր Սահակյան, Ատոմային ռումբը վերադառնում է կամ՝ կորեական թնջուկ, Գլոբուս #4 (49), 2014, http://noravank.am/arm/articles/detail.php?ELEMENT_ID=12707

դեպի ետՀեղինակի այլ նյութեր

Ո՞ՒՐ Է ՏԱՆՈՒՄ ՉԻՆԱՍՏԱՆԻ, ՌՈՒՍԱՍՏԱՆԻ, ՀՆԴԿԱՍՏԱՆԻ, ԲՐԱԶԻԼԻԱՅԻ ԵՎ ՀԱՀ ԿԱՌՈՒՑԱԾ ՁԵՎԱՉԱՓԸ[05.10.2015]
ՉԻՆԱՍՏԱՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՆԱԽԱԳԱՀ ՀԵՆՐԻ ԱՐՍԼԱՆՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ[25.09.2015]
ՉԻՆԱՍՏԱՆ-ԿԺԴՀ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԱԿ ԱԽ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ[22.12.2014]
ԻՆՉՈ՞Ւ ԷՐ ՉԻՆԱՍՏԱՆՆ ՕԳՆՈՒՄ ԻՐԱՆԻՆ ԻՐԱԳՈՐԾԵԼ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ[10.11.2014]
ՉԻՆԱՍՏԱՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԸ ՄԵՐ ՕՐԵՐՈՒՄ[05.06.2014]
ԱՏՈՄԱՅԻՆ ՌՈՒՄԲԸ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է, ԿԱՄ՝ ԿՈՐԵԱԿԱՆ ԹՆՋՈՒԿ[12.05.2014]

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s