365news.amՆոր կորոնավիրուսը ներկայումս դարձել է միջազգային անվտանգության հիմնական սպառնալիքը․ Մհեր Սահակյան
65news-ը դեկտեմբերի սկզբին Չինաստանում բռնկված նոր COVID-19 վիրուսի տնտեսական, աշխարհաքաղաքական հետևանքների, ինչպես նաև այս իրավիճակում մեծ տերությունների կողմից վարվող քաղաքականությունների մասին զրուցել է «Չինաստան-Եվրասիա քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհուրդ» հիմնադրամի ղեկավար, Միջազգային Խաղաղության ինստիտուտի Խորհրդականների խորհրդի անդամ (Ավստրիա), ք․գ․թ․Մհեր Սահակյանի հետ:
– Պարոն Սահակյան, կորոնավիրուսով պայմանավորված, մեծ տերությունների վարած արտաքին քաղաքականություններում կա՞ տրանսֆորմացիա, թե՝ ոչ։
– Կարծում եմ՝ մենք հիմա ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ տեղի է ունենում աշխարհակարգի փոփոխություն, և այս աշխարհակարգի փոփոխությունում երկու հակամարտող ճամբարներ են ստեղծվում, որոնցից մեկը Չինաստան-Ռուսաստան տանդեմն է, իսկ մյուսը՝ Թրամփյան ԱՄՆ-ն իր դաշնակիցների հետ։ Այսօր ունենք մեկ գերտերություն՝ ԱՄՆ-ն, մեկ երիտասարդ գերտերություն՝ Չինաստանը, ունենք հզոր ուժ համարվող Ռուսաստանին, ինչպես նաև ունենք Եվրոպական միությանը։ Այսինքն, խոսելով աշխարհաքաղաքականության մասին, պետք է առաջին հերթին ի նկատի ունենանք հենց նրանց:
Հնարավորություն կար, որ համաճարակը կարող էր հիմք հանդիսանալ, որպեսզի այդ բոլոր ուժերը միավորվեն և միասնական ճակատով պատերազմեին COVID-19-ի դեմ, բայց մենք տեսնում ենք, որ հակառակն է լինում։ ԱՄՆ-ն սկսեց նախագահի, պետքարտուղարի մակարդակով մեղադրել Չինաստանին և քամահրական ձևով նշել, որ դա «չինական» վիրուս է, ինչի փորձեցին պատասխանել նաև չինացիները։ ԱՄՆ-ն պնդում է, որ սա «չինական» վիրուս է, ինչին որոշ չին դիվանագետներ պատասխանում էին, որ սա ամերիկացի զինվորներն են բերել Վուխան՝ հոկտեմբերին տեղի ունեցած զինվորական խաղերի ժամանակ։ Համաճարակի պատճառով խնդիրներ են առաջացել նաև ԵՄ-ում։ Այնտեղ որոշ երկրներ՝ մասնավորապես Արևելյան Եվրոպայի, ինչպես նաև Իտալիան, մեղադրում են ԵՄ-ի կենտրոնական ղեկավարությանը և մյուս երկրներին, որ նրանք օգնության չեկան, իսկ որոշները սահմանները փակեցին, և եթե այս խնդիրները ԵՄ-ի կենտրոնական ապարատը չկարողանա ժամանակին լուծել, ապա կկորցնի իր հեղինակությունը հենց իր անդամների մոտ։
– Արդյո՞ք վիրուսը նպաստեց որոշ երկրների միջև լարվածության թուլացմանը, թե՝ ոչ:
COVID-19-ը ներկայումս դարձել է միջազգային անվտանգության հիմնական սպառնալիքը։ Բոլոր երկրների որոշում կայացնողները պետք է մի կողմ դնեն անհամաձայնությունները և համագործակցության ճանապարհներ գտնեն։ Սա, իրոք, մարդկության համար մեծ սպառնալիք է դարձել։ Քանի որ բուժման դեղամիջոցը դեռ չի հայտնաբերվել, գիտական կենտրոններն աշխատում են այս ուղղությամբ, բայց գործընթացը շատ դանդաղ է ընթանում, դեռևս արդյունք չկա։ Օրինակ՝ Իրանի պարագայում որոշ երկրներ փորձում են օգնել, բայց ԱՄՆ հրաժարվում է պատժամիջոցները հանել և հենց այդ դրանց պատճառով է, որ Իրանը հայտնվել է այսպիսի ծանր իրավիճակում և չի կարողանում լավագույնս լրացնել անհրաժեշտ բժշկական պարագաների պակասը։ Իրանի տնտեսական իրավիճակին էլ ավելի է վնասում նավթի գնի անկումը։ Կարծում եմ, որ լավ կլիներ, եթե ՄԱԿ ԱԽ-ն ժամանակավորապես դադարեցներ ֆինանսատնտեսական պատժամիջոցները, որոնք կիրառվում են Իրանի և համաճարակի ճիրաններում հայտնված այլ երկրների նկատմամբ։ ՄԱԿ ԱԽ-ն պետք է նաև նախաձեռնությամբ հանդես գա, որ բոլոր երկրները ժամանակավորապես դադարեցնեն նաև մեկը մյուսի հանդեպ կիրառել միակողմանի կամ բազմակողմանի պատժամիջոցները։
– Արդյո՞ք վիրուսի բռնկումը կարող ենք համարել նոր, տրանսֆորմացված համաշխարհային պատերազմի սկիզբ:
– Եթե նայենք միջազգային անվտանգության տեսությունը, ապա այնտեղ կտեսնենք, որ սպառնալիքները բաժանվում են երկու մասի՝ ռազմական անվտանգային խնդիրներ և ոչ ռազմական անվտանգային խնդիրներ։ Առողջապահական խնդիրները մտնում են ոչ ռազմական սպառնալիքների մեջ և սա ուսումնասիրվում է մի շարք միջազգայնագետների կողմից, ովքեր ավելի խորացած են միջազգային անվտանգության հիմնախնդիրներում։ Ես մեկ անգամ ասել եմ և նորից կասեմ, որ սա անծուխ պատերազմ է։ Եթե ամբողջ աշխարհը պատերազմում է COVID-19 համաճարակի դեմ, ապա կարելի է համարել նաև անծուխ համաշխարհային պատերազմ։
– Պարոն Սահակյան, փաստացի խնդիրը գլոբալ է, բայց պետություններն առանձին-առանձին են գործում՝ փորձելով միայնակ խնդրին լուծում տալ։ Կարո՞ղ ենք ասել, որ նույն ֆինանսական, տնտեսական խնդիրները, որոնք առաջացել են վիրուսի տարածման պատաճառով, հենց այդ՝ ոչ միասնական պայքարի հետևանքն է, թե՝ ոչ։
– Ոչ միասնական գործելու մոտեցումները իրենց բացասական հետևանքներն են թողնում։ Մի փոքր օրինակ բերեմ նավթի հետ կապված։ Տեսեք՝ ինչ տեղի ունեցավ․ Չինաստանն աշխարահի ամենաշատ նավթ օգտագործող և ներմուծող երկիրն էր և, երբ նրա տնտեսությունը կանգնեց, ապա այն դադարեցրեց մեծ քանակաների հասնող նավթի ներմուծումը։ Սա պատճառ դարձավ, որ աշխարհում արտադրվող նավթի ավելցուկ առաջացավ։ OPEC+-ը մարտ ամսին փորձեց որոշակի լուծում գտնել, փոքրացնել նավթի արտադրանքը, որ պահպանվի գինը, բայց նավթ արտադրող երկրները համաձայնության չեկան, պահպանվեց նավթարդյունաբերության նախկին ծավալը, որի պատճառով նավթի գինն իջնում է։ Սա է պատճառը, որ բազմաթիվ նավթ արդյունաբերող երկրներ կանգնել են կամ կկանգնեն տնտեսական ծանր իրավիճակի առջև։
– Եթե այս նույն տենդենցները շարունակվեն, արդյո՞ք աշխարհը նոր տնտեսական ճգնաժամի առաջ կկանգնի:
– Կարծում եմ՝ այս պահին համաճարակի պատճառած տնտեսական վնասներն արդեն ակնհայտ են։ Չինական տնտեսության կանգառը զգալի վնաս հասցրեց համաշխարհային տնտեսությանը, ներկայումս նրանք փորձում են վերագործարկել երեք ամիս չաշխատած արդյունաբերական կենտրոնները։ Համաճարակը նոր է սկսվել տարածվել Եվրոպայում, որի պատճառով մեծամասամբ կանգնած է նաև այդ տարածաշրջանի տնտեսությունը, Մերձավոր Արևելքի երկրները ևս ֆինանսներ են կորցնում նավթի գների անկման պատճառով, ՌԴ-ում նավթի գնի հետ կապված արժեզրկվում է ռուբլին և այլն։ Կարծում եմ, որ աշխարհը գնում է դեպի համաշխարհային տնտեսական ճգնաժամ։ Ես չեմ ցանկանում 2008 թվականի տնտեսական ճգնաժամի հետ համեմատել ներկա իրավիճակը, քանի որ պատճառները տարբեր են, բայց եթե մինչև հունիս-հուլիս համաճարակի հետ կապված խնդիրը չկարգավորվի, ապա մենք կարող ենք ավելի վատ իրավիճակ ունենալ, քան 2008-ին է եղել։
– Արդյո՞ք կա հավանականություն, որ Չինաստանում վիրուսի տարածումն արտաքին ակտորներից մեկի՝ մասնավորապես ԱՄՆ-ի ձեռքի գործը լինի:
– Ես չեմ հավատում, որ ԱՄՆ-ն, ինչ որ ձևով կապ ունի այս համաճարակի տարածման հետ։ Ճիշտ է, որոշ միջազգայնագետներն այս կարծիքն են առաջ տանում, բայց ես սրա կողմակիցը չեմ։ Կարծում եմ, որ ԱՄՆ-ում քայլեր անելուց առաջ հստակ հաշվարկներ են կատարում և հաշվի կառնեին այն փաստը, որ համաճարակը շատ արագ կտեղափոխվեր նաև ԱՄՆ, քանի որ Չինաստանի և ԱՄՆ-ի միջև մարդկանց, ապրանքների փոխանակությունն ու տեղաշարժն ամենամեծն է աշխարհում։ Կարծում եմ, որ ԱՄՆ-ում հստակ կգիտակցեին, որ Չինաստանի տնտեսության վատթարացումը բումերանգի էֆեկտ կունենա նաև իրենց վրա։ Վերջիվերջո, ԱՄՆ-ն պատասխանատու ուժ է, որը միշտ պայքարել է կենսաբանական զենքի տարածման և օգտագործման դեմ։
– Ո՞ր երկիրն է ամենաշատը տուժել և տուժում այս իրավիճակից:
– Այսօր տնտեսական ամենամեծ կորուստն ունի Չինաստանը, քանի որ արդեն երկար ժամանակ կանգնել էր տնտեսությունը։ Հուբեյ նահանգն ու նրա կենտրոն Վուխան քաղաքը Չինաստանի համար հանդիսանում են կարևոր տրանսպորտային հանգույց, այն չէր գործում։ Նահանգի 56 մլն բնակիչները չէին աշխատում, պետությունն ահռելի միջոցներ էր կենտրոնացրել նրանց պահելու և հիվանդներին բուժելու համար։ Մերձավոր Արևելքում ամենաշատ կորուստներ հայտնում են Իրանից։ Մարդկային կորուստների առումով, եթե երկրների ցուցակը նայում ենք, տեսնում ենք, որ մեծամասամբ առկա են ժողովրդավարական երկրների տվյալները։ Բայց այստեղ հարց է առաջանում, իսկ ու՞ր են ավտորիտար երկրները, այդ երկրներում ոչինչ տեղի չի՞ ունենում։ Թուրքիայից, Ադրբեջանից, արաբական որոշ երկրներից հակասական տվյալներ ենք ստանում։ Օրինակ, եթե նայում ենք ցուցանիշները, ապա տեսնում ենք, որ Իտալիան մահացությունների թվով գերազանցում է բոլորին։ Խնդիրը կայանում է նրանում, որ Իտալիան, լինելով ժողովրդավար երկիր, բոլոր տվյաները ճշգրիտ տրամադրում է։ Եթե ժողովրդավարական որևէ երկրում պետական մակարդակով սխալ տեղեկատվություն տրամադրվի, ապա կառավարությունն ամբողջովին կհեղինակազրկվի և կհեռացվի, քանի որ երկրում կա ազատ խոսք և մամուլ, ինչի միջոցով տվյալները շատ արագ հասանելի են դառնում բոլորին։ Խնդիրը բարդացնում են ավտորիտար երկրները, որոնք վերահսկում են մամուլն ու սոցցանցերը, գաղտնի են պահում համաճարակի բռնկման փաստերը և իրական վնասները, ինչը դժվարացնում է միջազգային հանրության պայքարը համաճարակի դեմ։ Համենայն դեպս, նույնիսկ նմանատիպ անպատասխանատու երկրների իրավիճակը պարզ է դառնում որոշ ժամանակ անց՝ տիեզերքից կատարվող նկարահանումներից միջոցով, որոնք ցույց են տալիս, թե ինչպիսի՞ արագությամբ են տարածվում նոր գերեզմանատներն այդ երկրներում։
– Այս դեպքում ինչո՞վ է պայմանավորված այս հարցում Չինաստանի բաց աշխատելաոճը:
– Պեկինը ներկայումս օգտագործում է երկու տասնամյակ առաջ Չինաստանում բռնկված SARS տիպի համաճարակի դեմ պայքարի փորձը։ Հենց սա էլ նրանց համար հիմք հանդիսացավ, որ գործեն բաց, թույլ տան, որ, թե՛ չինական, թե՛ համաշխարհային լրատվամիջոցները հայտնեն համաճարակի մասին։ Չինաստանը նաև կտրուկ քայլեր կիրառեց, որոնցից էր նաև Հուբեյ նահանգը կարանտինի տակ վերցնելը, աշխարհին տեղեկացնելը համաճարակի և դրա դեմ պայքարելու միջոցների մասին, իսկ ներկա փուլում, երբ Չինաստանում վիճակը բարելավվում է, այն փորձում է նաև օժանդակել այլ երկրներին։ Չինաստանը բժշկական թիմեր է ուղարկել Իտալիա, Իրան, Սերբիա և այլ երկրներ։ Բժշկական պարագաներ, օգնություն է ուղարկում նաև բազմաթիվ երկրների, այդ թվում՝ նաև Հայաստանին։ Չինաստանի կողմից Հայաստանին է տրամադրվում 110,000$-ի օգնություն, որը Հայաստանը կօգտագործի կորոնավիրուս COVID-19-ի դեմ պայքարի համար։
Մելինե Պետրոսյան
Leave a Reply