China-Eurasia News Ticker

Հայաստանի Հանրապետություն/ Մարդկությունը կշահի միայն միասնականության շնորհիվ

Չինաստանում սկսված վարակը մարտահրավեր դարձավ ոչ միայն այդ երկրի, այլեւ ամբողջ աշխարհի համար։ Համաշխարհային առողջապահական ճգնաժամը, բնականաբար, իր անմիջական ազդեցությունն է ունեցել նաեւ համաշխարհային տնտեսության վրա։ Աշխարհում ստեղծված իրավիճակի շուրջ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը զրուցել է «Չինաստան—Եվրասիա» քաղաքական եւ ռազմավարական հետազոտությունների խորհուրդ» հիմնադրամի ղեկավար, Միջազգային խաղաղության ինստիտուտի խորհրդականների խորհրդի անդամ (Ավստրիա), Մեծ Բրիտանիայի չինագիտության ասոցիացիայի անդամ, քաղաքական գիտությունների թեկնածու Մհեր Սահակյանի հետ։
–Պրն Սահակյան, կարո՞ղ ենք, արդյոք, գնահատել, թե ինչ ազդեցություն կունենա կորոնավիրուսը համաշխարհային տնտեսության վրա՝ հաշվի առնելով, որ Չինաստանի ՀՆԱ—ն կազմում է համաշխարհային ՀՆԱ—ի 17 տոկոսը։
–Կորոնավիրուսը պատճառ է դարձել համաշխարհային սոցիալ–տնտեսական ճգնաժամի։ Դեռեւս երկրների ղեկավարները փորձում են խույս տալ եւ բացահայտ չխոսել այդ մասին, բայց համաշխարհային տնտեսությունն արդեն իսկ ճգնաժամի առաջին փուլում է։ Համաշխարհային տնտեսությանը մեծ հարված էր հասցրել Չինաստանի տնտեսության կանգառը, որն այժմ կամաց—կամաց վերականգնվում է։ Այսօր տեսնում ենք, որ իրավիճակը վատանում է աշխարհի առաջին տնտեսությունում՝ ԱՄՆ—ում, ինչպես նաեւ համաշխարհային տնտեսության առաջատարներից ԵՄ—ում։ Ռուսաստանում կարծես իրավիճակը դեռեւս կառավարելի է, ինչը Մոսկվային հնարավորություն է տալիս օգնել Իտալիային։ Բայց հարց է, թե ինչ է սպասվում Ռուսաստանի տնտեսությանը նավթի գների անկման եւ ռուբլու արժեզրկման պայմաններում։ Ծանր իրավիճակում է հայտնվել Մերձավոր Արեւելքը. վտանգը կրկնապատկվում է, քանի որ համավարակը տարածվում է նաեւ փախստականների ճամբարներում՝ շարժվելով դեպի Մերձավոր Արեւելքի եւ Աֆրիկայի այնպիսի երկրներ, որտեղ առողջապահական համակարգ գրեթե գոյություն չունի։ COVID—19—ը մարդկությանը կանգնեցրել է շատ ծանր իրավիճակի առջեւ, դարձել է համար մեկ անվտանգային սպառնալիքը։ Այստեղ կարեւոր է, որ ամբողջ աշխարհը գործի միասնական, բայց դա դեռեւս չի հաջողվում։ Կորոնավիրուսի դեմ պայքարում առաջնորդությունը փորձում են իրենց վրա վերցնել Չինաստանը եւ ԱՄՆ—ն, երբեմն սա վերածվում է նաեւ պայքարի, մեկը մյուսի հանդեպ հնչեցնում են մեղադրանքներ։ Համենայնդեպս, այս երկու ուժերը ֆինանսական եւ բժշկական օգնություն են տրամադրում տասնյակ երկրների։ Ռուսաստանն էլ փորձում է հնարավորության սահմաններում օգնել միջազգային հանրությանը։
–Առողջապահական խնդիրներից բացի նոր իրավիճակը փոխել է նաեւ սոցիալական, հաղորդակցային եւ կրթական բաղադրիչների ձեւաչափն ու բովանդակությունը։ Ինչպիսի՞ մարտահրավերներ եւ միաժամանակ հնարավորություններ է ստեղծում այսօր առցանց, վիրտուալ աշխարհը։ Ինչպիսի՞ն կլինի աշխարհը կորոնավիրուսից հետո։
–Ներկա իրավիճակը ծանր հարված է մարդկության համար։ Չէ՞ որ իր տեսակով մարդու հոգեկան եւ ֆիզիկական հաջող կենսագործունեությունը մեծապես կապված է սոցիալական շփումից, տեղաշարժվելուց եւ այլ հանգամանքներից, որոնք մարդուն դարձնում են մարդ։ Իհարկե՛, տեղեկատվական հաղորդակցության միջոցները որոշ չափով լրացնում են այդ բացը, դրանք հնարավորություն են ընձեռում առցանց կրթվելու, կարդալու, բայց օրինակ՝ կրթության բնագավառում դժվարություններ են ի հայտ գալիս այն հեռավոր վայրերում, որտեղ համացանցը հասանելի չէ եւ չկա բավարար տեխնիկա։ Երբ ամեն ինչ տեղափոխվում է համացանց, ապա այստեղ կարեւոր է դառնում կիբեռանվտանգության ուժեղացումը։ Պետությունները պետք է մեծ ուշադրություն դարձնեն, որ ցանցահենային հարձակումների պատճառով կոլապսի չենթարկվի երկրի բնականոն կյանքը։ Այստեղ առաջնային են դառնում համացանցի անվտանգությունն ու անխափան աշխատանքը։ Դրա համար անհրաժեշտ է կիբեռանվտանգության մասնագետների միջոցով ուժեղացնել հսկողությունը երկրի կրիտակական ենթակառուցվածքների պաշտպանությունը, որոնք կարող են ցանցահենային հարձակման ենթարկվել ոչ բարեկամ երկրների կողմից։
–Դոնալդ Թրամփը թվիթերյան իր պաշտոնական էջում օրերս գրել է, որ «արդյունավետ խոսակցություն է ունեցել Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ», որի ընթացքում քննարկել են կորոնավիրուսի հետ կապված հարցերը։ «Չինաստանը անցել է դրա միջով եւ լավ հասկանում է վիրուսից։ Մենք սերտորեն համագործակցում ենք»,–նշել է ԱՄՆ նախագահը։ Կարող ենք կանխատեսել աշխարհաքաղաքական վերադասավորումներ։ Ինչպե՞ս կարող է փոխվել աշխարհի քաղաքական քարտեզը։
–Աշխարհակարգն արդեն մոտ մեկ տասնամյակ փոփոխության է ենթարկվում, որի ընթացքում միաբեւեռ աշխարհակարգը դանդաղորեն, բայց հստակ դառնում է բազմաբեւեռ։ Կարծում եմ՝ ներկա ճգնաժամն է՛լ ավելի կարագացնի այս գործընթացը։ Բայց սա, իհարկե, կախված է, թե ի՞նչ քաղաքականություն կորդեգրեն ԱՄՆ—ն, Չինաստանը, ԵՄ—ն, Ռուսաստանը, Հնդկաստանը եւ մյուս կարեւոր «խաղացողները»։ Մի կողմից՝ Չինաստանը շատ ակտիվ է գործում եւ փորձում է առաջնորդել միջազգային հանրությանը, բայց մյուս կողմից՝ ԱՄՆ—ն էլ որոշում կայացրեց ահռելի ֆինանսական օգնություն տրամադրել բազմաթիվ երկրների։ Ինչպես նշեցի՝ Ռուսաստանը նույնպես ակտիվ է։ Այստեղ իր դիրքերը կորցնում է ԵՄ—ն, որը երկար ժամանակ քաղաքական եւ տնտեսական ճգնաժամում էր, ինչը, իհարկե, շատ ցավալի փաստ է, քանի որ Թրամփի իշխանության գալուց եւ Բրեքսիթից հետո լիբերալ աշխարհի հիմնական հենասյունը մնացել է ԵՄ—ն։ Եթե ԵՄ—ն չկարողանա կարգավորել իրավիճակը եւ մասնակցել համավարակի դեմ պայքարին որպես առաջնորդներից մեկը, ապա ավտորիտարիզմը կարող է առավելություն ստանալ լիբերալիզմի նկատմամբ։ Վերջին շրջանում ԱՄՆ—ն եւ Չինաստանը բացահայտ պայքարում էին միմյանց դեմ։ Հուսանք՝ ողջախոհությունը կհաղթի, եւ նրանք կսկսեն համագործակցել։ Այսօր աշխարհի երկու հզորագույն երկրների համագործակցությունը շատ կարեւոր է, մինչդեռ տարաձայնությունները՝ վտանգավոր։
–Շնորհիվ խիստ կարգապահության եւ ինքնակազմակերպման Չինաստանը կարողացավ հաղթահարել առողջապահական ճգնաժամը։ Ծանոթ լինելով այդ երկրի քաղաքական, սոցիալական, հասարակական մշակույթին, կառանձնացնեիք, թե որ հատկանիշների շնորհիվ դա տեղի ունեցավ։ Ի՞նչ պետք է փոխառի ստեղծված իրավիճակում աշխարհը, այդ թվում՝ Հայաստանը Չինաստանից։
–Այո՛, չին բարեկամ ժողովուրդը մարդկային եւ տնտեսական մեծ կորուստների գնով, կարծես թե կարողացավ բարելավել իրավիճակը։ Այսօր աստիճանաբար բնականոն կյանքի է վերադառնում նաեւ համաճարակի կենտրոնը՝ Հուբեյ նահանգը, բայց սպառնալիքը Չինաստանում դեռեւս վերջնական չեզոքացված չէ։ Դժվար իրավիճակում չինացիներն արդյունք են գրանցում առաջին հերթին կարգապահություն դրսեւորելով եւ տանը մնալով։ Ի դեպ, լավ արդյունքներ են ցույց տալիս Գերմանիան եւ Հարավային Կորեան։ Նրանք, երբ հայտնի դարձավ համավարակի մասին, փորձեցին կանխարգելիչ միջոցառումների շնորհիվ կանխել լայնածավալ տարածումը կամ հնարավորինս փոքրացնել վտանգը։ Հայաստանն էլ, կարծում եմ՝ համահունչ արձագանք է տալիս ներկա փուլում։ Այստեղ կարեւոր է, որ մեր քաղաքացիներն էլ բարձր գիտակցություն ցուցաբերեն՝ կրեն դիմակներ, պաշտպանիչ ձեռնոցներ, ի վերջո, հասկանան, որ եթե աշխատանքի չեն գնում, ապա դա չի նշանակում, որ պետք է խմբվեն թաղամասերում կամ հավաքվեն սուրճ խմելու, բլոտ խաղալու։ Աղբ չթափեն որտեղ պատահի, ինչպես դա անում էին շատերը մինչ համավարակը։ Մի խոսքով՝ պահպանեն կարգապահությունն ու մաքրության կանոնները, մնան տանը։
–Ի՞նչ կարող ենք ակնկալել Հայաստանի համար։
–Իհարկե՛, հասկանալի է, որ այս իրավիճակի հետեւանքով Հայաստանի տնտեսությունը հայտնվում է դժվարին պայմաններում, եւ սա ֆորս—մաժորային իրավիճակ է։ Բայց, կարծում եմ, ամեն ինչ լավ է լինելու, եթե բոլորս գործենք միասնական, օգնենք մեկս մյուսին եւ պահպանենք կարգապահությունը։ Սա նաեւ փորձություն է մեր երիտասարդ պետության համար, որը կարող է էլ ավելի ուժեղացած դուրս գալ այս փորձությունից։
Զրուցեց՝ Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆԸ
l.mkhitaryan@hhpress.am

02-04-2020

Աղբյուրը՝ http://www.hhpress.am/index.php?sub=hodv&hodv=20200402_10&flag=am&fbclid=IwAR3YDMFG0ZBpcCxn7LqfSuPgD0W1sEev-7sKr-BKvUxaqvy0Go7f2khNBVg

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: