Բրիտանական Taylor & Francis ը հրատարակել է Մհեր Սահակյանի և Հեյնց Գերթների «Չինաստան և Եվրասիա» գիրքը
Մեծ Բրիտանիայի հեղինակավոր Taylor & Francis-ի Routledge ակադեմիական հրատարակչությունում լույս է տեսել «Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհրդի ղեկավար, ք․գ․թ Մհեր Սահակյանի և Վիեննայի համալսարանի պրոֆեսոր, ք․գ․դ Հեյնց Գերթների խմբագրած «Չինաստան և Եվրասիա․ Վերաիմաստավորելով համագործակցությունը և տարաձայնությունները փոփոխվող աշխարհակարգի ժամանակաշրջանում» գիրքը։ Աշխատությունը ուսումնասիրում է Չինաստանի և Եվրասիական այլ երկրների տնտեսական և քաղաքական հարաբերությունները՝ փոփոխվող աշխարհակարգի պայմաններում։ Գիրքը ներկայացնում է Չինաստանի շրջադարձը դեպի Եվրասիա իր «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության միջոցով, Շանհայի համագործակցության կազմակերպության դերն անվտանգության հարցերում, Պեկինի համագործակցությունը և տարաձայնություններն ԱՄՆ-ի Հնդկաստանի, ԵՄ-ի, Արևմտյան Բալկանների և Հարավային Կովկասի, ԱՍԵԱն-ի երկրների հետ։ Գիրքը վերլուծում է նաև չին-ռուսական համատեղ պայքարը Եվրասիայում բազմաբևեռության և բազմակողմանիության գործում։ Աշխատությունը հետազոտում է նաև Եվրասիայում իրականացվող թվայնացման պրոցեսները, որտեղ կարևոր դեր են խաղում Չինաստանի «Մետաքսի թվային ճանապարհը» և ԵԱՏՄ-ի «Թվային օրակարգը»։ Գրքում ներկայացվում են միջազգային հեղինակային թիմի առաջարկությունները, որոնց միջոցով հնարավոր է մեղմել քաղաքական լարված իրավիճակը, զարգացնել բազմակողմ տնտեսական հարաբերությունները։
Գրքում որպես համահեղինակները հանդես են եկել նաև պրոֆեսոր, ք․գ․դ․ Ջըն Յունթիենը Չինաստանի Ռենմինի համալսարանից և ք․գ․դ․ Մա Բինը Ֆուդանի համալսարանից, Ռուսաստանի ժողովրդական բարեկամության համալսարանից պրոֆեսոր, ք․գ․դ․ Կոնստանտին Կուրիլյովը և ք․գ․թ․ Անատոլի Ցվիկը, Հնդկաստանի Դելիի համալսարանից ք․գ․դ․ Սուդհիր Կումար Սինգհը, հայկական «Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհրդից՝ ք․գ․թ․ Անահիտ Պարզյանը, Թբիլիսիի պետական համալսարանից՝ ք․գ․թ․ Վախթանգ Չարայան և ք․գ․թ․ Մարիամ Լաշխին, Մոնտենեգրոյի համալսարանից՝ դոցենտ, ք․գ․թ Բորիս Վուկիչևիչը, Արաբական Միացյալ Էմիրություններից՝ Էբրահիմ Հաշեմը։
ԱՄՆ-ի Ջոնս Հոփքինսի համալսարանի պրոֆեսոր, ք․գ․դ․ Դեյվիդ Առասեն աշխատության մասին նշել է․ ««Չինաստան և Եվրասիա» գիրքը փաստագրում է, թե ինչպե՞ս է Չինաստանը փոխակերպում հետսառըպատերազամյան քաղաքական և տնտեսական կարգը Եվրասիայում։ Հեղինակները լույս են սփռում այնպիսի կարևորագույն հարցերի վրա, ինչպիսիք են Ռուսաստանի, ԵՄ-ի, Հնդկաստանի, ԱՍԵԱՆ-ի արձագանքը Չինական նախաձեռնությանը, Չինաստանի աճող ազդեցությունը Բալկանների, Հարավային Կովկասի, Պարսից ծոցի նման անկայուն տարածաշրջաններում, և ի՞նչպիսի նոր ընթացք կստանա բազմաբևեռ մրցակցության դինամիկան, որը չի վերահսկվում արդյունավետ բազմակողմանի կառավարման միջոցով, ինչպիսի՞ նշանակություն կարող են ունենալ այս զարգացումները շարունակական խաղաղություն վրա»»։
Գրքի մասին իր կարծիքն է հայտնել նաև Միջազգային հարաբերությունների ռուսական խորհրդի գործադիր տնօրեն, ք․գ․թ․ Անդրեյ Կորտունովը նշել է․ «Բազմակողմանի քաղաքականություն վարելու արվեստին տիրապետելը դժվար խնդիր է յուրաքանչյուր ազգի համար, բայց հատկապես դժվար է մեծ տերությունների համար, որոնք դարեր շարունակ իրենց փոքր հարևաններին նայել են մեծամտորեն և հովանավորչորեն: Գրքի հեղինակները վերլուծում են, թե ինչպե՞ս է այս մարտահրավերը լուծվում ժամանակակից Չինաստանի կողմից ՝ բացահայտելով Եվրասիայի նկատմամբ չինական ներկայիս մոտեցումների և՛ հաջող պատմությունները, և՛ ձախողումները: Գիրքը արժեքավոր աղբյուր է բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրված են ապագա եվրասիական անվտանգության և զարգացման էկոհամակարգերով»։
Leave a Reply