«Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհուրդը և ՇՀԿ-ի չինական «Բարիդրացիականության, բարեկամության և համագործակցության կոմիտեն» ամրապնդում են համագործակցությունը
Երևան, 21 սեպտեմբերի, 2023 թ․։ Երևանում տեղի ունեցավ «Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհուրդի և Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) չինական «Բարիդրացիականության, բարեկամության և համագործակցության կոմիտեի» հանդիպումը՝ նշանավորելով վերջիններիս փոխգործակցության ևս մեկ կարևոր իրադարձություն։ 2020 թվականի օգոստոսի 11-ին փոխըմբռնման հուշագրի ստորագրումից ի վեր երկու կազմակերպություններն էլ զգալի արդյունքների են հասել հանրային դիվանագիտության և ակադեմիական համագործակցության ոլորտներում։
Հանդիպման ընթացքում կողմերը վերահաստատեցին իրենց հանձնառությունը մարդկանց միջև կապերի հետագա ընդլայնման, ակադեմիական փոխանակումների և մշակութային համագործակցության վերաբերյալ: Նրանց համատեղ ջանքերն ուղղված են Չինաստանի և Հայաստանի միջև կապերի ամրապնդմանը՝ նպաստելով երկու ժողովուրդների միջև հարաբերությունների խորացմանը:
«Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհրդի տնօրեն՝ ք․գ․թ․ Մհեր Սահակյանը, գոհունակություն է հայտնել վերջին երեք տարիների ընթացքում արձանագրված առաջընթացի կապակցությամբ: Նա կարևորել է հաջող համագործակցությունը և փոխադարձ աջակցությունը համաժողովների և դասընթացների կազմակերպման գործում, որոնց մասնակցում են Հայաստանի, Չինաստանի և Եվրասիական մայրցամաքի այլ երկրների ներկայացուցիչներ։
Ք․գ․թ․ Սահակյանը բարձր է գնահատել նաև Շանհայի համագործակցության կազմակերպության չինական «Բարիդրացիականության, բարեկամության և համագործակցության կոմիտեի» փոխնախագահ տիկին Ցույ Լիի համագործակցության խթանման գործում ունեցած կարևոր դերակատարության համար:

ՇՀԿ-ի չինական «Բարիդրացիականության, բարեկամության և համագործակցության կոմիտեի» փոխնախագահ տիկին Ցույ Լին շնորհակալություն հայտնեց «Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհրդին, անձամբ պարոն Մհեր Սահակյանին հրավերի և ջերմ ընդունելության համար: Նա նշեց, որ Չինաստան-Եվրասիա քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհուրդը երիտասարդ է, բայց շատ հեռանկարային, հատկապես ավանդական բարեկամության և հանրային դիվանագիտության ամրապնդման հարցերում այն կարևոր դեր է խաղում և հաջողություններ է գրանցում: 2013-ի սեպտեմբերին Բիշքեկում ՇՀԿ-ի գագաթնաժողովին Չինաստանի Նախագահ Սի Ծինփինը հայտարարեց Շանհայի համագործակցության կազմակերպության «Բարիդրացիականության, բարեկամության և համագործակցության կոմիտեի» ստեղծման մասին: Այս տարի կոմիտեն նշում է իր 10-ամյակը: «Շանհայի ոգու» հովանու ներքո՝ փոխադարձ վստահությունը, փոխշահավետությունը, իրավահավասարությունը, խորհրդակցությունը, հարգանքը տարբեր քաղաքակրթությունների նկատմամբ, ընդհանուր զարգացման ցանկությունը, համատեղ ուժերը ընդլայնում են համագործակցությունը հանրային դիվանագիտության միջոցով՝ ի շահ ՇՀԿ երկրների բոլոր ժողովուրդների: Այս տարի նաև լրանում է չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության 10-ամյակը: Չինաստանը պատրաստ է Հայաստանի հետ միասին կիսվել չինական արդիականացման ձեռքբերումներով, միավորել հասարակական դրական ուժերը, ընդլայնել համագործակցությունն ակադեմիական, գիտատեխնիկական, մշակութային, առևտրատնտեսական ոլորտներում, ինչպես նաև առողջապահության, կրթության, թվային տնտեսության, գյուղատնտեսության, կանաչ զարգացման և այլ ուղղություններով:

ՀՀ-ում ՉԺՀ դեսպան Ֆան Յունը նշել է, որ ՇՀԿ չինական «Բարիդրացիականության, բարեկամության և համագործակցության կոմիտեի» պատվիրակության այցը Հայաստան մեծ նշանակություն ունի երկու կողմերի միջև հումանիտար փոխանակումների ամրապնդման, գործարար համագործակցության նոր ուղղությունների բացման և Չինաստանի և Հայաստանի միջև ավանդական բարեկամության հետագա խորացման համար: ՀՀ-ում ՉԺՀ դեսպանությունը պատրաստ է սերտորեն համագործակցել բոլոր կողմերի հետ, լիարժեքորեն կատարել կամրջի դերը մեր երկրների միջև և ակտիվորեն նպաստել էլ ավելի արդյունավետ համագործակցությանը։
Այս հանդիպումը նշանակալի առաջընթաց է Հայաստանի և Չինաստանի միջև ակադեմիական գործընկերության և մշակութային փոխանակումների ամրապնդման ճանապարհին: Համատեղ աշխատանքը շարունակելու երկու կազմակերպությունների հանձնառությունը լավ նախանշան է հայ-չինական հարաբերությունների և ողջ եվրասիական համայնքի ապագայի համար: Այս հանդիպմանը մասնակցել են ՉԺՀ Արտաքին գործերի նախարարության խորհրդական-դեսպանորդ, Շանհայի համագործակցության կազմակերպության չինական «Բարիդրացիականության, բարեկամության և համագործակցության կոմիտեի» գլխավոր քարտուղար տիկին Ջըն Վեյը, պարոն Գագիկ Ղալաչյանը՝ Հայ-ռուսական համալսարանի համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչը, պարոն Արմեն Զաքարյանը՝ Քաղաքական հետազոտությունների երևանյան դպրոցի տնօրենը, պարոն Հակոբ Աբրահամյանը՝ ՀՀ վարչապետի օգնականը, տիկին Վեյ Յանը՝ ՉԺՀ առողջապահության պետական կոմիտեի բաժնի պետի տեղակալը, տիկին Լի Ցույը՝ ՇՀԿ չինական «Բարիդրացիականության, բարեկամության և համագործակցության կոմիտեի» ԶԼՄ-ների հետ տարվող աշխատանքների բաժնի պետը, և այլ փորձագետներ ու դիվանագետներ:


Leave a Reply