Ի՞նչ կտա Հայաստան-Չինաստան ռազմավարական համագործակցությունը
Հայ-չինական հարաբերությունները թևակոխել են ռազմավարական փուլ, ինչը նոր լիցք կհաղորդի երկկողմ հարաբերություններին և դրական դեր կխաղա Հարավային Կովկասում խաղաղության ամրապնդման գործում:
Իսկ ինչու՞ է կարևոր ռազմավարական գործընկերությունը Հայաստանի և Չինաստանի միջև: Ինչու՞ է շահագրգրված Հայաստանը: Ինչու՞ պետք է շահագրգռված լինի Չինաստանը:
Քաղաքական և համագործակցություն
Հայաստանի ու Չինաստանի ռազմավարական համագործակցությունը կմեծացնի կապը, թե՛ երկու երկրների միջև, թե՛ Հարավային Կովկասի ու Արևելյան Ասիայի միջև: Այն կնպաստի խաղաղության ու կայունության ամրապնդմանը Հարավային Կովկասում, քանի որ Չինաստանն այսօր Եվրասիական տարածաշրջանի վրա գտնվող միակ գերտորությունն է, որը ռազմավարական գործընկերություն ունի Հայաստանի և նրա բոլոր հարևանների հետ. հակված է, որ իր ռազմավարական գործընկերները համագործակցեն պատերազմելու փոխարեն:
Ռազմավարական համագործակցությունը կարող է տարածվել նաև ռազմական և ռազմաարդյունաբերության բնագավառում համագործակցության վրա: Հայաստանը 2020թ. պարտվեց, քանի որ չկարողացավ դիմակայել թուրքական և իսրայելական արդիական թռչող անօդաչու սարքերով զինված Ադրբեջանին: Չինաստանն այսօր առաջատար է, թե՛ անօդաչու սարքերի, թե՛ դրանց դեմ պայքարի միջոցներով: Հայկական բանակի մարտունակության բարձրացումը միանշանակ կնպաստի Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը, ինչը կնպաստի նաև Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում ներդրումների մեծացմանը, քանի որ կմեծանա անվտանգային գործոնը:
Ի դեմս Հայաստանի՝ Չինաստանն ունի վստահելի գործընկեր Թայվանի հիմնախնդրում, քանի որ Երևանը ճանաչում է «Մեկ Չինաստան» սկզբունքը և տեսնում է այդ տարածքը որպես Չինաստանի անքակտելի մաս: Չինաստանն իր հերթին ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, որն ամրապնդում է Հայաստանի դիրքերը տարածաշրջանում:
Հայաստանը հետաքրքրված է նաև անդամակցել Շանհայի համագործակցության կազմակերպությանը, որը հնարավորություն կհաղորդի խորացնել հարաբերությունները Կենտրոնական, Արևմտյան, Հարավային, Հարավարևելյան և Արևելյան Ասիայում գտնվող երկրների հետ բազմակողմ ձևաչափում: Չինաստանը ևս հետաքրքված է Հայաստանի հետ համագործակցությամբ, քանի որ Շանհայի համագործակցության կազմակերպությունում ձեռք կբերի վստահելի գործընկերոջ:

Նկարի սկզբնաղբյուր՝ Xi’s moments
Տնտեսական համագործակցություն
Չինաստանը հետաքրքված է Հարավային Կովկասում խաղաղության հաստատմամբ, քանի որ այս տարածաշրջանով անցնող տրանսպորտային ենթակառուցվածքներն օգտագործում է սեփական նախաձեռնության՝ «Մեկ գոտի, մեկ ճանապարհի», «Չինաստան-Կենտրոնական Ասիա-Արևմտյան Ասիա տնտեսական միջանցքը» զարգացնելու գործում: Չինաստանի հետ հաստատելով ռազմավարական համագործակցություն` Հայաստանը հնարավորություն է ստանում իր «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը համակցել «Մեկ գոտի, մեկ ճանապարհին», իսկ տրանսպորտային ենթակառուցվածքները միացնել «Չինաստան-Կենտրոնական Ասիա-Արևմտյան Ասիա տնտեսական միջանցքին»: Այս գործում, իհարկե, անհրաժեշտ կլինի, որ բացվեն Հայաստանի սահմանները Թուրքիայի և Ադրբեջանի հետ, քանի որ Չինաստանն էլ է հետաքրքված Եվրասիական մայրցամաքի տրանսպորտային ուղիների փոխկապակցմամբ, և սա ևս կարող է հավելյալ համագործակցության դաշտ ապահովել:
Դեռևս 2018թ. հրատարակված «Մեկ գոտի, մեկ ճանապարհ նախաձեռնությունը և Հայաստանը» գրքում առաջարկել էինք, որ Հայաստանը դառնա «Ասիական ենթակառուցվածքների զարգացման բանկի» լիիրավ անդամ, ինչը տեղի ունեցավ 2025թ. սեպտեմբերին: Այս քայլը հնարավորություն է ընձեռնում միջազգային բանկից ներդրումներ ստանալ Հայաստանի տրանսպորտային ենթակառուցվածքները զարգացնելու գործում: Հայաստանի և Չինաստանի համագործակցությունն աճում է նաև առևտրի ոլորտում: Ներկայումս Չինաստանը Հայաստանի երկրորդ տնտեսական գործընկերն է: 2024 թվականին երկկողմ առևտուրը գերազանցել է 1,8 միլիարդ դոլարը: Համեմատության համար պետք է նշել, որ 2023 թվականին այն կազմել էր 1,585 միլիարդ դոլարը: Թեև այս ոլորտում դեռևս աշխատանք կա տանելու, որ Հայաստանից հումքի փոխարեն մեծանա պատրաստի արտադրանքի արտահանումը, ինչպես նաև որոշակի հավասարակշռության բերվի արտահանման և ներկրման գործում:
Առանց վիզաների մուտքի համակարգը, 2024 թվականին բացված Երևան-Ուրումչի ուղիղ թռիչքը կմեծացնեն շփումները երկու ազգերի ներկայացուցիչների միջև, ինչը կարևոր հանգամանք է, թե՛ տնտեսական, թե՛ գիտական, թե՛ զբոսաշրջային կապերի ամրապնդման գործում: Սակայն կարևոր է նաև, որ ուղիղ թռիչքներ հաստատվեն Երևանի և Չինաստանի քաղաքական և տնտեսական կենտրոնների՝ Պեկինի, Շանհայի, Հոնկոնգի, Գուանջոյի միջև, ինչը կմեծացնի համագործակցությունն ու կբարձրացնի փոխայցելությունների քանակը:
Բարձր տեխնոլոգիաներ
Գաղտնիք չէ, որ Չինաստանը ներկայումս արհեստական բանականության և բարձր տեխնոլոգիաների ոլորտում աշխարհի առաջատարներից է, իսկ Հայաստանն էլ ձգտում է զարգացնել սեփական կարողություններն այս բնագավառում: Հայ-չինական ռազմավարական գործընկերությունը հնարավորություններ է ստեղծում զարգացնել համագործակցությունն այս ոլորտում: Մեր նախկին հոդվածներում և ելույթներում բազմիցս առաջարկել ենք, որ կողմերը Հայաստանում ստեղծեն համատեղ «Հայ-չինական բարձր տեխնոլոգիաների համալսարան», որը կարող է ստեղծվել չինական առաջատար բուհերի՝ Հոնկոնգի, Նանկինի, Ֆուդանի, Ցինխուայի, Պեկինի, համալսարաններից մեկի հետ համատեղ: Սա Հայաստանին հնարավորություն կընձեռնի կադրեր պատրաստել բարձր տեխնոլոգիաների ոլորտում, իսկ Չինաստանն էլ հնարավորություն կստանա ամրապնդել իր «Թվային մետաքսի ճանապարհ» նախաձեռնության դիրքերը Հարավային Կովկասում:
Ակադեմիական համագործակցություն
Չինաստանը երկար տարիներ կրթաթոշակներ է տրամադրում հայ ուսանողներին, հնարավորություն է ընձեռնում, որ նրանք սովորեն չինական առաջատար բուհերում: Չինաստանում ակտիվորեն գործում է «Չինաստանում Հայկական ուսանողական միությունը», որը կազմակերպում է բազմաթիվ մշակութային միջոցառումներ, կամրջում է երկու քաղաքակրթությունները, ստեղծում համագործակցության նոր հնարավորություններ: Կարևոր է, որ Հայաստանն էլ իր հերթին մեծացնի չինացի ուսանողներին տրամադրվող կրթաթոշակների քանակը, որ նրանք ևս սովորեն Հայաստանում՝ հայերեն լեզվով, կապվեն երկրի և մարդկանց հետ:
Երկար տարիներ հայկական «Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհուրդը Հայաստան է հրավիրում չին գիտնականների, նրանց և այլազգի գործընկերների հետ համատեղ գիտաժողովներ, սեմինարներ, ֆորումներ է կազմակերպում: Դրանց մեջ առանձնահատուկ էր «Հայաստան-Չինաստան առաջին համաժողովը», որը «Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհուրդը կազմակերպել էր Չինաստանի Ռենմին համալսարանի Համաշխարհային սոցիալիզմի ինստիտուտի հետ համատեղ։

Միջազգային ճանաչում է ստացել “Eurasian Research on Modern China and Eurasia” գիտաժողովը, որի շնորհիվ Հայաստան են այցելել բազմաթիվ չին գիտնականներ, կապեր են հաստատել Հայաստանի հետ և ուսումնասիրում են երկիրը: 2025թ. դեկտեմբերի 5-ին և 6-ին տեղի կունենա թվով վեցերորդ գիտաժողովը, նորից Հայաստանը դարձնելով Չինաստանի և Եվրասիայի հետազոտությունների կենտրոն, ինչը կարևոր հանգամանք է ակադեմիական դիվանագիտության գործում:

Չին գիտնականներն ակտիվորեն մասնակցում են նաև «Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհրդի կողմից հրատարակվող գրքերում, որոնցից արժանահիշատակ են՝ Routledge Handbook of China’s Belt and Road Initiative in Eurasia-ը, Routlede Handbook of Chinese and Eurasian International Relations-ը, China and Eurasian Powers in a Multipolar World Order 2.0 Security, Diplomacy, Economy and Cyberspace-ը և China and Eurasia Rethinking Cooperation and Contradictions in the Era of Changing World Order-ը:

«Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհուրդը փոխըմբռման համաձայնագրեր է ստորագրել՝ Շանհայի համագործակցության կազմակերպության չինական «Բարիդրացիականության, բարեկամության և համագործակցության կոմիտեի», Չինաստանի Ռենմին համալսարանի Միջազգային հարաբերությունների ինստիտուտի և Հոնկոնգի բապտիստական համալսարանի Դեյվիդ Չ. Լամի անվան Արևելք-Արևմուտք հետազոտությունների ինստիտուտի հետ և այս կապերը կշարունակի օգտագործել հայ-չինական բազմադարյա համագործակցության և ակադեմիական կապերի ամրապնդման գործում:

Հեղինակ՝ «Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհրդի տնօրեն, ք.գ.թ, դոցենտ, Մհեր Դ. Սահակյան

Leave a Reply