China-Eurasia News Ticker

ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՐԱՐՈՂԱԿԱՐԳԸ ՍԵՖՅԱՆ ԻՐԱՆՈՒՄ

ՄՀԵՐ ՍԱՀԱԿՅԱՆ
Նանջինգի համալսարանի Միջազգային հարաբերությունների ինստիտուտ,  ՉԻՆԱՍՏԱՆ
26.08.2013
Սեֆյան Իրանը քաղաքական ասպարեզ դուրս գալու առաջին տարիներից փորձեց դիվանագիական հարաբերություններ ստեղծել հարևան և հեռավոր երկրների հետ: Սեֆյանները համոզված էին, որ Օսմանյան կայսրությանն ու ուզբեկներին հնարավոր է հաղթել միայն դաշնակիցների և առևտրական պայմանագրերի ձեռք բերման շնորհիվ:

Հարաբերություններն եվրոպական երկրների հետ զարգացան Աբբաս Ա-ի օրոք։ Իրանի հետ հարաբերությունների հաստատման մեջ շահագրգիռ էին նաև եվրոպական տերությունները, քանի որ Իրանի հետ առևտրից եվրոպական տերությունները զգալի շահույթներ ունեյին, կարևոր էր նաև ընդհանուր թշնամու՝ Օսմանյան Կայսրության միավորիչ դերը։ Սեֆյան Իրանը դարձել էր Արևմուտքն Արևելքի հետ կապող յուրահատուկ կամուրջ։ Շահ Աբբասը դիվանագիտական հարաբերություններ էր ստեղծել Հոլանդիայի, Անգլիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի և այլ տերությունների հետ։ Հետաքրքրական է, որ Սեֆյան Իրանի ուսումնասիրողներից Ռոջեր Սավորին իր .«Սեֆյան պետությունը և պետության կառուցվածքը» հոդվածում նշում է, որ շահ Աբբաս Ա-ին հաջողվեց գերազանց հարաբերություններ ստեղծել եվրոպական մի շարք պետությունների հետ, որովհետև այդ երկրներում էլ իշխանությունը գտնվում էր միապետերիի ձեռքերում, որոնց գաղափարներն ինքնիշխանության և երկրի կառավարման հարցերում ամբողջովին համընկնում էին։

Նվերներ տալը և ստանալը տարածված երևույթ էր Սեֆյան արքունիքում, որի միջոցով լուծվում էին շատ խրթին հարցեր։Երբ շահ Իսմայիլ Ա-ն ցանկացավ առանց արյունահեղության գրավել Իրաքը, տեղի կառավարիչ Բարիք բեկին ուղարկեց ոսկեթելով ասեղնագործված գլխարկ, գոտի, թանկարժեք զգեստներ և կոչ արեց նրան ճանաչել իր գերիշխանությունը։ Սկզբում Բարիքը շատ ուրախացավ, հանեց իր գլխարկը, դրեց շահի ուղարկած գլխարկը, հագավ շորերը և շահին իր կողմից նվերներ ուղարկելով՝ հայտնեց, որ ինքը ընդունում է շահի գերակայությունը:

Շահ Թահմասպը 1562թ. նոյեմբերի 20-ին Անգլիայի թագուհու դեսպանին՝ Ջենքինսոնին, մերժեց երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների հաստատման, մարդկանց և ապրանքների ազատ տեղաշարաժման, ճանապարհների օգտագործման առաջարկը, շահի բարձրաստիճան պաշտոնյաները նրան խորհուրդ տվեցին շահին թանկարժեք նվերներ տալ, որպեսզի վերջինս փոխի իր որոշումը։

Սեֆյաններն օգտագործում էին նաև հակառակորդներին ահաբեկելու մեթոդը։ Երբ Մերվի մոտակայքում գտնվող Մահմուդաբադ գյուղի մոտ շահ Իսմայիլը պարտության մատնեց ուզբեկներին, նրանց առաջնորդ Շահի Բեկ խանի գլուխը կտրել տվեց, իսկ մարմնի մասերն ուղարկեց տարբեր նահանգներ։ Գլխամաշկը լցոնել տվեց ծղոտով և ուղարկեց սուլթան Բայազետին։ Գանգը ոսկեզոծեց և օգտագործվում էր որպես գինու գավաթ։ Շահ Իսմայիլը Շահի բեկ խանի ձեռքն ուղարկեց Մազանդարանի տիրակալ Աղա Ռոստամ Ռուզ-Աֆզունին, որը ընդդիմանալով Սեֆյաններին, ասում էր. «Ես ուժեղ եմ, քանի որ գտնվում եմ Շահի բեկ խանի պաշտպանության ներքո»։

Իսմայիլի ուղարկած մարդիկ Աղա Ռոստամի առջև գցեցին Շահի բեկ խանի ձեռքը` ասելով. «Դու ոչինչ չստացար նրանից, միայն նրա ձեռքն է քո ոտքերի առջև»։

Արտասհմանյան դեսպաններին կամ սուրհանդակներին Իրանի տարածք մտնելիս դիմավորում էին տվյալ շրջանի տիրակալները: Ըստ արարողակարգի` դեսպաններն իրենց դեսպանությունների համար Իրանի արքունական միջոցներից սնունդ, փող, փոխադրամիջոց էին ստանում միայն շահի հետ հանդիպումից հետո: Օտարերկրյա դեսպանները, ժամանելով Իրան և հանդիպելով տվյալ նահանգի ղեկավարության հետ, սպասում էին, որ շահն ինքը տեղեկացներ՝  երբ, որտեղ պետք է ընդունի դեսպանությանը: Առանց շահի իմացության, քաղաքի ղեկավարությունն իրավունք չուներ օտարերկրյա դեսպանություններին թույլատրել մտնել քաղաք։ Մինչև դեսպանության շահին ներկայանալը, դեսպանին էր ներկայանում շահի պաշտոնյաներից մեկը, իր մոտ գրանցում էր դեսպանությունը գործուղող երկրի ղեկավարի ամբողջական անունը, կոչումները, ինչ նվերներ է ուղարկել շահին, դեսպանության անդամների անունները, իսկ հետո այս տվյալներն ուղարկում էր շահին:

Դեսպան Գրիգորի Վասիլչիկովը Ֆեոդոր ցարին ուղղված հաշվետվության մեջ գրում է. «…Դեռ Ղազվին չհասած հինգ վերստ հեռավորության վրա, ինձ դիմավորեցին ղազվինցի բարձրաստիճան պաշտոնյաներ Մահմուդ Սալթանը, Իմամ Ղուլի Սալթանը մոտավորապես հարյուր հոգու հետ»։

Դեսպանությանը իրանցի պաշտոնյաներ մի քանի օր պահում էին իրենց մոտ, հյուրասիրում, որոշակիորեն հոգում նրանց սննդի և փոխադրման միջոցների խնդիրները։ Ստանալով շահի հրավերքը, որտեղ, երբ նրանց կընդունեն, դիվանագետները շահի բարձրաստիճան պաշտոնյանների ուղեկցությամբ, որոնք հրահանգներ էին տալիս, թե ինչպես պետք է պահեն իրենց ընդունելության ժամանակ, դեսպանները ներկայանում էին շահին, եթե շահը նրանց ընդունում էր վրանում, ապա նրանք պետք է մինչև վրան հասնելը, որոշակի հեռավորության վրա իջնեին ձիուց, ոտքով գնային մինչև վրանը։

Դեսպանը ներկայանալով շահին՝ իր տիրակալի ուղարկած ողջույնն էր փոխանցում, հայտնում իր դեսպանության Իրան ժամանելու նպատակները, որից հետո շահին էր հանձնում հավատարմագրերն ու նամակները, որը ընդունում էր կամ Իրանի արտաքին հարաբերություններվ զբաղվող պաշտոնյան կամ շահը, ինչպես օրինակ՝ 1614թ. հոկտեմբերի 24-ին, երբ շահ Աբբասն ինքը վերցրեց Ռուսաստանի ցար Միխայիլի ուղարկած հավատարմագիրը։ Լսելով դեսպանի ելույթը, տեղեկանալով դեսպանության հիմանական նպատակի մասին` Շահը հրամայում էր խմիչք բերել և խմում էր բարեկամ երկրի տիրակալի կենացը։

Եթե ընդունելության արարողակարգի ժամանակ շահն ընդունում էր տարբեր երկրներից ժամանած դեսպանների, ապա նրանց նստեցնում էին ըստ կարևորության՝ Շահից աջ։ Այսպես, 1624 դեկտեմբերի 24-ն շահ Աբբասի կողմից ընդունված ռուսական դեսպանության սուրհանդակներից մեկը՝ Բրեխովը նշում է. «Շահից աջ նստել էր Վրաստանի արքայազն Լովարսանը (Լուարսաբը), շահի դիմաց համարյա մեկ մետր հեռավորության վրա նստել էր Շիրվանի կուսակալը, նրա կողքին նստել էր Միխայիլո Տիխոնովը, նրա կողքին, Օլեքսեյ Բուխարովը… հետո Իվան Բրեխովը, հետո Իվան Խոխլովը, իսկ նրանից հետո….թարգմանիչ Իվան Սերգեյեվը…աստրախանցի գրագիր Բոգդան Նակրաչևը, իսկ նրանից հետո էլ Միխայիլի հետ ուղարկված թարգմանիչները՝ Դմիտրի Լաբուտինը և Օդնրևը, իսկ նրանց կողքին նստած էր Ստեփան Օֆոնասևը»։

Ընդունելության ժամանակ դեսպանները շահին էին հանձնում իրենց տիրակալի կողմից ուղարկված նվերները, որոնք դիվանագիտական արարողակարգի կարևոր տարրերից էին համարվում։ Դեսպանության Իրանից հեռանալու օրը որոշում էր շահը, տեղի էր ունենում հրաժեշտի արարողություն, որի ժամանակ շահը դեսպանություն ուղարկող երկրի տիրակալին էր ուղարկում պատասխան դեսպանություն կամ պատասխան գրություն։ Նվերներ էր տալիս նաև դեսպանության անդամներին։ Դեսպանությունը կարող էր հետ ուղարկվել առանց ըստ արարողակարգի նախատեսված հրաժեշտի արարողության, եթե շահը չէր կարևորում տվյալ երկրի հետ Իրանի հարաբերությունները:

Սեֆյան Իրանում դեսպանների ընդունման արարողակարգի վերաբերյալ հետաքրքիր տեղեկություններ ենք ստանում ցար Ֆեոդորի դեսպան Գրիգորի Վասիլչիկովի Վրաստանի թագավոր Ալեքսանդրի դեսպանի հետ խոսակցությունից: Գրիգորի հարցին, թե ինչպիսին է Իրանում գործող արարողակարգը և շահի կողմից ընդունելության սովորույթները Վրաստանի դեսպանը պատասխանում է. «Ես շահին ներկայացա Խորասանում, շահը նստած էր վրանում, դռների մոտ կանգնած էին նրա մտերիմ մարդիկ` Ումետ խանը և Մոհամմադ խանը, ասացին, որ խոնարհվեմ շահին, որից հետո շահը հրամայեց ներս մտնել վրան և ոտքը դեպի ինձ պարզեց, ես համբուրեցի շահի ոտքը, բազմաթիվ այլ դեսպանների էլ է հրամայում համբուրել իր ոտքը»:

Գրիգորին ասաց. «Ըստ մեր տիրակալի սովորույթների, երբ նրա մոտ են գալիս դեսպաններ քրիստոնյա տիրակալներից` Հռոմի կայսրից, Լիտվայի թագավորից և ուրիշ քրիստոնյաներից, մեր տիրակալը իր թագավորական ձեռքն է մեկնում նրանց դեսպաններին, որպեսզի վերջիններս համբուրեն, իսկ մուսուլման տիրակալների դեսպանների գլխին դնում է իր ձեռքը, իսկ տիրակալների ոտքը համբուրելու սովորույթը ոչ մի տեղ ընդունված չէ, սա մեծ անարգանք է դեսպաններին»:

Վրաց դեսպանը պատասխանեց. «Մեծ տիրակալն ինձ իմ արժանիքներին համապատասխան վարվեց, դու գործուղվել ես մեծ տիրակալի կողմից»…

Իրանական կողմն իր դեսպանների միջոցով բանակցող կողմի տիրակալին էր նվիրում ղզլբաշական թամբ, իրանական գորգ, ոսկեզոծ մետաքս, ոսկով ու թանկարժեք քարերով պատված նետ ու աղեղ: Այսպիսով, դեռևս 15-16-րդ դարում Սեֆյան Իրանն ուներ իրեն բնորոշ արարողակարգային ավանդույնթներ ու սովորույթներ, որոնց միջոցով էլ բանակցում էր տարբեր երկրների հետ, լուծում երկկողմանի հարաբերություններում առկա խնդիրներն, ստեղծում նոր դաշինքներ:

Աղբյուրը՝ diplomat.am

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: