ԻՆՉՊԵ՞Ս Է ՉԻՆԱՍՏԱՆԸ ՆԱՎԱՐԿՈՒՄ ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ԵՎ ԻՐԱՆԻ ՄԻՋԵՎ
ՄՀԵՐ ՍԱՀԱԿՅԱՆ
Նանջինգի համալսարանի Միջազգային հարաբերությունների ինստիտուտ,արևելագետ, ՉԻՆԱՍՏԱՆ
աղբյուր՝ http://www.diplomat.am/publ/authors/mher_sahakyan/112-1-0-718
Ինչո՞ւ Չինաստանը կողմ քվեարկեց Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի թիվ 1696, 1737, 1747, 1803, 1835, 1929 բանաձևերին, որոնք ուղղված էին Իրանի միջուկային ծրագրի դեմ ու տնտեսական կորուստներ պատճառեցին Իրանին:
Ինչպիսի՞ պայմանների դեպքում է պատրաստ Չինաստանը դեմ գնալ ԱՄՆ-ին ՄԱԿ ԱԽ շրջանակում հանուն իրանական էներգակիրների:Ըստ Էներգիայի միջազգային գործակալության` աշխարհում Չինաստանն ամենաշատն է գնում էներգակիրներ: Չինաստանը հում նավթի զգալի մասը ներմուծում է Մերձավոր Արևելքից, իսկ Իրանը Սաուդյան Արաբիայից ու Անգոլայից հետո Չինաստանի երրորդ մատակարարն է:
Չինաստանը ձգտում է պահպանել բարձր մակարդակի երկկողմ տնտեսական և քաղաքական հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ, բայց նաև շարունակում է Իրանի հետ տնտեսական համագործակցությունը, քանի որ Իրանից գնված նավթը մեծ կարևորություն ունի Չինաստանի էներգետիկ անվտանգության համատեքստում:
2004թ. հոկտեմբերի 28 –ին Իրանը թույլատրեց Չինաստանին մասնակցել Յադեվարանի նավթահանքի շահագործմանը՝ պայմանով, որ Չինաստանը 25 տարվա ընթացքում կգնի 10 մլն. տոննա հեղուկ բնական գազ: Քանի որ Չինական տնտեսության զարգացումը մեծապես կախված է էներգակիրներից, Չինաստանը Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում կառուցողական դեր է խաղում՝ մի կողմից փորձում է ՄԱԿ ԱԽ-ում բացառել իրանական էներգակիրների արտադրությանը վերաբերող պատժամիջոցները, բայց մյուս կողմից Չինաստանը փորձում է հակադրվելու փոխարեն փոխզիջումային տարբերակ գտնել ԱՄՆ-ի հետ:
Արդեն մի քանի անգամ փորձարկված տարբերակը հետևյալն է՝ Արևմուտքը ՄԱԿ ԱԽ բանաձևերում պատժամիջոցներ չի նախատեսում Իրանի էներգակիրների արտադրության վերաբերյալ, իսկ Չինաստանն էլ կողմ է քվեարկում բանաձևերին: Հարց է առաջանում, իսկ ինչու՞ է Չինաստանը կողմ քվերակում ՄԱԿ ԱԽ բանաձևերին, որոնք ուղղված են Իրանի միջուկայնացման դեմ: Պատասխանը հետևյալն է ՝ Չինաստանը դեմ է Իրանի կողմից միջուկային զենքի ստեղծմանը, քանի որ սա կարող է պատճառ հանդիսանալ, որ տարածաշրջանում միջուկային սպառազինությունների մրցավազք սկսվի, ինչն անկայուն կդարձնի նավթի ու գազի առևտրի այն կարևոր կենտրոններն ու ճանապարները, որոնցից սնվում է չինական տնտեսությունը:
Չինաստանը փորձում է նպաստել Մերձավոր Արևելքում ուժերի միջև հավասարակշռության պահպանմանը: Իմ կարծիքով, Չինաստանը Իրանին վերաբերող հնարավոր բանաձևի դեմ վետո կբանեցնի միայն եթե Արևմուտքը փորձի ՄԱԿ ԱԽ-ում արգելք դնել իրանական էներգակիրների առք ու վաճառքի վրա: Այս այն կարմիր գիծն է, որը գծել է Չինաստանն ու որին հասնելով՝ Արևմուտքը կանգ է առնում, որպեսզի ուղղակիորեն դեմ չգնա Չինաստանի շահերին ու որպեսզի բանակցությունների միջոցով չեզոքացնի Չինաստանի կողմից վետո կիրառելու սպառնալիքը:
Մերձավոր Արևելքում անկայուն իրավիճակի պատճառով Պեկինը տարեցտարի մեծացնում է Ռուսաստանից ու Ղազախստանից նավթամուղերի ու գազամուղերի միջոցով ներկրումների քանակը, որը պետք է անհանգստացնի Թեհրանին, քանի որ իրանական նավթին փոխարինող հումք գտնելու դեպքում Չինաստանը հնարավոր է կորցնի հետաքրքրությունը իրանական էներգակիրների հանդեպ, որի պատճառով Իրանը ՄԱԿ ԱԽ-ում կկորցնի չինական օժանդակությունը:
Leave a Reply