China-Eurasia News Ticker

ԻՆՉՊԵ՞Ս ԵՎ ԻՆՉՈՒ՞ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԻՆԱՑԻՆԵՐԻՆ

ՄՀԵՐ ՍԱՀԱԿՅԱՆ
Նանջինգի համալսարանի Միջազգային հարաբերությունների ինստիտուտ

15.05.2014 Աղբյուրը՝Diplomat.am

Չինաստանը վստահ քայլերով զարգանում է ու տարածաշրջանային խաղացողից վեր է ածվում համաշխարհային գերտերության: Նա հստակ ներկայացնում է իր պահանջներն ու մասնակցում միջազգային հանրությանը հուզող խնդիրների լուծմանը: Չինաստանը ներգրավված է համաշխարհային քաղաքականության մի շարք կարևոր խնդիրների լուծմանը, ինչպիսիք են Կորեական թերակզղու ապամիջուկայնացումը, Իրանական միջուկային խնդրի կարգավորումը և այլն: Չինաստանը մեծացնում է իր օժանդակությունն ու ներգրավվածությունը ՄԱԿ-ի ծրագրերին: Եվ վերջապես նա աշխարհի երկրորդ տնտեսությունն է ու Միավորված Ազգերի Կազմակերպության Անվտանգության Խորհրդի Մշտական անդամ: Վերոնշյալ պատճառները կարևոր են դարձնում այս երկրի հետ տնտեսական ու քաղաքական կապերի զարգացմանը միտված քայլերը, նրա կողմից ստեղծված կազմակերպություններին անդամակցելը: 


Չինաստանում Հայաստանի ու հայության մասին տեղեկատվությունը սահմանափակ է, չինացիների զգալի մասը գաղափար չունի հայությանը հուզող հիմնախնդիրներից: Իհարկե, Հայոց պատմությունը չի սկսվում ու ավարտվում ցեղասպանությամբ, բայց քանի դեռ այս խնդիրը լուծում չի գտել ու ներկայումս էլ հայությունը բարոյական, քաղաքական, տնտեսական վնասներ է կրում. պետք է շարունակել ջանքերը միջազգային ճանաչման գործում: 

Հիպոթեզ առաջին. չինացիներին ցեղասպանության պատճառների մասին տեղեկացնելիս կարելի է հիշատակել Պանթուրքիզմի ու դրա նպատակների մասին, այն է՝ ստեղծել թյուրքախոս ժողովուրդների մի միություն, որի կազմի մեջ կմտնեին Թուրքիան, Ադրբեջանը, միջինասիական երկրները, Ռուսաստանի արևելքն ու Չինաստանի Սինճիան նահանգը: Այս տերության ստեղծումն անմիջականորեն կվտանգեր Չինաստանի տարածքային ամբողջականությունն ու ազգային անվտանգությունը: Այս գաղափարախոսության իրագործման համար թուրքերն իրականացրեցին Հայոց ցեղասպանությունը, քանի որ ոչնչացնելով հայերին՝ նրանք ֆիզիկական կապ կստեղծեին արևելքի թյուրքախոսների հետ: Հայ ազգը շուրջ 1,5 մլն. զոհերի ու տարածքային կորուստների գնով կարողացավ կասեցնել թուրքական վտանգը դեպի արևելք ու Չինաստան: 

Հիպոթեզ երկրորդ. Համաշխարհային պատմությունը ցույց է տալիս, որ ցեղասպանությունները կրկնվելու հատկություն ունեն, քանի որ ժամանակին չեն կասեցվում ու դատապարտվում: Այս համատեքստում կարելի է ստեղծել ևս մեկ հայ-չինական կամուրջ: Թուրքերն իրագործեցին Հայոց ցեղասպանությունն ու չպատժվեցին, ինչը շղթայական ռեակցիայի պատճառ եղավ, որի պատճառով 20-րդ դարում տուժեցին չինացիներն ու հրեաները: Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում ճապոնացիները, օրինակ վերցնելով թուրքերից, միայն Չինաստանի մայրաքաղաք Նանջինգում կոտորեցին 300.000 չինացիների, իսկ նրանց դաշնակից Գերմանիան իրագործեց հրեաների հոլոքոսթը: Այս դեպքերի փոխշախկապվածության ապացույցը Ա. Հիտլերի հայտարարությունն էր, թե ով է հիմա հիշում ու խոսում հայերի ցեղասպանության մասին:
Ինչու՞ պետք է քայլեր ձեռնարկել, որպեսզի չինացիներն էլ տեղեկացվեն ու պետական մակարդակով ընդունեն ցեղասպանության փաստը՝ քանի որ ներկայիս համաշխարհային քաղաքական շախմատում Չինաստանը կարևոր խաղացող է ու նրա ճանաչման դեպքում այն կարող է խթան լինել Հեռավոր Արևելքի այլ երկրների համար: 

Կարևոր պատճառներից է նաև այն, որ հայկական կողմը Չինաստանում պասիվ լինելու դեպքում հնարավորություն կընձեռնի թուրքական ու ադրբեջանական քարոզչամեքենային չինական լսարանում տարածել ապատեղեկատվություն, ինչը բնականաբար դեմ է հայկական շահերին:
Ժամանակակից Չինաստանն ազատ երկիր է, զարգանում են քաղաքական ու վերլուծական դպրոցները, վերլուծաբաններն ու մամուլը գործում են առանց խոչընդոտների, հետազոտական կենտրոնները սերտորեն համագործակցում ու մտքերի փոխանակում են կատարում արտասահմանյան առաջատար բուհերի հետ: Վերոհիշյալ հարցերն առաջ մղելու համար կարելի է ներգրավել Սփյուռքի ու Հայաստանի վերլուծաբաններին ու ուղեղային կենտրոններին: 

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը, հայկական ուսումնական հիմնադրամները կարող են կրթաթոշակներ տրամադրել Հայոց ցեղասպանության և Նանջինգի կոտորածների համեմատական վերլուծությունների համար: Այս ամենին, համոզված եմ, կհետևեն չինական բազմաթիվ կրթաթոշակները, որոնք կվերաբերեն ու կնպաստեն խնդրի բազմակողմանի ուսումնասիրություններին: Այսպիսի լայնածավալ աշխատանքի համար լեզվի իմացությունը ևս խնդիր չէ, քանի որ, թե՛ հայ, թե՛ չինացի մասնագետների զգալի մասը տիրապետում է անգլերեն լեզվին, երկու երկրներում առկա են անգլերեն լեզվով գիտական վերլուծական հանդեսներ: 

Ներկայումս Չինաստանում սովորում են 70-80 հայ ուսանողներ, ովքեր միավորված են Չինաստանում Հայ ուսանողական միության շրջանակում: Նրանց մեծ մասը տիրապետում է չինարեն լեզվին, ինչը հնարավորություն է տալիս այս ներուժն օգտագործել գիտական հոդվածներ գրելու, թարգմանություններ, դաշտային աշխատանք կատարելու համար: Չինաստանում կազմակերպված բնույթ է ստանում նաև հայկական համայնքը, որի ներկացուցիչների զգալի մասը ցեղասպանությունը վերապրածերի սերունդներ են ու լավ են պատկերացնում խնդիրը, կարող են ներկայացնել: Նրանք այն մարդիկ են, ովքեր անհատ-անհատ հարաբերություններում անմիջականորեն ներկայացնում են Հայաստանն ու հայկական մշակույթը: 

Հայկական ու չինական կողմին կապում է նաև այն հանգամանքը, որ ներկայումս Թուրքիայի ու Ճապոնիայի կառավարությունները որդեգրել են ժխտողական քաղաքականություն ու փորձում են խույս տալ սեփական մեղքերն ընդունելուց, ինչի պատճառով միջազգային հանրությունը կարող է կանգնել նոր ցեղասպանությունների փաստի առջև: Հայերն ու չինացիները կարող են միավորել ջանքերը ցեղասպանությունները դատապարտելու ու կանխելու գործում, ինչը նոր լիցք կհաղորդի հայ-չինական հարաբերություններին ու իր նպաստը կբերի համաշխարհային անվտանգության ու խաղաղության ամրապնդման գործում:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: