Ժամանակակից Չինաստանի արտաքին քաղաքականության հիմնական դերակատարները
Մհեր Սահակյան
1949 թվականին Կոմունիստական կուսակցության առաջնորդությամբ մտնելով միջազգային հարաբերությունների թատերաբեմ՝ Չինաստանը 1970-ական թվականների վերջում սկսած բարեփոխումների շնորհիվ ընդամենը 4 տասնամյակի ընթացքում դարձավ աշխարհի երկրորդ ամենամեծ տնտեսությունը և գերտերություն:
Չինաստանն առաջին հերթին իր տնտեսական հզորություններն օգտագործելով է մասնակցում համաշխարհային քաղաքականության և տնտեսության պրոյեկտման գործին, ձեռք է բերում քաղաքական ազդեցություն եւ արևմուտքից անկախ կառուցում է առանձին աշխարհաքաղաքական բևեռ, ունի մարտունակ բանակ և տիրապետում է միջուկային զենքի: ՄԱԿ- ԱԽ անդամակցության շնորհիվ մասնակցում է միջազգային քաղաքականության հիմնախնդիրների քննարկմանը, ինչպիսիք են՝ Իրանի, Հյուսիսային Կորեայի միջուկային հիմնախնդիրները, Սիրիայի, Եմենի, Ուկրաինայի ճգնաժամերը և այլն: Չինաստանը կարևոր դեր է խաղում միջազգային կառույցներում, նախաձեռնում և մասնակցում է նոր կազմակերպությունների հիմնմանը, օրինակ՝ ՇՀԿ, ԲՌՀՉՀ և այլն: Այսպիսով, Չինաստանի ազդեցությունն աստիճանաբար աճում է աշխարհում:
Սույն հոդվածը նպատակ ունի ներկայացնելու, թե որոնք են Չինաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները, ինչ քաղաքական, տնտեսական նպատակներ է հետապնդում այն արդի ժամանակաշրջանում: Ովքե՞ր են Չինաստանում արտաքին քաղաքականության ոլորտի հիմնական որոշում կայացնողներն ու գործնականում իրագործողները: Ո՞ր լրատվական եւ սոցիալական հարթակներն է օգտագործում չինական դիվանագիտությունը՝ համաշխարհային լսարանին սեփական տեսլականը ներկայացնելու համար:
Նախագահ Սի Ծինփինը, որը նաև Չինաստանի Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի Քաղբյուրոյի գլխավոր քարտուղարն է, Չինաստանի արտաքին քաղաքականության հիմնական համակարգողն ու իրագործողն է: Արտաքին քաղաքականության ոլորտում որոշումները քննարկվում եւ կայացվում են Չինաստանի Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի Միջազգային հարաբերությունների կենտրոնական կոմիտեի շրջանակներում, որի ղեկավարը ևս Չինաստանի նախագահն է: Այս կոմիտեին անդամակցում են նաև Պետական կոմիտեի, կառավարության ղեկավարը՝ վարչապետը, ԱԳ նախարարը եւ այլ պաշտոնյաներ: Կարևոր դերակատարում է վերապահված այս կոմիտեի տնօրենին, որը մասնակցում է թե՛ որոշումների կայացմանը, թե՛ իրականացմանը:
Արտաքին գործերի նախարարությունը խորհրդատվություններ և առաջարկություններ է ներկայացնում երկրի ղեկավարությանը, իրականացնում է արտաքին քաղաքականության վերաբերյալ նրանց որոշումները: Չինաստանի` համաշխարհային ուժ դառնալու հետ միասին աճում է նաև այդ երկրի դիվանագիտության ազդեցությունն աշխարհում:
Չինական դիվանագիտությունն առաջ է քաշել նաեւ մի շարք գաղափարախոսություններ, որոնցից արժանահիշատակ են «Համատեղ խաղաղ գոյակցության հինգ սկզբունքները», «Մեծ պետությունների համագործակցության նոր մոդելը», «Մարդկության ընդհանուր ապագան», «Համաշխարհային անվտանգության նախաձեռնությունը» և այլն:
Չինաստանի տնտեսական արտաքին քաղաքականության իրականացման մեջ իր ներդրումն ունի նաև Առևտրի նախարարությունը, որը համակարգում է երկրի արտահանումն ու ներկրումը: Ազգային պաշտպանության նախարարությունը վարում է ակտիվ ռազմական դիվանագիտություն, նպաստում է այլ երկրների հետ ռազմաքաղաքական, ռազմաարդյունաբերական համագործակցության խորացմանը:
Վերջին տասնամյակում արտաքին քաղաքականության որոշումերի կայացման վրա որոշակի ազդեցություն են ձեռք բերել նաև միջազգայնագետները, գիտական կենտրոնները, տնտեսական գործունեությամբ զբաղվող կազմակերպությունները, ժողովրդական դիվանագիտությամբ զբաղվող կառույցները:
Չինաստանը ստեղծել է նաեւ լրատվամիջոցների լայն ցանց, որոնք ակտիվորեն ներկայացնում են չինական դիվանագիտության տեսլականն ու գործունեությունը տարբեր լեզուներով, որոնցից են «Չինաստանի համաշխարհային հեռուստատեսային ցանցը» (China Global Television Network), «Սինխուան» (新华), «Ջոնգուո Ռիպաոն» (中国日报) եւ այլն: Կոնֆուցիոսի ինստիտուտը, որը գործում է բազմաթիվ երկրներում չինական փափուկ ուժի տարածման գործոններից մեկն է:
Չինաստանի արտաքին քաղաքականությունն անմիջականորեն փոխկապակցված է ներքին քաղաքականության հետ: Չինաստանի արտաքին քաղաքականության հիմնական նպատակն է նպաստել «Չինական երազանքի» իրականացմանը, ըստ որի՝ երկիրը պետք է դառնա հզոր, տնտեսապես զարգացած, բարեկեցիկ, անվտանգ եւ սոցիալապես ապահովված մինչեւ 2049 թվականը:
*Հոդվածն ադապտացված է Մհեր Սահակյանի ««Ժամանակակից Չինաստանի արտաքին քաղաքականության հիմնահարցեր» դասընթացի ուսումնամեթոդական ձեռնարկից: Տպագրվում է հեղինակի համաձայնությամբ:
*Նյութի նկարի աղբյուրն է ՉԺՀ ԱԳՆ կայքը:
Հեղինակի Մասին

Ք.գ.թ. Մհեր Սահակյանը «Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհրդի հիմնադիր ղեկավարն է: Նա Հոնկոնգի համալսարանի Ասիա Գլոբալ ինստիտուտի 2022 AsiaGlobal Fellow է: 2020 թվականին ընտրվել է Վիեննայի Խաղաղության ինստիտուտի Խորհրդականների խորհրդի անդամ: Սահակյանը նախաձեռնել և հիմնադրել է «Եվրասիական հետազոտություններ ժամանակակից Չինաստանի և Եվրասիայի վերաբերյալ» միջազգային գիտաժողովը, «Հայաստան-Չինաստան» ակադեմիական դիվանագիտության ֆորումը: Նա դասավանդում է Հայ-ռուսական համալսարանում: Նա հայերեն և ռուսերեն լեզուներով հրատարակվկած «Չինաստանի Մեկ գոտի, մեկ ճանապարհ նախաձեռնությունը և Հայաստանը» գրքի հեղինակն է: 2021թ.-ի մայիսին ԱՄԷ-ի Անվար Գարգաշի անվան դիվանագիտական ակադեմիան հրատարակել է Մհեր Սահակյանի «Մեծ տերությունների արդի մրցակցությունը Կենտրոնական Ասիայում. հնարավորություններ և մարտահրավերներ Ծոցի երկրների համար» աշխատությունը: 2021 թվականի սեպտեմբերին նրա նախաձեռնությամբ և համախմբագրությամբ բրիտանական Թեյլոր և Ֆրենսիսի Ռոութլեջի ակադեմիական հրատարակչությունում լույս է տեսել «Չինաստան և Եվրասիա. Վերաիմաստավորելով համագործակցությունը և տարաձայնությունները փոփոխվող աշխարհակարգի ժամանակաշրջանում» գիրքը: Նա նաև հանդիսանում է Թեյլոր և Ֆրենսիսի Ռոութլեջի կողմից հրատարակած «Իրանը միջազգային համակարգում. մեծ տերությունների և մեծ մտքերի մեջտեղում», ««Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունն Ասիայում, Աֆրիկայում և Եվրոպայում», ԲՌԻԼԼ հրատարակչության «Վերաիմաստավորելով Չինաստանի, Մերձավոր Արևելքի և Ասիայի դերը «Մուլթիփլեքս» աշխարհակարգում» գրքերի գլուխների հեղինակ: Հեղինակել է նաև գիտական, վերլուծական հոդվածներ Հոնկոնգի համալսարանում, Վիեննայի խաղաղության ինստիտուտում, Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանում, Միջազգային գործերի ռուսաստանյան խորհրդում և այլն:
Leave a Reply