21e8ffc02a8126be8422cb117526cdc0

ՉԻՆԱՍՏԱՆ-ԿԺԴՀ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԱԿ ԱԽ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ

Մհեր Սահակյան
Նանջինգի համալսարան, ՉԺՀ
Շնորհիվ 1978-ից սկսված տնտեսական բարեփոխումների՝ 21-րդ դարում Չինաստանի դերը դարձել է խիստ կարևոր: Դրան նպաստում է նաև Միավորված Ազգերի Կազմակերպության Անվտանգության խորհրդում (ՄԱԿ ԱԽ) մշտական անդամ լինելը: 20-րդ դարում 3-րդ աշխարհի տարբեր երկրներում (ԿԺԴՀ, Իսրայել, Իրան, Իրաք, Սիրիա, Հնդկաստան, Պակիստան, Բրազիլիա, Արգենտինա, Լիբիա, ՀԱՀ) գիտության որոշակի զարգացումն ու տեխնոլոգիաների հասանելիությունը հնարավորություն տվեցին ստեղծել կամ փորձել ունենալ սեփական միջուկային զենք:

Պակիստանցի գիտնական Աբդուլ Քադիր Խանը, որը համարվում է Պակիստանի միջուկային ծրագրի «հայրը», ստեղծել էր միջուկային տեխնոլոգիաների տարածման, առքուվաճառքի ընդհատակյա ցանց: Դոկտոր Խանի անվան հետ է կապվում Լիբիային, ԿԺԴՀ-ին որոշակի միջուկային տեխնոլոգիաներ վաճառելը1։

21-րդ դարում միջուկային սպառազինությունների տարածման վտանգի առջև կանգնած աշխարհի համար կարևոր է, թե ինչպես իրենց կդրսևորեն Միջուկային զենքի չտարածման պայմանագրի (ՄԶՉՊ) հիմնական երաշխավորները՝ Չինաստանը, ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Անգլիան և Ֆրանսիան:

Ներկայումս միջազգային հանրությանը հուզող հրատապ հարցերից է Կորեական թերակղզու միջուկայնացումը: ԽՍՀՄ փլուզման պատճառով Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետությունը (ԿԺԴՀ կամ Հյուսիսային Կորեա) կորուստներ ունեցավ թե՛ քաղաքական, թե՛ ռազմական բնագավառներում: ԿԺԴՀ-ն, կորցնելով իր առաջնորդին և պաշտպանին, վստահելի զենք մատակարարողին, որոշեց միջուկային զենք ստեղծել2։

Այսպիսով, ԿԺԴՀ-ն 2003թ. դուրս եկավ ՄԶՉՊ-ից և իրականացրեց միջուկային զենքի 3 փորձարկում (2006, 2009 և 2013թթ.): ԿԺԴՀ հրթիռների և միջուկային զենքի փորձարկումներին հետևեցին Միավորված Ազգերի Կազմակերպության թիվ 1718 (2006), 1874 (2009), 2087 (2013), 2094 (2013) բանաձևերը, որոնք ծանր պատժամիջոցներ սահմանեցին ԿԺԴՀ-ի ֆինանսատնտեսական, ռազմական համակարգերի համար3։ Այս բանաձևերին կողմ քվեարկեց նաև ԿԺԴՀ «դաշնակից և բարեկամ» Չինաստանը՝ ապացուցելով, որ Պեկինը դարձել է միջազգային համակարգի պահապաններից մեկն ու լրջությամբ է վերաբերվում միջուկայնացման դեմ պայքարին:

Հոդվածը նպատակ ունի բացահայտել, թե ՄԱԿ ԱԽ-ում պատժամիջոցներին կողմ քվեարկած Չինաստանն ինչպես է շարունակում տնտեսական համագործակցությունը ԿԺԴՀ-ի հետ, ինչու է օգնություն տրամադրում Կորեական թերակղզին միջուկայնացնող և Հեռավոր Արևելքի խաղաղությունը վտանգող Փհենյանին, ինչպես են չինացիները վերաբերվում ԿԺԴՀ-ին:

Ինչո՞ւ է Պեկինն օգնում Փհենյանին

Ներկայումս Չինաստանին ձեռնտու է ԿԺԴՀ կայուն իրավիճակը, քանի որ ռեժիմի փոփոխությունը, պատերազմական իրավիճակը պատճառ կդառնան ԿԺԴՀ-ից դեպի Չինաստան բազմաթիվ գաղթականների արտահոսքի, որը լարված իրավիճակ կստեղծի Չինաստանի արևելքում: Չինաստանը ԿԺԴՀ-ի միջոցով հեռու է պահում ԱՄՆ ցամաքային զորքերն իր արևելյան սահմաններից: Տնտեսապես օժանդակելով ԿԺԴՀ-ին՝ Չինաստանը պահպանում է կոմունիստական վարչակարգն ու հույսը, որ «Արևելք-Արևմուտք» հնարավոր հակամարտությունում կօգտագործի ԿԺԴՀ ահռելի բանակը4։

Ինչպես «Foreign Affairs»-ի հետ հարցազրույցում նշել է ԱՄՆ-ում Չինաստանի դեսպան Ցույ Թիանքայը. «Մենք ԿԺԴՀ-ին տրամադրել ու տրամադրում ենք հումանիտար օգնություն: Սա կորեացի ժողովրդին օգնելու համար է և ընդհանուր ոչինչ չունի նրանց ղեկավարության նկրտումների և հատկապես միջուկային ծրագրի հետ: Նրանք հստակ գիտեն, որ մենք դեմ ենք միջուկային ծրագրին, և Չինաստանը երբեք չի համաձայնի նրանց միջուկային ծրագրի հետ: Մենք դեմ ենք կատարված միջուկային փորձարկումներին, այդ պատճառով ՄԱԿ ԱԽ-ում կողմ քվեարկեցինք պատժամիջոցների օգտին: Մենք կկատարենք բոլոր հնարավոր քայլերը, որ հասնենք մեր նպատակին՝ ապամիջուկայնացմանն ու կայունության հաստատմանը»5։

Չինաստանը կորեական հիմնախնդրի շուրջ իր քաղաքականությունը կառուցում է հետևյալ սկզբունքների վրա. «ո՛չ պատերազմին, ո՛չ անկայունությանը, ո՛չ միջուկային զենքին» (不战,不乱,无核, bu zhan, bu luan, wuhe)6։

ԽՍՀՄ փլուզումից հետո «որբացած» ԿԺԴՀ-ի համար շատ կարևոր են Չինաստանից օգնություն եկող սննդամթերքն ու վառելիքը: Այս օգնության շնորհիվ է, որ ԿԺԴՀ-ին հաջողվում է գոյատևել:

Ինչպե՞ս է Չինաստանը ՄԱԿ ԱԽ պատժամիջոցների առկայությամբ շարունակում տնտեսական համագործակցությունը ԿԺԴՀ-ի հետ

Նախագահ Սի Ձինփինի գլխավորությամբ՝ Չինաստանը խորացրեց տնտեսական հարաբերությունները ԿԺԴՀ-ի հետ: Ներկայիս Չինաստանի ղեկավարության հիմնական նպատակներից է երկրի տնտեսապես հետ մնացող շրջանների զարգացումը: Չինաստանի ներքին քաղաքականության նոր գաղափարախոսությունն է «Չինաստանի երազանքը»(中国梦Zhongguo meng), որը նպատակ ունի բարեկեցիկ և ապահով կյանք ստեղծել յուրաքանչյուր քաղաքացու համար: Պեկինում կարծում են, որ Չինաստանի հյուսիսարևելյան շրջանները զարգացնելու համար պետք է անմիջական տնտեսական կապեր ստեղծել այդ նահանգների և ԿԺԴՀ-ի միջև:

Չինաստանի առևտրի նախարարության կայքում տեղադրված են 172 չինական ընկերությունների անվանումներ, որոնք 2013թ. ներդրումներ են կատարել ԿԺԴՀ-ում: 59-ը գրանցված է Լիաոնինգում, որոնցից 4-ը՝ Դալիան քաղաքում, 60-ը՝ Ճիլինում: 2012թ. մարտին ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության «Տվյալների բաց կենտրոնը» նշել է, որ ԿԺԴՀ-ում ներդրում է կատարել 351 ընկերություն, որոնցից 205 ընկերությամբ առաջին տեղում են չինացիները, իսկ երկրորդը ճապոնացիներն են՝ 15 ընկերությամբ:

Պաշտոնական ԿԺԴՀ-ն նշել է այն երեք հիմնական ուղղությունները, որոնք կարող են հետաքրքրել չինացի ներդրողներին.

1. Բնական պաշարներ

2. Փհենյանում հինգաստղանի հյուրանոցների կառուցում

3. Ռասոնում ենթակառուցվածքների ստեղծում։

Իրականում Հյուսիսային Կորեայում չինական ներդրումներն ուղղված են դեպի հանքարդյունաբերությունը, հատկապես՝ երկաթի հանքաքարի, ոսկու, ածխի, պղնձի, ցինկի, մագնետիտի, մոլիբդենի, կապարի և տիտանի արդյունահանմանը7։

2005թ. Չինաստանը ԿԺԴՀ-ին որպես օգնություն տրամադրել էր 500.000 տոննա սննդամթերք, իսկ երկկողմանի առևտուրը հասել էր $1,5 մլրդ-ի: Չնայած Չինաստանը դեմ էր ԿԺԴՀ-ի կողմից միջուկային զենքի փորձարկմանը, բայց երկկողմ առևտրի ծավալը մեծացավ 2006թ. առաջին փորձարկումից հետո, իսկ 2008թ. հասավ $2,8 մլրդ-ի (ԿԺԴՀ արտաքին առևտրի 73%-ը): 2009թ. ՄԱԿ ԱԽ նոր բանաձևի պատճառով աճը դանդաղեց, բայց 2010թ. այն հասավ $3,5 մլրդ-ի և շարունակում է աճել8։
Ի՞նչ են մտածում չինացիները ԿԺԴՀ-ի վերաբերյալ

Չինացիների հետ հարցազրույցները ցույց են տալիս, որ այս հարցում չինացիների կարծիքները բաժանվում են երկու մասի: Առաջին հատվածը գտնում է, որ ԿԺԴՀ-ն Չինաստանի բարեկամը չէ, և նրա պահվածքն ու միջուկային սպառազինությունների ձեռքբերումը վտանգում են նաև Չինաստանի անվտանգությունը10։ Կոմունիստական կուսակցության Կենտրոնական դպրոցի «Ուսման ժամանակներ» թերթի նախկին փոխխմբագիր Դընգ Յուևենը գրել է, որ ԿԺԴՀ միջուկային զենքի երրորդ փորձարկումը լավագույն պահն է, որ Չինաստանը վերագնահատի դաշնակցային հարաբերությունները Կիմ դինաստիայի հետ: Պեկինը պետք է միայնակ թողնի Փհենյանին և ճնշում գործադրի, որպեսզի Կորեական թերակղզու միավորումն իրականություն դառնա: Հյուսիսային Կորեան (ԿԺԴՀ) պետք է միանա Հարավային Կորեային (Կորեայի Հանրապետություն կամ ԿՀ): Կորեական թերակղզու միավորումը հնարավորություն կտա նվազեցնել ԱՄՆ-Ճապոնիա, ԱՄՆ-ԿՀ ռազմավարական հարաբերությունների նշանակությունը, թուլացնել աշխարհաքաղաքական ճնշումը Չինաստանի վրա, կօգնի լուծել նաև Թայվանի խնդիրը11։

Երկրորդ հատվածը գտնում է, որ ԿԺԴՀ-ն յուրահատուկ բուֆեր է Չինաստանի և Ճապոնիայի, ինչպես նաև ԿՀ-ում ու Ճապոնիայում տեղակայված ԱՄՆ ցամաքային զորքերի միջև12: Այս հատվածն էլ, իր հերթին, բաժանվում է երկու մասի, մի մասը նշում է, որ Չինաստանն առաջին հերթին օգնում է ԿԺԴՀ-ին, քանի որ վաղեմի բարեկամներ են, չնայած չինացիները չեն սիրում Կիմ դինաստիային13, իսկ մյուս մասը գտնում է, որ ԿԺԴՀ-ն Չինաստանի ռազմավարական կարևոր դաշնակիցն է, և Չինաստանը պետք է շարունակի տնտեսական օգնություն տրամադրել ԿԺԴՀ ղեկավարությանը, որպեսզի երկրի քաղաքական համակարգը չքանդվի14։

Ինչպե՞ս հասկանալ Չինաստանի երկակի խաղը, երբ Չինաստանը կողմ է քվեարկում ԿԺԴՀ-ի դեմ պատժամիջոցներին, իսկ մյուս կողմից՝ խորացնում է տնտեսական հարաբերությունը ԿԺԴՀ-ի հետ: Պատասխանը հետևյալն է. Չինաստանը կողմ է քվեարկում բանաձևերին, որովհետև դեմ է իր հարևանությամբ միջուկային սպառազինությունների տարածմանը: Պեկինում անհանգստանում են, որ ԿԺԴՀ այս քայլին հնարավոր է հետևի Ճապոնիայի և ԿՀ-ի կողմից ատոմային ռումբի ստեղծումը, որը կփոխի հեռավորարևելյան գոտում ուժերի հարաբերակցությունը:

Չինաստանը ներդրումներ է կատարում ԿԺԴՀ-ում, որպեսզի պահպանի երկրի կայուն իրավիճակը: Պեկինը մտավախություն ունի նաև, որ եթե օգնություն չտրամադրի ԿԺԴՀ-ին, ապա հնարավոր է, որ այդ բացը լրացնի ԱՄՆ-ը, և Փհենյանն անցնի արևմտյան ճամբար կամ միանա ԿՀ-ին:

Եթե հետևենք ՄԱԿ ԱԽ բանաձևերի պատճառով դրված պատժամիջոցներից հետո ստեղծված իրավիճակին՝ ապա կարելի է այսպես եզրափակել. Չինաստանը, կողմ քվեարկելով տնտեսական պատժամիջոցներին, իրականում կարողացավ ԿԺԴՀ շուկայից (24 մլն) հեռացնել մրցակիցներին, իր ձեռքում կենտրոնացնել ԿԺԴՀ հարուստ հանքավայրերը, սեփական արտադրանքը սպառել Կորեայի՝ ապրանքների պակաս ունեցող շուկայում, օգտվել ԿԺԴՀ էժան աշխատուժից: Չինաստանը, տնտեսապես օժանդակելով ԿԺԴՀ-ին, ամրապնդում է նաև իր ներկայությունը Կորեական թերակղզում և ԱՄՆ ցամաքային զորքերը պահում 38-րդ հորիզոնականից անդին: ԿԺԴՀ-ն, իր հերթին, հնարավորություն է ստացել չինական ներդրումների շնորհիվ կայուն իրավիճակ ստեղծել երկրում և պահպանել ներկայիս քաղաքական համակարգը:

Կարևոր է նշել, որ Չինաստանում այլևս չեն քննարկում կոմունիզմը որպես ԿԺԴՀ-ի հետ միավորող հիմնական գործոն։

1 Letter dated 11 may 2012 from the Panel of Experts established pursuant to resolution 1874(2009) addressed to the Chair of the Security Council Committee established pursuant to resolution 1718(2006), pp. 9-15.

2 Michael Mandelbaum “Lessons of the Next Nuclear War.” Foreign Affairs, 1 March 1995. Accessed at: http://www.foreignaffairs.com/articles/50769/michael-mandelbaum/lessons-of-the-next-nuclear-war ( accessed on 17 May 2014).

3 UN SC resolutions 1718 (2006), 1874 (2009), 2087 (2013) and 2094 (2013), 1874 (2009), 2087 (2013) and 2094 (2013). It is available online, at: http://www.un.org/sc/committees/1718/

4Մհեր Սահակյան, Ատոմային ռումբը վերադառնում է, կամ՝ Կորեական թնջուկ, «Գլո¬բուս», #4, 2014, էջ 17։

5 Beijing’s Brand Ambassador , Foreign Affairs, July/August 2013,it is available online, at: http://www.foreignaffairs.com/discussions/interviews/beijings-brand-ambassador. (Accessed September 6, 2014)

6 Matheiu Duchatel and Phillip Schell, China’s Policy on North Korea, Economic Engagement and Nuclear Disarmament, op. cit., p. 44.

7 Matheiu Duchatel and Phillip Schell, China’s Policy on North Korea, op.cit , p. 29.

8 Gregory J. Moore(ed.), North Korean Nuclear Operationality, John Hopkins University press, 2013, p. 78.

9 Matheiu Duchatel and Phillip Schell, China’s Policy on North Korea, Economic Engagement and Nuclear Disarmament, op. cit., p. 31.

10 Հարցազրույց չինացի հետազոտողի հետ, Նանջինգ, հոկտեմբերի 22, 2014։

11 Deng, Y., China should abandon North Korea’, Financial Times, 27 Feb. 2013. It is available online, at: http://www.ft.com/cms/s/0/9e2f68b2-7c5c-11e2-99f0-00144feabdc0.¬html#axzz3GGyjwV7j

12 Հարցազրույց չինացի հետազոտողի հետ, Նանջինգ, հոկտեմբերի 26, 2014։

13 Հարցազրույց չինացի հետազոտողի հետ, Նանջինգ, հոկտեմբերի 27, 2014։

14 Հարցազրույց չինացի հետազոտողի հետ, Նանջինգ, հոկտեմբերի 28, 2014։

Աղբյուր noravank.am

«Գլոբուս» վերլուծական հանդես, թիվ 11-12, 2014

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s