November 13, 2016

IMG_7228 (2)Հարգելի Չինահայե՛ր, շնորհավորում եմ Չինահայերի միասնականության օրվա առթիվ: Ցանկանում եմ, որ մենք՝ բոլորս միասին, շարունակենք ստեղծել մարդակենտրոն, հայապահպան, ժողովրդավար ու արդար կառույց:
Չինաստանի Հայկական համայնքը կամ <<ՉինաՀայն>> ազատ անհատների միություն է, որտեղ մարդկանց միմյանց հետ միավորում են հայ լինելը, Հայկականը պահպանելու, միմյանց օգնելու նպատակները:
Իսկ ի՞նչ է արել <<ՉինաՀայը>> ցայսօր: Այն միավորել է Չինաստանում հազարավոր կիլոմոմետրեր իրարից հեռու գտնվող մեր հայրենակիցներին, ակտիվորեն ներկայացրել է Հայկական մշակույթն ու արվեստը հյուրընկալ Չինաստանում, կազմակերպել է Ցեղասպանության հիշատակման միջոցառումներ, պատարագ, մասնակցել է Արցախի համար անցկացվող դրամահավաքին: <<ՉինաՀայի>> նախաձեռնությամբ ամեն տարի անց է կացվում <<Հայ հետազոտողների և ուսանողների առցանց գիտաժողովը>>, որն իր հերթին միավորել է Չինաստանում առկա հայկական գիտական միտքը: 2016թ. <<ՉինաՀայի>> և <<ՀԱՀ>>-ի համատեղ ջանքերով առաջին չինացի ուսանողը մեկնել է ուսանելու Հայաստանում: Այս ծրագիրը կարող է հետագայում լավ խթան հանդիսանալ, որ Հայաստանն էլ Չինաստանում դիտարկվի որպես որակյալ կրթություն ապահովող երկիր, ու բազմաթիվ չինացի ուսանողներ ուսումը շարունակեն հենց Հայաստանում: ՉինաՀայի և <<Գուլբենկյան>> հիմնադրամի մեկ այլ կարևոր նախաձեռնությամբ հայ և չինացի հետազոտողները գիտական աշխատություններ են գրում Չինաստանում Հայկական ներկայության պատմության վերաբերյալ: Համայնքը հիմադրել է <<Չինահայ>> լրագիրը, որը Հեռավոր Արևելքում տպագրվող միակ երկլեզու (հայերեն և անգլերեն) լրագիրն է:
Կարևոր ձեռք բերում է նաև Համայնքի Գործադիր մարմնի համար ժողովրդավարական սկզբունքերով անցկացվող ընտրությունները, որտեղ հավասարապես առկա են, թե՛ տղամարդիկ, թե՛ կանայք, ովքեր Չինաստան են ժամանել Արևմուտքից, Արևելքից, Ռուսաստանից ու Հայաստանից:
Վերը թվարկված բոլոր ծրագրեն էլ շատ կարևոր են, ու մենք դա իրագործել ենք բոլորս միասին: <<ՉինաՀայի>> հաջողությունները մեկինը կամ երկուսինը չեն, այս հաջողությունները պատկանում են Համայնքի բոլոր այն անդամներին, ովքեր ինչ որ ձևով մասնակցել են դրանց իրագործմանը:
Ես <<ՉինաՀայի>> ամենամեծ ձեռքբերումը համարում եմ այն, որ ստեղծվել է ու շարունակաբար պետք է ստեղծվի այնպիսի մթնոլորտ, որի շնորհիվ կարևորվում է և առաջնայինն է անհատը, Չինաստանում բնակվող յուրաքանչյուր հայը, ով իրեն կապված է համարում Համայնքի և Հայրենիքի հետ: <<ՉինաՀայ>> համայնքի մարդակենտրոն կառույց դառնալու լավագույն ապացույցներն են՝ Չինաստանում բնակվող հայերի՝ մեկը մյուսին օժանդակելու, միասնական լինելու, հայրենակցին դժվար օրերին օգնելու մեծ ցանկությունն ու նպատակը: Հպա՛րտ եմ, որ բազմաթիվ անգամներ, հե՛նց Համայնքի անդամների միասնական ջանքերով առաջին օգնությունը ցուցաբերվեց այն Չինահայերին, ովքեր հայտնվել էին դժվար կացության մեջ…այդ դեպքերը թվարկելու կարիքը չկա…մենք բոլորս գիտենք… որի համար փառք ու պատիվ ձեզ, սիրելի՛ հայրենակիցներ….
Շնորհակալ եմ Գործադիր մարմնում անվարձահատույց, կամավոր սկզբունքերով աշխատող բոլոր այն հայրենասեր անհատներից, ովքեր չեն խնայում իրենց ժամանակը, էներգիան ու միջոցները <<ՉինաՀայի>> գործունեությունը համակարգելու ու ղեկավարելու համար: Շնորհակալ եմ նաև Խորհրդականների խորհդրից Չինահային օժանդակելու համար:
Սիրելի՛ ՉինաՀայեր, եվս մեկ անգամ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեր կողմից տարվող հայրենանվեր աշխատանքի համար: Կո՛չ եմ անում պահպանել միասնական շարքերը, շարունակել աշխատանքերը Հայապահպանության գործում, իրագործե՛լ <<ՉինաՀայը>> ամուր ու արդար կառույց դարձնելու նպատակը: Միասնական ուժերով հզորացնելով դեռևս երիտասարդ կառույցը՝ հետագայում ավելի մեծ հնարավորություն կստանանք օժանդակել Հայրենիքին: Առաջին քարերը դրված են…եկե՛ք միասին կառուցենք մեր երազանքի Համայնքը:

Հարգանքով՝ Չինաստանի Հայկական համայնքի նախագահ Մհեր Սահակյան
Նանջինգ, 13.11.2016