China-Eurasia News Ticker

Հայաստանը պետք է գործուն քայլեր կատարի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ծրագրի շրջանակներում Չինաստանի հետ համագործակցելու ուղղությամբ

21-րդ դարում համաշխարհային տնտեսության ներուժը կուտակվում է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում։ Սա է պատճառը, որ թե՛ ԱՄՆ-ը, թե՛ Ռուսաստանը հայտարարել են, որ շրջադարձ են կատարում դեպի այս տարածաշրջան։ «Չինաստանը՝ աշխարհի երկրորդ խոշոր տնտեսությունը, իր հերթին, «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շնորհիվ շրջադարձ է կատարում դեպի` Եվրասիա մայրցամաքում իրենից արևմուտք ընկած տարածաշրջանները»,- Yerkir.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագիտության թեկնածու, «Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհուրդ» հիմնադրամի ղեկավար Մհեր Սահակյանը։

Ըստ նրա` Չինաստանն իր նախաձեռնած «Մեկ գոտի, մեկ ճանապարհ»-ի շնորհիվ փորձում է սեփական տնտեսությունը համակցել եվրասիական մյուս երկրների տնտեսությանը, տնտեսական հզորություններն օգտագործելով՝ դառնալ առանձին քաղաքատնտեսական բևեռ։ «Եթե Ռուսաստանը փորձում է իր կողմից առաջնորդվող Եվրասիական տնտեսական միությունը համակցել չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությանը, ապա ԱՄՆ-ը, հասկանալով, որ չինական նախաձեռնության հաջողության դեպքում Եվրասիական մայրցամաքում և աշխարհում կմեծանա Պեկինի ազդեցությունը, փորձում է զսպման մեխանիզմներ մշակել Չինաստանի դեմ։ Արևելյան Եվրոպայի, Մերձավոր Արևելքի երկրներն ակտիվորեն մասնակցում են չինական նախաձեռնությանը, իսկ Արևմտյան Եվրոպայի մի շարք երկրներ զգուշություն են դրսևորում»,- նշեց քաղաքագետը:

Սահակյանն ընդգծեց, որ, համենայն դեպս, պետք է արձանագրել, որ Չինաստանն ահռելի ներդրումներ է կատարում Արևելքից Արևմուտք, ինչն իր հերթին դրական ազդեցություն է թողնում այն պետությունների տնտեսությունների վրա, որոնք այդ ներդրումներն օգտագործում են նպատակային՝ զարգացնելով սեփական տնտեսական հզորությունները:

Ըստ նրա` Եվրասիա մայրցամաքում տեղի ունեցող զարգացումներն անմիջականորեն ազդում են նաև Հայաստանի տնտեսության ու անվտանգության վրա։ Հայաստանը դուրս է մնացել Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունից, որը ձևափոխում է տնտեսական, աշխարհաքաղաքական կարգը, և, մասնագետի կարծիքով` Հայաստանը պետք է գործուն քայլեր կատարի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ծրագրի շրջանակներում Չինաստանի հետ համագործակցելու ուղղությամբ։ Այս համատեքստում ուշագրավ է վերջերս Երևանում անցկացված «Չինաստան-Եվրասիա» գիտաժողովը, որը համախմբել էր անվանի գիտնականների Մեծ Բրիտանիայից, Ռուսաստանից, Չինաստանից, Ֆինլանդիայից, Պորտուգալիայից, Վրաստանից, Ղրղզստանից, Պակիստանից, Ղազախստանից, Բելառուսից, Ռումինիայից և այլ երկրներից։ Նրանք ներկայացրեցին իրենց հետազոտությունները, որոնք վերաբերում էին սեփական երկրների փորձին ու վարած քաղաքականությանը եվրասիական մայրցամաքում տեղի ունեցող աշխարհաքաղաքական, տնտեսական փոփոխությունների վերաբերյալ, որոնցում մեծանում է Չինաստանի դերը։ Գիտաժողովում ստանալով կոնկրետ տեղեկույթ, փոխանակելով մտքեր արտասահմանցի առաջատար մասնագետների, դիվանագետների հետ՝ հայ մասնագետները հնարավորություն ունեցան փորձաքննելու սեփական հետազոտությունները, հասկանալու «Մեկ գոտի, մեկ ճանապարհ»-ից» եկող հնարավորություններն ու ռիսկերը և հետագայում հեղինակելու ու հանդես գալու կոնկրետ առաջարկություններով, որոնք կօգնեն Հայաստանին զարգացնել Չինաստանի հետ հարաբերությունները, ճիշտ օգտագործել «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունից բխող հնարավորությունները, որոնց միջոցով հնարավոր կլինի զարգացնել Հայաստանի տնտեսությունը, կապել այն աշխարհի երկրորդ մեծ տնտեսության հետ։

Ի դեպ, Մհեր Սահակյանը «Չինաստան-Եվրասիա» գիտաժողովի ընթացքում արտասահմանցի դիվանագետներին և գիտնականներին ներկայացրել է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում հայ-չինական համագործակցության հնարավորությունների վերաբերյալ մի շարք առաջարկություններ։ Նա նշել է, որ Հայաստանը միայն Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքը կառուցելուց հետ հնարավորություն կստանա «Մետաքսի ճանապարհ» տնտեսական գոտու «Չինաստան-Կենտրոնական Ասիա-Արևմտյան Ասիա տնտեսական միջանցքի» միջոցով ընդգրկվելու Չինաստանը Եվրոպային կապող տրանսպորտային ենթակառուցվածքներում։ Ըստ քաղաքագետի` Հայաստանի կողմից կառուցվող աշխարհաքաղաքական և տնտեսական կարևոր նշանակություն ունեցող ուղին ամբողջովին համընկնում է 2018թ․ հոկտեմբերին Ասիական ենթակառուցվածքների ներդրումների բանկի կողմից ընդունված ռազմավարության դրույթներին, ըստ որոնց` բանկը, որը ստեղծվել է «Մեկ գոտի, մեկ ճանապարհը» ֆինանսավորելու համար, պետք է ներդրումներ կատարի ասիական տարածաշրջանի այն ծրագրերում, որոնք նպատակ ունեն նպաստել Ասիայի տնտեսության կայուն զարգացմանը, տրանսպորտային ենթակառուցվածքների բարելավման միջոցով ամրապնդել կապը տարածաշրջանային պետությունների միջև։

Միջազգային գիտաժողովի ընթացքում, որը հայտնվել էր չինական, եվրոպական, ղազախական, հայկական և այլ երկրների լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում, Հայաստանի Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի շինարարության և ֆինանսավորման հարցի շուրջ տեղի ունեցան գիտական քննարկումներ, դրանց հատկապես մեծ հետաքրքրություն ցուցաբերեցին, Չինաստանից, Վրաստանից, Ռուսաստանից, ԵՄ-ից Հայաստան ժամանած հետազոտողները, որոնք ևս հնարավորություններ տեսան Ասիական ենթակառուցվածքների ներդրումների բանկի շրջանակներում և «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության համատեքստում Հայաստանի ենթակառուցվածքներում հայ-չինական համատեղ ներդրումային ծրագրեր իրականացնելու գործում։

Աղբյուրը՝ Երկիր https://www.yerkir.am/news/view/160262.html?fbclid=IwAR1Sqh3KliS4EE5p47fu-ffxlHkLMpdP0h4ZOz_QiE8qszgbP1Q3V5r42Y0

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: