China-Eurasia News Ticker

ՀՀ/Հայ-չինական հարաբերությունների չբացահայտված ներուժը

Չինաստանի «փափուկ ուժի» քաղաքականությունը համավարակի պայմաններում

 

Չինաստանը համավարակի պայմաններում ակտիվացրեց «փափուկ ուժի» քաղաքականությունը։ Այսօր այդ երկիրը դարձել է աշխարհի հերթական գերտերությունը։ Ի՞նչ զարգացումներ են տեղի ունենում Չինաստանում։ Ինչպիսի՞ ներուժ ունեն հայ-չինական հարաբերությունները։ Այս թեմայով «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի թղթակիցը զրուցել է «Չինաստան—Եվրասիա» քաղաքական եւ ռազմավարական հետազոտությունների խորհուրդ» հիմնադրամի ղեկավար, Միջազգային խաղաղության ինստիտուտի խորհրդականների խորհրդի անդամ (Ավստրիա), Մեծ Բրիտանիայի չինագիտության ասոցիացիայի անդամ, քաղաքական գիտությունների թեկնածու Մհեր Սահակյանի հետ։
–Ի՞նչ շտկումներ մտցրեց համավարակը Չինաստանի արտաքին քաղաքականության ոլորտում։
–Չինաստանը համավարակի պայմաններում ակտիվացրեց «փափուկ ուժի» քաղաքականությունը։ Չինական օդանավերը թռիչքներ էին կատարում դեպի տարբեր երկրներ՝ օգնություն հասցնելով դիմակներ, բժշկական պաշտպանիչ շորեր, արհեստական շնչառական ապարատներ։ Չինաստանը նաեւ 29 բժշկական խումբ ուղարկեց Ռուսաստան, Իտալիա, Սերբիա, Իրան եւ այլ 23 երկրներ, որտեղ նրանք կիսվեցին իրենց փորձով, որպեսզի այդ երկրները կարողանան ավելի արդյունավետ պայքարել համավարակի դեմ։ Չինաստանը ԱՀԿ—ին փոխանցեց 50 միլիոն դոլար։ Իհարկե, վերոհիշյալ քաղաքականությունը բարձրացրեց Չինաստանի հեղինակությունն աշխարհում որպես պատասխանատու ուժի, բայց մյուս կողմից էլ համավարակը պատճառ դարձավ, որ ավելի սրվեն չին—ամերիկյան հարաբերությունները։ Կարծում եմ՝ հետագայում էլ Չինաստանը կշարունակի մեծացնել «փափուկ ուժի» օգտագործումն արտաքին քաղաքականության մեջ, բայց ստիպված կլինի կիրառել նաեւ «կոշտ ուժի» քաղաքականությունը, որպեսզի կարողանա դիմակայել ԱՄՆ—ին։ Ի դեպ, չինացիները փորձում են ակտիվություն դրսեւորել «Թվիթերում» եւ «Ֆեյսբուքում», թեեւ այս սոցիալական ցանցերն արգելված են երկրի տարածքում, բայց մի խումբ չինացի դիվանագետների, գիտնականների թույլատրվել է, որ ակտիվ գործունեություն ծավալեն այդ հարթակներում, պատասխանեն հակաչինական հայտարարություններին։
–Մայիսի 21—ին եւ 22—ին մեկնարկեցին Ազգային ժողովրդական կոնգրեսի եւ Չինաստանի ժողովրդական քաղաքական խորհրդատվական համաժողովի նիստերը, ամենամյա ժողովները, որոնք համավարակով պայմանավորված հետաձգվել էին 2.5 ամիս։ Օրակարգային ի՞նչ հարցեր են քննարկվել, որոնք իրենց ազդեցությունը կունենան աշխարհում ընթացող գործընթացների վրա։
–Այո՛, իրավացի եք, Չինաստանում մեկնարկել էին Ազգային ժողովրդական կոնգրեսի եւ Չինաստանի ժողովրդական քաղաքական խորհրդատվական համաժողովի նիստերը, ինչպես չինացիներն են անվանում՝ «երկու նիստերը»։ Այս նիստերը նպատակ ունեն անդրադառնալ Չինաստանի տնտեսական եւ սոցիալական զարգացմանը։ Եթե Ազգային ժողովրդական կոնգրեսն օրենսդրական մարմին է, ապա Չինաստանի ժողովրդական քաղաքական խորհրդատվական համաժողովը խորհրդատվական բնույթ է կրում։ Այս տարի Չինաստանի համար շատ կարեւոր տարի է, քանի որ երկրի հեռահար նպատակներից մեկն է մինչեւ Չինաստանի կոմունիստական կուսակցության ստեղծման 100—ամյակը՝ 2021 թվականը, հասարակության համար ապահովել բարեկեցիկ կյանք եւ հաղթահարել աղքատությունը։ Այս տարին դժվար սկսվեց չինական տնտեսության համար, քանի որ կորոնավիրուսի պատճառով այն մի քանի ամիս կաթվածահար վիճակում էր։ «Երկու նիստերը» առաջնահերթ նպատակ ունեին նաեւ այս հարցի շուրջ լուծումներ գտնել։ Իհարկե, քննարկվեց նաեւ համավարակի դեմ հետագա պայքարը։ Արդեն երկար ժամանակ անհանգիստ իրավիճակ է տիրում Հոնկոնգում, որտեղ տեղի են ունենում ցույցեր։ Մշակվեց «Հոնկոնգի անվտանգության օրենսդրությունը», որի շնորհիվ Պեկինը նպատակ ունի սեփական կարգ ու կանոնը հաստատել Հոնկոնգի հատուկ վարչական շրջանում, որը մինչեւ հիմա ունի որոշակի ինքնավարություն։
–Խոսք է գնացել «Քաղաքացիական կոդեքսի» ընդունման մասին, որն առաջինն է իր տեսակի մեջ։ Ի՞նչ է այն ենթադրում։
–Ընդունված «Քաղաքացիական կոդեքսը» հավակնում է ուղեցույց դառնալ Չինաստանում ապրող բոլոր մարդկանց համար՝ սկսած նրանց ծննդյան օրից մինչեւ մահ։ Այստեղ խոսվում է մարդու իրավունքներն ամրապնդելու մասին։ Այն անդրադառնում է ընտանեկան կյանքում հավասարությանը, անհատների ունեցվածքի պահպանությանը, բնակիչների տվյալների պաշտպանությանը, խոսվում է սեռական ոտնձգությունների դեմ պայքարը խստացնելու, բնապահպանական խնդիրներին առավել ուշադրություն դարձնելու եւ այլ հարցերի մասին։ Այսինքն՝ Չինաստանը փորձում է նպաստել մարդակենտրոն հասարակության ձեւավորմանը՝ ուժեղացնելով մարդու իրավունքները։
–Ինչպե՞ս են այսօր զարգանում հայ—չինական հարաբերությունները։ Կա՞ն, արդյոք, դրական զարգացումներ երկու երկրների հարաբերություններում ամենատարբեր ոլորտներում։
–Հայ—չինական հարաբերություններում լճացած իրավիճակ է տիրում, չկան նախաձեռնություններ, չկա ակտիվություն։ Ինչ խոսք, հիվանդության տարածումը եւս խաթարեց առանց այդ էլ գերդանդաղ դինամիկայով զարգացող հարաբերությունները։ Բազմիցս նշել ենք, որ Չինաստանը դարձել է աշխարհի հերթական գերտերությունը, հետեւաբար, նրա հետ աշխատելու հատուկ օրակարգ է պետք մշակել՝ փորձելով ընդգրկվել «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունում եւ Հայաստան բերել չինական ներդրումներ։
–Մեր զրույցներից մեկի ժամանակ Դուք նշել էիք, որ Հայաստանը կարող է համագործակցել Չինաստանի հետ ռազմարդյունաբերության ոլորտում։ Այսօր էլ տեսնու՞մ եք այդ ներուժը։
–Այո՛, հայ—չինական հարաբերությունները հնարավոր է զարգացնել, թե՛ ռազմարդյունաբերության, թե՛ այլ ոլորտներում։ Չինաստանն այսօր այն երկիրն է, որը փորձում է հնարավորինս լայն համագործակցություն սկսել այլ երկրների հետ, սրանից օգտվել է պետք։ Հատկապես պետք է փորձենք օգտագործել ԵԱՏՄ—ի ընձեռած հնարավորությունները, քանի որ հստակ պայմանավորվածություն կա համակցելու ԵԱՏՄ—ն եւ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը։ «Չինաստան—Եվրասիա» քաղաքական եւ ռազմավարական հետազոտությունների խորհուրդը հրատարակել էր «Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը եւ Հայաստանը» գիրքը, որը կարող է ճանապարհային քարտեզ դառնալ Չինաստանի հետ հարաբերությունները զարգացնելու համար։ Պետք է հիշել, որ իրադարձություններն արագ են փոփոխվում, եւ չինական ուղղությունն օրնիբուն աշխատանք է պահանջում։
–Վերջին շրջանում սրվել են չին—հնդկական հարաբերությունները։ Հնդկական Սիկիմ նահանգում տեղի ունեցած բախումներն առաջինն էին 2018—ին երկու երկրների ղեկավարների Վուխանում հանդիպումից հետո, որտեղ պայմանավորվել էին կառուցել «21—րդ դարի նոր գործընկերային հարաբերություններ»։ Ինչպիսի՞ զարգացումներ են սպասվում այս երկու հզոր երկրների հարաբերություններում։ Ի՞նչ ազդեցություն կունենա չին—հնդկական լարվածության խորացումը տարածաշրջանային եւ համաշխարհային մակարդակներում։
–Արդի միջազգային հարաբերություններում հատկապես կարեւոր են դարձել Չինաստան—Հնդկաստան հարաբերությունները։ Սրանք աշխարհի ամենաարագ զարգացող տնտեսություններն են, ամենամեծ բնակչություններն ունեցող երկրները, որոնց հետ թե՛ բախումը, թե՛ համագործակցությունը կարող է փոփոխել իրադրությունը միջազգային հարաբերություններում։ Երկու կողմերը դեռեւս ունեն չլուծված տարածքային խնդիրներ, որոնք էլ պատճառ են դառնում, որ սահմանում զինվորները ժամանակ առ ժամանակ մարտի բռնվեն։ Դեռեւս զինատեսակներ չեն օգտագործվում, բայց գործի են դրվում բռունցքները, քարերն ու փայտերը, ինչը կարող է պայթունավտանգ իրավիճակ առաջացնել, եթե լինեն զոհեր։ Չմոռանանք, որ Չինաստանն ու Հնդկաստանն ունեն նաեւ միջուկային զինանոց, ինչն ավելի վտանգավոր է դարձնում երկու կողմերի միջեւ լայնածավալ պատերազմական գործողությունների սկսումը։ Ինչ խոսք, Հնդկաստանն անհանգստանում է Չինաստանի՝ գերտերություն դառնալու հանգամանքով եւ նրա «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությամբ, քանի որ Պեկինը դրա միջոցով հետզհետե մեծացնում է իր ազդեցությունը հարավային եւ հարավարեւելյան Ասիայում։ Նման զարգացումը Նոր Դելիում դիտարկում են որպես մարտահրավեր՝ անհանգստանալով, որ կկորցնեն իրենց ազդեցությունն այդ տարածաշրջաններում։ Դա էլ բերում է երկու կողմերի միջեւ բախումների։ Ինչ խոսք, իր գործն անում է նաեւ պատմական անվստահությունը մեկը մյուսի նկատմամբ։
Նշենք, որ կողմերն ընդգրկված են նաեւ հետեւյալ կառույցներում՝ RIC (Ռուսաստան—Հնդկաստան—Չինաստան) BRICS (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան), Շանհայի համագործակցություն կազմակերպություն, որտեղ փորձում են համագործակցության եզրեր գտնել։ Այսինքն՝ չին—հնդկական հարաբերություններում կա թե՛ բախում, թե՛ համագործակցություն։ Հետագան ցույց կտա, թե վերջնական ո՞ր ճամբարը կնախընտրի Հնդկաստանը՝ ռուս—չինակա՞ն, թե՞ արեւմտյան, որն էլ զգալի ազդեցություն կունենա աշխարհակարգի փոփոխության վրա։
Զրուցեց Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆԸ
l.mkhitaryan@hhpress.am

12-06-2020

Աղբյուրը՝

http://www.hhpress.am/index.php?sub=hodv&hodv=20200612_7&flag=am

ARMP

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: