China-Eurasia News Ticker

Չինաստանը՝ որպես գերտերություն և նրա դերը Բազմաբևեռ աշխարհակարգ 2.0-ում

Թեև Չինաստանն ԱՄՆ-ի հետ համատեղ պայքարում էր Սովետական Միության դեմ, բայց Սոցիալիստական ճամբարի փլուզումից հետո հայտնվեց Միաբևեռ աշխարհակարգում, որն անմիջականորեն վտանգում էր նաև նրա գոյությունը: Այլևս գոյություն չուներ ԱՄՆ-ին զսպող երկրորդ բեւեռը՝ ԽՍՀՄ-ը, եւ Վաշինգտոնը միջազգային հարաբերությունների շուրջ որոշումները կայացնում էր միայնակ, որոշ դեպքերում շրջանցելով նաեւ ՄԱԿ ԱԽ-ն, որտեղ Պեկինը ևս մշտական անդամ է՝ սկսած 1971 թվականից: Չինաստանը դեմ էր թե՛ Սերբիայի ռմբակոծմանը, որի պատճառով ռմբահարվեց նաեւ չինական դեսպանատունը Բելգրադում, թե՛ Իրաքի, թե՛ Աֆղանստանի, թե՛ Լիբիայի պատերազմներին: Այն հանդես էր գալիս խնդիրները խաղաղության եւ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան լուծելու օգտին, նշում էր, որ ՄԱԿ ԱԽ-ն պետք է որոշիչ դեր խաղա հիմնախնդիրների լուծման գործում: Սա էր պատճառը, որ չինական կողմը, հատկապես, երբ իր հարաբերությունները Ռուսաստանի հետ հասցրեց համապարփակ ռազմավարական մակարդակի, սկսեց ավելի հաճախ նշել բազմաբևեռ աշխարհակարգի ստեղծման կարևորության մասին: Իհա՛րկե, 1990-ական և 2000-ական թվականների Չինաստանի հզորությունները թույլ չէին տալիս բացահայտ հակամարտել ԱՄՆ-ի հետ, բայց իրավիճակը փոխվեց 2013 թվականին, երբ նախագահ ընտրվեց Սի Ծինփինը: Նրա օրոք Չինաստանն ամրապնդվեց որպես աշխարհի երկրորդ գերտերություն: Չինաստանը, օգտագործելով իր տնտեսական հզորությունները, ՄԳՄՃ-ի միջոցով իր ազդեցությունն է տարածում ոչ միայն դինամիկ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, այլեւ Եվրասիական մայրցամաքի Արևելյան Ասիայից մինչեւ Կենտրոնական Եվրոպա ընկած տարածաշրջաններում: Նա ավելացնում է իր միջուկային զինանոցը, կատարելագործում է ռազմաօդային եւ ռազմածովային ուժերը, որոնց միջոցով զսպում է ԱՄՆ-ին, Ճապոնիային, Հնդկաստանին, Ավստրալիային, Վիետնամին եւ Հարավչինական ծովի ռեսուրսների համար մրցակցող մյուս երկրներին: Չինաստանն ԱՄՆ-ից հետո գիտության համար ֆինանսավորում հատկացնող երկրորդ երկիրն է: Հետազոտությունների և զարգացման (Research and Development) շնորհիվ Չինաստանը դարձել է «Տեխ- նոլոգիական, կիբեռգերտերություն», ինչը Պեկինին հնարավորություն է տալիս իր ազդեցության գոտիները ստեղծելու նաեւ կիբեռտիրույթում, մյուս երկրների համար հրապուրիչ դարձնելու իր տեխնոլոգիաներն ու թվայնացման ոլորտում ունեցած հաջողությունները:

Համենայն դեպս ռուս-ուկրաինական պատերազմը փաստեց, որ այլեւս Միաբևեռ աշխարհակարգ գոյություն չունի, Արևմտյան բևեռի հետ միասին առաջացել են նաեւ Ռուսական եւ Չինական բևեռները, որոնք համագործակցելով առաջացնում են նաեւ Արևելյան բեւեռը, Հնդկաստանը ևս վերածվել է կենտրոնի, որը երկու բևեռներից անկախ քաղաքականություն է վարում, երբեմն-երբեմն հակամարտում կամ համագործակցում է վերջիններիս հետ: Նույնիսկ Արևմտյան բևեռում ամեն ինչ հարթ և միանշանակ չէ, օրինակ՝ Մեծ Բրիտանիայի դուրս գալը ԵՄ-ից ևս փաստում է, որ Լոնդոնը միջազգային հարաբերություններում հանդես է գալու Բրյուսելից անկախ, իսկ ԱՄՆ-ի նախկին նախագահ Թրամփի օրոք քաղաքական, տնտեսական լուրջ տարաձայնություններ էին առաջացել Բրյուսելի եւ Վաշինգտոնի միջեւ: Ճիշտ է, նախագահ Բայդենին հաջողվել է որոշակիորեն համախմբել Արևմուտքը Ռուսաստանի դեմ հակամարտության շնորհիվ, բայց դժվար է ասել, թե ինչքան երկար կտևի այդ միասնությունը՝ հաշվի առնելով Արևմուտքում առկա տնտեսական ճգնաժամի խորացումը:

Թուրքիան եւ Իրանը ևս տարածաշրջանային կենտրոններ են դարձել, որոնք փորձում են անկախ քաղաքականություն վարել: Եթե Անկարան փորձում է մանևրել Արմուտքի եւ Արևելքի միջեւ, ապա Թեհրանը իրականացնում է «Հայացք դեպի Արևելք» քաղաքականությունը՝ սերտացնելով իր հարաբերությունները Պեկինի եւ Մոսկվայի հետ: Բազմաբևեռ աշխարհակարգը և մրցակցությունը գերտերությունների և մեծ տերությունների միջև պատերազմների և անկայունության պատճառ են դառնում: Այս փաստարկն ամբողջովին համապատասխանում է միջազգային հարաբերությունների նեոռեալիզմի տեսության Քենեթ Վալթզի առաջ քաշած գաղափարին, որ մեծ տերությունների միջև պատերազմի վտանգը բազմաբևեռ աշխարհակարգում ավելի մեծ է, քան երկբևեռ աշխարհակարգում: Իսկ Չինաստանի քաղաքական եւ տնտեսական հզորությունները, որոնց շնորհիվ նա դարձել է գերտերություն, նպաստում է Բազմաբևեռ աշխարհակարգ 2.0-ի կայացմանը:

*Հոդվածն ադապտացված է Մհեր Սահակյանի ««Ժամանակակից Չինաստանի արտաքին քաղաքականության հիմնահարցեր» դասընթացի ուսումնամեթոդական ձեռնարկից: Տպագրվում է հեղինակի համաձայնությամբ:

Հեղինակի Մասին

Ք.գ.թ. Մհեր Սահակյանը «Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհրդի հիմնադիր ղեկավարն է: Նա Հոնկոնգի համալսարանի Ասիա Գլոբալ ինստիտուտի 2022 AsiaGlobal Fellow է: 2020 թվականին ընտրվել է Վիեննայի Խաղաղության ինստիտուտի Խորհրդականների խորհրդի անդամ: Սահակյանը նախաձեռնել և հիմնադրել է «Եվրասիական հետազոտություններ ժամանակակից Չինաստանի և Եվրասիայի վերաբերյալ» միջազգային գիտաժողովը, «Հայաստան-Չինաստան» ակադեմիական դիվանագիտության ֆորումը: Նա դասավանդում է Հայ-ռուսական համալսարանում: Նա հայերեն և ռուսերեն լեզուներով հրատարակվկած «Չինաստանի Մեկ գոտի, մեկ ճանապարհ նախաձեռնությունը և Հայաստանը» գրքի հեղինակն է: 2021թ.-ի մայիսին ԱՄԷ-ի Անվար Գարգաշի անվան դիվանագիտական ակադեմիան հրատարակել է Մհեր Սահակյանի «Մեծ տերությունների արդի մրցակցությունը Կենտրոնական Ասիայում. հնարավորություններ և մարտահրավերներ Ծոցի երկրների համար» աշխատությունը: 2021 թվականի սեպտեմբերին նրա նախաձեռնությամբ և համախմբագրությամբ բրիտանական Թեյլոր և Ֆրենսիսի Ռոութլեջի ակադեմիական հրատարակչությունում լույս է տեսել «Չինաստան և Եվրասիա. Վերաիմաստավորելով համագործակցությունը և տարաձայնությունները փոփոխվող աշխարհակարգի ժամանակաշրջանում» գիրքը: Նա նաև հանդիսանում է Թեյլոր և Ֆրենսիսի Ռոութլեջի կողմից հրատարակած «Իրանը միջազգային համակարգում. մեծ տերությունների և մեծ մտքերի մեջտեղում», ««Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունն Ասիայում, Աֆրիկայում և Եվրոպայում», ԲՌԻԼԼ հրատարակչության «Վերաիմաստավորելով Չինաստանի, Մերձավոր Արևելքի և Ասիայի դերը «Մուլթիփլեքս» աշխարհակարգում» գրքերի գլուխների հեղինակ: Հեղինակել է նաև գիտական, վերլուծական հոդվածներ Հոնկոնգի համալսարանում, Վիեննայի խաղաղության ինստիտուտում, Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանում, Միջազգային գործերի ռուսաստանյան խորհրդում և այլն:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: