Չինաստան-Ղազախստան համապարփակ ռազմավարական համագործակցության արդյունքներն ու հեռանկարները
Չինաստանը Ղազախստանի համապարփակ ռազմավարական գործընկերն է: Պեկինը հետաքրքրված է Ղազախստանի էներգակիրներով, տրանսպորտային ենթակառուցվածքով և այս երկրում ներդրումներ կատարելու հնարավորություններով: Չինաստանը հանդիսանում է ղազախական նավթի հիմնական գնորդը և էներգակիրների ոլորտում խոշոր ներդնողը: Այս գործում մեծ դեր են խաղում CNPC, SINOPEC և CITIC չինական կազմակերությունները:
2015 թվականին կողմերը համաձայնության են եկել նաեւ համակցել չինական «Մետաքսի ճանապարհ տնտեսական գոտին» Ղազախստանի «Լուսավոր ուղի» (Нұрлы жол) ռազմավարության հետ: Թեև էներգետիկ ոլորտում Չինաստանն ու Ղազախստանը համագործակցում էին մինչև «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության մեկնարկը, բայց կողմերն այդ ոլորտում հարաբերությունների զարգացման մասին ընդգծել են նաեւ «Չինաստանի Ժողովրդական Հանրապետության եւ Ղազախստանի Հանրապետության միջև համապարփակ ռազմավարական գործընկերության նոր փուլի մասին համատեղ հռչակագրում»:
2014-2022 թվականների ընթացքում Չինաստանը Ղազախստանում կատարել է զգալի ներ-դրումներ, որոնց միջոցով Աստանան հետևողական զարգացնում և արդիականացնում է սեփական երկաթգծերը, ավտոճանապարհները, Կասպից ծովում գտնվող Ակտաու նավահանգիստը: Ղազախական Խորգոսը եւ Դոստիկը դարձել են Չինաստանի՝ դեպի Եվրասիա շրջադարձն ապահովող հիմնական դարպասները: Վերոհիշյալ հանգամանքները Ղազախստանին հնարավորություն են տվել կարևոր դեր ստանձնելու Արևելքն Արևմուտքին կապող «Մետաքսի ճանապարհ տնտեսական գոտու» «Չինաստան-Կենտրոնական Ասիա- Արևմտյան Ասիա» եւ «Նոր եվրասիական մայրցամաքային կամուրջ» տնտեսական միջանցքներում: Ուստի Չինաստան-Ղազախստան հարաբերությունները կարևոր են Արևմուտքն Արևելքին կապելու գործում, քանի որ առանցքային տրանսպորտային ենթակառուցվածքներն անցնում են Ղազախստանի տարածքով:


Կողմերը համագործակցում են Շանհայի համագործակցության կազմակերպության շրջանակներում, ԵԱՏՄ-ՄԳՄՃ համակցման շուրջ տարվող աշխատանքներում, որոնք նոր հեռանկարներ են առաջացնում հարաբերությունները թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական ոլորտներում ամրապնդելու համար:
Ղազախստանը նաև Ասիական ենթակառուցվաքների ներդրումների բանկի տարածաշրջանային անդամ է, որից ևս ստանում է ներդրումներ: Կողմերը սերտորեն համագործակցում են «Մետաքսի թվային ճանապարհի» և «Առողջապահական մետաքսի ճանապարհի» շրջանակներում:
Վերոհիշյալ հանգամանքները փաստում են, որ Չինաստանը շահեր եւ հետաքրքրություններ ունի Ղազախստանում, որոնց շնորհիվ էլ երկու կողմերի միջև հաստատվել է փոխշահավետ ռազմավարական համագործակցություն:
Հեղինակի Մասին

Ք.գ.թ. Մհեր Սահակյանը «Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհրդի հիմնադիր ղեկավարն է: Նա Հոնկոնգի համալսարանի Ասիա Գլոբալ ինստիտուտի 2022 AsiaGlobal Fellow է: 2020 թվականին ընտրվել է Վիեննայի Խաղաղության ինստիտուտի Խորհրդականների խորհրդի անդամ: Սահակյանը նախաձեռնել և հիմնադրել է «Եվրասիական հետազոտություններ ժամանակակից Չինաստանի և Եվրասիայի վերաբերյալ» միջազգային գիտաժողովը, «Հայաստան-Չինաստան» ակադեմիական դիվանագիտության ֆորումը: Նա դասավանդում է Հայ-ռուսական համալսարանում: Նա հայերեն և ռուսերեն լեզուներով հրատարակվկած «Չինաստանի Մեկ գոտի, մեկ ճանապարհ նախաձեռնությունը և Հայաստանը» գրքի հեղինակն է: 2021թ.-ի մայիսին ԱՄԷ-ի Անվար Գարգաշի անվան դիվանագիտական ակադեմիան հրատարակել է Մհեր Սահակյանի «Մեծ տերությունների արդի մրցակցությունը Կենտրոնական Ասիայում. հնարավորություններ և մարտահրավերներ Ծոցի երկրների համար» աշխատությունը: 2021 թվականի սեպտեմբերին նրա նախաձեռնությամբ և համախմբագրությամբ բրիտանական Թեյլոր և Ֆրենսիսի Ռոութլեջի ակադեմիական հրատարակչությունում լույս է տեսել «Չինաստան և Եվրասիա. Վերաիմաստավորելով համագործակցությունը և տարաձայնությունները փոփոխվող աշխարհակարգի ժամանակաշրջանում» գիրքը: Նա նաև հանդիսանում է Թեյլոր և Ֆրենսիսի Ռոութլեջի կողմից հրատարակած «Իրանը միջազգային համակարգում. մեծ տերությունների և մեծ մտքերի մեջտեղում», ««Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունն Ասիայում, Աֆրիկայում և Եվրոպայում», ԲՌԻԼԼ հրատարակչության «Վերաիմաստավորելով Չինաստանի, Մերձավոր Արևելքի և Ասիայի դերը «Մուլթիփլեքս» աշխարհակարգում» գրքերի գլուխների հեղինակ: Հեղինակել է նաև գիտական, վերլուծական հոդվածներ Հոնկոնգի համալսարանում, Վիեննայի խաղաղության ինստիտուտում, Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանում, Միջազգային գործերի ռուսաստանյան խորհրդում և այլն:
Leave a Reply