China-Eurasia News Ticker

ԻՆՉՈ՞Ւ ԱՄՆ-Ը ՉԻ ՀԱՂԹՈՒՄ ՍԻՐԻԱՅՈՒՄ

ՄՀԵՐ ՍԱՀԱԿՅԱՆ
Նանջինգի համալսարանի Միջազգային հարաբերությունների ինստիտուտի ասպիրանտ, ՉԻՆԱՍՏԱՆ
09.03.2014

Երկար ժամանակ Սիրիայում շարունակվում է պատերազմը, բայց վերջնական հաղթողը չի որոշվում: Ի՞նչն է պատճառը, որ ԱՄՆ-ից, ԵՄ-ից, Թուրքիայից, Սաուդյան Արաբիայից ու մի շարք այլ երկրներից օգնություն ստացող ընդդիմադիրները չեն կարողանում հաղթել Ասադին: Ինչու՞ չի հաջողվում կրկնել Աֆղանստանում, Լիբիայում, Իրաքում ունեցած հաջողությունը: Կարելի է բերել բազմաթիվ օրինակներ, որոնցից են Ռուսաստանի, Չինաստանի, Իրանի անմիջական օգնությունն Ասադի կառավարությանը, ապստամբների չհամաձայնեցված գործողությունները, Սիրիայի մի շարք քաղաքական ու կրոնական հոսանքների նվիրվածությունն Ասադին:

Տվյալ հոդվածում համեմատականներ կտանեմ Իրաքում, Աֆղանստանում, ԱՄՆ-ի կիրառած ռազմավարության ու Սիրիայի դեպքերի միջև:

Վիետնամի պատերազմում կրած դառը պարտությունից հետո ԱՄՆ-ի ռազմավարները հասկացան, որ սեփական ցամաքային ուժերով օտար երկիր ներխուժելը ծանր մարդկային ու տեխնիկական կորուստների պատճառ է դառնում: Պետք է արդիականացնել ու զարգացնել օդուժն ու հրթիռային համակարգերը: Վիետնամի պատերազմից հետո նրանք ընտրեցին նոր, բայց իրականում հին ու փորձված ռազմավարությունը՝ ուրիշի ձեռքերով կրակից շագանակ հանելը: Թե՛ Աֆղանստանում, թե՛ Իրաքում, թե՛ Լիբիայում, թե՛ Սիրայում ԱՄՆ-ը զինեց տեղի հակառակորդ ռեժիմների ընդդիմադիրներին, որոնք էլ կատարեցին սևագործ աշխատանքն ու կրեցին հիմնական մարդկային կորուստները:

ԱՄՆ-ը ռազմավարները գտնում են, որ ԱՄՆ-ի ցամաքային զորքերի հակամարտության սկզբնական շրջանում ներխուժումը հակառակորդ երկիր հնարավորինս պետք է կրճատել, քանի որ տեղի բնակչության մեջ թշնամանք է առաջացնում: Բացառելու համար նման զարգացումն ԱՄՆ-ը տվյալ երկրի ընդդիմությանը բախման է տանում իր համար անցանկալի կառավարության հետ, որից հետո հայտարարում է, որ օգնության է գնում ժողովրդավարության ու բռնապետներին տապալելու համար մարտնչող ուժերին:

Թե՛ Աֆղանստանում, թե՛ Իրաքում, թե՛ Լիբիայում ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները հաջողության հասան՝ օգտագործելով հետևյալ ձևաչափը. ԱՄՆ-ի դաշնակիցներն՝ ընդդիմադիրները կռվում էին ցամաքում, իսկ ԱՄՆ-ը մարտական գործողություններին մասնակցում էր հրթիռների ու օդուժի միջոցով: ԱՄՆ-ի ժամանակակից հրթիռներն ու օդուժը դիմադրելու հնարավորություն չտվեցին թե՛ թալիբներին, թե՛ Սադամին, թե՛ Քադաֆիին:

Աֆղանական պատերազմի ընթացքում Մազարի-Շարիֆում թալիբները կենտրոնացրել էին 6000-ի հասնող լավ զինված մարտիկներ ու մոտ 500 զրահամեքենա: ԱՄՆ-ի զինակիցները՝ Հյուսիսային դաշնակիցները (Աֆղանստանի փրկության իսլամական միացյալ ճակատ), չունեին համապատասխան տեխնիկա, նրանց թիվը մոտավորապես 2000-3000 ռազմիկ էր: Անհավասար մարտում ջախջախիչ հաղթանակ տարան Հյուսիսային դաշնակիցները, քանի որ ԱՄՆ-ի օդուժը կարճ ժամանակում ոչնչացրեց թալիբների հիմնական ուժերը: Հետո Հյուսիսային դաշնակիցները գրավեցին Մազարի-Շարիֆը:

Եթե համեմատենք Իրաքի քրդերի ու Սադամի բանակի սպառազինությունները, ապա ի տարբերություն Սադամի բանակի՝ քրդերը չունեին մեծ թվով տանկեր, հրանոթներ, զրահամեքենաներ: Քրդերի հիմնական խնդիրն էր մարտի մեջ մտնել Սադամի ուժերի հետ, իսկ հետո հակառակորդի դիրքերի, սպառազինության մասին տեղեկատվություն տրամադրել ԱՄՆ-ին, որին հաջորդող ամերիկյան ռազմաօդային ուժերի ճշգրիտ հարվածները շարքից հանում էին Իրաքի բանակի մարդկային ուժն ու սպառազինությունը, հաղթանակ պարգևում քրդերին:

Կարծում եմ, որ ԱՄՆ-ն ու նրա հովանավորյալները հաջողության չեն հասնում Սիրիայում, որովհետև Ռուսաստանն ու Չինաստանը ՄԱԿ ԱԽ շրջանակներում բացառում են այս պատերազմում աշխարհի լավագույն օդուժի՝ ամերիկյանի ներգրավումը, որին կհետևեր ամերիկյան հատուկ նշանակության թիմերի միջոցով ապստամբներին վերջնական հաղթանակին տանելը: Ժամանակակից պատերազմներում հաջողությունը պատկանում է նրան, ով վերահսկում է երկինքը, իսկ սիրիական երկինքը ներկայումս վերահսկվում է ասադական օդուժի կողմից: Պետք է նաև նշել, որ Ասադի կառավարության բարձր մարտական պատրաստվածություն ունեցող օդուժի ու ցամաքային ուժերի դեմ մարտնչում են տարբեր կրոնական ու քաղաքական հակասություններ ունեցող խմբավորումներ, որոնք ունեն տարբեր նպատակներ ու երբեմն բախվում են իրար:

Կարծում եմ, որ առանց ԱՄՆ-ի օդուժի ներգրավման ընդդիմադիրներն ի վիճակի չեն Սիրիայում հաջողության հասնել, ինչը հնարավորություն կտա Ասադին վերականգնել սեփական իշխանությունը նաև Սիրիայի հյուսիսում:

Source: Diplomat.am

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: