China-Eurasia News Ticker

ԱՐԴՅՈ՞Ք ԵՄ-Ն ԳՏԵԼ Է ԻՐԱՆԱԿԱՆ ԽՆԴՐԻ ՀԱՆԳՈՒՑԱԼՈՒԾՈՒՄԸ

ՄՀԵՐ ՍԱՀԱԿՅԱՆ
Նանջինգի համալսարանի Միջազգային հարաբերությունների ինստիտուտ,  ՉԻՆԱՍՏԱՆ

02.09.2014

Երկարատև անհամաձայնությունից հետո, կարծես, ԵՄ-ն ու Իրանը մոտ են վերջինիս միջուկային ծրագրի պատճառով առաջացած հակամարտությանը վերջ տալուն: 2013-ի նոյեմբերի 24-ին Ֆրանսիայի, Գերմանիայի, Անգլիայի, Չինաստանի, Ռուսաստանի ու ԱՄՆ-ի (ԵՄ3+3 ) Իրանի ներկայացուցիչներին հաջողվեց ընդգծել այն ճանապարհային քարտեզը, որով կողմերը հասնելու են խնդրի վերջնական լուծման:


Ստորագրված Համատեղ գործողությունների ծրագիրը հնարավորություն տվեց բացառել պատերազմական գործողությունների ընտրությունը, որն առաջարկում էին Իսրայելն ու Արևմտյան որոշ քաղաքական ուժեր: Կարելի է փաստել, որ երկարատև ու դաժան պատժամիջոցների պատճառով Այաթոլլահ Խամենեյին ու Իրանի ղեկավարությունը լուրջ զիջումների գնացին: Իմ կարծիքով, այս գործընթացը սկսվեց, երբ հոգևոր առաջնորդը թույլատրեց Ռոհանիին մասնակցել նախագահական ընտրություններին, ով առաջ էր քաշում միջուկային ծրագրում որոշ զիջումների ու միջուկային զենքից հրաժարվելու գնով լեզու գտնել միջազգային հանրության հետ ու վերականգնել Իրանի տնտեսությունը:

Ռոհանին ու նրա թիմակիցները լավ են հասկանում, որ եթե չհեռացվեն Իրանի տնտեսությունը քայքայող պատժամիջոցները, ապա կործանվող իրանական տնտեսության պատճառով հարցականի տակ կդրվի Իրանի քաղաքական համակարգի գոյությունը: Ըստ Համատեղ գործողությունների ծրագրի՝ Իրանը պարտավորվում է ուրանը հարստացնել միայն 5%-ի չափով, պետք է դադարեցնի Արաքի ծանր ջրով աշխատող ատոմակայանում տեղի ունեցող աշխատանքները, կրճատելու է ցենտրիֆուգների քանակը և այլն: Այս քայլերին ընդառաջ՝ ԵՄ-ն պարտավորվում է հանել իրանական էներգակիրների առք ու վաճառքի, տեղափոխման, ապահովագրման վրա դրված արգելքը, թեթևացնել ֆինանսական պատժամիջոցները, վերադարձնել սառեցված իրանական գումարների մի մասը և այլն:

Ըստ 2013-ի նոյեմբերին ձեռք բերված համաձայնության՝ կողմերը բանակցությունները շարունակեցին 2014-ի հուլիսին, բայց արդյունքում բանակցող կողմերը հայտարարեցին, որ Համատեղ գործողությունների ծրագիրն ուժի մեջ է մնում, իսկ վերջնական Համապարփակ համաձայնագրի մասին բանակցությունները կշարունակվեն 2014-ի նոյեմբերին: 


ԻՐԱՆԱԿԱՆ ՀԱՐՑՈՒՄ ԵՄ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ 

Իրանական միջուկային հիմնահարցում Եվրոպական Միության վարած քաղաքականությունը կարելի է բնութագրել հետևյալ կերպ. 

1. Եվրոպացիները նախաձեռնողականություն ցուցաբերեցին ու դիվանագիտությունը մղեցին առաջին պլան, բացառելով ռազմական գործողությունները: 

2. Եվրոպացիները մի կողմից պատժամիջոցներ են կիրառում, իսկ մյուս կողմից շարունակում են բանակցել իրանցիների հետ, բացառելով իրանական դիվանագիտության ժամանակ շահելու վարպետությունը՝ այն է՝ մի կողմից բանակցել, մյուս կողմից շարունակել հետազոտությունները միջուկային բնագավառում:

Այս քայլերի շնորհիվ ԵՄ-ին հաջողվեց Իրանի նկատմամբ ահռելի ճնշում գործադրել ու Թեհրանին հետ բերել բանակցությունների սեղան:

2012-ին ԵՄ-ի իրանական էներգակիրների հետ կապված գործարքների վրա դրված արգելքն ամենամեծ հարվածն էր իրանական տնտեսությանը: ԵՄ-ի այս քայլին հետևեցին նաև Ճապոնիան, Կորեայի Հանրապետությունը, իսկ Չինաստանն ու Հնդկաստանը կրճատեցին Իրանից ներմուծվող նավթի ծավալները՝ ցույց տալով անհամաձայնությունն իրանական միջուկային զենքի ստեղծմանը:

Ֆինանսական, տնտեսական ծանր պատժամիջոցների պատճառով Իրանը մասամբ դուրս մղվեց համաշխարհային ֆինանսատնտեսական համակարգից: Ըստ Իրանի Կենտրոնական բանկի տվյալների, իրանական տարադրամն արժեզրկվեց 44%-ով, իսկ երիտասարդության շրջանում գործազրկությունը հասավ 28%-ի: 2012-ին երկրի տնտեսությունը կրճատվեց 5,4%-ով:

ԵՄ-ի Իրանի էներգակիրների վրա արգելք դնելուց հետո Իրանի նավթի արտահանման ծավալները 2011-ի օրական 2,5 մլն. բարելից իջան 1մլն. բարելի (Robert Litwak, Iran’s Nuclear Chess: Calculating America’s Moves, opt.cit., p. 44): ԽՍՀՄ-ի տնտեսական մոդելի՝ պատմության գիրկ անցնելուց հետո աշխարհի գրեթե բոլոր երկրները ներգրավված են Արևմուտքի կողմից գծագրված ու ղեկավարվող Համաշխարհային ֆինանսա-տնտեսական համակարգի մեջ: Իրանական օրինակը փաստում է ևս մեկ անգամ, որ դժվար է առանց ահռելի կորուստների պայքարել այն երկրների դեմ, որոնք այս համակարգի հիմնական ճարտարապետներն են:


Ո՞Ր ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՆՊԱՍՏԵԼ ԽՆԴԸԻ ԼՈՒԾՄԱՆԸ 

Կարծում եմ, որ ներկա փուլում իրանական միջուկային խնդրի լուծմանը կարող է նպաստել Ռուսաստան-Արևմուտք հակամարտությունը: ԵՄ-ն փորձում է ռուսական էներգակիրներին համարժեք փոխարինում գտնել, իսկ իրանական խնդրի շուտափույթ հանգուցալուծումը կօգնի ԵՄ-ին էներգակիրներ ներմուծել նաև Իրանից: Խնդրի լուծմանը կարող է օգնել նաև Իրաքում տիրող քաոսային իրավիճակը: Իրաքն իր արտահանման նավթի 20%-ն ուղարկում էր ԵՄ, բայց այդ երկրի քաղաքական համակարգը հերթական անգամ կանգնել է կործանման եզրին՝ հարցականի տակ դնելով դեպի ԵՄ ուղարկվող էներգակիրների հարցը:

Այսպիսով, իրանական միջուկային հիմնահարցի լուծումը ձեռնտու է թե՛ ԵՄ-ին, թե՛ Իրանին. արդյունքում ԵՄ-ն կապահովի սեփական էներգետիկ անվտանգությունը, իսկ Թեհրանը հնարավորություն կստանա հեռացնել պատժամիջոներն ու վերականգնել քայքայված տնտեսությունը:

Աղբյուրը՝ diplomat.am

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: