DAVOS/SWITZERLAND, 25JAN04 - Samuel P. Huntington, Chairman, Harvard Academy for International and Area Studies, USA, captured during the session 'When Cultures Conflict' at the Annual Meeting 2004 of the World Economic Forum in Davos, Switzerland, January 25, 2004. 

Copyright World Economic Forum (www.weforum.org)
swiss-image.ch/Photo by Peter Lauth

ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱԽՈ՞ՒՄ, ԹԵ՞ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅՈՒՆ

ՄՀԵՐ ՍԱՀԱԿՅԱՆ
Նանջինգի համալսարանի Միջազգային հարաբերությունների ինստիտուտ

Տպագրվել է 23.01.2014 Աղբյուրը՝Diplomat.am

Մարդկության ապագային վերաբերող <<Քաղաքակրթությունների բախում>> հարցը ձևակերպել է ամերիկացի հայտնի քաղաքագետ Հանթինգթոնը:

Հանթինգթոնը 1993թ. <<Foreign Affairs>> ամսագրում հրապարակված հոդվածում փորձում է ապացուցել, որ համաշխարհային հետագա զարգացումներում հիմնական բախումները տեղի կունենան ոչ թե հանուն ռեսուրսների կամ գաղափարախոսության, այլ քաղաքակրությունների միջև առկա հիմնական տարբերությունների պատճառով: Հանթինգթոնն իր հոդվածում ներկայի ու ապագայի մի շարք բախումների հիմքում կարևորում է կրոնական տարբերությունները և տարաձայնությունները, որոնք առկա են մուսուլմանների, քրիստոնյաների ու հինդուականների, կոնֆուցիոսականների միջև:

Հանթինգթոնն իրավացիորեն նշում է, որ քաղաքակրթությունների հիմնական միավորիչ բաղադրիչներն են ընդհանուր լեզուն, պատմությունը, կրոնը, ինստիտուտները և մարդկանց՝ տվյալ քաղաքակրթությանը պատկանելու ինքնագիտակցությունը:

Քաղաքակրթությունը կարող է բաղկացած լինել բազմաթիվ մարդկանցից, ինչպիսին չինական քաղաքակրթությունն է, աշխարհով ցրված, բայց լեզուն, ավանդույթներն ու ազգային ինքնագիտակցությունը պահպանած հայերից, սլավոնական քաղաքակրթությունից, որի մեջ մտնում են մի շարք պետություններ, ինչպիսիք են Ռուսաստանը, Բելառուսը, Ուկրաինան և այլն:

Հանթինգթոնը նշում է, որ քաղաքակրթությունները կարող են ունենալ նաև ենթաքաղաքակրթություններ: Օրինակ՝ Արևմտյան քաղաքակրթությունը բաղկացած է երկու հիմնական մասից՝ Եվրոպական և Հյուսիսամերիկյան, իսկ իսլամական քաղաքակրթությունը բաղկացած է արաբականից, թուրքականից և մալայականից: Հարց է առաջանում, իսկ ո՞ւր մնաց իրանական քաղաքակրթությունը, որն առաջնորդում է իսլամի հիմնական ճյուղերից մեկը՝ շիականությունը:

Ինչպե՞ս կարելի է արաբներին ու թուրքերին դասել միևնույն քաղաքակրթության մեջ, երբ նրանք տարբերվում են լեզվով, ավանդույթներով, իսկ միասին կիսած օսմանյան կայսրության պատմության վերաբերյալ հակադարձ կարծիքներ ունեն, քանի որ արաբները թուրքական գերիշխանության ժամանակաշրջանն անվանում են <<զուլումի>> տարիներ:

Դեռևս 16-18-րդ դարերում տեղի ունեցած թուրք-իրանական պատերազմները կարելի է անվանել քաղաքակրթությունների բախում, քանի որ պատերազմող կողմերը տարբերվում էին թե լեզվով, թե ազգային ծագումնաբանությամբ, թե կրոնական հավատալիքներով՝ հիմքում ընկած էր նաև շիիզմի ու սունիզի միջև ընկած գաղափարական բախումը:

Իրանական ու թուրքական քաղաքակրթությունների բախումներն ավելի վաղ պատմություն ունեն, որոնք արտացոլվել են իրանական ազգային առասպելում՝ Ֆիրդուսու <<Շահնամեում>>: Այսպիսով արաբները, թուրքերը, իրանցիներն ուղղակիորեն չեն կարող համարվել միևնույն քաղաքակրթության ներկայացուցիչներ, քանի որ տարբերվում են թե լեզվով, թե ազգային ինքնագիտակցությամբ, թե պատմությամբ, թե կրոնական հավատալիքներով: Կարծում եմ՝ Շիա պարսիկը, սուննի թուրքը, վահաբի արաբը տարբերվում են իրարից այնքանով, որքանով ուղղափառ ռուսն ու բողոքական անգլիացին, չնայած որ քրիստոնյա են:

Անդրադառնալով Ղարաբաղյան հիմնահարցին` Հանթինգթոնն այն որակում է որպես կրոնական պատերազմ քրիստոնյա հայերի և մուսուլման ադրբեջանցիների միջև: Նա փաստում է նաև, որ բոսնիացիների դեմ կռվող սերբերին օգնության գնացող ռուսներն առաջնորդվում էին կրոնական սկզբունքերով, թուրքերն ադրբեջանցիներին օգնում էին, որովհետև մուսուլման էին, իսկ 1993թ.-ից հետո ռուսները սկսեցին օգնել հայերին, որովհետև քրիստոնյա էին: Սակայն, այստեղ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ ռուսները, հայերն ու ադրբեջանցիները 70 տարի ապրել են ԽՍՀՄ-ում, որտեղ կրոնները գտնվում էին խաղից դուրս վիճակում ու կրոնական խնդիրների հիմնական լինելը իրատեսական չէ: Թուրքերն օգնում էին ադրբեջանցիներին, որովհետև միևնույն ազգային ծագումնաբանությունն ունեն ու միևնույն պանթուրքիստական երազանքը: Սփյուռքի տարբեր համայնքներից հայերը գալիս էին պաշտպանելու Հայաստանը հայկական ինքնագիտակցություն ունենալու պատճռով ու Մեծ Հայքը վերականգնելու տեսլականով: Ռուս կամավորները կռվում էին սերբերի կողքին, քանի որ կարծում էին, որ պաշտպանում են իրենց ազգակիցներին:

Ղարաբաղյան պատերազմը ծագեց այն պատճառով, որ Ղարաբաղի հայերը իրացրեցին ազգային ինքնորոշման իրենց իրավունքը, կազմակերպեցին հանրաքվե և մինչև ԽՍՀՄ կործանվելը հայտարաերցին անկախ պետություն ստեղծելու մտադրության մասին, ինչի պատճառով էլ Ադրբեջանը Բաքվում, Սումգայիթում ազգային զտումներ իրագործեց ու ռազմական բախման գնաց Ղարաբաղի հայության հետ: Կարևոր է նշել, որ Բաքվում ադրբեջանցիները ուժ կիրառեցին միայն հայերի հանդեպ, այստեղ հարց է առաջանում՝ եթե սա կրոնական հակամարտություն էր, ապա ինչու՞ մուսուլման քրդերն ու իրանցիները մնացին Հայաստանում, ինչու՞ ադրբեջանցիները Բաքվում, Սումգայիթում բռնություն կիրառեցին միայն հայերի հանդեպ՝ հանգիստ թողնելով ռուսներին ու ուկրաինացիներին:

Շատ ռուսներ ու ուկրաինացիներ կռվում էին, թե ՛հայերի, թե՛  ադրբեջանցիների կողմից, բայց նրանք կռվում էին, ոչ թե կրոնական գաղափարներից ելնելով, այլ այն պատճառով, որ այս զինվորականները ԽՍՀՄ փլուզումից հետո անգործ էին մնացել ու նրանց գումար էր անհրաժեշտ: Հայերի դեմ հանուն փողի կռվում էին նաև չեչենները, աֆղանները: Ադրբեջանը թե՛ ռազմական, թե՛ ֆինանսական ահռելի օգնություն էր ստանում ազգակից Թուրքիայից, իսկ Ղարաբաղի հայերը՝ սփյուռքի ու Հայաստանի հայերից: Սա ևս մեկ անգամ փաստում է, որ Ղարաբաղյան հակամարտությունը, որպես կրոնական ներկայացնելու Հանթինգթոնի փորձերն անհիմն են: Հանթինգթոնը նշում է նաև, որ 1993-ից հետո Ռուսաստանը փոխեց իր քաղաքականությունը և Ադրբեջանին օգնելու փոխարեն սկսեց օգնել հայերին՝ քրիստոնյա լինելու պատճառով: Ռուսաստանը փոխեց դիրքորոշումը, քանի որ Ադրբեջանի ղեկավարությունը հանդես էր գալիս պանթուրքիստական կոչերով, հայտարարում էր, որ Հայաստանին պարտության մատնելով՝ Ադրբեջանն ու Թուրքիան կմիանան ու կստեղծեն Պանթուրքիստական պետություն, որը կմիավորի Թուրքիան, Ադրբեջանը, Կենտրոնական Ասիան, Ռուսաստանի արևելյան թյուրքախոս ազգերին, Չինաստանի Սինճիան նահանգն ու Իրանի հյուսիսային նահանգները: Ռուսաստանը, հասկանալով այս աշխարհաքաղաքական վտանգը, օժանդակեց Հայաստանին, Թուրքիային խիստ զգուշացրեց, որ եթե թուրքական զորքերը որևիցե գործողություն սկսեն ԱՊՀ անդամ ՀՀ-ի դեմ, ապա դա կնշանակի պատերազմ ՌԴ-ի հետ: Սա հնարավորություն տվեց հայկական կողմին ուժերը կենտրոնացնել արևելյան ճակատում ու պարտության մատնել Ադրբեջանին:

Ադրբեջանի պանթուրքիստական նկրտումներն ու Իրանի հյուսիսային նահանգները զավթելու վերաբերյալ հայտարարություններն անհանգստացրեցին նաև Իրանին: Վերջինս խորացրեց հարաբերույթունները ՀՀ-ի հետ: Հայաստանն արտաքին աշխարհի առևտրական-տնտեսական կապը պահպանեց Իրանի տարածքով, ինչը հնարավորություն տվեց ՀՀ-ին խույս տալ վերջնական շրջափակումից, եթե հաշվի առնենք հանգամանքը, որ Վրաստանում անկայուն իրավիճակ էր ու նրա տարածքով բեռնափոխադրումները վտանգավոր էին, երբեմն անհնար:

Հայաստանը բնականոն հարաբերություններ ունի մուսուլմանական բազմաթիվ երկրների հետ: Հայկական համայնքեր կան Իրանում, Սիրիայում, Լիբանանում, Եգիպտոսում, Հորդանանում, իսկ Հայաստանում բնակվում են մուսուլման քրդեր, իրանցիներ: Ադրբեջանն էլ լավ հարաբերություններ ունի քրիստոնեական երկրների հետ, համարվում է Ռուսաստանի ռազմավարական գործընկերը: Այսպիսով, Ղարաբաղյան հակամարտությունը հեռու է կրոնական լինելուց ու ամբողջովին տեղավորվում է ազգամիջյան հակամարտություն հասկացության մեջ, որի լուծումը պետք է տրվի ազգերի ինքնորոշման իրավունքի շրջանակում:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s