ԵՊՀ միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ա. Իսրայելյան ողջույնի խոսքը Չինաստան-Եվրասիա գիտաժողովի մասնակիցներին
Ազգային ժողովի հարգելի փոխնախագահ,
Ձերդ գերազանցություն դեսպան Թիեն Էռլուն,
Հարգելի՛ հյուրեր, սիրելի՛ համալսարանականներ,
Ուրախ եմ ողջունել ձեզ «Չինաստան-Եվրասիա» միջազգային 2-րդ գիտաժողովի բացման արարողությանը ներկա գտնվելու առիթով: Խորհրդանշական է, որ այն տեղի է ունենում ԵՊՀ հիմնադրման 100-ամյակի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 70-րդ տարեդարձի առթիվ անցկացվող միջոցառումների շրջանակում:
Ավանդաբար, արևելագիտության զարգացումը մեր երկրի համար ռազմավարական կարևոր նշանակություն է ունեցել: Եվրասիական տարածաշրջանում տեղի ունեցող փոփոխություններով պայմանավորված այսօր մեզ համար հրամայական է համարժեք արձագանքել ինչպես առաջացող մարտահրավերներին, այնպես էլ լավագույնս օգտվել առկա հնարավորություններից:
Այդ համատեքստում Հայաստանում չինագիտության զարգացումը Երևանի պետական համալսարանի առաջնահերթություններից է: Մեր նպատակն է պատրաստել չինագետների, որոնք կընդգրկվեն ինչպես Հայաստանի դիվանագիտական ծառայությունում, այնպես էլ հետագայում մեր երկրում կձևավորեն չինագիտական դպրոցը:
Ուրախությամբ պետք է փաստեմ, որ այդ գործում մենք որոշակի հաջողություններ ենք արձանագրել։ Այսօր ԵՊՀ-ում բավական արդյունավետ գործում են Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի Չինարենի և չինական մշակույթի կենտրոնը և Արևելագիտության ֆակուլտետի Հասարակական գիտությունների չինական ակադեմիան-ԵՊՀ կենտրոնը:
Առանձնահատուկ պետք է կարևորեմ «Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհուրդ» հիմնադրամի գործունեությունը, որի ղեկավարը՝ պարոն Սահակյանը, իր դոկտորական կրթությունը ստանալով Չինաստանում՝ իր փորձն ու գիտելիքներն է փոխանցում Չինաստանի ուսումնասիրությամբ զբաղվող երիտասարդ գիտաշխատողներին: Չինաստանի հետ հարաբերությունների խորացումը Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական առաջնահերթություններից է: Մեր նպատակն է՝ Չինաստանի հետ հարաբերությունների ընդլայնմամբ՝ եվրասիական տարածաշրջանում մեծացնել Հայաստանի դերակատարությունը և վերականգնել պատմության ընթացքում մեր երկրի ունեցած տարանցիկ նշանակությունը։ Հայերն ու չինացիներն ունեն բազում ընդհանրություններ. հնագույն քաղաքակրթություն, հարուստ մշակույթ ու պատմություն, ճկուն միտք՝ սրանք այն գործոններն են, որոնք այսօր հիմք են ստեղծում երկու երկրների միջև արդյունավետ համագործակցություն ձևավերելու համար։ Հոկտեմբերին Երևանում ԵԱՏՄ-ի Բարձրագույն խորհրդի նիստի անցկացումը վկայեց, որ Հայաստանն ունի բոլոր հնարավորությունները՝ եվրասիական տարածաշրջանի երկրների միջև արդյունավետ համագործակցության հարթակ դառնալու: Եվ այդ գործում, անշո՛ւշտ, կարևոր դերակատարություն կարող է ունենալ այս գիտաժողովը, որը, համոզված եմ առաջադրելու է նո՛ր գաղափարներ, բարձրացնելու է նո՛ր խնդիրներ, և, տալով նաև դրանց լուծումները։ Վստահ եմ, որ տարեց տարի ընդլայնվելու է «Չինաստան-Եվրասիա» գիտաժողովի մասնակցության աշխարհագրությունը՝ նպաստելով Հայաստանում և արտերկրում գործող նմանատիպ կենտրոնների փոխգործակցության ընդլայնմանը: Եվ վերջում գիտաժողովի անցկացմանն իր աջակցությունը ցուցաբերելու համար ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանում Չինաստանի դեսպանությանը, որի հետ մենք արդեն արդյունավետ համագործակցության փորձ ունենք: Ինչպես նաև ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհուրդ» հիմնադրամի աշխատակազմին կազմակերպչական ահռելի աշխատանքի համար: Գիտաժողովի բոլոր մասնակիցներին մաղթում եմ արդյունավետ աշխատանք և բովանդակալից ու հետաքրքիր քննարկումներ:
Շնորհակալությո՛ւն ուշադրության համար:
ԵՊՀ միջազգային համագործակցության
և հասարակայնության հետ կապերի գծով
պրոռեկտոր Ա. Իսրայելյան
Leave a Reply