China-Eurasia News Ticker

Արմենպրես/Արյունը՝ Հայաստան, ծննդավայրը՝ Ֆրանսիա, մտածելակերպը՝ Ամերիկա, սիրտը՝ Չինաստան

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 37-ամյա Միհրան Փափազյանն այն եզակիներից է, որը բախտ է ունեցել ապրել աշխարհի 4 երկրում՝ Ֆրանսիայում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Չինաստանում, այժմ արդեն՝ Հայաստանում: Այս երկրներում ունեցած իր փորձառությունները թույլ են տալիս ասելու՝ ազգությամբ ու արյունով հայ է, ինչի համար շատ հպարտ է, ծնունդով՝ ֆրանսիացի, մտածելակերպով՝ ամերիկացի, սրտով՝ չինաստանցի:

Այն երկրում, որտեղ իր սիրտն է, Միհրանն ունեցել է 9 տարբեր ընկերություններ, հիմա արդեն՝ չինացի գործընկերոջ հետ՝ 350 աշխատատեղ ունեցող համատեղ գործարան, որտեղ արտադրվում են նաև իր հիմնած «Brushette» ապրանքանիշի ատամի էլեկտրական խոզանակներ ու դրանց համար նախատեսված գլխիկներ: Միհրանը ծնվել է Փարիզում, ապրել մինչև 20 տարեկան, հետո գնացել է Ամերիկա, այնուհետև՝ Չինաստան, որտեղ ապրել է շուրջ 10 տարի: «Միշտ միտք եմ ունեցել Չինաստան գնալու, քանի որ քեռիս շատ էր պատմում Չինաստանի մասին, այնտեղ հագուստի արտադրության բիզնես ուներ, պատմում էր, որ ամեն ինչ այնտեղ շատ լավ է: Եվ ես էլ գնացի»,-«Արմենպրես»-ի հաղոորդմամբ՝ պատմեց Միհրան Փափազյանը:

Նա անկեղծացավ՝ Չինաստան գնալուն պես հասկացել է, որ այդ երկրում ոչինչ չի կարող անել՝ առանց լեզուն իմանալու: Այնուհետև սկսվել են չինարենի պարապմունքները: «Չինարենի ուսուցիչն ամեն օր գալիս էր սովորեցնելու, ես էլ շաբաթը 6 օր արթնանում էի առավոտյան 05։30-ին ու երեխայի նման գրում էի հիերոգլիֆները, այդպես մեկ տարի»,-ասաց Միհրան Փափազյանն ու հավելեց՝ թեև սկզբում չինարենը դժվար է թվացել, սակայն հիմա արդեն վարժ տիրապետում է լեզվին:

Չինարենը սերտելուց հետո Միհրանն անցել է աշխատանքի: Չինաստանում նրա աշխատանքային գործունեությունը սկսել է առևտրի ոլորտում, 3 տարի զբաղվել է արտահանմամբ, ընկերությունը մեծ հաջողություն է գրանցել, այնուհետև զբաղվել է ներմուծմամբ։ «Հետո հասկացա, որ կարող ենք տեղական շուկայում բացել ստարտափ՝  օնլայն 3D առևտրի մոլ, որը սակայն ձախողվեց, չաշխատեց»,-ասաց նա:

Չինաստանում Միհրանի հաջորդ բիզնեսն անմիջականորեն կապված է եղել նրա ծննդավայրի՝ Ֆրանսիայի կառավարության որոշումներից մեկի հետ: «Ֆրանսիական կառավարությունն ընդունեց օրենք, որ յուրաքանչյուր ավտոմեքենայի մեջ պետք է լինի վարորդի խմածությունը ստուգող սարք՝ թեստ: Արդյունքում պահանջարկը ավելացավ, բայց մատակարարում չկար: Եվ Շենժենում հիմնեցինք արտադրամաս: Երկու ամսում չինացի գործընկերոջ հետ ստեղծեցինք ամեն ինչ,առավոտից գիշեր այդ թեստի համար քիմիական փորձարկումներ էինք անում: Արտադրամասը հիմնելիս դեռ հաճախորդ չունեինք, սակայն գիտեի, որ շուկան մեծ է: Մեր եղած ամբողջ գումարը ներդրեցինք այդ բիզնեսում, ստեղծեցինք մեծ գործարան: Եվ առաջին անգամ Ֆրանսիայից ստացանք 20 մլն հատի պատվեր, որից յուրաքանչյուրում շահույթը բավական մեծ էր: Սակայն հետո Ֆրանսիայում օրենքը փոխվեց, պարտադիր պահանջը հանվեց, և միանգամից 2 շաբաթվա մեջ ստիպված էինք 450 հոգու ազատել աշխատանքից: Շատ մեծ խնդիրների մեջ ընկանք: Մեկ օրում ամեն ինչ փլուզվեց՝ օրենքի փոփոխությամբ»,-ասաց նա:

Դրանից հետո Միհրան Փափազյանը կարճ ժամանակով գնացել է Ֆրանսիա, հետո Ամերիկա ու հիմնել «Brushette»-ն: Հետո արդեն Չինաստանում չինացի գործընկերոջ հետ համատեղ գործարանում սկսել է արտադրել «Brushette» ապրանքանիշի ատամի էլեկտրական խոզանակներ: Ներկայում արտադրանքի 30-40 տոկոսն իրացվում է հենց Չինաստանում, մնացածն արտահանվում է Եվրոպայի, Ամերիկայի, Ասիայի մոտ 30-40 երկիր:

Անդրադառնալով Չինաստանում գործարարությամբ զբաղվելու պատճառներին ու Չինաստանի նկատմամբ հատուկ սիրուն՝ Միհրանն ասաց՝ այն շատ դինամիկ ու արագ զարգացող երկիր է, փոփոխությունները շատ արագ են տեղի ունենում: «Օրինակ, երբ երկու շաբաթ հետո գնում էի Շենժեն, տեսնում էի, որ մի նոր շենք է կառուցվել։ Շատ եմ սիրում Չինաստանը, նրանց մշակույթը, ժողովրդին, բավականին լավ գիտեմ նրանց հետ աշխատել, նստել, զրուցել, շփվել»,-նշեց նա:

Միհրան Փափազյանին շատ է դուր եկել նաև չինական խոհանոցը: «Սկզբում դժվար էր չինական ուտեստներն ուտել, հետո հասկացա, որ պետք է «դուխով» ուտել»,-կատակեց նա։

Սակայն Միհրանին ամենաշատը Չինաստանում դուր են եկել մարդիկ, որոնք նախքան բիզնեսի մասին խոսելը, սիրում են գործընկերոջ հետ ծանոթանալ, մտերմանալ, խմել: Այժմ Միհրանը ընտանիքով բնակություն է հաստատել Հայաստանում, դիմել է «Ներուժ» ծրագրին, շահել, հիմա փորձում է այստեղ զարգացնել բիզնեսը: Սակայն երկու ամիսը մեկ Միհրանը գնում է Չինաստան, հետևում գործարանի աշխատանքներին: Նա նպատակ ունի Չինաստանի և Հայաստանի ՏՏ ոլորտի ներկայացուցիչների միջև կապ ստեղծել: «Հայաստանից խումբ կտանենք Շենժեն, ցույց կտանք այնտեղի ստարտափերը, մեծ ընկերությունները: Հետո կկազմակերպենք նաև չինացի գործընկերների Հայաստան այց՝ ծանոթանալու մեր շուկային, որ կամաց-կամաց ՏՏ ոլորտի ներկայացուցիչների միջև կապ ստեղծենք»,-նշեց նա:

«Արյունով, ազգությամբ հայ եմ, ինչը իմ մեծ հպարտությունն է, ես և երեխաներս որպես հայ ենք մեծացել, մեր հայությունը կպահենք, ծննդավայրս Ֆրանսիան է, մտածելակերպս՝ Ամերիկան և սիրտս՝ Չինաստանը»,-եզրափակեց Միհրան Փափազյանը:

Աննա Գրիգորյան

Լուսանկարները՝ Տաթև Դուրյանի

Աղբյուրը՝ https://armenpress.am/arm/news/1002249/

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: