Ռուս-չինական համապարփակ ռազմաքաղաքական համագործակցության առանձնահատկություններն ու հեռանկարները. ԵԱՏՄ-ՄԳՄՃ համակցման փորձեր
Այս հոդվածի խնդիրն է վերլուծել չին-ռուսական աշխարհաքաղաքական համագործակցությունը Եվրասիական մայրցամաքում, և դրա ազդեցությունը աշխարհակարգի վրա: Հարց է առաջանում՝ ինչու է Չինաստանը հետաքրքրված Ռուսաստանի հետ հարաբերությունների խորացմամբ: Առաջին պատճառն այն է, որ Չինաստանը սեփական տնտեսության զարգացումն ապահովելու համար ռուսական գազի և նավթի կարիքն ունի: Ի տարբերություն անկայուն Մերձավոր Արևելքի, որտեղ ԱՄՆ-ի վերադարձի մասին հայտարարեց նախագահ Բայդենը, Ռուսաստանից ներկրումները համեմատաբար ապահով են, քանի որ Չինաստան են հասնում գազամուղների և նավթամուղների միջոցով. ԱՄՆ-ը և երրորդ երկրները չեն կարող խոչընդոտել այս գործընթացը, ինչը ի զորու են անել Պարսից ծոցում կամ Մալակկայի նեղուցում:
Չինաստանը հետաքրքրված է ռուսական ռազմաարդյունաբերությամբ, որի հիմնական գնորդներից է: 1990-ական թվականներից սկսած՝ հենց ռուսական կողմի հետ համագործակցելով Չինաստանը կարողացավ արդիականացնել սեփական ռազմաարդյունաբերությունը: Ռուսաստանն իր հերթին հետաքրքրված է Չինաստանի հետ համապարփակ ռազմավարական համագործակցությամբ, որը քայլ առ քայլ ամրապնդում է Խորհդային Միության փլուզումից հետո: 2014 թվականին Մոսկվան հայտարարել էր «Շրջադարձ դեպի Արևելք» ռազմավարության մասին, որի միջոցով առաջին հերթին նպատակամղված է Պեկինի հետ հարաբերությունների խորացմամբ: Ներկայումս ընթացող ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով Ռուսաստանը հեռացվում է Արևմուտքի էներգակիրների շուկաներից, պատժամիջոցների պատճառներով կորցնում է նաև մի շարք զենքի գնորդների, ուստի Մոսկվան էլ ավելի է շահագրգրռված Չինաստանի հետ հարաբերությունների խորացմամբ, որից ստացված գումարների շնորհիվ է ապահովում երկրի տնտեսական կայունությունը, պահպանում ռազմաարդյունաբերությունը, շարունակում պատերազմն Ուկրաինայում: Հաջորդ պատճառն այն է, որ թե՛ Չինաստանը, թե՛ Ռուսաստանը դեմ են միաբևեռ աշխարհակարգին, որտեղ հիմնական թելադրողն ԱՄՆ-ն է, ուստի Եվրասիական մայրցամաքում միասնաբար պայքարում են Բազմաբևեռ աշխարհակարգ 2.0-ի կայացման համար: Չինաստանի եւ Ռուսաստանի ջանքերի միավորման պատճառը կարող է բացատրվել նաեւ Ռեալիզմի «Վտանգի հավասարակշռման տեսության» միջոցով, քանի որ ԱՄՆ-ը միաժամանակյա ռազմաքաղաքական, տնտեսական ճնշում է գործադրում թե՛ Ռուսաստանի, թե՛ Չինաստանի դեմ, որպեսզի նրանք չհզորանան այնքան, որ ըստ ռեալիզմի տեսության «Ուժի փոփոխության տեսության»՝ միջազգային հարաբերություններում վերջ դնեն ԱՄՆ-ի գերակա դիրքին: Ռուս-չինական տանդեմի համատեղ գործունեության շնորհիվ փոփոխվում է ուժերի հավասարակշռությունը Եվրասիական մայրցամաքում։ Ռուսաստանն ու Չինաստանը համատեղ որոշում են ընդունել Եվրասիական տնտեսական միությունը եւ ՄԳՄՃ-ն համակցելու վերաբերյալ, ինչը ևս նպաստում է նրանց տնտեսական և քաղաքական համագործակցության ամրապնդմանը Եվրասիայում: Այս որոշումն ամրապնդելու համար կարևոր քայլ էր 2018 թվականին «Եվրասիական տնտեսական միության եւ իր անդամ պետությունների՝ մի կողմից եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապեության՝ մյուս կողմից, միջև տնտեսական եւ առևտրային համագործակցության մասին» համաձայնագրի կնքումը:
Մոսկվան ու Պեկինը սերտորեն համագործակցում են նաեւ ՄԱԿ ԱԽ-ում, ՇՀԿ-ում, ՌՀՉ-ում, ԲՌՀՉՀ-ում եւ այլ միջազգային կառույցներում, փորձում են հանդես գալ համատեղ դիրքորոշմամբ կամ գոնե չօժանդակել այն որոշումներին, որոնք ուղղված են Ռուսաստանի կամ Չինաստանի դեմ:
Հեղինակի Մասին

Ք.գ.թ. Մհեր Սահակյանը «Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհրդի հիմնադիր ղեկավարն է: Նա Հոնկոնգի համալսարանի Ասիա Գլոբալ ինստիտուտի 2022 AsiaGlobal Fellow է: 2020 թվականին ընտրվել է Վիեննայի Խաղաղության ինստիտուտի Խորհրդականների խորհրդի անդամ: Սահակյանը նախաձեռնել և հիմնադրել է «Եվրասիական հետազոտություններ ժամանակակից Չինաստանի և Եվրասիայի վերաբերյալ» միջազգային գիտաժողովը, «Հայաստան-Չինաստան» ակադեմիական դիվանագիտության ֆորումը: Նա դասավանդում է Հայ-ռուսական համալսարանում: Նա հայերեն և ռուսերեն լեզուներով հրատարակվկած «Չինաստանի Մեկ գոտի, մեկ ճանապարհ նախաձեռնությունը և Հայաստանը» գրքի հեղինակն է: 2021թ.-ի մայիսին ԱՄԷ-ի Անվար Գարգաշի անվան դիվանագիտական ակադեմիան հրատարակել է Մհեր Սահակյանի «Մեծ տերությունների արդի մրցակցությունը Կենտրոնական Ասիայում. հնարավորություններ և մարտահրավերներ Ծոցի երկրների համար» աշխատությունը: 2021 թվականի սեպտեմբերին նրա նախաձեռնությամբ և համախմբագրությամբ բրիտանական Թեյլոր և Ֆրենսիսի Ռոութլեջի ակադեմիական հրատարակչությունում լույս է տեսել «Չինաստան և Եվրասիա. Վերաիմաստավորելով համագործակցությունը և տարաձայնությունները փոփոխվող աշխարհակարգի ժամանակաշրջանում» գիրքը: Նա նաև հանդիսանում է Թեյլոր և Ֆրենսիսի Ռոութլեջի կողմից հրատարակած «Իրանը միջազգային համակարգում. մեծ տերությունների և մեծ մտքերի մեջտեղում», ««Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունն Ասիայում, Աֆրիկայում և Եվրոպայում», ԲՌԻԼԼ հրատարակչության «Վերաիմաստավորելով Չինաստանի, Մերձավոր Արևելքի և Ասիայի դերը «Մուլթիփլեքս» աշխարհակարգում» գրքերի գլուխների հեղինակ: Հեղինակել է նաև գիտական, վերլուծական հոդվածներ Հոնկոնգի համալսարանում, Վիեննայի խաղաղության ինստիտուտում, Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանում, Միջազգային գործերի ռուսաստանյան խորհրդում և այլն:
Նյությում օգտագործված նկարի աղբյուրը՝ https://www.fmprc.gov.cn/mfa_eng/zxxx_662805/202212/t20221230_10999132.html
Leave a Reply