arm144809469920

ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՍԵՑՆԵԼ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՐՑԱՎԱԶՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄԻՋԵՎ

ՄՀԵՐ ՍԱՀԱԿՅԱՆ
Նանջինգի համալսարանի Միջազգային հարաբերությունների ինստիտուտ
21.12.2015, Աղբյուրը՝Diplomat.am
Տվյալ հոդվածը նպատակ ունի քննարկել հայ-ադրբեջանական սպառազինությունների մրցավազքը, որպես Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ ճանապարհով լուծման հիմնական խոչընդոտ, Ռուսաստանի դերը, որպես Երևանին ու Բաքվին հիմնական զենք մատակարարող: Հոդվածում առաջարկում է, թե ինչպե՞ս է հնարավոր դադարեցնել սպառազինությունների մրցավազքը Հայաստանի ու Ադրբեջանի միջև հենց նույն Ռուսաստանի միջոցով, որը ՀՀ ռազմական ու տնտեսական դաշնակիցն է, ինչպես նաև Ադրբեջանի ռազմավարական ու տնտեսական գործընկերն է:

21 տարի է անցել, ինչ Հայաստանը, Ադրբեջանն ու ԼՂՀ-ը զինադադար կնքեցին՝ պարտավորվելով հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով, բայց խնդիրը ոչ միայն չլուծվեց, այլև, ինչպես ցույց են տալիս հայ-ադրբեջանական սահմանում տեղի ունեցող վերջին բախումները՝ կարող է լայնածավալ պատերազմի նոր պատճառ դառնալ:

Դեպքերի նմանատիպ զարգացման պատճառներից է նաև հակամարտող կողմերի մոտ սպառազինությունների կուտակումները:

Թե՛ Ադրբեջանը, թե՛ Հայաստանը ձեռք են բերել ժամանակակից զինատեսակներ, որոնց առկայությունը երկու կողմին վստահություն է ներշնչում սեփական զինուժի անկասելիության, և հնարավոր պատերազմում հաղթանակ տանելու հույսեր է ներշնչում: Ինչպես ցույց է տվել պատմությունը, երբ մրցակցող տարածաշրջանային կամ համաշխարհային ուժերի մոտ հայտնվում է չափից ավելի սպառազինություններ, ապա կողմերն ավելի են հակվում իրենց խնդիրները պատերազմական գործողությունների միջոցով լուծելուն:
Թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում առկա են արկածախնդիր տարրեր, որոնք հակված են Ղարաբաղյան հակամարտության լուծումը տեսնել միայն ու միայն պատերազմի միջոցով: Այնինչ տնտեսական ծանր վիճակում գտնվող Հարավկովկասյան երկու երկրների համար հնարավոր պատերազմը կարող է կործանարար հետևանքներ ունենալ:

Նշենք մի քանի հանգամանք. թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը տիրապետում են հեռահար հրթիռների, ռազմական կործանիչների, որոնց միջոցով կարող են օրերի ընթացքում շարքից հանել առանց այն էլ 2 երկրներում թույլ զարգացած տնտեսական ու արդյունաբերական ենթակառուցվածքները: Երկու երկրների խիտ բնակեցված քաղաքները գտնվում են հակամարտության կենտրոնից ընդամենը մի քանի հարյուր կիլոմետր հեռավորության վրա: Ամենավտանգավորն այն է, որ պատերազմը մարդկային անդառնալի կորուստների պատճառ կդառնա:

Ինչպես նշեցինք, լարված իրավիճակը կարող է փոփոխվել, եթե կողմերը դադարեցնեն սպառազինությունների մրցավազքը, փոխարենը սկսեն տնտեսական համագործակցությունը:

Սա փորձված տարբերակ է, հիշենք ԱՄՆ-ԽՍՀՄ մի շարք համաձայնագրերը, ըստ որոնց, կողմերը հասկանալով, որ սպառազինությունների խելահեղ մրցավազքը կարող է բերել երրորդ համաշխարհային պատերազմի, որոշեցին կրճատել սեփական զինանոցները:

Իսկ ինչպե՞ս կարելի է կասեցնել սպառազինությունների մրցավազքը Հայաստանի և Ադրբեջանի միջև, եթե, ասենք, Բաքուն չի մտածում այդ ուղղությամբ, հակառակը՝ նավթից ստացված ահռելի գումարների միջոցով կարողանում է նորանոր թանկարժեք զինատեսակներ ձեռք բերել: Ի դեպ, Ադրբեջանը զենքի հիմնական բաժինը գնում է հենց Ռուսաստանից՝ փորձելով սեպ խրել հայ-ռուսական համագործակցության և դաշնակցության մեջ: Երբ որոշ առիթներով հարցնում ենք ռուս գործընկերներին, թե ինչի՞ են զենք վաճառում Ադրբեջանին, չէ՞ որ Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է, և Հայաստանում չեն հասկանում Մոսկվայի նման պահվածքը, ռուս գործընկերները պատասխանել են, որ այո՛, Հայաստանը նրանց դաշնակիցն է, բայց Ադրբեջանն էլ իրենց համար ռազմավարական գործընկեր է և չեն պատրաստվում մերժել Ադրբեջանին:

Ռուսները սիրում են նաև նշել, որ այո՛, իրենք հասկանում են ու դեմ են, որպեսզի Հայաստանն ու Ադրբեջանը զինվեն ու պատերազմեն իրար դեմ, բայց եթե Ռուսաստանը չվաճառի այդ զենքը, ապա Ադրբեջանն այդ զենքը կգնի երրորդ երկրներից, օրինակ՝ Թուրքիա, Իսրայել և այլն: Կարծես՝ այս պատասխանով ամեն ինչ է ասված…

Ցավոք, երբեմն որոշ հայ քաղաքական գործիչներ ու վերլուծաբաններ էլ են փորձում արդարացնել վերոհիշյալ «փաստարկը», նշելով, որ դա էլ բիզնեսի ձև է, և Հայաստանը չի կարող դեմ արտահայտվել իր գործընկերոջ՝ Ռուսաստանի, նմանատիպ գործելաոճին:

Փաստ է, որ Ադրբեջանում էլ են դժգոհ Ռուսաստանից, քանի որ որոշ զինատեսակների համար Մոսկվան Ադրբեջանից ստանում է աստղաբաշխական գումարներ, իսկ հետո այդ նույն գումարից վարկ է տրամադրում Հայաստանին, որպեսզի վերջինս նույն զինատեսակը ձեռք է բերի ավելի էժան գնով:

Իրականում հայ-ադրբեջանական հակամարտությունում հիմնական կորցնողներից է նաև Ռուսաստանը: Թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում սկսել են հասկանալ, որ ռուսական զենքի համար վճարվող գումարները գնում են սեփական տնտեսությունից, այն է՝ ազգաբնակչության գրպանից, ինչը ոչ միայն չի ապահովում ազգային անվտանգությունը, հակառակը՝ ավելի է վտանգում: Արդյունքում, Ռուսաստանը կորցնում է բարեկամ երկրի կերպարը երկու հասարակություններում, քանի որ թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում Ռուսաստանից սպասելիքները մեծ են:
Հարավային Կովկասը համարվում է Ռուսաստանի ռազմավարական հիմնական հետաքրքրություններից մեկը, որտեղ Ռուսաստանը չի ուզում տեսնել այլ համաշխարհային կամ տարածաշրջանային ուժի դիրքերի ամրապնդում, բայց չէ՞ որ Ղարաբաղյան հակամարտության ներկա իրավիճակը թույլ է տալիս այլ ուժերի ամրապնդել իրենց դիրքերը Հարավային Կովկասում: Վառ օրինակը Վրաստանն էր, երբ Ռուսաստանը փորձեց պահպանել ստատուս-քվոն, բայց արդյունքում կորցրեց Վրաստանը…

Ի վերջո, ռուս գործընկերներն էլ կարող են հարցնել, թե ինչ ենք ուզում. չէ՞ որ խնդիրը չի լուծվում Հայաստանի ու Ադրբեջանի միջև…Ի՞նչ կապ ունի Մոսկվան…

Ռուս գործընկերներին պետք է տեղեկացնել, որ հայ-ադրբեջանական հնարավոր պատերազմում առաջին պարտվողը կլինի հենց Ռուսաստանը, քանի որ Ղարաբաղյան հակամարտությունում պարտվող կողմը չի գոհանա արդյունքով և վերջնականապես կտեղափոխվի Արևմտյան ճամբար…. Իսկ պատերազմն ավելի հավանական է դառնում, երբ կողմերը ձեռք են բերում նոր զինատեսակներ և իրենց անպատժելի են զգում…

Ռուսաստանին պետք է առաջարկել ոչ միայն դադարեցնել սպառազինությունների վաճառքը Ադրբեջանին, այլև պետք է առաջարկել, որպեսզի Ռուսաստանը, որպես Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի հիմնական անդամ, բանաձև առաջադրի, ըստ որի, բոլոր երկրներին կարգելվի զենք վաճառել Ղարաբաղի համար հակամարտող կողմերից Ադրբեջանին, որն անընդհատ խախտում է զինադադարի պայմանները: Սա հնարավորություն կտա հարցը կարգավորվել բանակցությունների միջոցով:

Համոզված եմ, որ բանաձևը կընդունվի ՄԱԿ ԱԽ-ում, քանի որ ՄԱԿ ԱԽ Մշտական հնգյակի անդամներից Անգլիան, Ֆրանսիան ու ԱՄՆ-ն ունեն նմանատիպ որոշումներ, իսկ Չինաստանը ՄԱԿ ԱԽ-ում օժանդակում է Ռուսաստանին, ուստի նա էլ կողմ կքվեարկի այս բանաձևին: Բանաձևը պետք է տնտեսական ու քաղաքական խիստ պատժամիջոցներ նախատեսի այն երկրների ու կազմակերպությունների համար, որոնք կփորձեն շրջանցել այն:

Այստեղ կփակվի նաև «տրամաբանական» համարվող այն հարցը, թե իբր, եթե Ռուսաստանը զենք չվաճառի, ապա այլ երկրներ կվաճառեն այդ զենքն Ադրբեջանին… Արդյունքում՝ Բաքուն կզրկվի պատերազմի միջոցով հարցի լուծման տեսլականից:

Հայաստանը կդադարի ռազմական հավասարակշռությունը պահպանելու նպատակով վարկեր վերցնել, որոնք ապագայում տնտեսական ծանր հետևանքների պատճառ են դառնալու:

Երկու երկրները գումարները կսկսեն ներդնել տնտեսության մեջ, իսկ կայուն արդյունաբերություն ու տնտեսություն ունեցող երկրներն ավելի քիչ են պատերազմում, քան աղքատ, ռազմականացված և տնտեսության բնագավառում կորցնելու ոչինչ չունեցողները: Արդյունքում կշահի նաև Ռուսաստանը, քանի որ կվերանա Եվրասիական տնտեսական միության կայունությունն ու հեղինակությունը վտանգող հնարավոր պատերազմի աղբյուրը:

Կարծում եմ, Արևմուտքից-Արևելք գտնվող բոլոր ներդրողների համար էլ անցանկալի կլինի գումարներ ներդնել մի միությունում, որի սահմաններն անընդհատ գնդակոծվում են կամ պատերազմի վտանգ կա:

Թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում նույնպես սթափվելու ժամանակն է… Երկու երկրներում տնտեսական ու քաղաքական իրավիճակը կբարելավվի, եթե տևական խաղաղություն հաստատվի: Անընդհատ պատերազմելով՝ հնարավոր չէ տնտեսություն կամ ժողովրդավարություն զագացնել:

Երկու կողմերը՝ Հայաստանն ու Ադրբեջանը, պետք է դադարեն մեկը մյուսին ամեն ինչում մեղավոր տեսնել, փոխարենը պետք է քայլեր կիրառեն, որպեսզի սառույցը շարժվի, և երկու երկրների միջև բնականոն հարաբերություններ հաստատվեն: Կարելի է սկսել տնտեսական համագործակցության հաստատումից:

Լավագույն օրինակը Չինաստանն ու Ճապոնիան են, որոնք նույնպես քաղաքական ու տարածքային բազմաթիվ վեճեր ունեն, բայց հասկացել են, որ պահպանելով տնտեսական հարաբերությունները՝ նվազագույնի են հասցնում պատերազմի վտանգը, ինչպես նաև ապահովում են ամենակարևորը՝ բարեկեցիկ կյանք սեփական ժողովուրդների համար:

Չինացիներն ու ճապոնացիներն ազատ շփվում են միմյանց հետ, սովորում, աշխատում ու ապրում են մեկը մյուսի երկրներում: Հենց այս քայելրն են օգնում, որպեսզի կասեցվի կործանարար պատերազմը ասիական երկու հսկաների միջև, որից կտուժեն միայն չինացիներն ու ճապոնացիները, իսկ օտարները՝ կշահեն:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s