Գիտնականներ Ավստրիայից, Իրանից, Շվեդիայից, Ռուսաստանից և Հայաստանից քննարկեցին հայ-իրանական հարաբերությունները փոփոխվող աշխարհակարգում
2019թ․ մարտի 12-ին «Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական խորհրդի նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Իրանը և փոփոխվող աշխարհակարգը» սեմինարը, որի ընթացքում ելույթ ունեցան Ավստրիայի զինված ուժերի գիտական հանձնաժողովի ռազմավարական և անվտանգության քաղաքականության խորհրդատվական կոմիտեի նախագահ, Խաղաղության միջազգային ինստիտուտի խորհրդական, Վիեննայի համալսարանի պրոֆեսոր, ք․գ․դ․ Հեյնց Գյարտները, «Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհրդի ղեկավար, Մեծ Բրիտանիայի չինագիտության ասոցիացիայի անդամ, ք․գ․թ․ Մհեր Սահակյանը, Իրանի Շահիդ Բեհեշթի համալսարանից դոցենտ, ք․գ․թ․ Համիդռեզա Ազիզին, Արևելագիտության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, դոցենտ, պ.գ.թ. Գոհար Իսկանդարյանը, Ռուսաստանի ՊԻՌ կենտրոնի «Ռուսաստանը և միջուկային չտարածման ծրագրի» տնօրեն Ադլան Մարգոևը, «Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհրդի Հոգաբարձուների խորհրդի անդամ Վազգեն Պետրոսյանը, Շվեդիայի Լունդ համալսարանի գիտաշխատող Առվին Խոշնուդը և «Հայաստանի դիվանագիտական հիմնադրամի» տնօրեն Նաիրի Հոխիկյանը։ Սեմինարի ընթացքում քննարկվեց Իրանի ԵԱՏՄ-ին անդամակցելու հեռանկարները և դրա կիրառելիությունը Թեհրան-Երևան հարաբերություններում, Հայաստանում տեղի ունեցած «թավշյա հեղափոխությունը» և հայ-իրանական հարաբերությունների տեսլականը, Գործողությունների համատեղ, համապարփակ ծրագրի ապագան, Չինաստանի դերը Իրանի միջուկային հիմնախնդրում, Ռուսաստանի ներդրումը Գործողությունների համատեղ, համապարփակ ծրագրի բանակցություններում և դրա ապագայի վերաբերյալ մտահոգությունները, ԱՄՆ-Իրան հարաբերությունները հեղափոխությունից 40 տարի անց, Իրան-Հայաստան երկաթուղու նախագծի հեռանկարները, Իրանում տիրող ներքաղաքական իրավիճակի բացասական ազդեցությունը երկրի արտաքին առևտրի վրա և այլ հարցեր։
Սեմինարի ընթացքում ծավալվեց ակտիվ քննարկում և կարծիքների փոխանակում։ «Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհրդի ղեկավար Մհեր Սահակյանը նշեց, որ անհրաժեշտ է գիտությունը հասանելի դարձնել հասարակությանը, իսկ հետազոտությունների արդյունքները՝ գործածական, որից կշահեն, թե’ պետությունը, թե’ գիտությունը, թե’ հասարակությունը։ Իսկ «Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհուրդն էլ պատրաստ է օգտագործելով արտասահմանյան գիտական կենտրոնների հետ կապերը՝ Հայաստանում հետագայում էլ կազմակերպել նմանատիպ քննարկումներ։ Նա շնորհակալություն հայտնեց հայ և արտասահմանցի գործընկերներին, ովքեր պատրաստակամություն էին հայտնել այս բարդ իրավիճակում վերաիմաստավորել Իրանի դերը փոփոխվող աշխարհակարգում և փորձել գտնել նաև հայկական շահը։
Leave a Reply