Թերթ․ամ․«Մեկ գոտի, մեկ ճանապարհի» գնացքը 1 ամիս առաջ գնաց և առանց ՀՀ-ի, պետք է փոփոխել Չինաստանի ուղղությամբ տարվող աշխատանքները․ Մհեր Սահակյանը՝ Չինաստան Փաշինյանի այցի մասին
«Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհուրդ» հիմնադրամի ղեկավար, Մեծ Բրիտանիայի չինագիտության ասոցիացիայի անդամ, քաղաքական գիտությունների թեկնածու Մհեր Սահակյանի հետ Tert.am-ը զրուցել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Չինաստան կատարած աշխատանքային այցի արդյունքների մասին:
– Պարո՛ն Սահակյան, այս օրերին աշխատանքային այցով Չինաստանում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա արդեն հանդիպել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինի և վարչապետ Լի Քեցյանի հետ, մասնակցել է «Ասիական քաղաքակրթությունների երկխոսություն» համաժողովին: Այցը Չինաստանում կազմակերպված և ամբողջ աշխարհի ուշադրությունը գրաված «Մեկ գոտի մեկ ճանապարհ» համաժողովից հետո է տեղի ունենում, որին Հայաստանը, ինչպես շատերը նկատեցին, ոչ պատշաճ մակարդակով էր ներկայացել: Ի՞նչ կարող ենք ասել՝ այցը փո՞րձ է կորցրած հնարավորությունները հետ բերելու:
– Սրանք մեկը մյուսից շատ տարբեր միջոցառումներ են: «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» համաժողովն ավելի շատ տնտեսական և աշխարհաքաղաքական համագործակցության խնդիրներ էր հետապնդում, բազմակողմ և երկկողմ բանակցությունների ընթացքում մասնակից կողմերը ստորագրեցին միլիարդների հասնող երկկողմ և բազմակողմ պայմանագրեր, ինչին, իհարկե Հայաստանը պատրաստ չէր և դա էր պատճառը, որ չէր մասնակցում, աշխատանք չէր տարվել, տարիների ընթացքում օրակարգ չէր հստակեցվել։ «Ասիական քաղաքակրթությունների երկխոսություն» համաժողովը հետապնդում է քաղաքակրթությունները միմյանց ներկայացնելու, նրանց միջև երկխոսություն սկսելու նպատակ, առաջին պլան են մղված մասնակից երկրների մշակույթին, արվեստին, գիտական համագործակցությանը վերաբերող հարցերը։ Մեկը մյուսով փակելն անհնար է, քանի որ «Մեկ գոտի, մեկ ճանապարհի» գնացքը գնաց մեկ ամիս առաջ և առանց Հայաստան, հիմա պետք է ՀՀ վարչապետի վերադարձից հետո փորձ կատարվի մշակել կոնկրետ գործողությունների պլան, եթե, իհարկե, ցանկություն կա Հայաստանը մասնակիցը դարձնել համաշխարհային տնտեսությունում կարևորագույն գործոն հանդիսացող «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունում։
– Ի՞նչ եք կարծում՝ արդյոք հայաստանյան պատվիրակության կազմը նպատակայի՞ն էր ընտրված: Հաշվի առնելով պատվիրակությունում ընդգրկված պաշտոնյաներին՝ ի՞նչ եզրակացություններ կարող ենք անել, կառավարության ղեկավարի կողմից ո՞ր ոլորտներն են առավել կարևորվել Չինաստանի հետ հարաբերություններում:
– Նորից վերադառնանք այցելության հիմնական իմաստին, սա ոչ, թե ՀՀ ղեկավարի կողմից պաշտոնական կամ պետական այց էր hայ-չինական երկկողմանի հարաբերությունների զարգացման համար, այլ ՀՀ վարչապետը մեկնել է Չինաստան՝ մասնակցելու «Ասիական քաղաքակրթությունների երկխոսություն» համաժողովին։ Հաշվի առնելով համաժողովի հետապնդած նպատակները, միգուցե նպատակահարմար էր այնտեղ տանել մշակույթի, կրթության, արվեստի, գիտության բնագավառները համակարգող ղեկավարներին։ Անհասկանալի է մշակութային, արվեստի, քաղաքակրթությունների երկխոսության բնագավառին վերաբերող համաժողովին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի ներկայությունը, այն դեպքում, երբ նա ի տարբերություն բնապահպանության նախարարի՝ չէր մասնակցում ապրիլին տեղի ունեցած «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության թեմատիկ քննարկումներին։ Հենց անցյալ ամիս տեղի ունեցան «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության «Մետաքսի թվային ճանապարհ» ուղղության շուրջ տարվող բանակցությունները, պայմանագրերի կնքումը, որտեղ լուրջ աշխատանք էր տարվում տեխնոլոգիաների զարգացման շուրջ համագործակցությունը խորացնելու շուրջ, «Մետաքսի ճանապարհ տնտեսական գոտու» առանցքում ընկած երկրների տնտեսությունները թվայնացնելու աշխատանքներում մեկը մյուսին օժանդակելու շուրջ։ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» համաժողովում առանցքային դեր էր խաղում նաև ենթակառուցվածքների զարգացումը։ Այստեղ հարց է առաջանում, թե ի վերջո, ով ինչի համար է պատասխանատու, տվյալ պաշտոնյայի կողմից սեփական ոլորտի քննարկումներին մասնակցելու փոխարեն ընդամենը մեկ ամիս հետո մշակութային միջոցառումներին մասնակցելն անհասկանալի է․․․
Բայց ի վերջո, բարձրաստիճան պաշտոններ զբաղեցնող ղեկավարները, միգուցե կարող են նաև ասել, որ իրենք պարտավոր չեն իմանալ բոլոր երկրների տնտեսական և քաղաքական նախաձեռնությունների մանրամասները և դրանց մասին իրենց տեղեկացնելը տվյալ երկրում ՀՀ դեսպանի գործն է, հենց նա պետք է խորհուրդ տա, թե, որ միջոցառումից ինչ կարելի է ակնկալել։
– Նիկոլ Փաշինյանը Սի Ծինփինին է ներկայացրել Հայաստանում վերջին շրջանում տեղի ունեցած իրադարձությունները և ընդգծել, որ այսօր մեր երկիրը դինամիկ զարգացող պետություն է` քաղաքական կայունությամբ և կանխատեսելիությամբ: Արդյոք բավարա՞ր են նման խոսքերը Չինաստանի նման երկրի հետ հարաբերություններ զարգացնելու համար: Նկատելի՞ էին Չինաստանին համագործակցության մղող առաջարկներ այցի հրապարակային հատվածներում:
– Ընդհանրապես Հայաստանի մասին Չինաստանում շատ քիչ գիտեն։ ՀՀ Վարչապետի այցելությունը, հանդիպումները Չինաստանի ղեկավարների հետ կարելի է դրական համարել։ Հանդիպումներին ես հետևում էի չինական լրատվամիջոցներով, բավականաչափ լուսաբանվեց, ինչը կմեծացնի Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունը Չինաստանի կողմից։ Սի Ծինփինը խոսեց նաև հայ մշակութային, արվեստի գործիչների մասին, ինչը ևս մեկ խթան կարող է հանդիսանալ Չինաստանում հայկական մշակույթը բարձրացնելու համար։ Կարծում եմ, որ երկիր ներդրումներ բերելու համար անհրաժեշտ է Հայաստանը ներկայացնել կայուն և կանխատեսելի, երևի ՀՀ Վարչապետը հենց այդ նպատակն էր հետապնդում՝ շեշտելով այդ հանգամանքները։
– Այն, որ այս այցի շրջանակներում փաստաթղթեր կողմերի միջև չստորագրվեցին, կոնկրետ համաձայնությունների մասին ոչինչ չասվեց, պատճառն այն էր, որ դեռ ծանոթության փու՞լն է, թե՞ այս անգամ էլ մեզ չհաջողվեց «բարի մաղթանքների» ոլորտից անցնել կիրառական քայլերի մասին պայմանավորվածությանը:
-Ես այս այցը համարում եմ ավելի շատ ճանաչողական կամ հետախուզություն մարտից առաջ։ Չստորագրվեցին, քանի որ, ինչպես նշեցինք, ձևաչափն այլ էր, բայց այս հարցն ավելի լավ է ուղղել Չինաստանում ՀՀ դեսպանին, թե ինչո՞ւ Հայաստանն իր պաշտոնավարման ընթացքում լուրջ ներդրումներ չստացավ Չինաստանից, իրացվում է հայ-չինական հարաբերությունների պոտենցիալի 4-5 տոկոսը, որի մեջ իրենց մեծ դերն են խաղում հայ առևտրականները։ Միգուցե, ճիշտ կլինի, որ հենց նա էլ պատասխանի «բարի մաղթանքներից» այն կողմ չգնալու հարցին, քանի որ հենց ինքն է հայ-չինական հարաբերությունները բնորոշում բարձր մակարդակի … հարց է առաջանում, թե այդ դեպքում, ի՞նչ բառով է պետք բնութագրել չին-վրացական հարաբերությունները … ։
Նորից եմ կրկնում, որ պետք է ամբողջովին փոփոխել Չինաստանի ուղղությամբ տարվող աշխատանքները, ներգրավել մասնագետների, որ մյուս անգամ էլի նույն կոտրած տաշտակի առաջ չկանգնենք, այցերն էլ լինեն արդյունավետ, այլ ոչ թե ճանաչողական … ։
-Ուշագրավ էր Սի Ծինփինի հայտարարությունը, որ Չինաստանը պատրաստ է մասնակցել «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու կառուցման և այլ ենթակառուցվածքային ծրագրերի իրականացմանը: Որքանո՞վ է իրական Չինաստանի ներգրավվածությունը գործընթացներին: Կարո՞ղ ենք այս հայտարարությունն առաջընթաց համարել երկու երկրների հարաբերություններում:
– Նախ պետք է հասկանալ, որ պետությունները չեն մասնակցում բիզնես ուղղվածություն ունեցող նախագծերին, միգուցե մասնակցում են այդ երկրի կազմակերպությունները․․․ Հայաստանի «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի մի հատվածի շինարարությանն արդեն իսկ մասնակցում է չինական ընկերություն, բայց այն ոչ թե ներդրում է կատարում այնտեղ, այլ ուղղակի շահել է տենդեր, վարձատրվում է ՀՀ բյուջեից, որպեսզի այդ աշխատանքները կատարի։
Ուրիշ հարց է, եթե չինացի ներդրողներ գտնվեն «Հյուսիս-հարավի» այն հատվածների համար, որոնց շինարարությունը դեռ նույնիսկ չի սկսվել։ Այդ ներդրողները սեփական միջոցներով կառուցեն ճանապարհի հատվածները, բայց հնարավորություն ստանան փոխարենը օգուտներ ստանալ այդ ճանապարհի շահագործումից, դրա շուրջ ստեղծեն բեռնափոխադրման ենթակառուցվածքներ, հանգստյան վայրեր և ընթացքում հանեն նաև իրենց ներդրած գումարները։ Այ դա գործ կլինի։ Բազմիցս նշել ենք, որ ԵԱՏՄ-ի անդամակցությունը և Ասիական ենթակառուցվածքային ներդրումների բանկին հետագայում անդամակցելը հնարավորություն կտա նաև չինական կողմից ներդրումներ ստանալ նաև հայ-իրանական երկաթգծի աշխատանքները սկսելու համար։
-Ի՞նչ պետք է հաջորդի այցին, որ այն առավել արդյունավետ համարվի:
– ՀՀ Վարչապետի և մշակութային գործիչների մասնակցությունը կարելի է արդեն դրական համարել, քանի որ Չինաստանում հետաքրքրություն կառաջանա հայկական քաղաքակրթության, մշակույթի, արվեստի նկատմամբ, այս տարի ավելի շատ չին տուրիստների հյուրընկալելու հնարավորություն է բացվում։ Դրական է նաև այն հանգամանքը, որ անձնական շփում, կապեր ստեղծվեցին ՀՀ վարչապետի և ՉԺՀ նախագահի և վարչապետի միջև։ Թերևս, այսքանը։ Բայց վերադառնալով Հայաստան՝ անմիջապես պետք է, թե՛ կադրային, թե՛ ընդհանուր քաղաքականության փոփոխություն կատարվի չինական ուղղությամբ։ Անհրաժեշտ է ձևավորել հստակ օրակարգ, ճանապարհային քարտեզ, համենայն դեպս, նմանատիպ միտում զգացվում է, բայց, թե դա ինչքան է իրական, ժամանակը ցույց կտա։
Հեղինակ՝ Հռիփսիմե Հովհաննիսյան
Leave a Reply