China-Eurasia News Ticker

Tert.am ՀՀ կարող է էներգակիրների ցածր գներն օգտագործել երկրի տնտեսության զարգացման համար, գնել հեղինակավոր ընկերությունների բաժնետոմսերը. Մհեր Սահակյան

Tert.am-ը «Չինաստան-Եվրասիա» քաղաքական եւ ռազմավարական հետազոտությունների խորհուրդ» հիմնադրամի ղեկավար, Միջազգային Խաղաղության ինստիտուտի Խորհրդականների խորհրդի անդամ (Ավստրիա), Մեծ Բրիտանիայի չինագիտության ասոցիացիայի անդամ, քաղաքական գիտությունների թեկնածու Մհեր Սահակյանի հետ զրուցել է Նոր կորոնավիրուսի տարածման արդյունքում հնարավոր աշխարհաքաղաքական զարգացումների վերաբերյալ. նրա խոսքով՝ ներկա փուլում միջազգային հանրությունը պետք է մի կողմ թողնի տարաձայնությունները և համագործակցության ուղին բռնի, սպառնալիքի տակ է Միջազգային անվտանգությունը։

-Պարոն Սահակյան, այս օրերին ամբողջ աշխարհը պայքարում է Նոր կորոնավիրուս պանդեիայի դեմ: Վարակը ի հայտ եկավ Չինաստանում: Այսօր արդեն իրենց մոտ նկատելի են պայքարի դրական արդյունքներ: Ձեր տպավորությամբ՝ ի՞նչ փորձառությամբ Չինաստանը կարող է կիսվել այլ երկրների հետ:

-Ի հայտ գալով Չինաստանում՝ Կորոնավիրուս Covid-19-ը նախ վտանգեց Չինաստանի ազգային անվտանգությունը, իսկ կարճ ժամանակ անց այն տարածվեց և դարձել է Միջազգային անվտանգային համար մեկ սպառնալիքը:

Դեռ, կարծում եմ, որ վաղ է Չինաստանում տիրող իրավիճակին վերջնական գնահատական տալ, թեև վերջին օրերին վարակվածների թիվն ըստ նրանց պաշտոնական մամուլի, կրճատվում է։ Համենայն դեպս, չմոռանանք, որ վերջին տվյալներով, ամենաշատ վարակվածները շարունակում են մնալ հենց Չինաստանում։ Նրանց թիվը հասնում է շուրջ 80,860 մարդու, մահացածների թիվը՝ 3213: Այս ամիսների ընթացքում Չինաստանն առաջնագիծն էր և, իհարկե, աշխարհի հետ կարող է կիսվել ձեռք բերված բժշկական և համաճարակային իրավիճակում կառավարելու փորձով, կիրառվող դեղամիջոցների և թեստերի շուրջ կատարվող հետազոտություններով։ Թեև սա առաջարկել եմ դեռևս հունվարին, բայց կարծում եմ, որ դեռ արդիական է, և անհրաժեշտ է Չինաստան ուղարկել հենց այդ երկրում սովորած հայ բժիշկների, որպեսզի նրանք տեղում ծանոթանան չինական փորձին, վերադառնան Հայաստան և կիսվեն ձեռք բերված գիտելիքներով և փորձով։

-Նոր կորոնավիրուսը իր տարածմամբ աշխարհում ստեղծեց տնտեսական լուրջ խնդիրներ: Համաշխարհային տնտեսության մեջ առաջատարներից համարվող Չինաստանը՝ ի՞նչ խնդիրների առջև կանգնեց, դա ի՞նչ ազդեցություն կունենա աշխարհում:

-Այո՛, Չինաստանը 1979 թվականից հետո կարողացավ հաջողությամբ ներգրավվել համաշխարհային տնտեսության մեջ, լավագույնս օգտագործել համաշխարհայնացման ընձեռնած հնարավորությունները և 2019թ․-ին այն ՀՆԱ-ի արդյունքներով երկրորդն էր, որը կազմում էր $14.14 տրիլիոն։ Չինաստանի տնտեսությունը համաշխարհային տնտեսության 16.38% էր՝ հետ մնալով միայն այս ցուցանիշով ԱՄՆ-ից, որի ՀՆԱ-ն կազմել էր $21.44 տրիլիոն։ Այսինքն` մոտ երկու ամիս աշխարհի տնտեսության 16.38%-ը գրեթե կանգնած է՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։ Ավելի կոնկրետ՝ Չինաստանը համարվում է նաև աշխարհի արտադրամասը և հիմնական մատակարարը, որի չաշխատելուց վնասներ են կրում տարբեր երկրների մեծ և փոքր ընկերությունները, որոնք գործում են չինական հումքով կամ արտադրանքով։ Այս տարի Չինաստանի տնտեսական աճը կնվազի շուրջ երկու տոկոսով, իհարկե, եթե մինչև մայիս չինացիներին հաջողվի վերականգնել արտադրական հզորությունները, ինչը դժվար է կորոնավիրուսի պայմաններում։ Մենք տեսնում ենք նաև, որ նմանատիպ ծանր իրավիճակ է առաջացել նաև Եվրոպայում, Իրանում, Հարավային Կորեայում, որոնց տնտեսությունները ևս ծանր վիճակում են հայտնվել կամ կհայտնվեն մոտ ապագայում։ Կարճ ասած՝ աշխարհը կանգնած է համաշխարհային տնտեսական ճգնաժամի առջև։

-Պանդեմիայի արդյունքում օդային, ցամաքային ճանապարհների փակումը և այլ սահմանափակումները տնտեսական խնդիրներ են ստեղծում բոլոր երկրների համար: Համարվում է, որ նավթային ճգնաժամը, դրանից բխող ռուբլու արժեզրկումը ևս պայամանավորված են համաճարակի տարածմամբ: Արդեն ուրվագծվող խնդիրները կարո՞ղ են նաև փոփոխություններ մտցնել աշխարհում խաղացողների դերերի մեջ: Աշխարհաքաղաքական գործընթացներում փոփոխություններ կանխատեսու՞մ եք:

-Նավթի արժեզրկումը ևս գալիս է Չինաստանի տնտեսության կանգառից, հետևելով լուրերին կարող ենք տեսնել, որ երկրի զգալի մասում արգելված է երթևեկը, այսինքն` կանգնած են մեքենաները, բեռնատարները, ինքնաթիռները, որոնց շարժի համար էլ Չինաստանը գնում էր էներգակիրներ՝ բենզին և այլ տեսակի վառելիք արտադրելու համար, թե՛ Ռուսաստանից, թե՛ Մերձավոր Արևելքից, թե՛ Աֆրիկայից, թե՛ Ամերիկյան մայրցամաքից։ Իսկ չինական Նոր տարվա ընթացքում Չինաստանն ամեն տարի օգտագործում է ռեկորդների հասնող նավթամթերիքից արտադրվող վառելիք, քանի որ մի քանի հարյուր միլիոն մարդ այդ օրերին ճանապարհորդում են ինքնաթիռներով, ավտոտրանսպորտով և այլն։ Այսինքն` այս տարի նման ծավալներով նավթամթերք չօգտագործվեց․․․

Այստեղ կարևոր է նաև նշել, որ մարտին տեղի ունեցած ՕՊԵԿ+ի նիստում նավթ արտադրող երկրները չկարողացան համաձայնության հասնել նավթի արտադրանքը կրճատելու շուրջ։ Արդյունքում՝ Սաուդյան Արաբիան էլ հայտարարեց, որ ապրիլին նավթի գինն իջեցնելու է ռեկորդային չափով։ Սա բերեց նրան, որ նավթի գները սկսեցին իջնել և հիմա նավթի տարբեր տեսակների արժեքը մեկ բարելի համար տատանվում է 28-ից 34 դոլարի սահմաններում։ Ռուսական տնտեսության զարգացման համար նավթի գինը հաշվարկված է նվազագույնը 40 դոլար, սա է պատճառը, որ ռուբլին ևս սկսեց արժեզրկվել, քանի որ ռուբլուն արժևորողը հենց նավթն է։ Ցավոք, Ռուսաստանը չկարողացավ ԽՍՀՄ փլուզումից հետո դիֆերսիֆիկացնել սեփական տնտեսությունը և կախում ունի էներգակիրների վաճառքից, ինչի պատճառով էլ նրա տնտեսությունը զգայուն է էներգակիրների գների փոփոխություններից։ Համենայն դեպս, նավթի գների անկման պատճառով ծանր իրավիճակում է հայտնվում նաև Ադրբեջանը, որի բյուջեի կայուն լինելու համար անհրաժեշտ է, որ մեկ բարել նավթն արժենա 53 դոլար, սա է պատճառը, որ Մանաթն էլ է արժեզրկվում։ Կարծում եմ, որ աշխարհաքաղաքական գործընթացներում փոփոխությունները, որոնք տեղի են ունենում, շուրջ յոթ տարի կշարունակվեն, իսկ, թե Կորոնավիրուս Covid-19-ի տարածման պատճառով չին-ռուսական ճամբարը, թե՞ արևմտյան ճամբարն ավելի շահեկան վիճակում կհայտնվի՝ ցույց կտա ժամանակը։ Համենայն դեպս ներկա փուլում կարծում եմ, որ միջազգային հանրությունը պետք է մի կողմ թողնի տարաձայնությունները և համագործակցության ուղին բռնի, սպառնալիքի տակ է Միջազգային անվտանգությունը։

-Հայաստանը պատրաստ է այդ գործընթացներում իր շահերը պաշտպանելուն, նաև՝ տնտեսական խնդիրներին դիմագրավելուն:

– Ինչպես գիտենք, հայկական տնտեսությունն ինտեգրված է համաշխարհային տնտեսությանը, ՀՀ տնտեսության համար հատկապես կարևոր են ռուսական, եվրոպական, չինական, իրանական ուղղությունները, եթե այս տնտեսություններն այսօր ծանր իրավիճակում են, ապա սա չի կարող չազդել ՀՀ տնտեսության վրա։ Պետք է ներկա փուլում խնամքով վերաբերվել երկրում առկա սննդի, էներգակիրների, արտարժույթի պաշարներին, փորձել հասկանալ և կոնկրետ ռազմավարություն ստեղծել ներկա իրավիճակի համար։ Թեև, պետք է նաև հիշել, որ յուրաքանչյուր մարտահրավեր նաև հնարավորություն է։ Օրինակ՝ կարելի է օգտվել էներգակիրների ցածր գներից և այդ հնարավորությունն օգտագործել երկրի տնտեսության զարգացման համար, գնել հեղինակավոր ընկերությունների բաժնետոմսերը, որոնց գները ևս իջել են և այլն։

Հայաստանում արդեն հայտարարվել է երեսունօրյա արտակարգ դրություն, երբ կան 8 տասնյակից ավելի վարակակիրներ և երեք հարյուր մեկուսացվածներ: Դուք ինչպե՞ս կգնահատեք ՀՀ իշխանությունների քայլերը. արդյոք ավելի վաղ և կազմակերպված չպետք լինեի՞ն նրանց գործողությունները:

-Թերացումներից կնշեի այն հանգամանքը, որ պետք էր ռիսկային երկրներից՝ Չինաստանից, Իրանից և Իտալիայից ՀՀ վերադարձող հայրենակիցներին կարանտինի մեջ պահել 14 օր, ինչը չարվեց և այդ որոշումը միայն հիմա, ի վերջո, ընդունվել է Իտալիայից ժամանած վերջին չվերթի համար։ Ռիսկային երկրներից ժամանողների համար 14 օրյա կարանտինի անհրաժեշտության մասին բազմիցս նշել էինք դեռևս հունվարին՝ հաշվի առնելով հենց նույն Չինաստանից եկող տեղեկույթը։ Բայց մյուս կողմից էլ պատասխանատու քայլ էր և բարձր եմ գնահատում այն հանգամանքը, որ մի կողմ դրվեց քաղաքական օրակարգը և դադարեցվեց Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը և հանրաքվեն։ Երկրում արտակարգ իրավիճակ մտցնելու քայլը ևս տեղին է և կշռադատված։ Կարծում եմ, որ ներկա փուլում Հայաստանն էլ մտավ Covid 19 դեմ պատերազմի մեջ, ներկայումս մեր ամբողջ ազգին անհրաժեշտ է համախմբվածություն, ուժ, կամք, քաջություն, որպեսզի միասնաբար հաղթահարենք այս փորձությունը։ Բոլոր քաղաքական ուժերին, գիտնականներին կո՛չ եմ անում գործել միասնական։ Պետք է մի կողմ դնել տարաձայնությունները և հերթական հաղթանակը տանել։ Իհարկե, ներկայումս մեր հերոսները բժիշկներն են, ովքեր համոզված եմ, որ մարտի դաշտում կկարողանան հաջողության հասնել։ Քաղաքացիներին կո՛չ եմ անում հետևել առողջապահության ոլորտի մասնագետների հորդորներին, մնալ տանը, այս օրերին դրսևորել բարձր կարգապահություն և սոցիալական պատասխանատվություն։

Հռիփսիմե Հովհաննիսյան

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: