China-Eurasia News Ticker

Հայաստանի Հանրապետություն․«ԵՄ դռներն ավելի ամուր են փակվում Թուրքիայի առջեւ»

Ավստրիայի խորհրդարանն ընդունել է դատապարտող բանաձեւ

Ավստրիայի Ազգային խորհուրդը՝ խորհրդարանը, հոկտեմբերի 14-ին միաձայն ընդունեց Արցախում թուրքական ռազմական միջամտությունը եւ Թուրքիայի կողմից Ադրբեջանին սպառազինության տրամադրումը դատապարտող բանաձեւ։ Ավստրիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, բանաձեւի համահեղինակ Ռեյնհոլդ Լոպատկան իր ելույթում նշել էր, որ Թուրքիան ավելի է հեռացել ԵՄ-ից իր ճգնաժամերով, ինչպիսիք են ծայրահեղական իսլամիստական ուժերի ներկայությունը Սիրիայում, Լիբիայում, իսկ հիմա արդեն Ադրբեջանում, ինչպես նաեւ Հունաստանի եւ Կիպրոսի դեմ հնչող սպառնալիքները եւ Միջերկրական ծովի արեւելյան հատվածում գործողությունները: «Նրանք, ովքեր այսպես են պահում իրենց, տեղ չեն գտնի ԵՄ-ում ո՛չ այսօր եւ ո՛չ էլ վաղը»,- ասել է ավստրիացի պատգամավորը:
Ավստրիայի խորհրդարանի կողմից ընդունված բանաձեւի կարեւորության եւ հայ-ավստրիական հարաբերությունների շուրջ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի թղթակիցը զրուցել է քաղաքական գիտությունների թեկնածու Մհեր Սահակյանի հետ։
-Պրն Սահակյան, ի՞նչ է իրենից ներկայացնում բանաձեւը եւ ինչպիսի՞ ազդեցություն կարող է ունենալ պատերազմական գործողությունների հետագա էսկալացիայի վրա։
-Ավստրիացի պատգամավորներն այս անգամ թիրախավորված քննադատեցին Թուրքիայի կողմից զենքի մատակարարումը եւ պատերազմական գործողությունների հրահրումը, հակամարտող կողմերին կոչ արեցին վերադառնալ հրադադարին եւ պատրաստակամություն հայտնեցին Վիեննայում պլատֆորմ տրամադրել բանակցությունների համար։ Այն հանգամանքը, որ միջազգային հարաբերություններում կարեւոր դերակատարում եւ չեզոք երկրի կարգավիճակ ունեցող Ավստրիան է հանդես գալիս հստակ դիրքորոշմամբ, փոխում է նաեւ միջազգային հանրության կարծիքը՝ ծանր կացության մեջ դնելով Թուրքիային։ Անկարան, խառնվելով հայ-ադրբեջանական հարաբերություններին, պարտություն կրեց մի քանի ճակատներում, նաեւ նվազեցրեց ԵՄ անդամ դառնալու իր հնարավորությունները, քանի որ ահաբեկիչներին հովանավորող, ռազմական գործողություններ հրահրող երկիրն անելիք չի կարող ունենալ ԵՄ-ում։
-Դուք Միջազգային խաղաղության ինստիտուտի խորհրդականների խորհրդի անդամ եք, որի գլխավոր գրասենյակը Ավստրիայում է։ Ինչպիսի՞ ներուժ ունի Ավստրիան՝ ազդելու Թուրքիայի վրա։
-Այո՛, այս տարի ես ընտրվեցի Վիեննայի միջազգային խաղաղության ինստիտուտի խորհրդականների խորհրդի անդամ, որն արդեն մի քանի տասնամյակ համագործակցելով ՄԱԿ-ի ստորաբաժանումների հետ՝ կարեւոր աշխատանք է կատարում խաղաղության ամրապնդման գործում։ Պետք է նաեւ նշել, որ ինստիտուտի կազմը, խորհրդականների խորհուրդը կազմված է տարբեր ազգերի առաջատար գիտնականներից, քաղաքական գործիչներից, եւ միշտ չէ, որ կարծիքները համընկնում են, բայց կարեւորն այն է, որ հայկական տեսակետը հստակ ներկայացվում է։ Իհարկե, այս ինստիտուտում հետեւողական աշխատանքներ ենք տանում, որպեսզի ավստրիացի ու արտասահմանյան գործընկերները եւս ծանոթանան Արցախում տիրող իրավիճակին եւ քայլեր ձեռնարկեն։ Ավստրիան արդեն 65 տարի գործում է որպես չեզոք երկիր։ Այն դարձել է միջազգային հարաբերությունների քննարկման կարեւորագույն կենտրոն։ Հենց այն հանգամանքը, որ նույնիսկ չեզոք Ավստրիան է քննադատում Թուրքիային, շատ կարեւոր է, բայց ներկայումս, իհարկե, Ավստրիան Անկարայի վրա ազդելու մեծ լծակներ չունի։ Այն կարող է իր ներդրումն ունենալ ԵՄ-ի կողմից Թուրքիայի նկատմամբ ընդհանուր քաղաքականության ձեւավորման գործում։
-Ինչպե՞ս են զարգանում հայ-ավստրիական հարաբերությունները։
-Կնքվել են տնտեսական, կրթական եւ մի շարք այլ ոլորտներին վերաբերող համաձայնագրեր, հուշագրեր, կա ուղիղ չվերթ Երեւանի եւ Վիեննայի միջեւ։ Հուսով ենք, որ այս կարեւոր երկրի հետ հարաբերությունները կզարգանան, կցանկանայի խորհուրդ տալ պատկան մարմիններին, որ աշխատանքներ տարվե ն ՀՀ-ում Ավստրիայի դեսպանատուն բացելու ուղղությամբ։ Մինչեւ այսօր Ավստրիայի վիզա ստանալու համար ՀՀ քաղաքացիները դիմում են Մոսկվայում գործող Ավստրիայի դեսպանատուն, ինչը ժամանակի կորուստ է եւ բյուրոկրատական քաշքշուկներ է առաջացնում։
-Եթե պատմական անդրադարձ կատարենք, ապա կտեսնենք, որ թուրքական զորքերի առաջխաղացումը դեպի Եվրոպայի խորքեր կասեցվեց Վիեննայի ճակատամարտի արդյունքում։ Ի՞նչ դասեր կարելի է քաղել պատմությունից։
-Ես չէի ցանկանա նման համեմատական տանել, քանի որ դեպքերի ընթացքը, աշխարհագրությունը, դերակատարները, պատճառներն այլ են։ Պատմության միակ դասն այն է, որ պետք է նայենք հենց մեր պատմությանը, ուստի հայ ժողովուրդը չպետք է թույլ տա ո՛չ 1915 թվականի, ո՛չ էլ 1920 թվականի դեպքերի կրկնությունը։ Ներկայումս սրանք ոչ թե խոսքեր են, այլ արդեն իրականություն. հայ ազգը բռունցք դարձած, բոլոր ուղղություններով համախմբված աշխատանք է տանում, գրեթե յուրաքանչյուրն իր ներդրումն է բերում ընդհանուր գործին։ Արցախն արդեն ինքնիշխան եւ անկախ երկիր է։ Այդ իրավունքը ձեռք է բերել արյան գնով, մնում է, որ կառավարությունը, դիվանագիտական կորպուսը կարողանան ամրագրել այս հանգամանքը, ինչը , իհարկե, հանդիպում է ադրբեջանաթուրքական կատաղի դիմադրությանը, բայց միջազգային հանրության համակրանքը հետզհետե թեքվում է արցախցիների կողմը։

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ17-10-2020

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: